Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

04.06.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Կան գործոններ, որոնք հնարավորություն են տալիս մեր ուժն ավելացնելու

Այսպես ասած, փափուկ ուժի շնորհիվ

Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի եւ ՀՀ արտաքին քաղաքական խնդիրների վերաբերյալ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ։
—ՀՀ պետական ռազմավարության մեջ շատ կարեւոր տեղ ունի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը։ Մեր վերջնանպատակը ո՞րն է։
—Մեր վերջնանպատակը հաստատված է եւ մենք պահանջում ենք արդարություն ու հատուցում, այսինքն՝ մեր պահանջատիրությունը պայքար է հանուն պատմական արդարության վերականգնման, հանուն արդար հատուցում ստանալու։ Մեր պայքարն ունի նաեւ մի այլ բաղադրիչ, դա համամարդկային պայքարի մի մասն է կազմում եւ դա այն աշխարհի համար է, որը զուրկ է ցեղասպանություններից։ Այսինքն, մենք պայքարելով հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման համար, ըստ էության, գտնվում ենք ժամանակակից մարդկության պայքարի առաջնային շարքերում ցեղասպանությունների դեմ, որպես երեւույթի կանխարգելման։
—Սա ինչ—որ առումով խնդրի բարոյական կողմն է. ավելի պրագմատիկ տեսանկյունից դիտարկելու դեպքում ի՞նչ հանգրվանային խնդիրներ ունենք լուծելու։
—Երբ ասում ենք, որ պայքարում ենք հանուն ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման, հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ ժամանակակից Թուրքիան չի ճանաչում այդ հանցագործությունը, դրա համար շահագրգռված ենք, որ հնարավորինս մեծ թվով երկրներ ճանաչեն, եւ դա յուրահատուկ ճնշում կլինի Թուրքիայի վրա։ Դա՝ մեկ։ Երկրորդը, իհարկե, մեզ համար շատ կարեւոր է, որ Թուրքիան ճանաչի իր կատարած հանցագործությունը եւ դատապարտի։ Մենք տեսնում ենք, որ այս բնագավառում որոշ առաջընթաց կա՝ թուրքական մտավորականության, երիտասարդության առանձին ներկայացուցիչներ, այն շրջանակները, որոնք արդարացի մոտեցում ունեն իրենց անցյալի վերաբերյալ, վերջին տարիներին սկսել էին վերանայել Թուրքիայի պատմությունը, այսպես թե այնպես ընդունում էին ցեղասպանության փաստը, դատապարտում էին դա որպես հանցագործություն։ Բայց մյուս կողմից տեսնում ենք, որ Էրդողանի իշխող կառավարությունն ուժեղացնելով բռնաճնշումները Թուրքիայում ազատ մտքի, ազատ խոսքի նկատմամբ, հասավ այն բանին, որ այն ձայները, որոնք վերջին տարիներին լսելի էին Թուրքիայից, գնալով ավելի քիչ են հնչում, որովհետեւ մարդիկ ուղղակի վախենում են, գիտեն, որ իրենց կարող է դրա համար բանտ նետեն։ Սա մեր պայքարի կոնկրետ ուղղություններից մեկն է, որ հնարավորինս թուրքական հասարակության ավելի լայն շրջանակներ մի կողմից Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությանը ծանոթանան ու դարձի գան, եւ մյուս կողմից իրենք էլ հասկանան, որ միայն իրենց պատմության մութ էջերը դատապարտելով կարող են գնալ առաջ։ Բայց նաեւ կարեւոր է, որ թուրքական կառավարությունն էլ ինչ—որ ժամանակ նոր մոտեցում որդեգրի։ Հիմա ես համոզված եմ՝ Թուրքիայի ղեկավարների ներկա սերունդը չէ, բայց գուցե ապագայում եթե նոր մարդիկ գան, այլ մտածելակերպ լինի։ Եվ երրորդ խնդիրը, իհարկե, հատուցումն է։ Հատուցման ձեւերը կարող են լինել տարբեր՝ բարոյական, քաղաքական, տնտեսական, բայց կան նաեւ տարածքային հատուցման որոշակի ձեւեր։
—Խնդիրն ավելի շատ տարածքային հարցն է բարդացնում։
—Դա բարդ խնդիր է, որը միջազգային իրավունքի տիրույթում է, եւ մենք պետք է շատ հետեւողականորեն գնանք այդ խնդրի լուծմանը։ Համոզված եմ, սա պահանջում է եւ կպահանջի ողջ հայության ուժերի լարում, ինտելեկտուալ, գիտական՝ ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլ նաեւ սփյուռքի։ Պետք է հասկանանք, որ մեր դեմ ունենք մի հակառակորդ՝ ի դեմս Թուրքիայի, որն ամեն կերպ խոչընդոտում է այդ հարցի լուծմանը։ Նաեւ նշեմ, որ Թուրքիայում, թերեւս, սրանից մոտ 18 տարի առաջ ստեղծվել է մի պետական հանձնաժողով, որը հատուկ զբաղվում է այն հարցերի ուսումնասիրմամբ, թե ինչպես կարելի է խոչընդոտել ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման խնդիրներին։ Եվ Թուրքիան իր այդ քաղաքականությունը վարում է պետական մակարդակով, դրա համար էլ պետք է Հայաստանի Հանրապետության եւ ամբողջ սփյուռքի ուժերը կենտրոնացնենք եւ ճանապարհներն ուսումնասիրենք իրավական դաշտում, թե ինչպես կարելի է հասնել Թուրքիայից հատուցում ստանալուն։
—Միայն իրավական դաշտում անցքեր, ելքեր գտնելը բավակա՞ն է, խնդիրը նաեւ ռեալ ուժի մեջ չէ՞։
—Շատ կարեւոր հարց եք բարձրացնում։ Բացի իրավական դաշտից, շատ կարեւոր է աշխարհաքաղաքական իրադրությունը, որովհետեւ, ի վերջո, իրավունքն արտացոլում է նաեւ այն իրադրությունը, որը տվյալ պահին կա, եւ մենք պետք է դա էլ հաշվի առնենք, կարող է մի այնպիսի աշխարհաքաղաքական իրադրություն լինի, որ ավելի բարենպաստ է այդ հարցը բարձրացնել կամ հակառակը։ Գիտենք, ուժը ծնում է իրավունք, բայց ուժի տարբեր դրսեւորումներ կան, պարտադիր չէ, որ ուժ լինի դիվիզիաներով, տանկերով եւ այլն։ Ուժը նաեւ փափուկ ուժն է, որին վերջին տարիներին սկսել են մեծ ուշադրություն հատկացնել։ Փափուկ ուժը տվյալ պարագայում մեր հազարամյա քաղաքակրթության հզորությունն է, չմոռանանք, որ Թրամփն իր ուղերձներից մեկում ապրիլի 24—ի կապակցությամբ հենց այդպես էլ նշեց՝ հայ ժողովուրդը, որը ստեղծել է հին աշխարհի ամենահզոր քաղաքակրթություններից մեկը։ Այսինքն, մեր հետեւում ունենք մի հզոր քաղաքակրթություն, մեր հետեւում ունենք քրիստոնեություն, որպես առաջին քրիստոնյա պետություն, ունենք մեր ժողովրդի աշխարհասփյուռ լինելու հանգամանքը։ Այսինքն, կան այնպիսի գործոններ, որոնք մեզ հնարավորություն են տալիս, այսպես ասած, մեր ուժն ավելացնել այդ փափուկ ուժի շնորհիվ։ Բայց մի հարցի վրա ես ուզում էի կանգ առնել. ի վերջո, հայկական հարց երեւույթը ցեղասպանության ճանաչմամբ, դատապարտմամբ եւ հատուցմամբ չի սահմանափակվում։ Հայկական հարցը հանդես է գալիս իր բացարձակ ձեւով, որպես հայոց պետականության վերականգնում մեր բնօրրանում՝ Հայկական բարձրավանդակում։ Կարծում եմ, որ մեր վերջնական նպատակը դա պետք է լինի։ Հայկական հարցի տարածքային խնդիրը պետք է փոխանցենք երիտասարդությանը, մենք գուցե չտեսնենք, բայց երիտասարդությունը, եթե համախմբվի եւ խնդիրն ավելի բարձր, գիտական մակարդակով դնի, ինչու չէ, կարող է որոշ հաջողությունների հասնել։ Ի վերջո, մենք ունենք 1920 թվական՝ Սեւրը, որով Արեւմուտքը լուծեց հայկական հարցը, տրամադրեց այդ տարածքը՝ Հայկական բարձրավանդակի մի զգալի մասը, որպես հայկական պետականության վերականգնման հիմնական տարածք։ Այնպես որ, կարող է իրադրությունը կրկնվել։ Պետք է քաղաքականապես ու գիտականորեն պատրաստ լինենք եւ կարողանանք մեր պահանջները ներկայացնել։ Համոզված եմ, որ մեզ ոչ ոք հենց այնպես չի հրամցնի, բայց իրադրություն է փոխվում, պետություններ են քայքայվում, մենք պետք է պատրաստ լինենք։ 20-րդ դարի սկզբում հայկական հարցը եղել է եվրոպական դիվանագիտության ամենակարեւոր խնդիրներից մեկը։ 1914 թ., ըստ էության, հինգ եվրոպական երկիր միացան, որ մինչ այդ նման բան չէր եղել, եւ պարտադրեցին, որ Թուրքիան ընդունի Արեւմտյան Հայաստանի՝ Թուրքիայի կազմից դուրս հանելու գործընթացի սկիզբը։ Այսինքն, ստեղծվում են հնարավորություններ։ Մի հանգամանք էլ նշեմ, որ ի տարբերություն 20-րդ դարի սկզբի, հիմա ունենք պետականություն, եւ սա սկզբունքորեն փոխում է ամբողջը։ Մեր պետականությունն է դառնում հիմնական պահանջատերը, հայ ժողովրդի ուժերի կենտրոնը, եւ հիմա հաջողության ավելի մեծ հնարավորություններ ունենք, քան 20-րդ դարի սկզբում էր։
Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ

28-04-2020





04-06-2020
Ծաղկուն այգի, բերք ու բարիք պարգեւող հայրենի կենարար հող
Նորաշենցիները հարազատ բնօրրանում իրենց ապահով ու վստահ են ...


04-06-2020
Մշակույթ. պատմական անցյա՞լ, թե՞ ներկա
Թույլ չտալ, որ համաշխարհային մշակույթի զինանոցում այսօր մեր ...


04-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 697, մահվան 6 նոր դեպք
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 697 նոր դեպք: Այս ...


04-06-2020
Պատուիր քո հօրը եւ մօրը
Սա է առաջին պատուիրանքը խոստմունքով։ Որ քեզ լաւ ...


04-06-2020
Որեւէ մեկը չի կարող կանխատեսումներ անել
Թե մեկ շաբաթ հետո վարակակիրների ինչ թիվ ենք ...


04-06-2020
Հայագիտական կենտրոնների հիմնումը
Կխթանի աշխարհում հայկականության տարածումը

Ռուսաստանի հայ համայնքի խնդիրների ...


04-06-2020
Հեղափոխությունը դարձնել ինստիտուցիոնալ, ձեռքբերումները՝ անշրջելի
«ՀՀ» օրաթերթը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային ...



04-06-2020
Այլընտրանքային էներգետիկա
Կամ՝ երբ հայացքդ ձգտում է դեպի ...

04-06-2020
Ոստիկանության բարեփոխումների գործընթացը թափ է հավաքում
Կփոխվի Հայաստանը ներկայացնող պարեկային ...

04-06-2020
Ինչու է վարակի տարածումն աճում
Պետք է ուժեղացնել երկրի սոցիալական ...

04-06-2020
ՀՖՖ-ն շարունակելու է ֆուտբոլային աջակցությունն Արցախին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակելու է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO