Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

04.06.2020
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Մարդ-ակադեմիան

Նրա շնորհիվ Նախիջեւանը մեր հայրենիքի ամենաուսումնասիրված տարածքներից է

Օրեր առաջ կարդացի Արգամ Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը՝ «Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ այսօր լույս տեսան իմ հերթական՝ «Մեզ պետք են մտքի զորավարներ»-ի երրորդ հատորը եւ «Նախիջեւանյան մտորումներ-էսքիզներ»-ի երկրորդ հատորը»։
Նա՝ մեկ մարդ, մե՛ն մի մարդ, ահռելի բեռը վերցրել է ուսերին եւ այդ բեռը սիրով, նաեւ պատվախնդրորեն տանում է ողջ կյանքի ընթացքում։ Նա հայագետ—նախիջեւանագետ Արգամ Այվազյանն է։ Կոչումներ չունի. ո՛չ գիտությունների թեկնածու է, ո՛չ դոկտոր է, ո՛չ էլ ակադեմիկոս... Եվ նա հիմք դրեց հայագիտության մի նոր ճյուղի՝ նախիջեւանագիտությանը։ 53 գրքի հեղինակ է, որոնք լույս են տեսել ոչ միայն Հայաստանում։ Որոշ գրքեր թարգմանվել են ռուսերեն ու անգլերեն։
Ծնունդով նախիջեւանցի է, դպրոցն ավարտելուց հետո՝ 1964—ին եկավ Երեւան։ Փորձեց բուհ ընդունվել, ծանոթացավ գրականությանը, գրքեր թերթեց։ Բայց զարմացավ. անգամ այստեղ՝ Հայաստանում, հայագիտության երախտավորներ Ղ. Ալիշանի, Ե. Լալայանի, Ս. Տեր—Ավետիսյանի եւ Գ. Հովսեփյանի աշխատանքներից զատ որեւէ քիչ թե շատ լուրջ հրապարակում չգտավ Նախիջեւանի մասին, նրա պատմության եւ մշակույթի մասին։ Մտավ հանրային գրադարան, մատենադարան, մտավ տարբեր արխիվներ եւ ուսումնասիրեց ինչ ձեռքն ընկավ։ Երեք տարի դուրս չեկավ այս հաստատություններից, ուսումնասիրեց ամենը, ինչ կապված էր Նախիջեւանի հետ։ Ուսումնասիրեց նաեւ հայագիտության տարբեր խնդիրներին առնչվող ոլորտները՝ ճարտարապետություն, քանդակագործություն, ազգագրություն եւ այլն։ Վերցրեց այն, ինչ անհրաժեշտ էր, որպեսզի սկսեր աշխատանքը։
Ու սկսեց. ձեռնարկեց Նախիջեւանի մշակույթի, հիմնականում՝ նյութական մշակույթի ուսումնասիրությունը։ Այնքան բան կար անելու Գողթան եւ հարակից գավառներում։ Այստեղ ամեն բնակավայր մշակութային իր պատմությունն ուներ։ Ու եղած ամեն արժեք ադրբեջանցու ոտքի տակ է. կոխկորտում են՝ ինչպես ուզում են, ոչնչացնում են՝ ինչպես կարողանում են։
Նա ինքն էլ այժմ չի հասկանում, թե ինչո՞ւ կյանքը կապեց այդ գործին։ Այդ ի՞նչ մղում էր։ Ի վերջո ոչ ոք նրան չէր ստիպում, նյութական առումով միայն ու միայն կորուստ էր։ Շարունակաբար ձգվող դժվարություններ էին, որոնք պետք է հաղթահարեիր քայլ քայլի հետեւից։ Նաեւ ամեն Աստծու օր վտանգվում էր կյանքդ ու ազատությունդ։ Պատկերացրեք՝ գնալ ու ադրբեջանցու քթի տակ հայկական հուշարձանները՝ վանքերը, եկեղեցիները, խաչքարերը հետազոտել, ուսումնասիրել, չափագրել, լուսանկարել։
Երբ այնքա՜ն զգոն Ադրբեջանը, որպեսզի հայերի ոտքը կտրեր, Նախիջեւանը հայտարերել էր սահմանային գոտի եւ մուտքն ու ելքն արել թույլտվությամբ։
Որքա՜ն միջադեպեր են եղել. արգելել են ամենակոպիտ միջոցներով, միլիցիա են տարել, ձերբակալել են, ձեռքից վերցրել են ուսումնասիրության արդյունքները։ Ինքն էլ բնորոշում է՝ իսկական հետախույզի աշխատանք էր իր արածը։ Հնարավոր չէր բնակավայրերում գտնվող որեւէ հուշարձանի առաջ տասը րոպեից ավելի կանգնել. անմիջապես գալիս էին ու բռնի հեռացնում։ Կրկին մոտենում էր՝ գաղտագողի, մի կերպ ու շարունակում կիսատ գործը։
Հիմա է զարմանում եւ չի կարողանում բացատրել, թե այդ ի՞նչ զգացում էր, որ իրեն մտցնում էր նման վտանգների մեջ։ Այդ ի՞նչ ռիսկ ու համարձակություն էր։ Իրոք, ինչո՞ւ գնաց ու սկսեց այդ գործն անել։ Հո չգիտե՞ր, մտքի ծայրով իսկ չէ՞ր կարող անցկացնել, թե մի օր կոչնչացվեն եղած հուշարձանները, ու, դրանց գոյության ապացույց որպես, սերունդների համար կմնան իր ուսումնասիրությունները, իր չափագրումներն ու արած լուսանկարները։ Նախախնամությո՞ւն էր։
Նա չգիտեր՝ ինչ է շաբաթ—կիրակին, չգիտեր՝ ինչ է արձակուրդը։ Հենց այդ օրերին էր թողնում Երեւանն ու սեփական միջոցներով հասնում Նախիջեւան ու սկսում աշխատանքը։ Այդպես՝ ողջ կյանքի ընթացքում, այդպես քանի դեռ կարող էր հայի ոտքը լինել Նախիջեւանում։
Ինչպես ասացինք, մինչ Արգամ Այվազյանը, Նախիջեւանը ամենաքիչ ուսումնասիրված մեր տարածքներից էր։ Խորհրդային ժամանակներում ոչ մի առիթ չպետք է տայիր ազգամիջյան հակասությունների։ Ուստի այդ տարիների մեր՝ թե ակադեմիական համակարգը, թե բուհական գիտական կենտրոնները ոչ մի աշխատություն, որեւէ լուրջ, թե մակերեսային ուսումնասիրություն չդրեցին սեղանին։ Նա ինքը՝ Արգամ Այվազյանը, մենակ ձեռնամուխ եղավ ու արեց այդ գործը։ Եվ այսօր, շնորհիվ նրա, Նախիջեւանը մեր հայրենիքի ամենաուսումնասիրված տարածքներից է։ Մանրակրկիտորեն հետազոտված են այս տարածաշրջանի պատմությունը, ազգագրությունը, նյութական մշակութային արժեքները՝ ճարտարապետություն, քանդակագործություն, որմնանկարչություն, վիմագրություն։ Հատ—հատ քարտեզագրվել են եկեղեցիները, գրչօջախները, ամեն խաչքար։ Եվ այս ամեն հետազոտությունները հրապարակվել են առանձին ամփոփ գրքերով։ Նա հաշվառել ու մեր սեղանին է դրել 27 հազար նյութական մշակութային հուշարձանի ուսումնասիրություն՝ լուսանկարներով եւ այլեւայլ պարամետրերով։ Վեցը հատորով ներկայացրել է միայն Նախիջեւանի վիմագրական ժառանգությունը. չորս հազարից ավելի արձանագրություններ է վերծանել ու հրապարակել։

«Անդրանիկի զորամասը»
Եթե անում ես գործը, եւ այն կարեւոր է ու անհրաժեշտ, ուրեմն ճանապարհն անպայման իրեն—իրեն կբացվի քո առաջ։ Այդպես էլ եղավ այս պարագայում։ Անգամ կոմունիստական խստաշունչ գաղափարախոսությունը փափկեց ու տեղի տվեց։ Եղան նաեւ ղեկավար—պաշտոնյաներ, որ վեր կանգնելով օրվա գաղափարախոսությունից, օգնեցին, որ նրա գործերը տպագրվեն եւ հասնեն ժողովրդին։
Այսօր էլ Արգամ Այվազյանը երախտագիտությամբ է հիշում նրանց։ Առաջին գիրքը, որ կոչվում էր «Նախիջեւանի պատմա—ճարտարապետական հուշարձանները», լույս տեսավ 1978—ին։ Գրքի ձեռագիրը «Հայաստան» հրատարակչությունում էր։ Ուշանում էր տպագրությունը։ Հետաքրքրվեց եւ պարզեց, որ դրանք հետ են տարել մամուլի պետական կոմիտե։ Գնաց այնտեղ՝ պարզելու ինչն ինչոց է։ Գլխավոր խմբագիրը, թե՝ գրքիդ ձեռագիրը խմբագրի մոտ է, տեսնենք՝ ի՞նչ է ասում։ Եկավ խմբագիրը՝ բանաստեղծ Հրաչիկ Սեւոյանը։ Գլխավոր խմբագիրը ներկայացրեց Արգամին։ Մեկ էլ այս անծանոթ մարդը՝ Հրաչիկ Սեւոյանը, մոտեցավ ու գրկեց նրան։ Ապա ասաց՝ դու քո այս գրքով Անդրանիկի զորամասն ես մտցնում Նախիջեւան։
Կամ ինչպե՞ս մոռանա Ալեքսան Կիրակոսյանին, երբ, անտեսելով օրենքներն ու գործող նորմերը, երկրի կառավարության ղեկավարի տեղակալը հրահանգեց հրատարակչությանը՝ տպագրել Արգամի գիրքն այնպես, «ինչպես հեղինակն ինքն է ուզում»։

Նա չգիտեր, բայց…
Ի՞նչ տեղի ունեցավ հետագայում. արդեն անկախացած Ադրբեջանը պարզապես մաքրեց Նախիջեւանը հայերից ու հայկական ամեն հետքից։ Չթողեց ոչինչ, ոը կարող էր վկայել, թե ովքեր են եղել այս հողի վրա ապրողները։ Եվ դա արեց հետեւողականորեն, համակարգված, քայլ—քայլի հետեւից։ Ավերեց, ոչնչացրեց, պայթեցրեց, քանդեց քրիստոնեական մշակույթի բոլոր նմուշները։ Հողը մաքրեց ու սրբեց ամեն հայկականից։ Ամայացավ մեր նախնիների՝ արվեստների այս երկրամասը՝ Գողթան եւ հարակից գավառները։
Իսկ իմանալու համար, թե ինչ էր նախիջեւանյան հողն իրականում, ասենք, որ մինչեւ 1919 թ. նրա քաղաքները, հատկապես Ագուլիսը Հարավային Կովկասի գիտամշակութային կենտրոններից էր։ Հիշատակություն կա, որ տարածաշրջանի առաջին դաշնամուրն հայտնվել է հենց այստեղ։ Կամ՝ Ջուղան հայտնի էր իր արհեստներով ու առեւտրական կապերով։ Պատահական չէր, որ Շահ Աբասը նրա բնակիչներին տարավ ու բնակեցրեց պարսկական հողում։ Հատկացրեց հողակտորներ, տվեց հարկային արտոնություններ, որ այնտեղ ստեղծեին այն, ինչին ունակ էին։ Ժամանակին նախիջեւանցիներն իրենց առեւտրական տներն ունեին աշխարհի տարբեր երկրներում ու քաղաքներում։ Իսկ Վենետիկում այսօր էլ պահպանված է «Ջուղայեցիների փողոց» անվանումը. աստեղ ապրում ու զարգանում էր ջուղայեցիների աշխույժ համայնքը։
Այնպես որ, մենք ընդմիշտ կորցրեցինք արգասաբեր այս հողի վրա ստեղծված նյութական մշակույթի ամեն արժեք. կորցրեցինք մեր ճարտարապետության, քանդակագործության նմուշները, վերացան որմնանկարները, մեր ժայռեղեն պատկերները։ 21—րդ դարի վանդալները բուլդոզերի բերանը տվեցին ու հնձեցին Հին Ջուղայի գերեզմանատան խաչքարերի անտառը։
Մենք այլեւս ոչինչ չունենք, որը կհավաստեր, որ այդ հողի վրա մե՛նք ենք ապրել։ Վե՛րջ։ Ամեն ինչ ավարտված է այլեւս։ Բայց…
Այս «բայց»—ի համար վերեւում խոսեցինք նախախնամության մասին։ Նախիջեւանյան հողի վրա մեր նախնիների ստեղծած մշակութային արժեքները կան… Արգամի հրատարակած գրքերում ու ալբոմներում։ Սա է արդեն մեր ունեցած կռվանը, մեր ձեռքի տակ եղած միակ վկայությունը, որն անպայման, եթե ցանկանանք, ունենալու է զենքի արժեք։ Մենք աշխարհի հետ, նաեւ հենց նույն վանդալների հետ այս գիրք—զենքերով կարող ենք խոսել միայն։
Արգամ Այվազյանը, ինչպես վերեւում ասացինք, չունի գիտական ոչ մի կոչում, չունի գիտական ծիրանի ու պատվված չէ հատուկ կոչումներով։ Նա մարդ է, ով լսել է իր խղճի ձայնն ու սրտի կանչը եւ գնացել դրանց ընդառաջ։ Ու ապրել է։ Պարզապես այդպես է ապրել։ Այժմ էլ է այդպես ապրում։ Այնպես որ, նա չպետք է լիներ ակադեմիայի մեջ, որովհետեւ ակադեմիան հենց ինքն է։
Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

14-05-2020





04-06-2020
Ծաղկուն այգի, բերք ու բարիք պարգեւող հայրենի կենարար հող
Նորաշենցիները հարազատ բնօրրանում իրենց ապահով ու վստահ են ...


04-06-2020
Մշակույթ. պատմական անցյա՞լ, թե՞ ներկա
Թույլ չտալ, որ համաշխարհային մշակույթի զինանոցում այսօր մեր ...


04-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 697, մահվան 6 նոր դեպք
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 697 նոր դեպք: Այս ...


04-06-2020
Պատուիր քո հօրը եւ մօրը
Սա է առաջին պատուիրանքը խոստմունքով։ Որ քեզ լաւ ...


04-06-2020
Որեւէ մեկը չի կարող կանխատեսումներ անել
Թե մեկ շաբաթ հետո վարակակիրների ինչ թիվ ենք ...


04-06-2020
Հայագիտական կենտրոնների հիմնումը
Կխթանի աշխարհում հայկականության տարածումը

Ռուսաստանի հայ համայնքի խնդիրների ...


04-06-2020
Հեղափոխությունը դարձնել ինստիտուցիոնալ, ձեռքբերումները՝ անշրջելի
«ՀՀ» օրաթերթը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային ...



04-06-2020
Այլընտրանքային էներգետիկա
Կամ՝ երբ հայացքդ ձգտում է դեպի ...

04-06-2020
Ոստիկանության բարեփոխումների գործընթացը թափ է հավաքում
Կփոխվի Հայաստանը ներկայացնող պարեկային ...

04-06-2020
Ինչու է վարակի տարածումն աճում
Պետք է ուժեղացնել երկրի սոցիալական ...

04-06-2020
ՀՖՖ-ն շարունակելու է ֆուտբոլային աջակցությունն Արցախին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակելու է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO