Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.10.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Հովհաննես Թումանյանի գրական մեթոդը

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Իր հոդվածներից մեկում Դոստոեւսկին նկատում է, որ իրականությունը մարդուն հասու է լոկ գաղափարի խորհրդանշական նշանակությամբ, այլ ոչ թե իրականությունն «ինչպես որ կա» տեսքով, քանի որ «այդպիսի իրականություն ամենեւին չկա եւ երբեք երկրի վրա չի եղել, որովհետեւ իրերի էությունը մարդկանց հասանելի չէ, իսկ բնությունն ընկալվում է այնպես, ինչպես այն արտացոլված է գաղափարի մեջ»։ Այս տողերը գրողը ավելի շուտ ագնոստիկ է, քան ռեալիստ։
Նույնն է խնդիրը Թումանյանի պարագայում եւ նրա վերոնշյալ գաղափարները՝ Բարին, Չարը, Վեհն ու Վսեմը, Արդարությունը իրենց ամենաբազմազան կիրառություններով ու կերպարային եւ պատկերային մարմնավորումներով նույն կարգի խորհրդանշանային նշանակություն ունեն եւ մարդու երբեւէ ստեղծած գաղափարների ունիվերսիալիաներ են։ Իսկ Թումանյանի բարձրագույն հրապուրանքը՝ Շեքսպիրի հանդեպ ունեցած մեծ ակնածանքը, այդ փաստի անառարկելի վկայությունն է։ Այս դիրքից քննելու դեպքում, փոխվում է նաեւ Թումանյանի ստեղծագործության ուսումնասիրության հարթությունն ու մակարդակը, միաժամանակ մեկ այլ կողմից հասկանալի է դառնում նաեւ «Հայ գրականության գալիք օրում» Տերյանի՝ նրան տված «ունիկում» գնահատականի իմաստը, որին գրեթե համահունչ է Պ. Սեւակի «Թումանյանը գրականությունից վեր երեւույթ է» արտահայտությունը։
Թումանյանի՝ համընդհանրական, հավերժական գաղափարներին դիմելու կերպը ակնհայտ է անգամ հերոսների (բառիս բուն իմաստով) կերտման մակարդակում։ Նա Րաֆֆու կամ Աբովյանի հերոսների տիպը չունի (Աղասի կամ Սամվել)։ Եթե նույնիսկ երբեւէ փորձել է ստեղծել այդպիսի կերպարներ («Հին կռիվը», «Քաջերի կյանքից», «Դեպի հայրենիք» անավարտ վեպը), կամ կիսատ է թողել եւ այլեւս երբեւէ չի անդրադարձել, կամ շուտափույթ ավարտել է՝ պատմությանը ակնարկային բնույթ տալով։ Այդ իմաստով ինչ—որ տեղ կարելի է հակառակը պնդել, այսինքն՝ Թումանյանը ապահերոսականացրել է իրական հերոսներին (բառիս գեղարվեստական՝ կերպարային իմաստով), օրինակ առնելով նույն «Քաջերի կյանքից» պատմվածքի՝ Լոռվա քաջերի կողմից նախատինքի արժանացած Աղասու կերպարը, այն նույն Աղասու, որին այնպես ջերմեռանդությամբ հերոսականացրել է Թումանյանի մեծ նախորդը՝ Խաչատուր Աբովյանը։ Մինչդեռ պատկերը փոխվում է, երբ հերոսների կերտման սկզբունքով նա ձգտում է բացարձակի, ինչպիսինն են Մեծ Մհերը եւ Սասունցի Դավիթը։ «Թմկաբերդի առումը» պոեմի կերպարներից Թաթուլը նույնպես նման կարգի առասպելական հերոս է։ Մի խոսքով, Թումանյանի ստեղծագործության մեջ իրական հերոսականությունը բացակայում է։ Ասել է թե՝ եթե կա հերոս, դարձյալ գաղափարի եւ ոչ իրի մակարդակում։ Այդ իմաստով պետք է բնավ պատահական չհամարել նրա այն գործերի անավարտ լինելը, որոնք ըստ մտահղացման պետք է այդպիսի իրական հերոսներ ունենային։ (Կարծում ենք նույնն է պարագան Իսահակյանի «Ուստա Կարոյի» անավարտության դեպքում, չնայած այս դեպքում վերջինս կարող էր հանգիստ տեղավորվել բանաստեղծի ռոմանտիզմի համակարգում)։
Հեքիաթին եւ մյուս բանահյուսական ակունքներ ունեցող ձեւերին դիմելը նույնպես Թումանյանի համընդհանրական, գաղափարային հակման վկայությունն է։ Նույնպիսի ունիվերսալիա է Թումանյանի անվերջ հոլովվող միտքը՝ «աշխարհի կարգ է» արտահայտությունը։ Համենայնդեպս, սա է գրեթե բոլոր մեծ կտավի պատմություններում նկարագրված բոլոր ողբերգությունների հիմնական պատճառը։ Միաժամանակ դա է նրա հերոսների ողբերգության պատճառը։ Ի՞նչ է նշանակում «աշխարհի կարգ» արտահայտությունը, բացահայտել այն, կնշանակի ընդունել աշխարհը որպես կայուն մի հաստատուն, որ ոչ հնարավոր է փոխել, ոչ մերժել, ոչ հաստատել։ Նշանակում է, ըստ Թումանյանի՝ կա անփոփոխ մի բան, մի կոնստանտ, որ նախագո է։ Ի՞նչ է սա. հունական ճակատագրին համարժեք մի բա՞ն, պլատոնյան նախագաղափա՞ր, որ ինչ—ինչ փոխակերպումներով ներառվում է թումանյանական աշխարհընկալման մեջ։
Ետմիջնադարյան գրականության եւ արվեստի մեջ ընդամենը այդ երկու մեթոդների՝ կլասիցիզմի եւ ռոմանտիզմի առանձնացումը շատ կողմերով ավելի է համապատասխանում մարդկային բանականության բինար—երկանդամ հակադրություններով կառուցվածքի սկզբունքին, քան այն ենթաբաժանումները, որոնք հաճախ խճողում են խնդիրը եւ անհարմար վիճակի մեջ դնում անգամ լավագույն մասնագետներին։ Ուրեմն ընդհանրացնելով ասածը՝ նոր ժամանակների գրական ընթացքի համար կարելի է պնդել, որ գոյություն ունեն երկու հայեցակարգեր՝ դասականություն եւ ռոմանտիզմ, իսկ մնացած ուղղություններն ու դպրոցները՝ հիմքում ունենալով այս կարգերը, պարզապես դրանց տարբերակներն են՝ այս կամ այն կողմի ընդգծումով եւ այս կամ այն կողմի անտեսումով։ Այս դիտանկյունից, թերեւս, միանգամայն արդարացի է Պոլ Վալերին, երբ գրում է. «Կան գործեր, որոնց ստեղծում է լսարանը։ Կան գործեր, որոնք իրենք են ստեղծում իրենց լսարանը»։ Այսինքն՝ ընդգծվում են երկու հակոտնյա մոտեցումներ, որոնցից առաջինը լիովին համապատասխանում է կլասիցիզմի, մյուսը՝ ռոմանտիզմի ոգուն։ Այս միտքը տասնամյակներ անց գիտականորեն հաստատում է ականավոր գրականագետ եւ մշակութաբան Յու. Մ. Լոտմանը. «Տեքստը եւ լսարանը իրենց փոխհարաբերություններում աչքի են ընկնում փոխադարձ ակտիվությամբ. տեքստը ձգտում է լսարանը հարմարեցնել իրեն՝ նրան պարտադրելով իր կոդերի համակարգը, լսարանը վարվում է նույն կերպ։ Տեքստը կարծես թե իր մեջ ներառում է «իր» իդեալական լսարանի պատկերը, լսարանը՝ «իր» տեքստը»։ Ինչ վերաբերվում է կլասիցիզմի եւ ռոմանտիզմի գրարվեստային տարբերությանը, նույն Պոլ Վալերին նկատում է. «Դասականի եւ ռոմանտիկի տարբերությունը շատ պարզ բան է։ Այդ տարբերությունը իր արվեստը չիմացողի եւ նրան տիրապետողի միջեւ է։ Այն ռոմանտիկը, ով տիրապետում է իր արվեստին, դառնում է կլասիկ։ Ահա թե ինչու, ռոմանտիզմը իր ավարտը գտավ պառնասականների մեջ»։
Այստեղ ցանկանում ենք հատկապես ընդգծել մեկ այլ պահ. գրական ուղղությունների մեծ մասը ինքնանվանումներ չեն, այլ վերագրումներ. Բայրոնն իրեն ռոմանտիկ չէր համարում, եւ նույնիսկ զավեշտական կլիներ այդպիսի ինքնանվանումը։ Հակառակը՝ «Բայրոնի ազատագրման ձգտումը նրան մոտեցնում է կլասիցիզմին (պատահական չէ, որ նա իրեն համարում էր կլասիցիստ), բայց անցյալի փոխարեն նա ձգտում է ինչ—որ կոսմիկական ժամանակի…»,–գրում է Հ. Էդոյանը։ Նույնը կարելի է ասել Րաֆֆու եւ մեր մյուս ռոմանտիկների մասին, իսկ Թումանյանի առիթով ոչ մի տող վկայություն չկա առ այն, որ նա երբեւէ իրեն ռեալիստ համարի։
Այդպես վարվելով, անտեսվեց ոչ պակաս կարեւոր պարագա՝ դարասկզբին բոլոր գրական եւ արվեստի մյուս ճյուղերը ընթացան սկզբունքների եւ արտահայտչամիջոցների համադրականության ճանապարհով (սիմվոլիզմը եւ մոդեռնիզմի մյուս արտահայտությունները)։ Եվ այդ իմաստով միանշանակորեն ճիշտ է Էդ. Ջրբաշյանի նկատումը՝ կապված թումանյանական համադրականության հետ, բայց դա, ինչպես գրում է ակադեմիկոսը, ոչ թե ռեալիզմի համադրականություն էր, այլ մինչ այդ՝ ետվերածննդյանից մինչեւ դարասկիզբ բոլոր ուղղությունների սինթեզը։ Եվ թերեւս այստեղ պետք է որոնել Թումանյանի՝ Ամենայն հայոց բանաստեղծ լինելու պարագան եւ այն բարձր, ոչ մի համեմատություն չընդունող գնահատությունները, որ նրա առիթով արտահայտվել են Իսահակյանը, Տերյանը, Չարենցը, Պ. Սեւակը եւ մյուսները։
Իսկապես, այդպիսի անհատականությունները գրականության պատմության մեջ եզակի են լինում, աստեղային մի պահ, որտեղ զուգորդվում եւ խաչաձեւվում են ազգային ոգու ողջ իմաստաբանությունն ու իմաստասիրությունը, դառնալով մի կենտրոնակայան, որ իր մեջ արտացոլում է ազգի հավաքականության բոլոր հնարավորությունները՝ ամփոփելով ոչ միայն մինչեւ իրեն եղածը, այլեւ կանխորոշելով ապագայում լինելիքը։
Այսպիսով, Թումանյանը մեր նոր շրջանի գրականությանը դասական ամբողջականություն հաղորդած ոչ միայն ամենամեծ, այլեւ առաջին գրողն է, Պ. Սեւակի գնահատմամբ՝ «ետմիջնադարյան պատմության կենսագիրը», որ «դարագլուխ չսկսեց, այլ դարագլուխ փակեց»։ Ուստի նրա ստեղծագործությունը հարկ է քննել որպես «արտաժամանակային բանաստեղծական տեսակ», այսինքն՝ դիտարկել միանգամայն այլ հարթությունում, քան մեթոդն է կամ գրական ուղղության պատկանելության խնդիրը։

04-10-2019





18-10-2019
Համապարփակ լուծում հին խնդիրներին
Հայագիտական առարկաների դասավանդումը դպրոցներում կուժեղացվի

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Վերջին ...


18-10-2019
Սիրիայում բոցավառվող տեսակի արգելված զենք է կիրառվել
Ո՞ր կողմն է գործադրել՝ ապացուցելը դժվար է լինելու

Թամարա ...


18-10-2019
10 մլն եվրո՝ Արարատի եւ Արմավիրի մարզերին
Հումքի մթերումների սուբսիդավորման ծրագրում փոփոխություն եղավ

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Կառավարությունը ...


18-10-2019
Գեղարվեստի կենարար ուժը
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, տնտեսագիտության ...


18-10-2019
Բիբլիական լեռը ներկայանում է յուրովի
ՀԱՊ-ում բացվել է «Արարատ. սրբազան լեռը» խորագրով ցուցահանդեսը

Լիանա ...


18-10-2019
Պարտադիր, բայց առանց գնահատման
«Շախմատ» առարկայի դասավանդման շուրջ քննարկումներն ակտիվ փուլում են

Լուսինե ...


18-10-2019
«Ձեր խնդիրները մեր մշտական ուշադրության կենտրոնում են»
Վարչապետը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի հետ

Վարչապետ ...



18-10-2019
Սոցցանցերը եւ մարդկային հարաբերությունների նոր մշակույթը
Հաշվարկված է, որ աշխարհի բնակչության 40 տոկոսը, ...

18-10-2019
Զբոսաշրջային ակտիվությունն ակնհայտ է
Բայց դրանից «գլուխներս չպետք է ...

18-10-2019
Վարչապետն ընդունել է Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդականին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Ճապոնիայի ...

18-10-2019
«Մեր գլխավոր նպատակն օլիմպիական ուղեգիր նվաճելն էր»
Գերմանիայում անցկացված սպորտային մարմնամարզության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO