Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.04.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Այդքան մենակ եւ այդքան անպաշտպան

«Դուք, հավանաբար, ացտեկյան, փյունիկյան կամ խազարական այն վայրագ քրմերից եք սերում...»

Ո՞վ էր Տիգրան Հայրապետյանը (1964-1999, մարտի 18)։ Մեզանից մե՞կը։ Ախր, ինքը չափազանց շատ էր մեզանից մեկը լինելու համար։ Մարգարե՞ էր. բայց մարգարեն մեկ առավելություն ունի, տասնյակ անկատարություն եւ նույնքան խոցելիություններ։ Մարգարեն հավատում է ինքն իրեն, իր ասածներին եւ այն ամենին, ինչ կանխատեսում է։ Կանխատեսման ճշգրտության չափը, իրողություն դառնալու աստիճանը որոշում է կանխատեսողի բարոյականությունը, որով նա տարբերվում է հարյուրավոր քաղաքական գործիչներից, որոնք վախենում են երեք իրար հաջորդող իրադարձությունների տրամաբանությունից կանխատեսել չորրորդը՝ այն համարելով պարապ զբաղմունք։
Տիգրանը կանխատեսում էր վատը, որպեսզի չիրագործվի վատթարագույնը, իսկ վերջինը նախատեսում էր իր համար։ Քաղաքագե՞տ էր։ Անշո՛ւշտ։ Եվ մեծ քաղաքագետ։ Անկախացած հանրապետության առաջին խոշոր քաղաքագետը եւ առաջին դասականը։ Հայաստանում նոր—նոր զարգացող գիտությանը նա լեզու տվեց, իսկ դասականը այլ բան չէ, քան լեզվի տարերքի հայտնաբերող։ Ողբերգական մա՞հն է հարկադրում այդպես դատել. այո՛։
Ի՞նչն է մեզ դարձնում այդքան պաթետիկ, այդքան բարձրագոչ, այդքան մենակ եւ այդքան անպաշտպան, որքան մահը։ Կա՞ արժեւորման ավելի մեծ չափանիշ, քան մարդու մահը, կա՞ գոյության ավելի հուսալի, անբռնազբոս ձեւ, քան անմահությունը։ Մեռած անմահներ չեն լինում, լինում են ողջ անմահներ։
Գրելուց առաջ որերորդ անգամ թերթեցի Տիգրանի «Անապատի հազար տարի» գիրքը եւ ապշեցի նույնիսկ վերնագրի կանխատեսման իրողությունից, «անապատ» եւ «հազար տարի» կապակցությունների սիմվոլիկայից։ Ակնարկը չափազանց թափանցիկ է՝ իր ժողովրդին առաջնորդող Մովսես մարգարեի անապատային 40—ամյա դեգերումների այլաբանությունը։ Եվս, ինչպես Չարենցը կասեր՝ «մի երկնային առնչության պատմություն»։ Թվարկեմ Տիգրանի հոդվածների վերնագրերի մի փունջ, եւ կհասկանաք, թե ինչ են նշանակում «անապատ» եւ «հազար տարի» արտահայտությունները։ Ահա՝ «Այսպես պետություն չի կայանում», «Բռնապետությունը հայրենիքը չի փրկի», «Փոխարինելո՞ւ է արդյոք «Դաշինքը» ներկա վարչակարգին», «Կրկին պատերազմ թե խաղաղություն երկընտրանքի առջեւ», «Հայաստան, յո՞ երթաս կամ ո՞վ է բռնելու չարագործի ձեռքը», «Ո՞րն է հեղափոխության այլընտրանքը», «Ղարաբաղ. քաղաքական հետնախորշերի «լվացման» միջավայր», «Զրոյի ձգտող ժողովրդավարական պրոգրեսիան», «Զգուշացեք ներքին արնաթողությունից», «Իշխանության լեգիտիմության վերականգնման հրամայականը», «Ռուսները նորից խաբեցին...», «Հայաստանում հեղաշրջման իրականացման տարբերակների շուրջ», «Հայրենասիրական ամբոխավարությունից անդին», «Հայրենիքի սահմանները առեւտրի առարկա լինել չեն կարող», «Ռոբերտ Քոչարյանը ՀՀ բազիլեոս բազիլեուս, թեոս մագնուս եւ կամ սահմանադրական կարգի պաշտպան», «...հերթական հեղաշրջմանն ընդառաջ», «Ընդդեմ նոր սպանությունների, հանուն արդար ընտրությունների» եւ այլն, եւ այլն։
Հասկանալի չէ՞ կամ հասկանալի չդարձա՞վ, թե ինչ են նշանակում «անապատ» եւ «հազար տարի» արտահայտությունները։ Հիշատակված բոլոր հոդվածները հրապարակվել են օրաթերթերում, որտեղ, թվում է, դրանք պիտի թիթեռնիկի կյանք ունենային, սակայն փորձենք կրկին տպագրել միեւնույն օրաթերթերում ուրիշ ստորագրությամբ եւ տարբեր տարեթվերով, կհամոզվեք, որ նույնքան հրատապ են, ինչպես գրության օրերին, եւ ոչ ոք չի կասկածի, որ դրանք 5—10—12, հազար տարվա վաղեմություն ունեն։ Բա անապատը ուրիշ ինչպե՞ս է լինում։ Սա է անապատի, մեծ դատարկության պարգեւած անմահությունը, այստեղ պետք է որոնել հայ ժողովրդի հինգ—տասը—հազարամյա հարատեւության գաղտնիքը՝ մեծ դատարկություն եւ մեծ անշարժություն։ Դարերն այստեղ ոչինչ չեն փոխել, ուր մնաց այն 20 տարին, որ մեր երկրային անցողիկ կյանքում անցնում ենք առանց Տիգրանի, մնացյալ հազար տարին նրա հետ անցնելու միեւնույն դատապարտվածությամբ։ Փոխվել են միայն մասշտաբները. Տիգրանը գրում էր «Հայաստան եւ աշխարհ», «Հայաստան—Միջին Արեւելք», «Հայաստան եւ տարածաշրջան», իսկ մեր քաղաքագիտական միտքը սպառվում է «Երեւան...Ղարաբաղ» ճանապարհին։
Խոսքս ավարտեմ մեջբերմամբ, որ ամենայն հավանականությամբ ծնվել է Տիգրանի մտքում մի դառնաղի պահի. «Դուք, հավանաբար, ացտեկյան, փյունիկյան կամ խազարական այն վայրագ քրմերից եք սերում, որոնք իրենց կուռքերի անսասանության ապահովման համար կոտորել էին տալիս հաղթանակած բանակի զինվորներին անգամ»՝ որպես հիշեցում եւ նախազգուշացում օրավուր կռապաշտացող մեր կյանքի շինարարներին, որպեսզի որեւէ քայլ անելուց առաջ եւս մեկ անգամ վերստուգեն իրենց մտահղացման բարոյական լինելը եւ անսան բարոյականության մաքուր ձայնին, ինչպես Տիգրան Հայրապետյանը։
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ

18-03-2020





10-04-2020
Կանոնակարգվում են բուժօգնության գործողությունները ռազմական դրության ժամանակ
Առաջնային է պետական եւ մասնավոր կառույցների արդյունավետ փոխգործակցությունը



10-04-2020
Արվեստի ինստիտուտը պատրաստվում է Բեթհովենի ծննդյան 250-ամյակին
2020 թվականը հաստատությունում հագեցած է մշակութային իրադարձություններով

Արվեստի ...


10-04-2020
Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 937-ի. ապաքինվել է ևս 11 քաղաքացի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 16 նոր դեպք:
«Արմենպրես»-ի ...


10-04-2020
Համաճարակը եւ մենք
Ես ո՛չ համաճարակաբան եմ եւ ոչ ալ բժիշկ։ ...


10-04-2020
Մեր հայրենակիցները վերադարձել են ՏՈՒՆ
Այս օրերին մարդիկ քննարկում են մի դեպք. Մոսկվայից վերադարձած ...


10-04-2020
Չկա չարիք առանց բարիքի
Ստեղծված իրավիճակից դասեր եւ օգուտ քաղելու անհրաժեշտ ռազմավարություն՝ ...


10-04-2020
Լավագույնը միշտ ձեզնից է կախված
Գործարարության մեջ հաջողելու համար ինքդ քեզ պետք է չորս ...



10-04-2020
«Անսպասելի հնարավորություն»
«Հենց հիմա Ռուսաստանը պատժամիջոցներից ...

10-04-2020
Բանականության սահմանից այն կողմ
ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿ (Ռուբեն Չիլինկիրեան). բանաստեղծ, ...

10-04-2020
«Լալիս եմ, ուրեմն, կա'մ»
Լեւոն Ներսիսյան՝ հատված ...

10-04-2020
Հայաստանի հավաքականի դիրքն անփոփոխ է
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +11... +13

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO