Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.06.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Պարզը ցանկալի է, բարդը՝ հասկանալի

Ըստ լեզվաբան, փիլիսոփա Էդմոն Ավետյանի՝ առաջնայինը կամքն է, իսկ պատկերացումը միշտ երկրորդական է

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Առերեւույթ հայ միտքը ինքնագնահատման, իմաստավորման կերպ չունի։ Թվում է՝ մեր լեզվի ունիվերսալ որակը, որ լավագույնս դրսեւորվում է բանաստեղծության մեջ, իսկույն ստերջանում է չհերկված խոպանի առջեւ՝ փիլիսոփայության։ Փիլիսոփայությունը մեր միտքը առանձնապես չի նրբացրել։ Իմացության հարցերում մեր խորամուխ լինելը մեզ երես չի տվել անգամ Դավիթ Անհաղթի, Գրիգոր Տաթեւացու ժամանակներում։ Վերջին երկու դարերում մենք փորձեցինք այն ավելի ըմբռնելի դարձնել համեմատաբար գործնական դաշտում, բայց հայտնվեցինք մարքսիստական աղավաղված ուսմունքի փլատակների վրա, որովհետեւ անհասկանալի մնաց Հեգելից Մարքսին անցած դիալեկտիկան, որ անկախ ճիշտ թե սխալ լինելուց, իմացության տեսություն էր եւ ոչ երբեք դոգմա, իսկ որպես դոգմա ընկալվեց լոկ դասակարգային պայքարը, այն դեպքում, երբ վերջինս ամենահետադիմական պահն էր ողջ ուսմունքի մեջ։ Անցյալ դարասկզբին Տերյանն էր տրտնջում. «Եթե հայ ժողովրդի փիլիսոփան Ֆրանգյանն է, ապա ես չեմ ցանկանում այդ ժողովրդի բանաստեղծը լինել»։ Սակայն դժվար է որոշակիորեն պնդել, թե երբ եւ որտեղ է կանգ առել հայ փիլիսոփայական միտքը՝ սեփական առարկան գտնելու փորձերը դատապարտելով ակնհայտ ձախողման եւ անհնարին դարձնելով հետագա ընթացքը։ Հաշտվածությունը թույլ մխիթարություն է։ Ի վերջո, կարելի է ընդունելի կամ անբավարար բացատրություն գտնել, որովհետեւ մի բան անժխտելի է. պատմության վիթխարի տեւականությունը, որ ապրել է մեր ժողովուրդը, չէր կարող նրան ինչ—որ չափով հայեցողական չդարձնել։ Գուցե «հայի վերջին խելք» արտահայտությունը գաղտնատեսական այն հնարավորությունն է, որ կապահովի մեր փիլիսոփայության ապագան, Էդմոն Ավետյանի բնորոշմամբ՝ վերադարձի այն օղակը, որ կարող է փրկօղակ լինել։ Իհարկե, չի բացառվում, որ խոսելով հայ փիլիսոփայության «բացակայությունից»՝ մենք ելնում ենք փաստից եւ ոչ իրողությունից, որովհետեւ շատ հաճախ փաստը իրողության շինծու երեսն է։ Քանի որ միշտ էլ հնարավոր է մտքի ընդհատակյա ընթացք, որ ինչ—ինչ պատճառներով չի մարմնավորվում՝ վերին անհրաժեշտության հրամայականի պակասից։ Չէ՞ որ կարելի է, ի վերջո, հարց տալ՝ իսկ հայ ժողովրդին պե՞տք են փիլիսոփաներ։ Երբ պետք են հերոսներ, ունենում է, հաճախ նաեւ ուրիշի պատերազմներում, պետք են նահատակներ՝ ինչքան ասես, բանաստեղծներ, նկարիչներ, երգահաններ, գիտնականներ՝ որքան ուզես։ Մի բացատրություն էլ տալիս էր երջանկահիշատակ Էդուարդ Աթայանը, համաշխարհային մակարդակով 20—րդ դարի այդ խոշորագույն մտածողը, որի փիլիսոփայությունը հազիվ թե մինչեւ վերջ մարսելի լինի նաեւ այս դարի ընթացքում։ Մի անգամ նա խոստովանեց, որ իր կոչումը փիլիսոփայությունն էր, բայց կյանքի մեծ մասն զբաղվեց լեզվաբանությամբ, որովհետեւ փիլիսոփայությամբ զբաղվել մի երկրում, որտեղ գործում էր մտքի բացակայության դիկտատուրան, անկարելի էր։
Տեւական ժամանակ լեզվաբանության ետեւում ապաստանեց նաեւ Էդմոն Ավետյանը։ Եվ դրանով միայն լեզվաբանության բախտը բերեց՝ փիլիսոփայի ճակատագիրը ներփակելով ֆրագմենտարիզմով, բայց այնպիսի հատվածներով, որոնք հիշեցնում են հնագույն ու կորած տեքստերի պատառիկներ եւ նույնքան արժեքավոր են։ Էդմոն Ավետյանին ես համարում եմ մեր հոգեւոր իմացության այն երեք մոգերից մեկը (Աթայանի եւ Լեւոն Ներսիսյանի հետ միասին), որ կռահեց Փրկչի գալուստը, եւ աչքը Բեթղեհեմի աստղին՝ մեզ ուղեկցեց Բանի ծննդյան խնջույքին։
Ըստ Ավետյանի՝ առաջնայինը կամքն է, իսկ պատկերացումը միշտ երկրորդական է։ Ես վստահ չեմ, որ ճիշտ եմ ընկալում նրա մտքերը, բայց համոզված եմ, որ իր՝ Ավետյանի համար էլ ճիշտ հասկանալը այնքան կարեւոր չէր։ Նույնիսկ պարադոքսալ արտահայտություն ուներ. «Մարդկանց համար միշտ ցանկալի է պարզը, բայց հասկանալի է բարդը»։ Նրա համար ճշմարտությունը ժամանակակից մտավոր միջավայրից կորած այն «մոլորյալ ոչխարն է», որին որոնելու այլեւս ոչ ոք չի գնում։ Եվ սովորաբար իր մտքերը այնպես էր կառուցում, որ հեշտ չլիներ դրանց հետեւելը եւ արտահայտվում էր այնպիսի վազանցումով, որպեսզի անհնար լիներ հասնելը։ Իսկ այդ ամենի գերնպատակը, որքան հնարավոր է, սադրել հակառակորդի հանդիպակաց մտքի աշխատանքը։ Այսինքն՝ նրա միտքը ուղղված էր ուրիշի գիտակցության բացահայտմանը, նախապես գիտակցելով, որ ինքնաճանաչման այլ ճանապարհ չկա, քան ուրիշի գիտակցությամբ սեփական ներսը ներհայելու ուղին։
Ի՞նչ էր փիլիսոփայությունը նրա համար. որքան հասկանում եմ՝ իմաստավորելու ջանք։ Այն ճշմարտության հումանիտար կամուրջ է գիտության եւ արվեստների միջեւ։ Իսկ ճշմարտության ընկալմամբ Ավետյան փիլիսոփան տարբերվում է նախորդ եւ 20—րդ դարի բոլոր տեսաբաններից՝ սկսած Նիցշեից, վերջացրած Ֆուկոյով։ Որովհետեւ ճշմարտություն հասկացությունը վերջիններս փոխարինում են իշխանություն, նպատակ, հարմարվածություն, կամք, բնազդ, դասակարգային պայքար, քաղաքական շահ հասկացություններով։ Եվ, իրոք, նույնիսկ Դերիդայի, Դելյոզի, Լիոտարի եւ մյուսների համար դրանք նախընտրելի թեմաներ են, իսկ ճշմարտությունը իշխանության զենքն է։ Աստվածաշունչն ավելի կարեւոր է, քան Աստված՝ պնդում էր Դերիդան։ Մարդն ավելի շատ գործել է, քան մտածել՝ հայտարարում էր Հայդեգերը։ Եվ Ավետյանը ընդվզում էր այդ մտքերի դեմ, համոզված լինելով, որ Աստծո գոյությունն անքննելի է, իսկ Աստվածաշունչը տեքստ է, որով հնարավոր է անքննելին քննելի դարձնել մարդկային մակարդակում։ Եվ չնայած «կամք առ իշխանությունը» հռչակվում է ձախ—մարքսիստական աշխարհայեցողության շրջանակներում եւ կոչված էր պայքարելու իշխանական հաստատությունների դեմ, սակայն հակառակ արդյունքի հանգեց։ Եվ, իսկապես, ողջ 20—րդ դարում ճշմարտությունը այլ ձեւ չգտավ, քան իշխանությունն ու ուժը, ուստի ցանկացած իշխանություն ճշմարտության ձեւ է, անգամ «սիրիր մերձավորիդ» ավետարանական պատվիրանը, որով ոչնչանում է նաեւ իշխանությանը հակադրվելու հնարավորությունը, ուստի չկա ոչինչ, բացի իշխանությունը, եւ փիլիսոփան նրա մարգարեն է։ Մինչդեռ մարգարեն խոսում է Ուրիշի անունից, իսկ մտածողը՝ իր։ Հնարավոր չէ փոխել աշխարհը, այն հնարավոր է փոխել միայն մտածելով, կարծում է Ավետյանը։ Սակայն գործողները անհամեմատ շատ են մտածողներից։
Ավետյանը մենակ մնաց ճշմարտության որոնումներում. դա նրա միակ ապրելու ձեւն էր։ Նա ամենեւին չէր տարակուսում, որ ճշմարտությունը կարող է լինել իշխանությունից դուրս եւ հակադրվել իշխանությանը։ Փորձեր՝ ինչքան ասես՝ արեց, սակայն հաջողեց միայն մեր հոգիներում։
Ավետյանի պատկերացմամբ՝ գոյն ու մտածողությունը նույնն են, փոփոխությունների ռիթմն անփոփոխն է, ուրեմն անփոփոխը ղեկավարվում է փոփոխություններով. սա բնազանցական սկզբունք է։ Բայց գալիս է ժամանակ, երբ հետեւությունները կլանում են նախասկիզբը։ Եթե անընդհատ հետեւություններ ենք անում հիմնական սկզբունքից, հարմարեցնում պահանջներին, կործանվում է բնազանցությունը։ Այդպես սկսվեց անտիկ աշխարհի կործանումը։ Պլատոնի մետաֆիզիկան ոչ միայն իր բարոյական, այլեւ ֆիզիկական ողբերգությունն էր։ Բնականն ավելի զորեղ է, քան այն նկարագիրը, որ ինքդ քեզ համար ես ստեղծել՝ հաճախ ուրիշներին դուր գալու համար։ Նա չստեղծեց իրեն, այլ պահպանեց այն, ինչ կար։ Գրիգոր Տաթեւացին ասում է. բնությունն ավելի բարձր է, քան մարդը, որովհետեւ բնության եւ ոչ մարդու կարողություններն են առավել բարձր։ Ըստ Ավետյանի, փիլիսոփայությունն սկսվել է որպես պոեզիա։ Երբ պոետիկ տարրը վերացվեց փիլիսոփայությունից, մտածողություն մուտք գործեց պրոզան, եւ չնայած որքան զորեղ է պոետիկ միտումների ներխուժումը փիլիսոփայություն, այնքան նսեմանում է փիլիսոփայական միտքը, այնուամենայնիվ, պոեզիան փիլիսոփայության ապագան է, ինչպես փիլիսոփայությունն է պոեզիայի անցյալը։
Էդմոնը իմ ճանաչած ամենամենակ մարդն էր, սակայն մենակությունը ոչ թե նրա ողբերգությունն էր, այլ՝ մեր։ Հիմա էլ բացակայությունն է մեր մեջ նրա մենակությունը ողբերգական դարձնում։ Մի անգամ Էրիկ Աթայանն ասաց, թե իրենց ընկերախմբի մեջ (Լ. Ներսիսյան, Էդմոն Ավետյան, Վիլլի Սարգսյան) Լեւոնը միակն էր, որ ապրեց այնպես, ինչպես ուզում էր։ Իմ համոզմամբ, Ավետյանն ապրեց այնպես, ինչպես երբեք չցանկացավ, սակայն նախընտրեց հալածյալ լինել, քան ընդունելի մի հասարակության մեջ, որտեղ երբ հեծյալ են, Աստծուն են մոռանում, իսկ երբ ձիուց իջնում են, ձիուն։
Իսկապես, երբ անխոցելի ես, դժվար է ապրելը, իսկ երբ ուզում ես ապրել, դժվար է խոցելի չլինել։ Եվ նրա մենակությունը զարդարվում էր մի խոցելիությամբ, որ նրան մարդկային ու մատչելի դարձնելով, մեզ շարունակում է սփոփել այն գիտակցությամբ, թե մեր մեջ մնացած մարդկայնությամբ մենք շատ ավելի պարտական ենք մեր թուլություններին, քան մեր կամքին, ուժին եւ նպատակներին։ Մնացյալը արդեն լռությունը չէ, այլ այն լսելու կարողությունը, քանզի մեր թուլությունները մեր առաքինությունների շարունակությունն են, նաեւ այն առաքինությունների, որ մեր մեջ սերմանեց մեր միջից վաղուց արտաքսված ասպետությունը՝ Էդմոն Ավետյանը։

09-11-2019





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO