Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.09.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Իրականություն, որ նման է իսկական լեգենդի

Կինը եւ տղամարդը

Հետախույզ Գոհար Վարդանյան։ Կինը եւ համագործակիցը լեգենդար հետախույզ, Սովետական Միության հերոս Գեւորգ Վարդանյանի։ Այդ նրանք էին՝ ամուսիններով, որ 1943-ին Թեհրանում փրկեցին համաշխարհային գերտերությունների ղեկավարների կյանքը։ Ու շրջեցին պատմության անիվն այլ ուղղությամբ։
–Տիկին Վարդանյան, ափսոսանք չկա՞, որ ընտրեցիք կյանքի այդ՝ հետախույզի ճանապարհը։
–Երբեք։ Գեւորգ Անդրեյիչը միշտ ասում էր՝ եթե ես նորից սկսեի իմ կյանքը, կգնայի նույն ճանապարհով։ Ես եւս նույնն եմ ասում։
–Դա ստանդարտ՝ հանգիստ կյանք չէ, իսկ ամեն մարդ, գուցե առավել՝ ամեն կին, հանգիստ, կանխատեսելի կյանք է ուզում։
–Ես հանգիստ կյանքի սովոր չեմ։ Իմ բնավորությունն էլ է դա ենթադրում. մշտապես վառ կյանք եմ սիրել։ Ուստի որքան էլ դժվար լիներ, եթե հաջողությամբ էր պսակվում գործը, դժվարությունն այլեւս չէինք զգում։
–Ձեր ընտրության վրա գուցե դեր խաղաց Ձեր ամուսնո՞ւ պարագան. նա այդ գործի մարդ էր։
–Ես արդեն ծանոթ էի այդ գործին. եղբայրս եւս նման աշխատանքի մեջ էր ընդգրկված։ Պարզապես ինձ համար նորություն էր, որ պետք է ամուսնուս հետ աշխատեմ։ Այնպես որ, գիտակցաբար եմ ընտրել իմ ճանապարհը։
–Ընդհանրապես, ինչպիսի՞ հատկանիշներ են պահանջվում հետախույզի համար։
–Նախ եւ առաջ պետք է հայրենասեր լինես։ Նաեւ ուժեղ կամք ունենաս։ Նաեւ մարդկային լինես։
–Իսկ ժառանգականությունը դեր խաղո՞ւմ է այստեղ։ Նկատի ունեմ, որ Ձեր ամուսնու հայրն էլ էր հետախույզ։
–Անշուշտ։ Դոնի Ռոստովից Թավրիզ տեղափոխվելուց հետո նրա հայրը մի քանի անգամ հայտնվեց բանտում։ Այդ ժամանակ Գեւորգ Անդրեյիչը, որ փոքր տղա էր, մոր հետ տեսության էր գնում հորը։ Այնպես որ, նա գիտեր, թե ինչ ճանապարհ է ընտրում։
–Իսկ բացահայտվելու վախն ինչպե՞ս եք հաղթահարել։
–Վախ չեմ ունեցել։ Ինչ վերաբերում է Գեւորգ Անդրեյիչին, նա ընդհանրապես չի իմացել, թե վախն ինչ բան է։ Բայց, իհարկե, ամեն ինչ անում էր կշռադատված, ոչ թե «չվախենալով» գնում էր առաջ։
–Դուք Ձեզ համարում եք իր աշակե՞րտը, իր համագործակի՞ցը…
–Թեհրանից մենք վերադարձանք 1951—ին։ Մինչեւ 1957—ը սովորեցինք Երեւանի օտար լեզուների ինստիտուտում, ապա գնացինք Մոսկվա ու աշխատանքի անցանք։ Միշտ իրար հետ խորհրդակցել ենք։ Ես ամեն գործից տեղյակ եմ եղել։ Ամեն ինչ միասին ենք ծրագրավորել—արել։ Ուրիշ մարդ չկար. երկուսով էինք օտար երկրներում։
–Սուր, վտանգավոր իրավիճակներ շատ եղած կլինեն ձեզ համար։
–Շատ—շատ։ Մենք տարբեր ազգանուններով էինք լինում, բազմիցս ենք փոխել դրանք։ Մի անգամ, պատմեմ, ամերիկյան ԿՀՎ—ի մի գնդապետ մեզ հրավիրեց ճաշկերույթի։ Ներկա էին լինելու նաեւ մարդիկ հայ համայնքից։ Մեկ էլ հրավիրյալների մեջ տեսա մի կնոջ, որ մեզ հրաշալի գիտեր մեկ այլ երկրից։ Մինչդեռ այժմ ուրիշ ազգանունով էինք։ Անմիջապես հետ եկա ու Գեւորգին ասացի՝ այսինչն այստեղ է։ Ապա դուրս եկա ու նստեցի մեքենայի մեջ։ Հետեւիցս կազմակերպիչները եկան՝ թե ի՞նչ է եղել։ Ասացի՝ շատ վատ եմ ինձ զգում, պետք է տուն գնամ։ Սրանք թե՝ ինչպե՞ս, հայ համայնքն է եկել, ուզում է ծանոթանալ ձեզ հետ։ Քահանա էլ եկավ ու ինձ համար աղոթեց։ Բայց «ցավը» չանցավ։ Ներողություն խնդրեցինք ու Գեւորգի հետ հեռացանք։
–Փաստորեն, Դուք հիսուն տարի աշխատել եք հետախուզության մեջ ու չեք բացահայտվել։ Հավատո՞ւմ էիք ճակատագրին, հավատում էիք, որ ձեզ ինչ—որ մի բան, մի ուժ պահպանում—փրկում էր։
–Մի բան պատմեմ՝ դուք դատեք. մի հյուրանոցում հանդիպեցինք պարսիկների։ Դե, մենք էլ պարսկահայեր էինք, իրար հետ լավ ծանոթություն հաստատեցինք։ Գեւորգը ներկայացավ որպես բիզնեսմեն, որ վեց տարի աշխատում է Իտալիայում։ Մեկ էլ նրանցից մեկը, որ թագավորի օգնականն էր, նաեւ՝ գեներալ, մաքուր իտալերենով սկսեց հարցեր ուղղել մեզ։ Իսկ մենք մի բառ անգամ չգիտենք այդ լեզվով։ Ինչ հարցնում է, Գեւորգը պատասխանում է՝ սիսի։ Պարսիկը թե՝ վեց տարի Իտալիայում ես եղել, միայն «սիսի՞» ես սովորել։ Մի րոպե կանգ առավ, ապա «գլխի ընկնելով»՝ ավելացրեց. գիտե՜մ՝ դուք Պարսկաստանից հեռացաք, որովհետեւ այնտեղ թուդեյեցիներն էին, ու զզվել էիք արդեն։ Հետ եկեք Թեհրան, ես ձեզ լավ գործի կտեղավորեմ։
–Ինչպե՞ս էր ձեր ժամանակներում. աշխատում էին հանուն գաղափարի՞, թե՞ նյութական շահն էր դեր խաղում։
–Միայն ու միայն հանուն գաղափարի։ Հայրենասիրությունից դրդված։
–Ափսոսանք չկա՞ր, որ այդ ամենն անում էիք ո՛չ ձեր անմիջական երկրի՝ Հայաստանի համար։ Ի վերջո, հայ էիք։
–Մենք ԽՍՀՄ—ը ընկալել ենք որպես ամբողջական հայրենիք։ Հայաստանն էլ՝ նրա մի մասը։
–Իսկ մտավախություն չե՞ք ունեցել ըստ արժանվույն չգնահատվելու ռուս ժողովրդի կողմից, երբ նման ծառայություններ եք մատուցում նրան։
–Երբեք։ Մշտապես շատ ուշադիր են եղել մեր նկատմամբ։ Տեսեք՝ արդեն գոյություն չունի ԽՍՀՄ—ը, բայց մեզ կրկին Ռուսաստանի առաջին դեմքերն են ընդունում։ Իսկ Գեւորգ Անդրեյիչի հուղարկավորությանը ներկա էր անձամբ Պուտինը, ով խորին խոնարհումով իր հարգանքը մատուցեց հանգուցյալին։
–Այդ առթիվ՝ մի հարց. խոսակցություններ տարածվեցին, որոնք, չգիտեմ՝ ճիշտ են, թե՝ ոչ այդքան, որ երբ Պուտինը ցավակցում էր Ձեզ, նրան Հայաստանի վերաբերյալ հարց եք ուղել։
–Եղել է, բայց ո՛չ այդ օրը։ Նրա հետ հետախույզ կանանցով հավաքվել էինք թեյի սեղանի շուրջ։ Մի 10—12 կին էինք։ Իհարկե, երբ եկավ, միայն ինձ հետ համբուրվեց. մենք լավ բարեկամներ ենք։ Երբ մի պահ առանձին էիք, նրան ասացի՝ գիտեք, մենք՝ Գեորգի Անդրեյիչն ու ես, Ձեզ շատ ենք հարգում։ Ձեզ շատ է սիրում ու հարգում նաեւ մեր հայ ժողովուրդը։ Նա պատասխանեց՝ ես նույնպես սիրում ու հարգում եմ։ Այդ դեպքում օգնեք նրան՝ ավելացրեցի։ Այնպես որ, ես հենց նրան տեսնում եմ, մեր ժողովրդի համար եմ մի բան ասում։ Նաեւ ասեմ, որ թեկուզ Հայաստանն անկախ պետություն է, յուրաքանչյուր տարի մինչեւ տասը աշակերտ սովորում են ՌԴ ազգային անվտանգության ակադեմիայում։ Եվ այնտեղ այս աշակերտների հովանավորը Գեւորգ Անդրեյիչն էր։
–Համաշխարհային հետախուզության մեջ հայազգի վառ անուններ կան։ Սա պատահականությո՞ւն է, թե՞ գենետիկորեն օժտված ենք հետախույզի հատկանիշներով։ Կամ գուցե ա՞յլ օրինաչափություններ են գործում։
–Նա, ով եղել է հետախույզ, նշանակում է՝ շատ է սիրել իր հայրենիքը։ Առաջին գործոնը հայրենասիրությունն է։ Հո պատահական չէ, որ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Գեւորգ Անդրեյիչի հայրը տանկ է նվիրել սովետական բանակին։ Օրինակ՝ մենք, եթե պետք է հանգստանայինք, միշտ ձգտել ենք հանգստանալ Հայաստանում։
–Ժողովրդի մեջ տարածված Ձեր ամենամեծ լեգենդը վերաբերում է Թեհրան—43—ին։ Դուք ե՞ւս այդպես եք մտածում, թե պարզապես դրանում դեր խաղացին հայտնի կինոֆիլմը, գրական ստեղծագործությունները։
–Անշուշտ, դա մեծ գործ էր։ Պատկերացրեք, եթե մենք չհայտնաբերեինք ու չբացահայտեինք այն, ինչ նախատեսվում էր անել Ռուզվելտի, Չերչիլի ու Ստալինի հետ, պարզապես պատմության անիվը կշրջվեր, այլ հունով կընթանար համաշխարհային պատմությունը։
–Էլի՞ եք ունեցել նման մակարդակի օպերացիաներ, եթե ինձ թույլ տամ նման հարց տալ Ձեզ։
–Հարցը տվեք, բայց պատասխանը կարող է եւ չհնչել։ Միայն ընդհանուր բառով ասեմ՝ ունեցել ենք։ Ի վերջո, մենք աշխատել ենք մինչեւ 1986 թվականը։
–Եվ, փաստորեն, պատահական չէ, որ Գեւորգ Վարդանյանը միակ հետախույզն էր, որ կենդանության օրոք ստացավ Սովետական Միության հերոսի կոչում։
–Ճշտենք՝ պատերազմից հետո։ Եվ անլեգալների՛ց միակը։ Չնայած վերջերս եւս երկու հոգի ստացան նման կոչում։
–Մի կոպիտ հարց՝ քանի՞ մարդկանց անվան տակ եք գործել, ապրել։
–Չեմ կարող հաշվել. շատ են դրանք։
–Իսկ ինչպիսի՞ն էր Գեւորգ Անդրեյիչը տանը, որպես ամուսին։
–Նա շատ փափուկ մարդ էր։ Երբեք բարձր ձայնով ինձ հետ չի խոսել. նման բան չեմ հիշում։ Չափազանց մարդկային էր, չէր ցանկանա որեւէ բանով ինձ ճնշել։ Ուշադիր էր նաեւ հարազատների ու ընկերների նկատմամբ։ Բայց միաժամանակ շատ սկզբունքային էր։
Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

07-03-2020





24-09-2020
Տրանսպորտի ոլորտում վերահսկողությունը կկանոնակարգվի առանձին օրենքով
Ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերի նվազեցման համար ուժեղացվում են վերահսկողության մեխանիզմները


24-09-2020
ՄԱԿ-ում բարեփոխումները հասունացել են
«Կարեւոր է, որ աշխարհն իմանա երկակի ստանդարտները, որոնցով Էրդողանն ...


24-09-2020
Նկարիչը՝ Վաղարշապատից
«Հանճարն ու ամբոխը» կտավի խորհուրդը

«… Եղիշե Թադեւոսյանը ...


24-09-2020
Ադրբեջանական ձեռագիրը
Վտանգված է Ֆահրադին Աբոսզոդեի կյանքը

«Թալիշստան թայմս» միջազգային ...


24-09-2020
Մարդու դժբախտությունը մարդու անկումն է
«Եւ Եհովայ Աստուածը բուսցրեց երկրիցը ամեն ծառերը՝ տեսնելու ...


24-09-2020
Լավրովը հայտարարել է Սիրիայում պատերազմի ավարտի մասին
Սիրիական ուժերը եւ նրա դաշնակիցներն Իդլիբի վրա հարձակվելու կարիք ...


24-09-2020
Առեղծվածային խառնարանները կապված են հավերժական սառույցի հալվելու հետ
Ռուսական Սիբիրում վաղուց են ահազանգ հնչեցնում հավերժական սառույցի շերտի ...



24-09-2020
Չինաստանի նոր հայտը
Չինաստանի կողմից նոր դեսպանատան կառուցումը ...

24-09-2020
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Թիան Էրլունին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ...

24-09-2020
Ըմբիշները սկսեցին հերթական հավաքը
Մրցումների մասնակցելու հնարավորությունից զրկված ...

24-09-2020
«Շանթ-2020» զորավարժությունը՝ ՀՀ տարածքում
Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն՝ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO