Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

08.04.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


«Երբ ալեկոծ ծովի վերա իմ մակույկը խորտակվի...»

1. Խորեն Աբրահամյան. գեղեցկություն եւ փառք

Նա ծնվել էր գեղեցիկ՝ փառքի խաչը ճակատին, ոչ թե ճանաչվելու, այլ ճանաչելի դարձնելու մի մեծ բան. փառքը ինքը չէր, այլ այն, ինչ պիտի աներ, ինչի կոչված էր ի բնե...
Սովորաբար, դա չի բացատրվում, քանզի ենթագիտակցականի շերտերում է, եւ մարդն աղոտ զգում է իր կոչումը, զգում է, որ ծնվել է պարտքը վզին, բայց ինչպես պետք է տալ այդ պարտքը, որ պարտքի տակ չմնալ... Կան երջանիկներ, ում ձեռք է մեկնում կյանքը, եւ կան հասկացողներ, ովքեր սեղմում են այդ ձեռքը. այդ հասկացողներից էր Խորեն Աբրահամյանը՝ օժտված այրական գեղեցկությամբ՝ գեղադեմ ու հզոր ձայնով, եւ այդ ձայնը պիտի խոսեր մարդկային զգայարանների ամենանուրբ ելեւէջներով, պիտի գրավեր ունկերը, համոզեր, համարձակվեր, գնար խորքերը, խավարի մեջ փնտրեր ապրեցնող կայծեր, սուզվեր ես—ի խորքերն ու ընդհանուր հայտարարի բերեր հանուրը՝ իր ես—ի միջոցով, քրքրեր իրեն, որ տեսներ ամբողջը եւ մատուցեր, ասեր. «Ահա սա է, գտել եմ...»։
Դժվար է միանգամից, կարծես թե, առանց պատճառի, սիրված լինելը ու այդ սիրո լուծը կրելը, երբ դեռ չես էլ պատկերացնում, որ կա նաեւ հակառակը՝ սիրված չլինելը կամ չնկատվելը։ Երկու դեպքում էլ պայքարն անխուսափելի է՝ ինքնահաստատվելու, պատասխան տալու համար վերաբերմունքին, որին արժանի ես կամ արժանի չես, եթե, իհարկե, գիտակցության կամ զգացողությունների խորքերում առողջ հուշարար ունես, որ դրդում է մտածել, թե ով ես ու ինչ պիտի անես այս աշխարհում։ Խորենի դեպքում սերը ծնվել էր իր հետ, գուցե եւ իրենից առաջ, նախքան լույս աշխարհ գալն ու աշխարհին զարմացած նայելը, թե ինչ են գտել իր մեջ իրեն շրջապատողները, իսկ իր շրջապատում հարազատներն էին, նրա ծնունդին սպասողներն ու տեղյակները։
Գեղեցկությունը հզոր ուժ է, որ կարող է թե՛ բարձրացնել, թե՛ խորտակել։ Գեղեցկությունը հիացնում է ու նաեւ նախանձի շարժառիթ դառնում. դիմանալ է պետք, պետք է հասկանալ՝ ինչ է դա, ինչու է տրված հատկապես քեզ, ինչ պիտի անես նրա հետ, չես կարող միայնակ, հենց այնպես վայելել, պիտի բաժանես, հանրայնացնես, ինչպե՞ս... Թափանցել խորքերը, չպարծենալ ու չշփանալ, հասկանալ իմաստը. տրված է քե՞զ, թե՞ քո միջոցով...
Բակային կյանք, շփումներ մեծ ու փոքրի հետ, հատկապես՝ մեծերի, ինչպես շատերիս կյանքում՝ երեւանյան երբեմնի բակերի խաղաղ ու խաղային, զվարթ միջավայրի դաստիարակություն ու ինքնադաստիարակություն, երբ սովորում ու սովորեցնում ես առանց պարտադրանքի, պարզապես ապրելով, չզգալով, չգրանցելով, թե ինչպես ես հասունանում, լրջանում, իսկ Խորենի դեպքում լրջությունը բացահայտվեց, երբ դեռեւս պատանի առաջին անգամ նկարահանվեց Համո Բեկ—Նազարյանի «Արարատյան դաշտի աղջիկը» ֆիլմում, փոքրիկ, աննշան դերակատարություն, ինչպես ինքն է ասում, սակայն միանգամից շփում ինչպիսի՜ դերասանական տաղանդի աստղաբույլի հետ՝ Ավետ Ավետիսյան, Ստեփան Կեւորկով, Մետաքսյա Սիմոնյան, Կարպ Խաչվանքյան... Սա նույնիսկ քննություն չէր, այլ պարտավորություն, ավելին, քան փոքրիկ դերակատարությունը, ավելի ճիշտ՝ մի քանի վայրկյան էկրանին երեւալը, սա անցում էր Խորիկ—Խորենից Խորեն Աբրահամյան... Դե արի ու տակից դուրս արի...
Հիմա պետք է պահեր այդ մարդուն, իրենից ծնված Խորեն Աբրահամյանին, որ մինչ այդ սոսկ ծննդյան վկայականի կամ անձնագրային արձանագրություն էր, իրենից անկախ ու իրեն մատուցված, հիմա արձանագրությունը որակավորվել էր, կենդանի շունչ առել, պահանջում էր դեռեւս իր տեղը չիմացած պատանուց, պահանջում էր լրջանալ, հաշիվ տալ, հասունացնել... Դրանից հետո կա՛մ տապալում էր, կա՛մ վերելք... Խորեն Աբրահամյանը ընտրեց վերելքը, եւ Խորիկը պիտի անմռունչ ծառայեր նրան, այլապես ծանր էր լինելու ապտակը, այդ նոր ծնված մարդու, քանզի այդ ծնունդի մեջ խառն էր մեծն Բեկ—Նազարյանի մատը, եւ չէր կարելի հիասթափեցնել նրան... Նա նկատել էր, եւ վերջ. այլեւս նահանջելու տեղ չկար, չէր կարելի. սա այն «չէր կարելին» չէ, որ արգելում է, այլ ճանապարհ բացողն է, եւ արդեն պետք էր գնալ այդ ճանապարհով, ինչպիսին էլ լիներ այն։ Իմաստունը ցույց էր տվել, ինչպես հեքիաթներում, եւ ոտքն արդեն դրված էր...
Հայտնի էր սկիզբը, եւ որեւէ մեկը չէր կարող գուշակել ընթացքն ու վախճանը. պետք էր գնալ եւ վերջ, գնալ տքնելով ու աշխատելով, հասկանալով ու հասկացնելով, լինել տերն ու ծառան ճակատագրի, դիպվածի, անգամ հեգնանքի...
Ո՞վ էր ինքը, այրական գեղեցկության տերը, որտեղի՞ց էր գալիս, ո՞ւմ մարմնացումն էր կամ ո՞ւմ պիտի մարմնավորեր, որ արդարացներ ի վերուստ տրվածը, որ վերադարձներ ընծայվածը... Ո՜չ, դա իր սեփականությունը չէր, այլ արմատների, եւ որքան էլ պաթետիկ հնչի, ազգային սեփականությունն էր իր մաշկի, իր աչքի ու տեսողության, հոտառության ու ձայնի մեջ դրված, արթնացումն էր Արա Գեղեցիկի, այն առասպելական արթնացումը, որով հարալեզները հավերժ կենդանացնում են նրան ու հայ ժողովրդին ժամանակ առ ժամանակ հիշեցնում գայթակղությունների ու նաեւ գայթակղություններին դիմագրավելու մասին, ու որքան էլ սիրված, որքան էլ արքա, զոհաբերությունն անխուսափելի է հանուն հայրենիքի ու հայրենյաց սիրո։ Գուցե եւ պատահական չէ, որ հենց գարնանն է ծնվել Խորեն Աբրահամյանը, քանզի Արային նվիրված տոնախմբությունները կատարվում էին գարնանը եւ խորհրդանշում բնության զարթոնքը։...Եվ Խորեն Աբրահամյանը մարմնավորեց Արա Գեղեցիկին. դա հաճույք չէր, այլ պարտավորություն. նա պարտավոր էր եւ արեց դա, եւ դա իր հղացումը չէր, այլ իր մեջ, իրենով տեսնված բան էր. XX դարում հայ ժողովուրդը պիտի հիշեր իր հեթանոս արքային, տեսներ ու վերակենդանացներ նրան, Խորեն Աբրահամյանը պիտի լիներ նրա հարալեզը ու եղավ, անտրտունջ, հպարտորեն, ու դավաճանները պիտի գլուխ խոնարհեին ու ամաչեին ազգի առաջ, ծնկի գային... Գուցե, միֆ է սա արվեստի համար, երբ թվում է, թե արվեստը մաքրում է, կատալիզատորի դեր է կատարում, մարդիկ դուրս են գալիս արվեստի միջից լողացած, փոխված, բարիացած, բարոյականացած, կատարելագործված, բայց չէ, արվեստը իրականում ոչինչ չի փոխում, քանզի անհնար է բնույթը փոխել, շանն ստիպել մլավել, իսկ կատվին՝ հաչել, թեեւ սա հիմա առավել հնարավոր է, քան մարդուն մարդ դարձնելը... Արվեստը, ըստ իս, մխիթարություն ու ոգի է նրանց համար, ովքեր տառապում ու պայքարում են հանուն մեծ բաների, նեցուկ է մենակների ու անդավաճանների համար, Արայի նման արքաների, որոնց վերակենդանացումով ծնվում է հասարակությանը բժշկելու հույսը, ընդամենը հույսը, այլապես Արաները իսպառ կանհետանան պատմության գիրկը եւ կխունանան չընթերցված գրքի թերթերի նման, իսկ նրանց հետ էլ՝ Արաներին հավատացող եւ նրանց գալստյանը սպասող, կյանքի զարկերակը մատի տակ պահող հզոր անհատները, առանց որոնց ահնար է կյանքը փրկել պարբերաբար նրան սպառնացող վախճանականից...
Գեղեցկությունը սոսկ արտաքին չէ, սոսկ հոգեւոր ուժ ու ներքին բարոյականություն չէ, այլ այն արտահայտող շնչառությունը, առոգանությունը, լեզուն... Լեզուն է ազգի գոյության պահապանը, զենք, որի դեմ կռիվ չկա, որի դեմ թնդանոթ չկա, ոչ մի հրոսակախումբ չի կարող քեզ զրկել այդ զենքից, եթե ինքնակամ չես հանձնվում, իսկ ժամանակները միշտ խառն են, ծաղրողները շատ ու անխնա եւ հատկապես ծաղրում են լեզուն, եւ ոչ թշնամիները, այլ հենց ներսից, թշնամու կողմից վարժեցվածներն ու սնվողները, ովքեր ներսից որդի պես հարձակվում ու կրծում են սեփական մարմինը, ովքեր դավեր են նյութում ոչ միայն արքաների ու արքայական մեծությունների, այլեւ արքայական լեզվի դեմ։ Խորեն Աբրահամյանը խոսեցնում էր արքային արքային վայելուչ լեզվով եւ պահում մեր լեզուն արքայավայել՝ մաքրության ու հպարտության տիրույթում. սա ցանկացած արվեստագետի մեծագույն ծառայությունն է, որ կարող է մատուցել հայրենիքին ու ժողովրդին, սակայն, խոստովանենք, որ մեր տխուր ժամանակներում ոչ բոլորը քաջություն ունեցան լեզուն պահելու խիզախություն դրսեւորել, ոչ միայն բառահումքը, այլ այդ բառահումքի արտադրանքը մտավ գռեհկաբանության ոլորտ եւ անգամ պետական մակարդակով պարգեւատրվեցին լեզուն կործանման ճանապարհով տանող վայ—մտավորականները։ Ամենամեծ անբարոյականությունը լեզուն անբարոյականացնելն է, եւ Խորեն Աբրահամյանը նրանցից մեկն է, ով կյանքով ու արվեստով շարունակ ու համառորեն կռիվ է տվել լեզուն անբարոյականացնողների դեմ, որովհետեւ գեղեցիկի կրողն էր ի բնե ու գիտակցական պարտավորությամբ, որովհետեւ ոչ միայն ներսում էր լեզվի բարոյականությունը, այլեւ, ի հավելումն, ուսել էր ընտանիքից ու հայ մեծերից, որովհետեւ ճշմարիտ աշակերտ լինելը հավասարազոր է ուսուցիչ լինելուն, իսկ ուսուցիչը իրավունք չունի անբարոյականություն քարոզել, սերունդներ փչացնել...
Խորեն Աբրահամյանը փառքի ետեւից չէր գնում. անհնար էր դա, քանզի փառքը նրան տրվել էր որպես ընծա ու պարտավորություն ի սկզբանե. նա ողջ կյանքում ու գործունեությամբ կռիվ էր տալիս դրա հետ, ապացուցում, որ փառքը տքնաջան աշխատանք է, առավել զոհաբերում, քան քաղցր պատառ, եւ նա պատրաստ էր զոհաբերվել, ոչ թե հանուն փառքի, այլ հանուն համոզմունքների, որքան էլ թանկ նստեր այդ զոհաբերությունը, եւ այն, ինչ եղավ այդ զոհաբերության արդյունքում, նա ընդունեց գլուխը բարձր...
Եվ այսպես, Խորեն Աբրահամյան պատանին համարձակվեց մտնել արվեստի ալեկոծ ծովը, ուր հմուտ լողորդների պակաս չկար...
Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

21-03-2020





07-04-2020
«Ոչ տեր եմ ունեցել, ոչ ծանոթ, բայց վերեւում Աստված կա»
«Հիմա ինձ հաղթող եմ զգում, որովհետեւ ինձ համար ...


07-04-2020
Աջակցության փաթեթներն ընդգրկում են ամենամեծ սոցիալական խմբերը
Քաղաքացին կարող է ընտրել այն ծրագիրը, որն իր ...


07-04-2020
Կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն ավելացել է 20-ով, առողջացել է ևս 25 քաղաքացի
Հայաստանում առաջին անգամ կորոնավիրուսից մեկ օրում առողջացած պացինտների թիվն ...


07-04-2020
Հայոց սպորտի հմայքն ու հպարտությունը
Կանայք բազմիցս են ապացուցել, որ լինելով նուրբ եւ փխրուն ...


07-04-2020
Տասնհինգ արտահայտություն այն մասին
Թե ինչ է նշանակում լինել մայր

Աշխարհում մայրն է ...


07-04-2020
Շնորհավո՛ր տոնդ, հայ կանգուն
Երբ արդեն այն տարիքին էի, որ ամառային մի ...


07-04-2020
«Հայրենասիրությունը արժանապատվության խնդիր է»
Սվազլյան գերդաստանի հավատամքը

Հարցազրույց հայ բանագետ, ժողովրդագետ, բանահավաք, ...



07-04-2020
Երազում էր մայր դառնալ, որից զրկված էր 7 երկար տարի
Հրաշքով այսօր բազմազավակ մայր ...

07-04-2020
Արցախում տեղի ունեցած ընտրությունները
Կայացած քաղաքական համակարգի մասին են ...

07-04-2020
Մարիամ Աստվածածին
Նրան տարբեր անուններով են կոչում. Աստվածամայր, ...

07-04-2020
Ոսկե միջինի բանաձեւը
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO