Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.04.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Համավարակը՝ համաշխարհայնացման համատեքստում

Այն դարձավ մարդկության իրական միասնականության փորձաքարը

Մինչ «կորոնավիրուս» համավարակի թատերաբեմ դուրս գալը եւ համընդհանուր ուշադրության կենտրոնում հայտնվելը՝ «թեժ» թեմաների «թոփ տասնյակը» գլխավորում էին աշխարհում կատարվող այն խորքային երեւույթները, որոնք ստացել են «գլոբալացում» (համաշխարհայնացում) անվանումը։ Հուսանք, որ համավարակը կհաղթահարվի, բայց եւ ակնհայտ է մի բան, որ դրանից հետո շատ բան կփոխվի թե՛ անհատի, թե՛ հասարակության եւ թե՛ ամբողջ մարդկության կյանքում։
Ըստ տարածված ըմբռնման՝ «գլոբալացումը» (պիտի հավելել՝ «ժամանակակից», քանի որ պատմությանը հայտնի են գլոբալացման տարատեսակ դրսեւորումներ) սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո. վերջինս մեծապես ազդակեց տեխնոլոգիական բուռն առաջընթացը, հատկապես հաշվողական տեխնիկայի զարգացումը, ինչը եւ հետագայում հիմք դարձավ ամբողջ աշխարհը մեկ, միասնական տեղեկատվական դաշտի վերածելու՝ որպես հիմք եւ խթան ինտեգրացիոն մյուս գործընթացների համար։
Այստեղ մի էական հավելում է հարկավոր. գլոբալացումը ոչ միայն «համաշխարհային», այլեւ «համամարդկային» գործընթաց է։ Այս կամ այն հիմնախնդիրը «գլոբալ» է ոչ թե սոսկ տարածական՝ համաշխարհային առումով, այլեւ էութենական, այսինքն՝ կենսական նշանակություն ունի երկրագնդի բոլոր բնակիչների հետագա գոյատեւման ապահովման համար, իսկ դրա խորքային պատճառակցման ըմբռնումը եւ լուծումը պահանջում են բոլոր պետությունների միացյալ ջանքերը։ Այս դիտանկյունից պարզ է, որ գլոբալացումը ոչ թե ինչ—որ մեկի կամքն է, այլ օրինաչափ մի ընթացք եւ ուղղված է համամարդկային հիմնախնդիրների համաձայնեցված լուծմանը։
Այս եզրակացությունը կարող է ընկալվել իբրեւ նպատակաբանական (տելեոլոգիական) հիմքով արվող դատողություն։ Սակայն այդպես կլիներ, եթե «նպատակ» հասկացությունը վերաբերեր միայն ու միայն նպատակադրման կամքով օժտված սուբյեկտին, մինչդեռ ընդունելով բնության՝ ինքնին նպատակ (ինքն իր պատճառ) լինելու փիլիսոփայական սկզբունքը (causa sui)՝ կարող ենք խոսել նաեւ այդ բնության մի մասի՝ մարդկային քաղաքակրթության ներքնածին նպատակի գոյության մասին։ Ահա թե ինչու քաղաքակրթության հասունացման աստիճանների առումով հենց գլոբալացումն է միավորում մարդկությանը եւ ունակ դարձնում լուծելու նախկինում անլուծելի թվացող համամոլորակային խնդիրներ։
«Քաղաքակրթությունը» մարդկության համակեցության մշակույթն է՝ գործունեության եւ հաղորդակցման ձեւերի եւ միջոցների, հոգեւոր եւ նյութական արժեքների, վարվելակերպի նորմերի՝ դարերի ընթացքում կուտակված ամբողջությունը։ Քաղաքակրթության զարգացման աստիճանը կարող ենք գնահատել երկու հիմնական չափանիշով. առաջինը մարդկության վերաբերմունքն է իր կեցության ինչպես բնական, այնպես էլ արհեստական միջավայրին (իր իսկ ստեղծած «երկրորդ բնությանը»), երկրորդը մարդկության վերաբերմունքն է ինքն իրեն՝ որպես համամոլորակային սուբյեկտի, սեփական առաքելության եւ պատասխանատվության հիմնախնդիրների շուրջ ինքնագիտակցման, ինքնախորհրդածության եւ ինքնագնահատականի մակարդակը։
Պատմության ընթացքի հետահայաց դիտարկումը ցույց է տալիս, որ քաղաքակրթության զարգացումը բնավ էլ միագիծ չի եղել, ոչ էլ միայն վերընթաց, ընդ որում դեպի համընդհանրացումը նրա ընթացքը խոտորվել է նաեւ գլոբալացման նախորդ փուլերի ազդեցությամբ, երբ, օրինակ, ավելի զարգացած լոկալ քաղաքակրթությունը իր տնօրինած տեխնիկական եւ ռազմական ազդեցությունն օգտագործել է պակաս զարգացածներին իր գերիշխանությանը ենթարկելու։ Այնուամենայնիվ, շեղումներով եւ հետընթաց երեւույթներով հանդերձ, քաղաքակրթությանը ներքուստ հատուկ է միասնականացման, ինտեգրման, համընդհանրացման միտումը։
Արդ, գլոբալացումը քաղաքակրթության ընդոծին միտումն է, ներկա պայմաններում ստացել է իրականացման ամենաբարենպաստ հնարավորությունը։ Դիտարկելով մարդուն եւ մարդկությանը որպես բնության մաս՝ Իմանուիլ Կանտը հաստատագրում է մարդկության գոյության բնական նպատակադրվածությունը։ Նրա ձեւակերպումներից մեկն աֆորիզմի աստիճանի նրբագեղ է. «Բնությունը, կարծեք, հոգ է տարել բնավ էլ ոչ այն բանի համար, որ մարդը լավ ապրի, այլ որ մարդն ինքը հասնի այն վիճակին, երբ սեփական վարվելակերպով կլինի արժանի կյանքի եւ բարեկեցության»։ Բնությունը մարդկանց դուրս է բերում «անկարող եւ անգործունյա բավարարվածության վիճակից», հարկադրում է աշխատել, հաղթահարել դժվարությունները, բարելավել սեփական կենսապայմանները. այսկերպ ստիպում է մարդկանց զարգանալու, կատարելագործվելու, աստիճան առ աստիճան բարձրանալու՝ թե՛ որպես անհատներ, թե՛ որպես կազմակերպված հանրություն։ Այս օրինաչափ ընթացքով մարդկությունը գալու, հասնելու է այն բախտորոշ սահմանագծին, որտեղ համատարած կերպով գիտակցվելու է «ամբողջի պահպանման անհրաժեշտությունը հանուն ամեն մեկի պահպանման», եւ այդ պահին կիրականանա բնության գերագույն նպատակը՝ կձեւավորվի «համընդհանուր աշխարհաքաղաքացիական կարգը, որտեղ, որպես հարազատ միջավայրում, կծաղկեն մարդկային ցեղի նախնական բոլոր ձիրքերը»։
Հարկավոր է խորապես գիտակցել գլոբալացման «բնապատմական ընթացքը» (սոցիալական փիլիսոփայությանը Կարլ Մարքսի տված կարեւորագույն հասկացությունը՝ անմտորեն եւ անգթորեն մոռացության տրված)։ Դա պայմանավորված է մի կողմից՝ ժամանակի հրամայականով, այսինքն՝ տեղեկատվական, տնտեսական, մշակութային եւ ինտեգրման մյուս երեւույթները պիտի սկսվեին, քանի որ օբյեկտիվորեն հասունացել էին. գլոբալ խնդիրների լուծումը դարձել էր օրհասական, մարդկությունը կանգնել էր էկզիստենցիալ ընտրության առջեւ։ Մյուս կողմից՝ գլոբալացումն արգասիքն է մարդկանց նպատակասլաց գործողությունների, որոնց հիմքում ընկած են ինչպես տեսական, այնպես էլ գործնական բնույթի նկատառումներ։ Այս տեսակետից հասկանալի է, թե ինչու են գլոբալացմանը հատուկ լրջագույն հակասություններ, բացի դրանից՝ սխալ մոտեցումների պարագայում ծագում են վտանգավոր միտումներ, իսկ հատվածական լուծումների եւ չհիմնավորված որոշումների, նաեւ շահադիտական նենգափոխումների հետեւանքով արձանագրում ենք ոչ թե ինտեգրում, այլ կազմալուծում, բախումներ եւ ճգնաժամեր։ Գլոբալացման այդ ռիսկերն արտացոլված են գիտական եւ հրապարակախոսական գրականության մեջ, այդ ռիսկերի թյուր ընկալումն է, որ հանրային որոշ խմբերի համակում է հակագլոբալիստական տրամադրություններով, երբեմն դարձնում ապակառուցողական նպատակներ հետապնդող ուժերի ձեռնածության գործիք, մղում վնասարարության։
Համավարակն առերեւույթ ջլատեց մարդկությանը, կարծեք զրոյացրեց պետությունների եւ միջազգային կառույցների ինտեգրացիոն ջանքերի արդյունքը։ Բոլոր պետությունները դրսեւորեցին միանգամայն բնական եւ բանական «եսականություն»՝ փորձեցին մեկուսանալ, անջրպետվել մյուսներից եւ հնարավորինս վարակազերծվել սեփական ազգային «բնակարաններում»։ Բայց սա ընդամենն առաջին՝ «կենտրոնախույս» արձագանքն է, որ ոգեւորեց որոշ հակագլոբալիստների։ (Վերջիններիս պիտի ավելի ոգեւորեր ազգային պետությունների վճռորոշ դերակատարումը՝ ի հեճուկս «պետություն» հաստատության ապաճման գաղափարի կողմնակիցների)։ Մինչդեռ հաջորդելու է երկրորդը՝ «կենտրոնաձիգ» արձագանքը, համավարակի դեմ պայքարում բոլորի անխտիր միջազգային համագործակցությունը։ Չէ՞ որ պարզից էլ պարզ է, որ այս պահին ավելի քան 170 երկրում տարբեր ուժգնությամբ բռնկած հիվանդությունների շղթան չի կարող ընդհատվել ո՛չ մեկ պետության ջանքերով, ո՛չ էլ մեկ առանձին երկրի սահմաններում։ Համավարակի հաղթահարումը պահանջում է հիրավի համամարդկային համագործակցություն, հրամայաբար պարտադրում է պետությունների առաջնորդներին գործելու որպես մեկ, միասնական իրողության՝ մարդկության լիազոր ներկայացուցիչներ։
Ավելորդ չէ նկատելը, որ համավարակի հրամայականը բացահայտեց ժամանակակից քաղաքակրթությանը բնորոշ մի շատ վտանգավոր մոլորություն, որն առնչվում է մարդկության տեխնոլոգիական հզորության զգացումից ծագող գերինքնավստահությանը։ Վերջինիս համար, հիրավի, հիմք կա, մանավանդ՝ «չորրորդ արդյունաբերական հեղափոխության» ներկա պայմաններում. համացանցը, արհեստական ինտելեկտը, կենսատեխնոլոգիայի նվաճումները, անօդաչու փոխադրամիջոցները, այսպես կոչված՝ «ադդիտիվ» արտադրությունը (եռաչափ տպագրությունը), ռոբոտոտեխնիկան մարդու արարչագործական տաղանդի հաստատումն են։ Բայց, ինչպես արդարացիորեն նկատում է իսրայելցի փիլիսոփա Յուվալ Հարարին իր «Homo Deus» գրքում, «հաջողությունները մեծացնում են նկրտումները», մեզ մղում են նորանոր ձեռքբերումների. մենք ոչ միայն մեծացնում ենք կյանքի տեւողությունը, այլ նույնիսկ մահվանն ենք ձեռնոց նետում։ «Եվ մարդկությանը բարձրացնելով գոյության պայքարի վայրենության մակարդակից, մենք այժմ նպատակ ենք դրել մարդուն վերափոխել աստվածության եւ «Homo sapiens»—ին դարձնել «Homo deus»»։ Հեղինակը միանգամայն հիմնովին զգուշացնում է նման հավակնությունների վտանգի մասին եւ նշում մի շարք բացասական երեւույթներ, որ ուշադրությունից դուրս են մնացել։ Բայց, ի դեպ, Հարարին ինքն էլ չի խուսափել ավելորդ լավատեսությունից, երբ, մասնավորապես, պնդում է, թե մարդկությունն ազատվել է իր երեք ամենամեծ թշնամիներից՝ սովից, ժանտախտից եւ պատերազմից, քանի որ մեզ հայտնի է, թե ինչպես է հնարավոր դրանք կանխել կամ կառավարել։ Ավա՜ղ, կորոնավիրուսի համավարակն այլ բան ապացուցեց. կանխարգելել չկարողացանք, կառավարել աստիճանաբար հաջողվում է, մնում է, որ պետությունների եւ միջազգային կառույցների ղեկավարները դասեր քաղեն հաջորդ անգամ ավելի պատրաստ գտնվելու համար։
Միով բանիվ՝ ներկայիս համավարակը դարձավ մարդկության իրական միասնականության փորձաքարը, եւ կասկած չկա, որ համավարակի հաղթահարումը նպաստելու է գլոբալացման գործընթացների առավել խորացմանը, պետությունների ջանքերի ներդաշնակ համադրմանը հանուն համամոլորակային խնդիրների բարեհաջող լուծման։ Մի կողմ դնենք «Homo deus» դառնալու գոռոզամիտ նկրտումները։ «Homo sapiens»—ը դեռ պետք է իր գործերով ապացուցի, որ իսկապես երկրագնդի ամենազարգացած էակն է, ամենակարեւորը՝ լիովին գիտակցում է սեփական պատասխանատվությունը Երկիր մոլորակի վրա բանական կյանքի հարատեւման համար։
Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ
Փ.գ.դ., պրոֆեսոր

20-03-2020





10-04-2020
Կանոնակարգվում են բուժօգնության գործողությունները ռազմական դրության ժամանակ
Առաջնային է պետական եւ մասնավոր կառույցների արդյունավետ փոխգործակցությունը



10-04-2020
Արվեստի ինստիտուտը պատրաստվում է Բեթհովենի ծննդյան 250-ամյակին
2020 թվականը հաստատությունում հագեցած է մշակութային իրադարձություններով

Արվեստի ...


10-04-2020
Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 937-ի. ապաքինվել է ևս 11 քաղաքացի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 16 նոր դեպք:
«Արմենպրես»-ի ...


10-04-2020
Համաճարակը եւ մենք
Ես ո՛չ համաճարակաբան եմ եւ ոչ ալ բժիշկ։ ...


10-04-2020
Մեր հայրենակիցները վերադարձել են ՏՈՒՆ
Այս օրերին մարդիկ քննարկում են մի դեպք. Մոսկվայից վերադարձած ...


10-04-2020
Չկա չարիք առանց բարիքի
Ստեղծված իրավիճակից դասեր եւ օգուտ քաղելու անհրաժեշտ ռազմավարություն՝ ...


10-04-2020
Լավագույնը միշտ ձեզնից է կախված
Գործարարության մեջ հաջողելու համար ինքդ քեզ պետք է չորս ...



10-04-2020
«Անսպասելի հնարավորություն»
«Հենց հիմա Ռուսաստանը պատժամիջոցներից ...

10-04-2020
Բանականության սահմանից այն կողմ
ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿ (Ռուբեն Չիլինկիրեան). բանաստեղծ, ...

10-04-2020
«Լալիս եմ, ուրեմն, կա'մ»
Լեւոն Ներսիսյան՝ հատված ...

10-04-2020
Հայաստանի հավաքականի դիրքն անփոփոխ է
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +11... +13

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO