Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

04.06.2020
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


«Ոչ տեր եմ ունեցել, ոչ ծանոթ, բայց վերեւում Աստված կա»

«Հիմա ինձ հաղթող եմ զգում, որովհետեւ ինձ համար չէ, որ հաղթում էի. կռիվս հանուն ժողովրդի էր»

Հայկական բժշկության մեջ իր հետագիծը թողած «Նորք-Մարաշ» Բժշկական Կենտրոնի նախկին տնօրեն Լիդա Մուրադյանը մշտապես առաջնորդվել է դիմացինին օգնելու սկզբունքով։ Նա միշտ, թեկուզ աննկատ, հետեւել է, որ իրեն դիմած մարդիկ մերժումով չհեռանան, հուսախաբ չլինեն։ Եվ առաջին անգամ հենց նրա ղեկավարած հաստատությունը փշրեց տարիներով ձեւավորված այն կարծրատիպը, որ անհրաժեշտ է վճարել վերելակավարից ու հավաքարարից սկսած՝ մինչեւ բաժանմունքի վարիչին։ Այլեւս ստիպված չէիր անել դա, ստիպված չէիր դիմանալ ոմանց հայացքների ճնշմանը, ստիպված չէիր հետդ դեղորայք ու սարքավորումներ տանել… Կար բժշկական կենտրոն, որտեղ կարեւորը մարդն էր, նրա առողջությունն ու արժանապատվությունը, եւ քեզ դիմավորում ու ճանապարհում էին ժպիտով՝ պատասխանելով բոլոր հարցերիդ… Եվ որտեղից այդքան նվիրում, այդքան իմաստություն մի կնոջ մեջ։ Ինքը՝ Լիդա Մուրադյանը, ով ծնվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ 1943 թ., մեծ կարեւորություն է տալիս գեներին։
«Գեները փոխանցվում են, եւ երջանիկ է այն մարդը, ում գեներն ավելի հզոր են։ Եթե դու աշխատասեր չես, քեզ ոչինչ չի փոխի։
Պապս մշեցի էր, շատ գթասիրտ մի մարդ, ով, ըստ հորեղբորս խոսքերի, հրահանգել է ընտանիքի անդամներից չտարբերել իրենց տան աշխատողներին։ Հորս գնդակահարեցին, երբ ընդամենը 10 ամսական էի։ Նա դաշնակցական էր, 1943 թ. վեց ամիս տառապել է անվտանգության պետական կոմիտեի նկուղում։ Մանկավարժ էր, ուներ բանաստեղծական մեծ շնորհք, կարող էր շատ բարձունքների հասնել ու բարձր պաշտոններ զբաղեցնել, սակայն այդ ամենը մի կողմ էր դրել ու պայքարում էր անկախ Հայաստանի համար։ Ես կրում եմ այդ գեները, նաեւ զավակներս՝ տղաս ու աղջիկս։ Նրանք նույնպես չափազանց բարի են։ Բնավորության նույն գիծն ուներ նաեւ մայրս։ Երբ բակ էր իջնում, գրպանում շոկոլադ էր պահում՝ երեխաներին բաժանելու համար։ Երբ կարիքավորը մեր դուռն էր թակում, մեծ ցավ էր ապրում, տանը ինչ կար՝ հավաքում ու նրանց էր տալիս»,–ասում է հանրահայտ բժշկուհին։
Լիդա Մուրադյանի պապն ինքնասպան է եղել՝ չհաշտվելով որդու մահվան հետ։ Ընտանիքը դաժան կյանքով է ապրել, ենթարկվել հետապնդումների։ Եվ այսքանից հետո նա չի չարացել աշխարհի ու մարդկանց վրա, պահպանել է հույսը, որ ամեն ինչ լավ է լինելու։ Քչերն են դրան ընդունակ. «Պատկերացնո՞ւմ եք՝ կարող էի քաղցած լինել, բայց դասարանում ինձ այնպես էի պահում, կարծես ամենակուշտը ես եմ»։
Լիդա Մուրադյանը կամ Լիդա Կարպովնան, ինչպես նրան սիրալիր դիմում են հիվանդանոցում, միշտ ասում է՝ ոչ տեր է ունեցել, ոչ ծանոթ, բայց վերեւում Աստված կա…
–Տիկին Մուրադյան, նախ շնորհավորում ենք մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ եւ մաղթում կատարյալ առողջություն։ Մեր շնորհավորանքներին, իհարկե, կմիանան նաեւ այն հազարավոր մարդիկ, ովքեր Ձեր շնորհիվ շարունակում են ապրել եւ արարել։
–Շնորհակալ եմ շնորհավորանքների համար։ Հաճելի է լսել, որ այդ շնորհավորանքներին շատերը կմիանան։ Նշանակում է՝ ավելորդ չեմ ապրել կյանքս։ Բժշկուհու համար, հավատացեք, դա ամենաբարձր ու ամենավեհ զգացումն է։ Ձեր հարցը ստիպեց մտովի անցնել այն քառուղիներով, որոնցով անցել եմ, վերապրել ինչպես հաղթանակները, այնպես էլ ժամանակավոր անհաջողությունները, որոնք նույնպես հետագայում պետք է հաղթանակի վերածվեին։ Երբ պայքարում էի հանուն ուրիշների կյանքի, ինձ անպարտելի էի զգում։ Անընդհատ գնացել եմ դեպի նպատակս՝ հաղթահարելով բոլոր խոչընդոտները։ Հիմա ինձ հաղթող եմ զգում, որովհետեւ ինձ համար չէ, որ հաղթում էի։ Կռիվս հանուն ժողովրդի էր, եւ «Նորք—Մարաշ» Բժշկական Կենտրոնը նոր մակարդակի հասցնելն այդ առումով յուրօրինակ ու մեծ հաղթանակ էր։ Մարդկանց աջակցելն իմ կյանքի սկզբունքն է, որով առաջնորդվել եմ միշտ։ Երբեք աշխատակիցներին հրապարակավ դիտողություն չեմ արել։ Ընդամենը հինգ տարի եմ շարքային բժիշկ աշխատել, դա էլ է խոսում այն մասին, որ աշխատանքում գնահատվել եմ։ Շատերն են այսօր շնորհավորում ինձ, ուրեմն ես իսկապես հաղթել եմ…
–Դուք երկար տարիներ ղեկավարել եք հանրապետության առաջատար բուժհաստատություններից մեկը, եւ Ձեր ջանքերի շնորհիվ «Նորք—Մարաշ» Բժշկական Կենտրոնը, իրոք, հասավ աննախադեպ բարձունքների։ Կխնդրեինք Ձեր մեկնաբանությունն այդ ջանքերի վերաբերյալ։ Ասացեք, խնդրեմ, տարիների հեռվից ի՞նչն եք ավելի կարեւորում եւ ինչպե՞ս կմեկնաբանեք Ձեր ջանքերը։
–Առաջինը կգնահատեմ անկաշառ մոտեցումները։ Անցել եմ բարդ ուղի։ Ինչպես ասացի, եղել եմ «հակապետական» գործչի աղջիկ։ Չմոռանամ նշել, որ մայրս ընդամենը 16 տարի էր ինձանից մեծ, իսկ մորս հորը, կապված Աղասի Խանջյանի հետ, 1937 թ. էին աքսորել։
«Նորք—Մարաշ» Բժշկական Կենտրոնը հիմնադրվեց 1993 թ.՝ նախկին Երկրորդ մանկական կլինիկական հիվանդանոցի սրտի արատների եւ ռեւմատոլոգիայի բաժանմունքի հենքով։
Այդ ժամանակ Հայաստանում սրտի վիրահատություններ չէին արվում. ով կարողանում, արտերկիր էր մեկնում։ Մենք մեր առջեւ նպատակ դրեցինք ստեղծել այնպիսի կենտրոն, որպեսզի անհրաժեշտություն չառաջանա մեկնել արտասահման։ 3—4 տարի անց՝ 1997—1998 թթ. «Նորք—Մարաշ» ԲԿ—ն դարձավ տարածաշրջանի միակ մասնագիտացված կենտրոնը, որտեղ վիրահատվում էին նաեւ Վրաստանից, ՌԴ հարավից, Միջին Ասիայից, Սիրիայից, Իրանից եւ այլ վայրերից եկած բազմաթիվ հիվանդներ։ Իսկ նման վստահություն ձեռք բերվեց կենտրոնում վիրահատված անձանց շնորհիվ. ժողովուրդը միմյանց փոխանցում էր, որ Երեւանում կա մի կենտրոն, որտեղ աշխատում է ամերիկահայ բժիշկ Հրայր Հովակիմյանը, որտեղ ստեղծվել է դպրոց, եւ վիրահատությունները կատարվում են բարձր մակարդակով։
Հրայրի հայտնվելը Հայաստանում իսկական երեւույթ էր. նշանակում էր, որ շատ երեխաներ արդեն փրկված են։ Նա երկրաշարժից հետո եկավ Հայաստան։ Հատկապես ԱՄՆ—ի հայկական սփյուռքը դժվարին այդ տարիներին ձեւավորեց մի թիմ, որի անդամներն իրենց ծառայություններն առաջարկեցին Հայաստանին։ Նրանցից մեկն էր Հրայր Հովակիմյանը։ 1992—1993 թթ. աշխատում էր Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում։ Այդ ժամանակ իմ ղեկավարած թիվ 2 մանկական հիվանդանոցից, որտեղ կար սրտի բնածին կամ ձեռքբերովի արատներով հիվանդների բաժանմունք, երեխաները նախապատրաստվում եւ տեղափոխվում էին Միքայելյանի անվան ինստիտուտ՝ վիրահատվելու։ Վիրահատությունները կատարում էր Հրայր Հովակիմյանը։
1993 թ. վերջին դոկտոր Հովակիմյանը որոշեց հեռանալ այդ բուժհաստատությունից եւ այն ժամանակվա առողջապահության նախարար Արա Բաբլոյանի առաջարկով նոյեմբերին մի քանի բժիշկների հետ, ովքեր առաջին օրվանից եղել են Հրայրի կողքին՝ Վիլեն Մանուկյան, Կարինե Սարգսյան, Գոհար Ենգոյան, Գագիկ Մովսիսյան, Իրինա Բակունց, Կարեն Քուրդով, արժանահիշատակ Կոնստանտին Տեր—Ոսկանյան, Հովիկ Զոհրաբյան եւ այլք, տեղափոխվեց մեզ մոտ։ Հրայրը սկզբում Հայաստան էր գալիս վեց ամսով։ Նախ զբաղվում էր միայն մանկական սրտի վիրաբուժությամբ։ Իսկ առաջին վիրահատությունը Հայաստանում կատարեց 1994 թ. հունիսին։
Նշեմ, որ «Նորք—Մարաշ» Բժշկական Կենտրոնի հիմնադրման գաղափարն առաջացավ այն ժամանակ, երբ աշխարհահռչակ վիրաբույժ Հրայր Հովակիմյանը տեղափոխվեց մեզ մոտ։ Բացառիկ եւ հռչակավոր մարդ է, իր գործի նվիրյալ։ Նա սիրտ—անոթային վիրաբուժական ծառայության հիմնադիրն է, որն անգնահատելի դեր է ունեցել հայ սրտային վիրաբուժության դպրոցի ստեղծման գործում։ Մի ամբողջ սերունդ է կրթել՝ նպաստելով, որ սրտային վիրաբուժությունը զարգանա Հայաստանում։ Կարողացել է սրտային վիրաբուժության մի ամբողջ ուղղություն փոխել, որի շնորհիվ բարդագույններից մեկը համարվող սրտի վիրահատությունները Հայաստանում առավել անվտանգ ու արդյունավետ դարձան։
Բժշկությունը չպետք է դոփի նույն տեղում։ Ամեն տարի ներդրվում էին գիտապրակտիկ եւ ախտորոշիչ նորագույն տեխնոլոգիաներ։ Ինվազիվ սրտաբանության մեջ մենք կապված էինք Եվրոպայի հետ, սակայն ուսումնասիրում էինք նաեւ ամերիկյան փորձը, սրտի բաց վիրահատությունների մեջ հետեւում ամերիկյան դպրոցին։ Բոլոր նորագույն մեթոդներն ու նոր առաջարկությունները Հրայր Հովակիմյանը ներմուծում էր մեր կենտրոն։
–Դուք բուժհաստատությունը համալրեցիք բարձրակարգ, որակյալ կադրերով, ովքեր դեռ երկար ժամանակ կնպաստեն մեր ժողովրդի առողջության ամրապնդմանը։ Գիտենք, որ մեծ ուշադրություն եք դարձրել կադրերի պատրաստմանն ու վերապատրաստմանը։ Ի՞նչ կարեւորություն եք տալիս այդ գործընթացին։
–Վերապատրաստումը մասնագետների պատրաստման անքակտելի մասն է, առանց որի հնարավոր չէ գործունեություն ծավալել ու փոփոխություններ մտցնել բժշկության մեջ։ Գործընթացն ամենակարեւորներից մեկն է, եւ դրսում վերապատրաստվելու անհրաժեշտություն չի եղել։ Բախտավոր է այն վիրաբույժը, ով սրտի տաղանդավոր վիրաբույժ եւ մեծ հայրենասեր, «Մեսրոպ Մաշտոցի» շքանշանակիր դոկտոր Հրայր Հովակիմյանի դպրոցն է անցնում եւ նրա մոտ սովորում։ Սրտի վիրաբույժների պատրաստման հարցը Հրայր Հովակիմյանի առաքելությունն է, իսկ ինվազիվ (փակ ներսրտային միջամտություն) սրտաբաններ պատրաստելու համար մշակվեցին տարբեր ծրագրեր ինչպես տեղում, այնպես էլ արտերկրում որակավորում ստանալու համար։ Սրտի վիրաբուժության հայկական դպրոցը Հրայրի մենաշնորհն է, եւ բոլորը նրա սաներն են։ Մեր կադրերն ի զորու են լրիվ ուսուցողական ծրագրեր անցկացնել այստեղ։
–Ձեր գործունեության ընթացքում պարգեւատրվել եք «ՀԽՍՀ առողջապահության գերազանցիկ» կրծքանշանով, «Մխիթար Հերացի», ՀՀ վարչապետի, Արցախի նախագահի կողմից «Երախտագիտություն», Երեւանի քաղաքապետի «Ոսկե», Մարսելի (Ֆրանսիա) քաղաքապետի մեդալների եւ շատ ու շատ այլ պատվոգրերի ու շնորհակալագրերի։ Ո՞րն է ամենանվիրականը, եւ, ընդհանրապես, Ձեր կյանքի ո՞ր պահը կառանձնացնեք։
–Հուզիչ էր այն պահը, որ չգիտեի՝ ինչով են պարգեւատրելու, եւ հանկարծ նախագահականում հայտարարեցին՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների» համար։ Ես արդարացրեցի հորս երազանքները. ոչ միայն բժիշկ էի, այլեւ ծառայություններ էի մատուցել իմ անկախ հայրենիքին։ Երկրորդ մեդալը, որն ինձ հուզել է, «Գարեգին Նժդեհն» է։ Ապրիլյան պատերազմից հետո զոհերի հարազատներից շատերն էին դիմում մեզ։ Պատկերացրեք՝ կորցրել են իրենց զավակներին, ովքեր պետք է ամեն ինչ անեին ծնողների համար՝ նրանց բուժումը կազմակերպելու նպատակով… Նրանք մեր հատուկ ուշադրության կենտրոնում էին, անվճար էինք սպասարկում։ Հասկացա, որ դա օրենք պետք է լինի մեր բժշկական կենտրոնի համար։ Եվ խորհրդում ասացի, որ ապրիլյան զոհերի հիշատակը պետք է անմահացնենք, մեզ վրա պետք է պարտականություն վերցնենք՝ օգտակար լինելու զոհերի ընտանիքների անդամներին։ Հանուն հայրենիքի ընկածներին փոխարինելու պարտք ունեինք։ Որքան հիշում եմ, 119 զոհ կար, որոնցից 7—ը՝ Արցախից, մնացածը՝ ՀՀ—ից։ Զոհերի ծնողների հետ հանդիպումների ժամանակ բոլորին սերտիֆիկատ տվեցինք, որ սիրտ—անոթային ցանկացած հիվանդության դեպքում ցմահ անվճար կարող են բուժվել մեր բժշկական կենտրոնում։ Այն, որ նրանք զավակներ կորցրեցին, ողբերգություն է ինձ համար, իսկ նրանց օգնությունը՝ երջանկություն։ Սգո ցերեկույթի ժամանակ, որին ներկա էին շատ պատգամավորներ ու կառավարության անդամներ, ՀՀ պաշտպանության նախարարն անսպասելիորեն ինձ հանձնեց «Գարեգին Նժդեհ» մեդալը։
Մենք բարեգործական ակցիաներ ենք կատարել հանրապետության տարբեր մարզերում, ինչպես նաեւ ԼՂՀ—ում։ Սիրում ենք Արցախը եւ ցանկանում ենք ինչ—որ բանով օգտակար լինել։ Տարին մեկ անգամ երեք օրով մեկնում էինք Արցախ եւ հետազոտում մինչեւ 360՝ առաջնային եւ կենտրոնում նախկինում վիրահատված կամ ստենդավորված հիվանդներին։ Մեզ հետ տանում էինք դեղամիջոցներ եւ ուղղակի բաժանում դրանց կարիքն ունեցող հիվանդներին։ Ծայրահեղ վիճակում գտնվող հիվանդներին տեղափոխում էինք այստեղ։ Մեկ օր նվիրում էինք դասախոսությունների՝ ԼՂՀ տարածքի սրտաբանների, թերապեւտների, մանկաբույժների համար։ Տեղի մասնագետներին հնարավորություն էինք տալիս մի քանի ամսով վերապատրաստվել այստեղ։ Մեր դռները միշտ բաց են նրանց առջեւ։ Ջավախքի եւ Արցախի ժողովրդին այլ աչքով ենք միշտ նայել։
Իսկ, ընդհանրապես, ամենանվիրականն այն է, ինչ կատարել եմ հանուն մարդկանց։ Դրանք լավագույն պահերն են, լավագույն ապրումները, լավագույն հաղթանակները, երբ զգացել եմ, որ հայրս կժպտար ու հպարտությամբ կգրկեր ինձ։ Ինձանից կախված որեւէ հարց անլուծելի չի մնացել։ «Նորք—Մարաշ» ԲԿ—ի գոյության ընթացքում ոչ ոք գումար չունենալու կամ գնի մի մասն ունենալու պատճառով չի զրկվել բուժօգնություն ստանալու հնարավորությունից։ Աշխարհի բոլոր պարգեւներից մնայուն է միայն բարի անունը։
–Նշեք, խնդրեմ, Ձեր կարծիքը համավարակային այս իրավիճակի վերաբերյալ, Ձեր մոտեցումներն ու կանխարգելման Ձեր խորհուրդները հիվանդության դեմ պայքարում։
–Ուշադրությամբ հետեւում ենք այն միջոցառումներին, որոնք կատարվում են ընդդեմ կորոնավիրուսի տարածման։ Կառավարությունը բավականին լուրջ քայլեր է կատարում եւ ժամանակին արձագանքում է իրադարձություններին։ Լավ է, որ այդքան զգոն են։ Վարակակիրների թիվն աշխարհում ժամերի ընթացքում է աճում։ Շատ բան ենք տեսել, բայց երկրագնդի վրա նման բան երբեք չէր եղել։ Կարեւորը՝ հնարավորինս փոքր կորուստներով դուրս գանք այս իրավիճակից։
–Եվս մեկ անգամ շնորհավորելով կանանց միամսյակի առթիվ՝ կխնդրեինք նշել, թե ի՞նչ կմաղթեիք Հայաստանի կանանց։
–Նրանց աչքերից թող հոսեն միայն երջանկության արցունքներ, հայ կինը նվիրյալ է եւ արժանի է ապրելու ու ստեղծագործելու եւ իրականացնելու իր հեռահար ծրագրերը՝ հանուն հայրենիքի։ Մաղթում եմ անձնական երջանկություն։ Թող բոլոր կանայք միշտ կին մնան եւ վայելեն իրենց ընտանեկան երջանկությունը։ Եթե կինն անձնական երջանկություն չունի, ինչով էլ շրջապատված լինի, ինչպիսի ուղի էլ անցած լինի, միեւնույն է, նրա կյանքում ինչ—որ ստվերային կողմ մնում է։ Ես ուզում եմ, որ մեր կանայք հաջողակ լինեն, փառավորեն տղամարդկանց եւ նաեւ ներգրավված լինեն պետության շինարարության գործում։
Ինձ երբեմն հարցնում են՝ կիսում եմ այն կարծիքը, որ կանայք ավելի ուժեղ են, քան տղամարդիկ։ Կան կանայք, որոնք ի վերուստ տրված ուժ ունեն իրենց մեջ։ Այդպիսի կանայք, իրոք, հպարտ են, ունեն ներքին կայունություն, կամքի ուժ եւ, ինչու ոչ, նաեւ արտաքին համահունչ տվյալներ։
–Պատասխանեք, խնդրեմ, չտրված հարցին։
–Չնայած ուշ էի տուն գնում, էլի մտածում, պլանավորում էի հաջորդ օրս, կիսատ մնացած գործերը։ Կիրակի օրերը տնից դուրս չեմ գալիս, տրամադրում եմ երեխաներիս ու թոռներիս։ Ունեմ 2 զավակ, 4 թոռ։ Սիրում եմ ստեղծագործել։ Այդպես կարողանում եմ արտահայտել իմ հոգում թաքնված հույզերը։ Ստեղծագործական ունակություններս ժառանգել եմ հորիցս։
Հարցազրույցը վարեց
Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

07-04-2020





04-06-2020
Ծաղկուն այգի, բերք ու բարիք պարգեւող հայրենի կենարար հող
Նորաշենցիները հարազատ բնօրրանում իրենց ապահով ու վստահ են ...


04-06-2020
Մշակույթ. պատմական անցյա՞լ, թե՞ ներկա
Թույլ չտալ, որ համաշխարհային մշակույթի զինանոցում այսօր մեր ...


04-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 697, մահվան 6 նոր դեպք
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 697 նոր դեպք: Այս ...


04-06-2020
Պատուիր քո հօրը եւ մօրը
Սա է առաջին պատուիրանքը խոստմունքով։ Որ քեզ լաւ ...


04-06-2020
Որեւէ մեկը չի կարող կանխատեսումներ անել
Թե մեկ շաբաթ հետո վարակակիրների ինչ թիվ ենք ...


04-06-2020
Հայագիտական կենտրոնների հիմնումը
Կխթանի աշխարհում հայկականության տարածումը

Ռուսաստանի հայ համայնքի խնդիրների ...


04-06-2020
Հեղափոխությունը դարձնել ինստիտուցիոնալ, ձեռքբերումները՝ անշրջելի
«ՀՀ» օրաթերթը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային ...



04-06-2020
Այլընտրանքային էներգետիկա
Կամ՝ երբ հայացքդ ձգտում է դեպի ...

04-06-2020
Ոստիկանության բարեփոխումների գործընթացը թափ է հավաքում
Կփոխվի Հայաստանը ներկայացնող պարեկային ...

04-06-2020
Ինչու է վարակի տարածումն աճում
Պետք է ուժեղացնել երկրի սոցիալական ...

04-06-2020
ՀՖՖ-ն շարունակելու է ֆուտբոլային աջակցությունն Արցախին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակելու է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO