Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.10.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Հովհաննես Թումանյանի գրական մեթոդը

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Թումանյանի գրական որեւէ ուղղության պատկանելության խնդիրն անցել է մեր գրականագիտության գրեթե բոլոր փուլերով՝ այդպես էլ կոնկրետ լուծում չստանալով։ Նրան մերթ ռոմանտիկ են համարել, մերթ՝ ռեալիստ, երբեմն անգամ՝ սիմվոլիստ։ Սակայն բոլոր դեպքերում էլ նրա ռեալիստ կամ ռոմանտիկ լինելու մասին գնահատականները մեծ մասամբ կամայական են եղել, որովհետեւ ոչ մի հիմնավոր փաստարկ չի բերվել հօգուտ մեթոդներից որեւէ մեկի։
Այնուամենայնիվ, ճնշող գերազանցությամբ, հատկապես խորհրդային շրջանում, Թումանյանին ռեալիստ են համարել, իսկ ակադեմիկոս Էդ. Ջրբաշյանը, հավանաբար, ելնելով խնդրի բարդությունից եւ Թումանյանի ստեղծագործությունը դիտելով որպես ռեալիզմի ամենաբարձր արտահայտություն, այն կոչում է համադրական ռեալիզմ։
Հօգուտ Թումանյանի ռեալիստ լինելու Էդ. Ջրբաշյանը բերում է հետեւյալ փաստարկը. «Թումանյանը առաջ քաշեց գրականության ժողովրդայնության ռեալիստական ըմբռնումը, հետեւողականորեն այն կիրառեց իր ստեղծագործության մեջ»։ Թե ինչպես կարող է ժողովրդայնությունը ռեալիզմի պատճառ համարվել՝ մեր համար անբացատրելի է։ Այդ դեպքում նույն հաջողությամբ ռեալիստական է Նարեկացու «Մատյանը», կամ հեռու չգնանք՝ Աբովյանի «Վերքը», էլ չենք խոսում Րաֆֆու եւ Պռոշյանի վեպերի մասին։ Թումանյանի ռեալիզմի մյուս սահմանումները նույնպես հռչակագրային են. «Իր ստեղծագործական ուղու սկզբից եւեթ Թումանյանն արդեն որոշակիորեն դրսեւորեց ռեալիստ արվեստագետի մի շարք ցայտուն գծեր՝ կյանքի էական կողմերի ընտրություն, մարդկային ճակատագիրը հասարակական իրադրությամբ բացատրելու ձգտում, ժողովրդական բանահյուսության ոգու եւ իմաստի ճշմարտացի բացահայտում եւ այլն»։
Թվարկված հատկանիշներից ոչ մեկը առանձին վերցրած հնարավոր է կիրառել գրական մյուս մեթոդների նկատմամբ։ Ավելին՝ Էդ. Ջրբաշյանի սահմանումներից մեկը ուղղակիորեն հակասում է մինչ այդ առաջ քաշված տեսությանը՝ «Ժամանակակից գյուղաշխարհը պատկերող թումանյանական հերոսները... իրենց բնավորության մեջ զուգակցում են իրականն ու իդեալականը, կոնկրետ պատմականն ու հավերժականը»։ Սա արդեն սահմանում է, որ ամբողջովին կարելի է վերագրել դասական արվեստին։ Այսինքն՝ այստեղ խնդիրն այն է, որ դիտարկումը միանգամայն ճիշտ է, սակայն ուղղակի անհնար է այն կապել ռեալիզմի տեսությանը։ Գրականագետը, անշուշտ, չի մոռանում հիշել ռեալիզմի սահմանումներից ամենադասականը. «Թումանյանն ամենուրեք յուրովի իրագործում է տիպական հանգամանքների եւ տիպական բնավորությունների փոխադարձ կապի ռեալիստական սկզբունքը, իհարկե, այն առանձնահատկությամբ եւ այն սահմաններում, որ ընձեռում էին նրա օգտագործած հիմնական ժանրերը՝ պոեմ, բալլադ, պատմվածք, հեքիաթ»։
Այս սահմանումից էլ կարելի է եզրակացնել, թե գրական ուղղությունը ուղիղ կախվածության մեջ է գրական ժանրերից։ Ճիշտ է, սովորաբար, ամեն գրական ուղղություն իր նախասիրած ժանրերն ունի, բայց դա չի նշանակում, թե ժանրերը կարող են ուղղություն պարտադրել։ Բայց դա ուրիշ հարց է։ Այստեղ հարկ է ասել, որ ռեալիզմի դասական սահմանումը՝ տիպական բնավորություն տիպական հանգամանքներում, Թումանյանի դեպքում բացարձակապես չի գործում։ Եվ եթե դեռ մեծ վերապահումով կարելի է ընդունելի համարել տիպական հանգամանքները, տիպական բնավորության մասին խոսք լինել չի կարող։ Այդ Թումանյանն է գրում. «…եւ ես առաջ եմ գալի ոչ թե «տիրող հանգամանքներից», այլ արյունոտ հողից...»։ Այսինքն՝ արյունոտ հող, եւս մեկ ունիվերսալիա։ Ի վերջո, սահմանման երկրորդ մասը (տիպական հանգամանքներ) տիպական է գրեթե բոլոր մեթոդներին եւ ուղղություններին։ Իսկ եթե դրան ավելացնենք, որ Թումանյանի հերոսները հաճախ ոչ արտաքին ունեն, ոչ հանդերձանք, որոնք անչափ կարեւորվում են ռեալիզմի թե տեսության մեջ եւ թե գործնականում, ապա կստացվի, Թումանյանը այս հարցում եւս զանց է առնում ռեալիզմի նախնական դրույթները։
Մի խոսքով, Թումանյանի գրական մեթոդին տրված բոլոր գնահատականներում ավելի շուտ նկատվում է նրան անպայմանորեն, ամեն գնով ռեալիստ համարելու ցանկությունը, քան ասածը գիտական անաչառությամբ հիմնավորելու կամքը։ Իսկ թե ինչու է այդպես, կարծում ենք հիմնական պատճառը մեկն է՝ ինքը ռեալիզմը չափազանց հեղհեղուկ հասկացություն է եւ որպես գրական կոնցեպցիա միանգամայն արհեստականորեն սարքված իրողություն, եւ այստեղ չեն օգնի ոչ համադրականություն հասկացությունը եւ ոչ էլ հեղինակային ինչ—ինչ «առանձնահատկություններ»։
Մեթոդի ճշտման խնդիրը մեզ համար առավել եւս կարեւորվում է, քանի որ եթե կարողանայինք սահմանել այն, Թումանյանի ստեղծագործության փիլիսոփայական ուղղվածության ճշգրտման հիմնահարցը շատ ավելի հեշտ կլիներ։ Իսկ որ գրականագետների ճնշող մեծամասնությունը նրան ռեալիստ է համարում՝ դրա համար ոչ մի խելքին մոտիկ փաստարկ չբերելով, միանգամայն կամայական մոտեցում է։ Այդ պատճառով չենք ցանկանում ծանրանալ ռեալիզմ հասկացության խորհրդային մեկնաբանության վրա, որովհետեւ դա ավելի շուտ գաղափարախոսական նշանակություն ուներ, քան եզրաբառի (ռեալիզմը համարժեք էր մատերիալիզմին) եւ, բնականաբար, ճշգրտման կարիք ունի։ Ըստ այդմ՝ ռեալիստներ էին համարվում բոլոր նրանք, ովքեր միաժամանակ նաեւ մատերիալիստներ էին, որից արտածվում էր նաեւ պատմության մատերիալիստական ըմբռնումը, մի բան, որ Թումանյանի դեպքում չափազանց դժվար է համաձայնել։ Մանավանդ այդ երկու համազոր իմաստներով (մատերիալիզմ—ռեալիզմ) հասկացությունը վերածվում էր կատարյալ հակաեզրաբառի, որովհետեւ պնդել, թե Թումանյանը ռեալիստ լինելով՝ նաեւ մատերիալիստ է, բոլոր առումներով անհեթեթություն է։ Ինքը՝ Թումանյանն է մերժում գրականության գնահատման այդ չափումները, կարծես դիտավորությամբ գործածելով ռեալիզմի տեսաբանների ամենասիրած՝ իրականության արտացոլման հայելային փոխաբերությունը. «Այո՜, գրականությունը հայելի չէ լոկ. եւ եթե հայելի էլ ասենք, ապա շատ տարօրինակ ու կախարդական մի հայելի է նա։ Նա ոչ միայն արտացոլում է ժամանակը եւ իր դեպքերն ու դեմքերը, այլեւ տալիս է իր լույսն ու ջերմությունը կյանքին եւ ձգտում է կյանքում ստեղծել մարդու էն վեհ ու վսեմ, էն մաքուր ու անաղարտ պատկերը, որ տվել է նրան Աստված, կազմված ու հյուսված բնության ամենամաքուր տարրերից»։ Ինչպես տեսնում ենք, այս երկու նախադասությամբ Թումանյանը մեծ վերապահումներ ունի ռեալիզմի տեսության գրեթե բոլոր դրույթների նկատմամբ՝ ա) գրականությունը կրավորական հայելի չէ, բ) եթե հայելի է, ապա «շատ տարօրինակ ու կախարդական», գ) գրականությունը իր ժամանակի դեպքերի եւ դեմքերի անկիրք արտացոլանք չէ, դ) գրականությունը ստեղծում է մարդու «էն վեհ ու վսեմ... անաղարտ պատկերը» եւ ոչ թե «օբյեկտիվորեն» արտացոլում, ինչպես պնդում է ռեալիզմի տեսությունը, ե) մերժվում է ռեալիզմի ամենաարմատական սկզբունքը՝ մատերիալիզմը։ Այսինքն՝ նշված բոլոր հատկանիշներով նրան ավելի շուտ ռոմանտիկ կարելի է համարել, քան ռեալիստ։ Իսկ գրականության ավելի ընդարձակ տեսադաշտում շատ ավելի հարմար կլինի նեոռոմանտիզմը կամ, որ ավելի ճիշտ կլինի՝ պոստռոմանտիզմը։ Սակայն առայժմ չշտապենք եզրակացություններ անել։
Գուցե հարցին պատասխանելու ավելի մեծ որոշակիության կարող ենք հասնել, եթե խնդիրը դիտարկենք մշակութային ենթատեքստում։ Այսպես, պատմականորեն ռեալիզմ հասկացությունը գործածվել է երեք նշանակությամբ՝ սկզբում միջնադարյան փիլիսոփայության մեջ, ըստ որի իրականում գոյություն ունի միայն ունիվերսալ հասկացությունների գաղափարը (այսինքն՝ կա ոչ թե իրը, այլ իրի գաղափարը), երկրորդ իմաստը ավելի շուտ հոգեբանական է, գիտակցության այնպիսի դրվածքը, որը ելակետ է ընդունում արտաքին իրականությունը, իսկ ներքին աշխարհը համարում է ածանցյալ առաջինից։ Երրորդ իմաստով այն արդեն գործածական է որպես ուղղություն արվեստի եւ գրականության մեջ, ըստ որի ինքը առավել ճշմարիտ է արտացոլում իրականությունը։ Այս երեք սահմանումներից եւ ոչ մեկը դժվար է վերագրել Թումանյանի գրականությանը, մանավանդ երկրորդ կետը, որով գիտակցությունը ածանցյալ է համարվում իրականությունից։ Եվ որքան էլ ասվածը պարադոքսալ հնչի, նրան ավելի մոտ է ռեալիզմ հասկացության միջնադարյան փիլիսոփայական իմաստը, երբ իրական են համարվում ունիվերսալ հասկացությունները՝ այսինքն գաղափարները եւ ոչ իրերը։ Թումանյանի ե՛ւ բանաստեղծություններում, ե՛ւ բազմաթիվ հոդվածներում պարզապես սփռված են Բարու, Չարի, Գեղեցկի, Արդարության մասին դատողություններ ու պատկերներ, դրանք մարմնավորող հերոսներ ու կերպարներ, որոնք ուղղակիորեն հղում են ռեալիզմ հասկացության հենց միջնադարյան փիլիսոփայական իմաստաբանությունը։
Մեր գրականագետները հաճախ են մեջբերում Դոստոեւսկու նշանավոր տողերը, որով ցանկանում են ընդգծել ռեալիզմի նոր որակը. «Ինձ անվանում են հոգեբան, դա ճիշտ չէ, ես ռեալիստ եմ բարձրագույն իմաստով, այսինքն՝ պատկերում եմ մարդկային հոգու խորությունը»։ Բանն այն է, որ այստեղ Դոստոեւսկին ռեալիզմ հասկացությունը գործածում է ավելի շուտ հոգեբանական, քան գեղարվեստական նշանակությամբ, դրանով ցանկանալով շեշտել, որ ամենեւին միտք չունի որեւէ ընդհանուր բան ունենալ 19—րդ դարի էմպիրիկ եւ «անհոգի» դրապաշտական հոգեբանության հետ։ Եվ եթե հասել ենք դրան, հարկ է նշել, որ շատ կողմերով Դոստոեւսկին ռեալիստ է դարձյալ միջնադարյան փիլիսոփայության իմաստով։ Քանի որ, որպեսզի կարողանալ գրել, թե «Գեղեցկությունը կփրկի աշխարհը», նվազագույնը պետք է հավատալ, որ գոյություն ունի այնպիսի համընդհանրական գաղափար, ինչպիսին գեղեցկությունն է։ Սա հատկապես ցանկանում եմ նշել, որովհետեւ դեպ եւ անդեպ հաճախ են մեջբերում Դոստոեւսկու վերոհիշյալ տողերը, որպեսզի ապացուցեն անապացուցելին՝ նրա ռեալիստ լինելը եւ որպեսզի դրանով իսկ հաստատեն, թե լինում են նաեւ հայտնի քննադատական ռեալիզմից տարբերվող ռեալիզմի ուրիշ տարատեսակներ՝ հոգեբանական եւ այլն։ Մինչդեռ ավելի ճիշտ կլինի հավատալ հենց հեղինակին։

03-10-2019





18-10-2019
Համապարփակ լուծում հին խնդիրներին
Հայագիտական առարկաների դասավանդումը դպրոցներում կուժեղացվի

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Վերջին ...


18-10-2019
Սիրիայում բոցավառվող տեսակի արգելված զենք է կիրառվել
Ո՞ր կողմն է գործադրել՝ ապացուցելը դժվար է լինելու

Թամարա ...


18-10-2019
10 մլն եվրո՝ Արարատի եւ Արմավիրի մարզերին
Հումքի մթերումների սուբսիդավորման ծրագրում փոփոխություն եղավ

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Կառավարությունը ...


18-10-2019
Գեղարվեստի կենարար ուժը
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, տնտեսագիտության ...


18-10-2019
Բիբլիական լեռը ներկայանում է յուրովի
ՀԱՊ-ում բացվել է «Արարատ. սրբազան լեռը» խորագրով ցուցահանդեսը

Լիանա ...


18-10-2019
Պարտադիր, բայց առանց գնահատման
«Շախմատ» առարկայի դասավանդման շուրջ քննարկումներն ակտիվ փուլում են

Լուսինե ...


18-10-2019
«Ձեր խնդիրները մեր մշտական ուշադրության կենտրոնում են»
Վարչապետը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի հետ

Վարչապետ ...



18-10-2019
Սոցցանցերը եւ մարդկային հարաբերությունների նոր մշակույթը
Հաշվարկված է, որ աշխարհի բնակչության 40 տոկոսը, ...

18-10-2019
Զբոսաշրջային ակտիվությունն ակնհայտ է
Բայց դրանից «գլուխներս չպետք է ...

18-10-2019
Վարչապետն ընդունել է Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդականին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Ճապոնիայի ...

18-10-2019
«Մեր գլխավոր նպատակն օլիմպիական ուղեգիր նվաճելն էր»
Գերմանիայում անցկացված սպորտային մարմնամարզության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO