Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.10.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Ժամանակակից մարդու ամենամեծ խնդիրը միայնությունն է

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հարցազրույցը Հենրիկ Էդոյանի հետ

Այսքան առավոտներից հետո
ցերեկը դատարկ է մնում։
Ցերեկը, որի վրա
դու ուզում ես կարել քո խոսքը,
փշրվում է քո դեմ,
եւ մնում է խոսքը,
միայն խոսքը,
որից փախչում ես դու։
Դու փողոցում կորցնում ես
քո հարստությունը եւ աղքատանում։
Հետո փողոցի վրա կարելով քո աղքատ դեմքը՝
դու հեռանում ես։
Ցերեկը նորից դատարկ է մնում
առանց քեզ։
Հենրիկ ԷԴՈՅԱՆ

Ի՞նչ է գրականությունը, ինչու՞ է գրում։ Երազո՞ւմ է, ո՞րն է արվեստի մասին ունեցած իր պատկերացումները, իսկ ինչու՞ են տխուր, ո՞վ է կինը, ի՞նչ է սերը։ «ՀՀ»—ի գրական—մշակութային «հերոսն» է բանաստեղծ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հենրիկ Էդոյանը։
–Վերջին երկու տարում զուգահեռաբար մի քանի գիրք հրատարակեցիք։ Ասել է թե Ձեր գրական գործունեությունը նոր շունչ է ստացել։ Այս «թռիչքի» մեջ արձակ ժանրով ստեղծագործելու ներքին պահանջ չե՞ք ունեցել։
–Բայրոնն ասում է՝ «բավական է, որ կյանքում խոսում եմ արձակով, հո արձակով էլ չե՞մ գրելու»։ Անցած տարի հրատարակվեց «Վերադարձիր տուն, Սեբնի» ժողովածուն, որում տեղ գտած բոլոր պատմվածքները 25 տարի առաջ եմ գրել՝ Բեյրութում, երբ աշխատում էի Հայկազյան համալսարանում։ Այդ ժամանակներում մի ամիս արձակ գրեցի։ Թեեւ վատ բան չէ արձակը, բայց հետո ինքս ինձ ասացի՝ այ մարդ, էս արձակը ինչի՞ ես գրում։ Պոեզիան է իմը։ Վերջին գիրքս, որ լույս տեսավ այս տարի, վերնագրեցի «Էլեգիկ մտորումներ»։ Ներսում ներքին խորհրդածություն կա, որը շատ ուրախ չէ, մի քիչ տխրության հետ է կապված։ Տխրությունը ամբողջ արվեստի ամենակարեւոր հատկանիշն է։ Առանց դրա բանաստեղծություն չի լինի։ Արվեստը ստեղծվում է այն ժամանակ, երբ մարդու կյանքի մեջ հարցեր կան, խնդիրներ կան։
–Իսկ ի՞նչ բան է տխրությունը, արվեստից վե՞ր է, ինչ է։
–Ինչ—որ մի մոտալուտ բանի զգացողություն՝ կորստի, եթե կուզեք։ Մի բան կորցնում ես, մի բան չի ստացվում։ Ամեն ինչ անում ես՝ չի լինում, ինչպես դու ես ուզում։ Արվեստը մարդկային կյանքի արտահայտությունն է։ Դրախտում արվեստ չկա։ Պատկերացրու այնտեղ նստած երաժշտություն են գրում, դրախտը ինքը երաժշտություն է չէ՞, այնտեղ հո երաժշտություն չե՞ս գրի։ Մարդու կյանքի ամենակարեւոր բանը, եթե ուզում ես իմանալ, արվեստն է, ամենակարեւորը։ Ավելի կարեւոր բան մարդկությունը չունի աշխարհի վրա։ Նայենք պատմոթյունը։ Չկա մի դարաշրջան, որ արվեստ չլինի։ Նույնիսկ ամենածանր վիճակներում մարդիկ արվեստով զբաղվելու ժամանակ են գտել։
–Բայց ինչու՞մն է արվեստի անհրաժեշտությունը։ Մարդը չի՞ կարող ապրել առանց դրա։
–Այստեղ են վեճերը։ Արվեստը լրացնում է մարդու կյանքի պակասը։ Ո՞ր կյանքի՝ հոգեւոր։ Մենք բոլորս մահկանացու ենք, բոլորս պիտի մահանանք, բայց չենք ուզում, չէ՞։ Արվեստը դրա միջոցն է դուրս գալու մահից, մտնելու ավելի մեծ ժամանակի մեջ։ Եթե ճիշտ նայես՝ մարդկային կյանքը Աստծո մահացման պրոցեսն է։ Մենք տիեզերքից պատրաստի ստանում ենք մեր կյանքը։ Համաձայն եք, չէ՞։ Ինչ—որ մեկը տալիս է, մենք ստանում ենք, փոխարենը որեւէ բան չենք տալիս։ Արեւի լույսը, որ գալիս է մեզ, փոխադարձ արեւին ոչինչ չենք տալիս։ Օգտագործում ենք նրա էներգիան՝ անհատույց։ Արեւի լույսը մեռնում է երկրում, որ մենք ապրենք։ Աստված մեռնում է, որպեսզի ապրենք, բայց մահից հետո հարություն կա։ Եվ Աստված հարություն է առնում արվեստում։ Արվեստով, ասես, մարդն իր պարտքը հետ վերադարձնի։ Դրա համար արվեստի մեջ տրված ինֆորմացիան ավելի մեծ է լինում, քան դու մտադրված ես փոխանցել։ Ինչ—որ բանի մասին ես գրում, արդյունքը սպասածից շատ ավելին է լինում։ Ամբողջ գրականությունն ու արվեստը սրա վրա են դրված։ Այն հավելյալ արժեքը, որ ստեղծվում է, հարության արդյունք է։ Դրա համար պետք է, որ Աստված մեռնի եւ հարություն առնի։ Եթե արվեստ չլինի, հարության պրոցեսը չի կատարվի։ Կյանքը կմեռնի ընդհանրապես։ Մի ներքին, շատ կարեւոր, տիեզերական խորհուրդ կա արվեստի մեջ։
–Ի՞նչ—որ բան է Ձեզ մտատանջում, ի՞նչ է։
–Այն, որ մարդիկ իրար չեն հասկանում, ամենակարեւոր հարցն է ինձ համար։ Թվում է, թե պիտի հասկանան, ամեն ինչ ունեն, ցանկություն էլ կա, բայց չեն հասկանում։ Ինչի՞ համար, ի՞նչն է խանգարում մարդկանց հասկանալ միմյանց։ Սրանից առաջանում է միայնությունը։ Ամենամեծ հարցը միայնության հարցն է։ Բոլորը միայնակ են։ Մարդն իրեն մենակ է զգում։ Մենակ ես, մենակ։ Ինձ մտատանջում է հոգեբանական այս վիճակը մարդու։ Իրար չեն հասկանում, դրանից ավելի ծանր բան կա՞ աշխարհում։ Ապրում ես մեկի հետ, որը քեզ չի հասկանում, շփվում ես մարդկանց հետ, որոնց միջեւ բան չկա, միայն արտաքին կապեր են, ներքին կոնտակտ չկա։ Եվ որքան գնում, այնքան ավելի է խորանում։ Ամեն մեկը քաշվում է իր բույնը, իր տունը, իր «ես»—ի մեջ, իսկ հետո դժգոհում։ Բա պիտի դժգոհի, մարդը միայն ինքն իրենով չի ապրում։ Նա միայն ինքն իր հետ չպիտի խոսի։ Իսկ ժամանակակից մարդու ամենամեծ խնդիրը դա է՝ ամեն մեկն ինքն իրենով է ապրում։ Ինձ մտատանջում է, թե մինչեւ ի՞նչ աստիճան կգնա փոխադարձ բաժանումը, մեխանիկական կապը մարդկանց միջեւ։ Անգամ, երբ ամուսիններ են, սիրեկաններ են, էլի մեխանիկական կապ է, ներքին ոչինչ չկա։ Սրանից գալիս է դժգոհությունը, որովհետեւ այն, ինչ որ պիտի ստանաս, չես ստանում։ Տղամարդ ու կին սիրում են իրար, բայց դժգոհ են իրարից, թողնում փախչում են, որովհետեւ ներքին կոնտակտ չկա, ներքին կապ չկա։ Մարդիկ, եթե կուզես իմանալ, իրար չեն էլ սիրում։ Սիրում են այն ժամանակ, երբ ուզում են ավելի բարձրին՝ Աստծուն։ Մարդը աներեւույթ բան է, մարդուն ոչ մեկը չի տեսել, հիմա դու ինձ ես տեսնում, բայց հո չես ասի՝ ես մարդուն եմ տեսել։ Ես տեսնում եմ քեզ, բայց մարդը, որը բոլորիս ներսում նստած է՝ աներեւույթ է, չի երեւում։ Այ հենց նա պիտի մեր մեջ միշտ ներկա լինի։ Եթե այդ աներեւույթ մարդը մեջդ շատ լինի, ամեն ինչին պատրաստ ես։
–Սիրո մասին առեղծվածային ձեւակերպուներ եք անում, դա պոետական սե՞րն է, թե՞ …
–Հին հունարենում երեք բառ կա, որ սեր է արտահայտում՝ «ագապե», «ֆիլիա» եւ «էրոս»։ Ասում են՝ սկզբում, անհիշելի ժամանակներում, բնությունը այնքան ուժեղ էր, որ ինքն իրեն կարող էր վերարտադրել։ Բայց հետո երկրից մի մեծ ուժ անջատվեց, եւ երկիրը թուլացավ։ Ինքն իրեն արդեն չէր կարող՝ բաժանվեց երկու մասի։ Առասպելի մեջ ասվում է՝ Զեւսը կիսեց անդրոգենը երկու մասի՝ արական եւ իգական։ Մեկը դարձավ երկու… Նրանք փնտրում են իրար։ Փնտրում են, որ վերակագնվեն։ Հենց այդ որոնումը, իրար գտնելը սերն է, դա է սերը։ Կատարվում է էրոսի միջոցով։ Եթե էրոսը չլինի, կբաժանվեն իրարից, կդառնան անհասկանալի, երկուսն էլ կկործանվեն։ Էրոսը միայն երեխա ունենալու համար չէ։ Կյանքում մարդն ընդամենը 4—5 երեխա է ունենում։ Մարդկության երկու մասերը պիտի կապվեն իրար։ Էրոսը մեծ բան է, Պլատոնն այդ մասին մանրամասն գրում է։ Երեքն էլ՝ ագապեն, ֆիլիան եւ էրոսը, իրար հետ կապված են ըստ էության։ Մեկն առանց մյուսի չի լինում։ Մարդը բնությունից բարձր է չէ՞։ Մենք գիտակցում ենք մեզ, բնությունը չի գիտակցում ինքն իրեն։ Մարդն ապրում է բնության մեջ, բայց ինքը բնություն չէ։ Մարդը նաեւ ոգի է, մտածողություն է, բնությունը այդ բանը չունի։
–Ինչու՞ են մարդիկ տխուր։ Դուք երջանի՞կ եք զգում, ի՞նչ է այդ երջանկությունը։
–«Մեծ» ու լավ հարցեր ես տալիս։ Պլատոնը մի տեղ ասում է՝ երջանկություն է, երբ սիրած մարդկանց հետ մի շիշ գինով նստած ես սեղանի շուրջը, խոսում եք սիրած թեմաներից։ Երջանկությունը մարդու այն բարձրագույն վիճակն է, որին ուզում է հասնել։ Դա նրա նախնական վիճակն է, երբ դեռ ծնված չէր, բայց մեկ է՝ հիշողությունը կար։ Որտեղի՞ց է սկսվում մեր հիշողությունը, ո՞վ գիտի՝ ո՞ր ժամանակից է հիշում։ Եթե մի բան չես հիշում, թվում է, թե չկա։ Տխրություն տանող ճամփան. մարդու մեջ ցանկություններ շատ կան, իսկ Բուդդան ասում է՝ ամբողջ մարդկային կյանքի դժբախտությունը ցանկությունների մեջ է։ Որքան շատ են ցանկությունները, այնքան ավելի դժվար է մարդու կյանքը։ Մենք ունենք բնական եւ կեղծ ցանկություններ։ Վերջինի դեպքում՝ մի բան ես ցանկանում, բայց դա քեզ միայն թվում է, իրականում չես ցանկանում։ Մենք չգիտենք, թե ինչ ենք իրականում ուզում։ Նայում եմ ինձ հայելու մեջ՝ տեսնեմ երկուսից ո՞րն է ճիշտը՝ հայելու մեջի՞նը, թե՞ ես։ Ես հայելու մեջինը ընկալում եմ իբրեւ իրականություն, եւ իր համար եմ ամեն ինչ անում, բայց նա գոյություն չունի, չէ՞։ Ու ես դժգոհում եմ, որովհետեւ ես նրան բավարարում եմ, ինքը ինձ՝ չէ։ Կեղծ ցանկություններ են դրանք, քո իսկական ցանկությունները մնում են չբավարարված։ Մարդ կա՝ միլիոնատեր է, բայց ես դեռ երջանիկ միլիոնատիրոջ չեմ տեսել։ Ունենում ես փողը ու տեսնում, որ քո ոչ երջանիկ վիճակի տեսիլքն ավելի է խորանում։ Դա մեզ երազանք է թվում, բայց երջանկություն չի տալիս։ Երջանկության համար մարդ պիտի ինքն իրեն ճանաչի, հասկանա՝ ինչ է ուզում։ Դրանից մեր կյանքը խառնաշփոթ է դառնում, որից էլ ցավ ենք զգում։ Կատարվում են կեղծ ցանկությունները, սուտ բաները։ Զգացողություններդ, մտքերդ ու արարքներդ իրար հետ կապ չունեն, դրանից մարդու հոգին տառապանքների մեջ է ընկնում։ Ուրիշ բան ես սիրում, բայց այլ բան ես անում։ Դրանից մարդը քայքայման մեջ է ընկնում։ Երջանկություն է, երբ այդ երեքը իրար համընկնում են։ Եթե քո զգացմունքները, մտքերն ու արարքները մեկը մյուսից բխեն, դա ամենամեծ երջանկությունն է, միլիոնի հետ կապ չունի։ Միլիոն ունի, բայց պառակտված է։
–Ասում են, մարդ պիտի երազանքներ ունենա։ Ինչի՞ մասին եք երազում։
–Իմ երազանքների հետ գործ չունեք (ծիծաղում է)։ Ամեն ինչ անկատար է։ Կատարյալ ոչինչ չկա, ինչ անում ես՝ միշտ դժգոհ ես, մտածում ես՝ այն չես արել, մի նոր բան պիտի անես։ Ես մի տող ունեմ՝ գեղեցկության գունատ կատարելությունից մինչեւ անհամաչափ պոռթկումը կատաղության։ Թե ինչու գունատ, չգիտեմ։
–Ի՞նչ է գրականությունը, որում այդքան կատարյալ եք։ Ինչու՞ եք ստեղծագործում, պարոն Էդոյան։
–Որ իմանաս, չես անի։ Ապրում ես, մի բան պիտի անես, քո «կարման» դա է։ Կարման՝ ներքին պատճառաբանվածությունը քո արարքների։ Հանուն ինչի՞ ես դու աշխարհ եկել, ինչ—որ մի բանի համար հաստատ եկել ես։ Ամեն մարդ ինչ—որ մի բանի համար է ծնվում։ Աչքդ ինչի՞ համար է տրված, որ տեսնես, չէ՞։ Ամեն ինչ իր նպատակն ունի։ Աննպատակ բան չկա աշխարհում։ Բայց ինչ նպատակի համար ես ծնվել, չգիտես, որովհետեւ դա ինքնագիտակցության ամենաբարձր կետն է, երբ իմանաս, թե հանուն ինչի ես աշխարհ եկել։ Ինչ—որ բաներ ես անում, որից դժգոհ կամ գոհ ես։ Գոհ ես, երբ ինտուիտիվ ու նպատակին ես ծառայում։ Իսկ երբ բավականություն չես ստանում, հաճույք չես ստանում, քո նպատակից դուրս է։ Մենք բոլորս էլ ինտուիտիվ ծառայում ենք մեր նպատակներին՝ մեկը կոշիկ է կարում, մյուսը երաժշտություն է գրում, երրորդը գրականություն է գրում։ Երեւի ինչ—որ մի ներքին նպատակ կա, դրա համար եմ ստեղծագործում։
–Մի առիթով ասել եք՝ կինը սովորական էակ չէ, աստվածային երեւույթ է, նայած՝ ոնց ես նրան նայում։ Իսկ ինչպե՞ս կարելի է նայել կնոջը։
–Մի տեսանկյուն կա, երկրորդը չկա։ «Եւա, Եովա, եւ՝ Աաա…» բանաստեղծության մեջ տվել եմ. «Աստված երկնքում, կին՝ երկրի վրա, եւ գիշերների եւ ցերեկների հերթագայություն։ Այն ինչ երեւում է եւ չի երեւում, քո մարմինն է դա, Եվա Եովա, եւ՝ Աաաա… «Ա»—ն հնչյուն է, անվերջություն է, չէ՞։ Վերջ չունի, մինչեւ աշխարհի վերջը կարող ես «ա» ասել։ Եվ հենց այդ անվերջությունն է Եվայի մեջ դրված։ Աստված երկնքում, կինը երկրի վրա, ահա թե ինչպես ես կնոջը նայում։ Եթե մոռանում ես, որ Աստված երկնքում է, կինը դառնում է քո սեքսուալ ցանկությունների օբյեկտ, որին կարող ես վիրավորել, տանջել՞ Տղամարդը եւ կինը հնդկական կրոնի մեջ երկու սիմվոլներ են։ Ինչ որ վերեւում է, նաեւ ներքեւում է։ Եթե ուզում ես իմանալ երկնքում ինչ է, նայիր երկրի վրա։ Եթե ճիշտ նայես երկրի վրա, դու նրա պատկերը կտեսնես։
–Հարցազրույցն ամփոփենք ամենասիրած գրքով եւ ֆիլմով, որոնք նաեւ ուղերձ կարող են լինել Ձեր ընթերցողին։
–Գիրքը՝ «Ռոբինզոն Կռուզոն», ֆիլմը՝ Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա «Կնքահայրը»։ Ֆիլմ սիրում եմ, բայց լուրջ արվեստ չեմ համարում։ Ֆիլմը եկավ եւ փչացրեց գրականությունը։ Չեմ կարողանում տանել, երբ գրական տեքստը նկարում են։ Շեքսպիրի ֆիլմերը դատարկ, անհետաքրքիր բաներ, բայց Շեքսպիրը գրականություն է, հո ֆիլմ չէ։ Ամբողջ Շեքսպիրի հմայքը նրա լեզվի մեջ է, խոսքի մեջ է, ներքին շնչառության մեջ է։ Գրականությունը լեզվի բառի հետ է կապված։ Բառը անմիջապես քո գիտակցությունն է, երբ կարդում ես, անմիջապես քո գիտակցության մեջ տպավորվում է ուղիղ գծով։ Իսկ մյուս արվեստները պատկերների միջոցով են։ Ֆիլմը պետք է լեզու դառնա, որպեսզի մոտենա քո գիտակցությանը։ Մանկությանդ ժամանակ կարդացած գիրքը մինչեւ հիմա կարող է լավ հիշես, բայց երկու օր առաջ տեսած ֆիլմը չես հիշում, որովհետեւ պատկերները գնում են։ Հոգեբանական հզոր ֆիլմեր կան, որ արժե նայել։ Օրինակ՝ Բերգմանի, Ֆելինիի ֆիլմերը, որոնք արվեստի մակարդակին հասած բաներ են։ Նրանք շատ մեծ ռեժիսորներ են, ինտելեկտուալ մտածող մարդիկ են։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am

08-10-2019





18-10-2019
Համապարփակ լուծում հին խնդիրներին
Հայագիտական առարկաների դասավանդումը դպրոցներում կուժեղացվի

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Վերջին ...


18-10-2019
Սիրիայում բոցավառվող տեսակի արգելված զենք է կիրառվել
Ո՞ր կողմն է գործադրել՝ ապացուցելը դժվար է լինելու

Թամարա ...


18-10-2019
10 մլն եվրո՝ Արարատի եւ Արմավիրի մարզերին
Հումքի մթերումների սուբսիդավորման ծրագրում փոփոխություն եղավ

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Կառավարությունը ...


18-10-2019
Գեղարվեստի կենարար ուժը
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, տնտեսագիտության ...


18-10-2019
Բիբլիական լեռը ներկայանում է յուրովի
ՀԱՊ-ում բացվել է «Արարատ. սրբազան լեռը» խորագրով ցուցահանդեսը

Լիանա ...


18-10-2019
Պարտադիր, բայց առանց գնահատման
«Շախմատ» առարկայի դասավանդման շուրջ քննարկումներն ակտիվ փուլում են

Լուսինե ...


18-10-2019
«Ձեր խնդիրները մեր մշտական ուշադրության կենտրոնում են»
Վարչապետը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի հետ

Վարչապետ ...



18-10-2019
Սոցցանցերը եւ մարդկային հարաբերությունների նոր մշակույթը
Հաշվարկված է, որ աշխարհի բնակչության 40 տոկոսը, ...

18-10-2019
Զբոսաշրջային ակտիվությունն ակնհայտ է
Բայց դրանից «գլուխներս չպետք է ...

18-10-2019
Վարչապետն ընդունել է Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդականին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Ճապոնիայի ...

18-10-2019
«Մեր գլխավոր նպատակն օլիմպիական ուղեգիր նվաճելն էր»
Գերմանիայում անցկացված սպորտային մարմնամարզության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO