Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.11.2019
ԱՇԽԱՐՀ


Անկարան կորզեց նվազագույնը. «անվտանգության գոտի» կլինի Սիրիայի տարածքում

ԱՄՆ-ՌԴ որոշումները եղան առանց ԵՄ կարծիքը հաշվի առնելու

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

Ինչպես ենթադրել էինք մեր նախորդ թողարկման վերլուծականում, եթե Սպիտակ տունն ու Կրեմլը շարունակեն երկակի խաղերը թուրքական եւ սիրիական ուղղություններով, ապա այս փուլում Անկարան գոնե մասնակի հաջողության կհասնի, իսկ Դամասկոսը կսպասի հաջորդ փուլի ավելի նպաստավոր իրադարձությունների ծավալմանը։ Նշել էինք, որ Թուրքիայի նպատակը Սիրիայի քրդական ինքնավարության տարածքի էթնիկ զտումն էր, միաժամանակ այդ տարածքին տիրելը, ինչը հնարավորություն կտար նորօսմանական ծրագրի առաջին քայլն արված համարել։ Նվազագույն ծրագիրը անվտանգության գոտի ստեղծելն ու վերահսկելն էր, ինչը հաջողեց։
Սակայն, ինչպես նշեցինք, Անկարան մասնակի հաջողության հասավ։ Նախ՝ կարողացավ հասնել «անվտանգության գոտի» ասվածի հաստատմանը ինչպես ԱՄՆ—ի, այնպես էլ ՌԴ—ի թույլտվությամբ։ Իսկ ԵՄ 28 երկրների հակառակ կարծիքը հակակշիռ չեղավ, ինչը մեր տարածաշրջանի (նաեւ այլ) երկրներին գուցե մտածելու տեղիք տա, որ այլեւս չեն կարող հույս դնել եվրոպական ուղղության վրա, քանզի ԱՄՆ—ն ու ՌԴ—ն երկուսով մեջ—մեջ են անում միջազգային խնդիրները։
Սա ոչ շահեկան վիճակ է այսպես կոչված երրորդ կարգի երկրների համար։ Ոչ շատ հզոր երկրներն անգամ կամենում են համաշխարհային երրորդ բեւեռը տեսնել ի դեմս տնտեսապես առաջատար դիրքերում հայտնված Չինաստանի, ինչը դեռ ընթացիկ հարց է, եւ ահա եվրոպական համագործակցության հնարավոր դուրս մղումը Վաշինգտոնի ու Մոսկվայի հեռահար փոխհամաձայնությամբ ավելի է վտանգում անկախ քաղաքականություն վարող շատ երկրների վիճակը։ Բոլոր երկրները չէ, որ Հյուսիսային Կորեայի նման միջուկային լուրջ զինանոց ունեն, ինչի պատճառով այս երկրից հեռու են մնում անգամ գերտերությունները, այնպես որ, երրորդ կարգի երկրների համար մի նոր խնդիր էլ է ավելանում։
Սիրիայի դեպքում եւս խնդիր է ավելանում, ինչը կարող ենք համեմատել շուրջ 100 տարի առաջ Հայաստանի ու հայության հետ կատարվածի հետ։ Այն ժամանակ գոնե որոշ եվրոպական երկրներ ձեռք մեկնեցին հայության մի հատվածին թուրքերի կողմից իրականացվող ցեղասպանությունից փրկելու եւ եվրոպական երկրներում պատսպարելու համար, ինչը կարող է լինել նաեւ Սիրիայում այսօր։ Ինչպես նշվեց, Սիրիայի դեպքում էլ վտանգաշատ իրավիճակ է, սակայն ԱՄՆ—ն ու ՌԴ—ն դեռ վերջնականապես ազատություն չեն տվել Թուրքիային, ինչը մեր դեպքում, ցավոք, ազատություն տալով ավարտվեց։
Արաբական երկրները տարածաշրջանում զիջել են իրենց դիրքերը Թուրքիային, չկա համաարաբական տեսլական, մինչդեռ համաթուրքականը գործընթացի մեջ է։ Թվում է՝ Սաուդյան Արաբիան կարող է համախմբել—կազմակերպել նոր համարժեք արաբական միություն, սակայն այս երկիրն էլ հայտնվել է Իրանի դեմ ճակատում եւ գործում է Թուրքիայի եւ Իսրայելի հետ։ Իսկ գործող Արաբական լիգայի երկրների հեղհեղուկ վճռականությունը չի կարող ազդել Թուրքիային կասեցնելու գործին։
Իրանն ու Թուրքիան վաղեմի մրցակիցներ են, եւ Թեհրանը մշտապես աջակցել է Սիրիային՝ ընդդեմ Թուրքիայի։ Վերջերս իրանական զինուժը նաեւ զորավարժություններ է անցկացրել Թուրքիայի հետ սահմանային հատվածում, ինչը նախազգուշացում էր։ Իրանը կարող է արաբական աշխարհի հետ միասին կանգնեցնել թուրքական առաջխաղացումը, սակայն, ինչպես նշվեց, արաբական երկրների մի մասը հակաիրանական բարիկադների վրա է։ Իսկ Իրանը, չնայած իր վճռականությանը, բարդ իրավիճակում է, եւ ինքն է գտնվում հնարավոր հարվածների տակ, որը խոստացել է ԱՄՆ—ի նախագահ Դոնալդ Թրամփը։ Իրանը, իհարկե, կարող էր անվարան աջակցել Սիրիային, եթե Մոսկվան այլ դիրքորոշում ունենար։
Հետաքրքիր է, որ Իսրայելը եւս դեմ է արտահայտվել Թուրքիայի ներկայությանը Սիրիայում։ Վերջերս Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի որդին՝ Յաիր Նեթանյահուն, սոցցանցում քննադատական գրառում էր արել Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս—արեւելքում իրականացվող ռազմագործողության մասին։ Նա կոչ է արել բոյկոտել թուրքական պետական ավիաուղիները՝ ի պատասխան Սիրիայի տարածքում թուրքական զինուժի գործողություններին։
Ինչեւէ, փաստորեն միայն Վաշինգտոնն ու Մոսկվան կարող էին պարտադրել Անկարային՝ նահանջել եւ զորքերը ետ քաշել, սակայն, ինչպես վերը նշվեց, երկակիության մի նոր խաղափուլ է սկսվել։
Իսկ Թուրքիայի տարածքում ավելի քան 3,5 միլիոն սիրիացի փախստականներ են գտնվում, որոնց խնամքը ԵՄ հատկացումներով է իրականացվում, իսկ եվրոպացի առաջնորդները հայտարարել են, որ զորքերը Սիրիայի տարածքից չհանելու դեպքում Թուրքիան կպատժվի, նաեւ կզրկվի փախստականների ճամբարների համար հատկացվող գումարներից։ Հասկանալի է, որ սա մեծ ցնցումների կհանգեցնի, եւ Անկարան կամ կբացի Եվրոպայի հետ սահմանը փախստականների առջեւ, կամ ետ կուղարկի Սիրիա։ Երկու դեպքում էլ ցնցումներ կլինեն։ Իհարկե, կա երրորդ տարբերակը, որ այս փախստականները կպահվեն որպես պատանդ։
Հիշեցնենք նաեւ, որ այս վերջին շաբաթվա ընթացքում ավելի քան 7 հազար սիրիացի փախստական է ժամանել Իրաք, որոնք մեծամասամբ կանայք ու երեխաներ են, ինչպես սննդի, այնպես էլ հոգեբանական օգնության կարիք ունեն։ Իսկ Իրաքում են գտնվում շուրջ 230 հազար սիրիացի փախստականներ։
Սիրիայում նաեւ ներքին տեղահանություններ են եղել, որի ժամանակ ավելի քան 160 հազար մարդ է տեղահանվել, իսկ մոտ կես միլիոն մարդ վտանգված իրավիճակում է հայտնվել սահմանամերձ շրջանում շարունակվող մարտերից, ինչին եկավ փոխարինելու թուրքերի կողմից վերահղկվող անվտանգության գոտու ստեղծումը։
Թուրքիայի նախագահ Էրդողանը օրեր առաջ հայտարարել էր, որ թուրքական զորքը Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ իրականացնելուց ի վեր շուրջ 1220 քառ. կմ տարածք է վերցրել իր հսկողության տակ։ Թե ինչքան է այժմ վերցրած, եւ ինչքան տարածքի վրա կստեղծվի «անվտանգության գոտի», շուտով կիմանանք։ Իսկ քրդերն արդեն հեռանում են այդ նախատեսվող «անվտանգության գոտուց»։ Ինչը ողջունել են ԱՄՆ—ում եւ նշել, որ ուշադրությամբ հետեւում են դրան եւ ամեն ինչ անում են Սիրիայում խաղաղության հաստատման համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Սիրիայում շուրջ 200 հոգանոց ամերիկյան գումարտակ թողնել։ Սիրիայում կմնան «Իսլամական պետության» դեմ կռված զինվորականները, իսկ նրանց այնտեղ տեղակայելու հիմնական նպատակը, ինչպես հայտնել են Վաշինգտոնից, «տարածաշրջանում միմյանց դեմ պայքարող ուժերի բալանսավորումն է»։ Նշվել է, որ Սիրիայից դուրս եկած ԱՄՆ—ի զինուժը չի տեղակայվելու Իրաքում։ Հետաքրքիր է, որ ԱՄՆ—ը որոշել է Աֆղանստանից հետ կանչել իր 5000 զինվորականների եւս։ Մտադիր են այնտեղ թողնել 8,6 հազար զինվորական, որոնք պիտի պայքարը շարունակեն ահաբեկիչների դեմ։
Ռուսաստանը եւս պատրաստ է իր զորքերը դուրս բերել Սիրիայից, ՌԴ նախագահ Պուտինը արդեն խոսել է այդ մասին։ Բայց նշել է, որ այդ քայլը կանեն, եթե դրա անհրաժեշտության մասին խոսեն Սիրիայի իշխանությունները։
Եվս մի հետաքրքիր իրադարձություն կարող է տեղի ունենալ, ինչի տապալումը մի նոր մեծ վտանգ կավելացնի հակամարտություններով լցված այս աշխարհում։ ԱՄՆ—ի նախագահը նորից խոսել է Ռուսաստանի ու Չինաստանի հետ միջուկային համաձայնագրի կնքման մասին։ Նա նշել է, որ այս հարցի շուրջ պիտի համաձայնության գա Մոսկվայի եւ Պեկինի հետ՝ հավելելով. «Ես մտածում եմ, որ մենք կարող ենք ընդհանուր հայտարարի գալ»։ Իսկ հին համաձայնագիրն ավարտվում է 2021թ. փետրվարին։
Դառնալով սիրիական խնդրին՝ նշենք, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի համատեղ որոշումները Սիրայի հարցում ռուսական կողմը «շատ կարեւոր, եթե ոչ ճակատագրական» է որակել։ Ավելի քան 6 ժամ տեւած բանակցություններից հետո, ստեղծված իրավիճակի շուրջ մի շարք կարեւոր պայմանավորվածություններ են ձեռք բերել։ Այսպես. Մոսկվան եւ Անկարան պայմանավորվել են, որ արդեն այսօր կեսօրից հետո ռուսական ռազմական ոստիկանությունը եւ սիրիացի զինծառայողները մուտք են գործում թուրքական գործողությունից դուրս գտնվող գոտի։ Նրանք պետք է աջակցեն սահմանից 30 կմ հեռավորության վրա գտնվող քրդական ազատագրական ուժերի եւ նրանց սպառազինության դուրսբերմանը։ Գործողությունը պետք է ավարտվի 150 ժամվա ընթացքում։ Ապա պետք է սկսվի ռուս—թուրքական համատեղ պարեկային հերթապահությունը գործողության շրջանից դեպի արեւմուտք եւ արեւելք ընկած սահմանից 10 կմ խորության վրա, բացառությամբ Ղամիշլի քաղաքի։
Հուշագրի համաձայն՝ քրդական ստորաբաժանումները դուրս կբերվեն Մանբիջից եւ Թել—Ռիֆաթից։ Նախագահները նաեւ հաստատել են իրենց հավատարմությունը Սիրիայի միասնությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաեւ Թուրքիայի ազգային անվտանգության ապահովմանը եւ հանդես են եկել Ադանայի համաձայնագրի օգտին։
Իմիջիայլոց, օրեր առաջ ռուսական կողմը հայտնել էր, որ Սիրիայում թուրքական զորքի մնալուն պիտի համաձայնության տան Սիրիայի իշխանությունն ու ժողովուրդը, այլ ոչ թե Մոսկվան։ Եվ, ըստ այդմ, ՌԴ նախագահը Թուրքիայի նախագահի հետ հանդիպումից հետո հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։ Քննարկվել են փոխըմբռնման հուշագրի դրույթները։ ՌԴ նախագահը նշել է, որ այս համաձայնագիրը կենտրոնանում է ահաբեկչական պայքարի վրա եւ նպատակ ունի վերացնել Սիրիայի տարածքներում անջատողականության խնդիրները։ Սիրիայի նախագահը պաշտպանել է թուրքական եւ ռուսական կողմի կայացրած որոշումները, հայտարարել է, որ սիրիացի սահմանապահները պատրաստ են համատեղ պարեկություն անել թուրքական ռազմական գործողության տարածքի մոտ։
Իր հերթին Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ—ի նախագահի հետ, ով վստահություն է հայտնել, որ Սիրիայի հյուսիսում կստեղծվի «անվտանգության գոտի», եւ երկու հակամարտ երկրի միջեւ կշարունակվի երկխոսությունը։
Այս օրերին, երբ ամերիկյան զրահատեխնիկայի շարասյունը դուրս էր բերվում Սիրիայից, մինչեւ Իրաքի սահման հասնելն ամերիկյան ուժերն արժանանում էին ԱՄՆ—ի դաշնակից քրդերի հայհոյանքներին, նրանց վրա կարտոֆիլներ էին շպրտում։ Քրդերն ամերիկացիներին «ստախոս» էին համարում։ ԱՄՆ—ի այս գործողություններին հետեւում էին Սաուդյան Արաբիան, Իսրայելն ու Հորդանանը, որոնք նույնպես Դաեշ (Իսլամական պետություն) ծայրահեղական խմբավորման դեմ պայքարում հայտնվել են առաջնային դիրքերում։
Ֆրանսիան, Գերմանիան, Բելգիան եւ այլ երկրներ պահանջում են Թուրքիային հեռացնել ՆԱՏՕ—ից։ Պենտագոնի ղեկավարը եւս կտրուկ է արտահայտվել, որ թուրքական զինուժը մեղադրվում է Սիրիայում արգելված զինատեսակ օգտագործելու համար, ու եթե պարզվի, որ գործածվել է քիմիական զենք, ապա պետք է խիստ վերաբերմունք ցուցաբերվի։
Թուրք—սիրիական հակասությունները դեռ չեն ավարտվել, իսկ դրան կարող են ավելանալ այլ հակամարտություններ եւս։ Հատկապես որ թյուրքական խորհրդի 7—րդ գագաթնաժողովից հետո ադրբեջանական մամուլում մեծ աշխուժություն է տիրում, որ կգա մի պահ, երբ թուրքական բանակի հետ կմտնեն Հայաստան։ Հիշեցնենք, որ Բաքուն իր աջակցությունն էր հայտնել Անկարային Սիրիա ներխուժման օրը եւ պատրաստ էր զինվորականներ տրամադրել։ Երեւի թե այն հույսով, որ Թուրքիան էլ իր զորքերը կտրամադրի իրենց՝ ընդդեմ Հայաստանի ու Արցախի։
Այս մասին խոսել ենք, կրկին նշում ենք, որպեսզի հասկանալի լինի, որ Սիրիայի հարցով զիջումը Թուրքիային կմղի տարածաշրջանային այլ հակամարտ քայլերի, ինչը հղի է մեծ վտանգներով ինչպես Մերձավոր Արեւելքի, այնպես էլ Կովկասի տարածաշրջանի համար։

24-10-2019





20-11-2019
Չոր պահեստարանի շահագործման լիցենզիան կերկարաձգվի եւս 30 տարով
Բայց ոչ թե միանգամից, այլ՝ փուլ առ փուլ

Արմենուհի ...


20-11-2019
Համաշխարհային ուժերը կենտրոնանում են տարածաշրջանում
Ի՞նչ լուծումներ են նախանշված հակամարտությունների հարցում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Ակնհայտ ...


20-11-2019
«Արմենպրեսի» «բրենդը»
Մեր օրերում շատ մոդայիկ է դարձել անգլերեն «BRAND» բառի ...


20-11-2019
Անհատի ու ազգի ներքին անազատությունը եւ դրանից ձերբազատվելու հնարավոր եղանակները
Էդվարդ Աթայան (1932-2002), փիլիսոփա, լեզվաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս



20-11-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



20-11-2019
Ի՞նչ հարցեր կլուծի բալային համակարգի ներդրումը
Օրենսդրական կարգավորումներից մինչեւ ...

20-11-2019
Քարավազի (Խուդափերին) հին կամուրջը՝ Արաքսի վրա...
Այստեղով է եղել հիմնական կապը Արցախի եւ ...

20-11-2019
Լիբանանը փորձում է հաղթահարել ճգնաժամը
Ազգային շարժման ներկայացուցիչները ...

20-11-2019
Հայաստանի հակադոպինգային կառույցը կդառնա բացարձակապես անկախ
Վերջերս Լեհաստանում անցկացված ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO