Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

30.05.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Արդարամտություն

Որքա՜ն դյուրին ենք «դատում ու դատավարում»... բայց ուրիշի վարքը

Զուր չէր Պարույր Սեւակն ասում, թե ամեն մեկս «մի քիչ» դատավոր է, թե մենք շարունակ «դատում ենք ու դատավարում»։ Իրոք, գրեթե ամեն քայլափոխի կամա-ակամա արձագանքում ենք հանրային կյանքի իրողություններին եւ հատկապես դատավորի «կարգավիճակով»։ Դատում ենք արդարացիի եւ անարդարացիի, օրինավորի եւ անօրինականի, պատշաճի եւ անհարիրի տեսակետից, քննադատում կամ գովաբանում, ընդունում կամ մերժում շրջապատի երեւույթները, մարդկային փոխհարաբերությունները, հանրային իրադարձությունները, պետական որոշումները...
Որքա՜ն հաճախ ենք լսում՝ «օրենքով դա սխալ է», «օրենքով ուրիշ կերպ պիտի լիներ» եւ այլն։ Երբեմն տվյալ իրադրության համար ոչ մի հատուկ օրենք էլ գոյություն չունի, ուղղակի խոսողը դիմում է իրերի ընթացքին, բանականությանը, ելնում է իր պատկերացումներից (ստույգ եւ թյուր) ու իրեն վերագրում դատավորի, իրավաբանի, օրենսգետի, երբեմն նաեւ... ամենագետի դեր։
Եվ սա ո՛չ բնավորության հարց է, ո՛չ էլ տրամադրության։ Իր իսկ էությամբ մարդ արարածը դատապարտված է իմաստավորելու եւ գնահատելու ամեն մի երեւույթ։ Մարդը իմաստավորող, ուրեմն եւ՝ գնահատող էակ է։ Ահա հենց շրջապատի երեւույթներին եւ իր իսկ «Ես»—ին տրվող գնահատականների մեջ վճռորոշ է անձի արդարամտությունը։ Վերջինս ավանդաբար մեկնաբանվում է որպես անձի այն հատկությունը, որի շնորհիվ նա երեւույթներն ու ինքն իրեն կարողանում է գնահատել ըստ արժանվույն՝ արդարացի։ Արդ, եթե «մի քիչ» դատավոր լինելը դատավարման դերն է, որ մարդիկ կատարում են հարատեւ, ապա արդարամտությունը դերակատարման որակի բնութագիրն է։
Արդարամտությունն անհրաժեշտ է ամենից առաջ իրեն՝ գնահատողին, սեփական վարքուբարքի սթափ գնահատման, զանազան հանրույթների մեջ իր տեղը համարժեք ըմբռնելու, իր վաստակի եւ վարձատրության, իրավունքների եւ պարտականությունների ներդաշնակման, տարատեսակ փոխանակային հարաբերություններում պատշաճության պահպանման համար։ Առանց արդարամտության հասուն զգացումի անձը ծվատվում է բարոյական բախումներից, ծայրահեղ եւ իրարամերժ դիրքորոշումներում տարուբերվելուց, ունակ չէ քննադատաբար վերաբերվել սեփական «Ես»—ին, անաչառ կերպով տեսնել իր սխալներն ու թերությունները։
Շատ մասնագիտությունների համար արդարամտությունն արհեստավարժության պարտադիր պայման է։ Ոչ արդարամիտ մարդուն հակացուցված է դատավորի կամ քննիչի աշխատանքը։ Իսկ ո՞վ գործ չունի մարդկանց հետ։ Արդարամտությունն անհրաժեշտ է ամենքին՝ բժշկին եւ ոստիկանին, մանկավարժին եւ մարզչին, դասախոսին եւ կառավարչին, խմբագրին եւ գրաքննադատին, քաղաքական գործչին՝ լինի իշխանավոր թե ընդդիմադիր... Բայց եթե մի պահ հիշենք բոլորիս առօրյա հաղորդակցումը, տհաճ իրավիճակները, անհանդուրժողական խոսքը, անցանկալի թյուրիմացություններն ու բախումները, ապա պիտի խոստովանենք, որ «ամենքս էլ մի քիչ» տառապում ենք արդարամտության պակասից։
Արդարամտության ձեւավորման մեջ կա, բնականաբար, փոխկապակցված երկու կողմ. անձը՝ իր ներաշխարհով, եւ արտաքին աշխարհը։ Հեգելը կարեւորում էր առաջինը. «Մարդը պետք է արդարամտորեն վարվի. սա բացարձակ պատվիրանն է, եւ այդ արդարությունն ամփոփված է նրա կամքի մեջ։ Դրանով իսկ մարդու ուշադրությունն ուղղված է իր ներքին աշխարհին, նա պարտավոր է զբաղվել իր ներքին աշխարհի դիտարկմամբ՝ թագավորո՞ւմ է արդյոք այնտեղ արդարությունը, բարի՞ է արդյոք իր կամքը»։
Իրոք, արդարամիտ ու արժանավոր մարդու մտածելակերպի եւ վարվելակերպի համար սա բացարձակ հրամայական է։ Վճռորոշը մարդու կամքն է, եւ չկա որեւէ առարկայական հանգամանք, որը կարդարացներ նրա անարժանապատիվ արարքը։ Ապավինել անձի վարքի կարգավորման լոկ արտաքին, առավելապես իրավական միջոցներին, առանց դրանք ներքնայնացնելու լուրջ փորձերի՝ փաստորեն նշանակում է խուսափել շիտակ արդարամտության ձեւավորումից, նպաստել բարոյական ձեւապաշտության տարածմանը, խթանել երկերեսանիության, կեղծավորության եւ այս բնույթի այլ արատների ծաղկումը։ Հենց սա է արմատն այն պարադոքսային վիճակի, որը դեռ հին չին փիլիսոփաներն են արձանագրել՝ «երբ շատանում են օրենքներն ու հրամանները, մեծանում է գողերի եւ ավազակների թիվը»։ Իսկ երբ Գուլիվերը հսկաների երկրի արքային պատմում է, թե Անգլիայում մի քանի հազար գիրք է գրված կառավարման արվեստի մասին, արքան խիստ զարմանում է՝ պատասխանելով, թե կառավարման ամբողջ արվեստը խարսխվում է մարդկային մի քանի հատկության վրա՝ առողջ միտք եւ դատողություն, արդարամտություն եւ գթասրտություն։
Իհարկե, ծայրահեղություններից հարկավոր է խուսափել. միայն անձի ներաշխարհի վրա կենտրոնանալը, առանց իրական կյանքի փոփոխությունների, նույնքան անպտուղ է, որքան լոկ քաղաքական իրավիճակի հեղափոխումը առանց անձի ինքնագիտակցության փոփոխմանն ուղղված նպատակասլաց ազդեցության։
Ծայրահեղություններից խուսափել է հարկավոր նաեւ անձի արդարամտության մեջ գիտելիքի եւ համոզմունքի դերերի ճիշտ գնահատման համար։ Մտածելակերպի եւ վարվելակերպի միասնության ապահովումն է շիտակ արդարամտության ձեւավորման հիմնական երաշխիքը։ Զուր չէր Արիստոտելը հակադրվում Պլատոնի—Սոկրատեսի բարոյական իդեալիզմին՝ պնդելով, որ մարդկային առաքինությունը չի կարելի նույնացնել գիտելիքի հետ։ Եթե բժիշկը նա է, ով քաջատեղյակ է բժշկական գիտությանը, ապա նույնը չէ առաքինության առումով. «Եթե որեւէ մեկը գիտե, թե ինչ բան է արդարությունը, ապա նա դեռ դրանով միանգամից արդարամիտ չի դառնա»։
Իհարկե, մեզ անհրաժեշտ է ոչ թե ինքնին իմացություն արդարացիի եւ անարդարացիի, վայելուչի եւ անվայելի, պատշաճի եւ անհարիրի մասին, այլ արդարամտություն՝ որպես մտքի, խոսքի եւ արարքի միասնություն։ Սակայն իմացությունը, գիտելիքը, որոշակի պատկերացումներն անխզելի են անձի վարքագծից, մեկը մյուսին չի կարելի հակադրել։ Չէ՞ որ Արիստոտելի նշած բժիշկը եւս, որքան էլ բազմագետ լինի ինքնին, բայց նրան շիտակ բժիշկ չենք համարի, եթե զուրկ է իր առաքելության գիտակցումից, եթե իր գերագույն պարտքը չի համարում հիվանդի կյանքի համար պայքարելը։
Միեւնույն ժամանակ, ամեն մի արդարացի արարք զուրկ չէ համապատասխան իմացական հիմքից։ Ահավասիկ, կենցաղային (նաեւ՝ հեռուստասերիալային) մի իրավիճակ. անձը տեսնում է, թե ինչպես փողոցում տասը հոգով մեկին ծեծում են։ Դիցուք նա, առանց երկար—բարակ մտածելու, նետվում է այդ մարդուն օգնության։ Սա արդարամիտ վարմունք է, կարծեք զուրկ դատողական հիմքից։ Արիստոտելը նման արարքը կանվաներ «չկշռադատված մղում», քանի որ այդ արարքը զուրկ է ճշմարիտ դատողություններից, ուստի թեպետ արդարացի արարք է, սակայն արժանի չէ դրվատանքի։ Դժվար է համաձայնել. չէ՞ որ արարքը վկայում է, որ անձը գիտե, որ տասը մեկի դեմ փոխհարաբերությունն անարդարացի է, անազնիվ։ Իսկապես «չկշռադատված մղումը» այն կլիներ, որ այդ մարդը միանար այն տասին (իսկ նման դեպքեր լինում են, մանավանդ եթե այդ տասի մեջ կան նոր մոտեցածի ընկերներից)։ Ո՛չ նման վարմունքը (որ կոնֆորմիզմի, «հոտային բնազդի» դրսեւորում է), ո՛չ էլ «կշռադատված» մղումը դեպի փախուստ, չխառնվելու դիրքորոշում եւ այլն բնավ գովելի չեն։ Մինչդեռ տվյալ պարագայում արտաքուստ, թերեւս, չկշռադատված մղումը եւ նմանօրինակ «անխոհեմ քայլերը» ոչ միայն ավելի առաքինի են, այլեւ ցուցադրում են արդարության հարցում մարդու համոզմունքը։
Արդ, արդարամտություն սերմանելու համար հարկավոր է նախ եւ առաջ տալ արդարության եւ անարդարության մասին պատկերացումներ։ Եթե երեխան անզուսպ ծիծաղում է վայր ընկած ընկերոջ վրա, նրան պետք է բացատրել, որ ընկածը ցավ է զգում։ Երեխան պետք է հասկանա նաեւ, որ մարդու վայր ընկնելու մեջ ծիծաղելի ոչինչ չկա։ Ավելի տխուր երեւույթ է, երբ դեռահասները հռհռում են հեռուստաէկրանին ցուցադրվող մարդկային տառապանքի վրա, անգամ համակրում դաժան արարքի հեղինակին, ընդօրինակում վարքը։ Ինքնին սա, իհարկե, բարդ հարց է, խուսափենք դրա պարզունակացումից (թեպետ այդ հանգամանքը ոչ մի կերպ չի արդարացնում կինոսադիզմի քարոզչության հանդեպ առկա հանդուրժողականությունը)։ Այնուամենայնիվ, չէ՞ որ այս երեւույթի հիմքում կրկին անգիտությունն է. դեռահասը չգիտե, թե ինչպե՛ս հասկանալ ցույց տրվածը, չգիտե, թե ո՛րն է արդարը, ո՛րը՝ անարդարը, չգիտե, թե ինչո՛ւ են առհասարակ ցուցադրվում մարդկային թե՛ տառապանքները, թե՛ դաժանությունները, չգիտե, թե ինչպե՛ս է իրականում հարկավոր դրանց հաղորդակից լինել։ Արդյոք արժե՞ զարմանալ, որ առավելապես համացանցային դաստիարակություն ստացող սերունդն աստիճանաբար զրկվում է ապրումակցման զգացումից, դառնում ավելի անհաղորդ եւ ցինիկ։
Այսօրվա մեր կյանքում առավել անցանկալի երեւույթներից է ցուցադրական—հաշվենկատ արդարամտությունը։ Անձը լռում է, երբ շրջապատում եղած անարդարություններն իրեն անձամբ չեն վնասում, սակայն արդարությունից է խոսում, բողոքում, գանգատվում է անարդարությունից, երբ արդեն հերթը իրեն է հասնում։ Նման դիրքորոշումը, իհարկե, հեռու է արդարության իրական զգացումից, սկզբունքային արդարամտությունից։ Առաջին տեսակը Հեգելը շատ դիպուկ անվանել է «անձնային ատելություն», «կույր ատելություն», երբ մարդը վրդովվում է անձամբ իրեն հասցված վիրավորանքից, իր իրավունքների սահմանափակումից եւ ձգտում է վիրավորողի դեմ շրջել այդկերպ խախտված իրավունքը։ Երկրորդ տեսակը «արդարացի զայրույթն» է, սկզբունքային դիրքորոշումը, երբ անձը ձգտում է պատժել վիրավորանք հասցնողին «ոչ թե իր՝ այդ անձի իրավունքների խախտման, այլ իր ըմբռնումների խախտման, պարտքի ըմբռնման խախտման համար»։ Ինքնին հասկանալի է, որ հենց այս երկրորդ տեսակի արդարամտության ձեւավորումը (նաեւ՝ հանրայնորեն տարածումն ու ամրապնդումը) պիտի լինի մեր նպատակը։
Իսկ առաջին տեսակը՝ «կույր արդարամտությունը», մեզ՝ հայերիս, ամենից շատ պատուհասող իրողությունն է։ Որքա՜ն հաճախ է մեր կյանքում խաղարկվում «մի կաթիլ մեղրի» ողբերգությունը. «Ո՞նց թե դու իմ շանը զարկե՜ս, // Դե, զարկելը հիմի դու տես...»։ Որքա՜ն արագ է սաստկանում մեր վիճաբանությունը եւ հանգեցնում դաժան հանգուցալուծման։ Որքա՜ն հեշտորեն ենք անցնում թույլատրելիի սահմանը՝ մեր, թեկուզ սիրելի ու հավատարիմ «շան» փոխարեն միանգամայն արդարացի ենք համարում մարդկային կյանք խլելը...
Ավարտին՝ մի հեքիաթ, որի մեջ մեզ են ներկայանում ինչպես ձեւական արդարադատությունը, այնպես էլ արդարամտության խեղված ըմբռնումը։ Մի գյուղում դարբինը մարդ է սպանում, դատավորն էլ մահապատժի վճիռ է կայացնում։ Գյուղացիք գալիս, ամբոխվում են դատավորի շուրջը եւ հայտարարում. «Մենք ընդամենը մի դարբին ունենք։ Եթե դու նրան մահապատժի ենթարկես, ապա ո՞վ է պայտելու մեր էշերն ու ջորիները։ Թող նրա փոխարեն մահապատժի ենթարկեն նպարավաճառին, նա մեզ այնքան էլ պետք չէ»։ Դատավորը միտք է անում ու պատասխանում. «Չէ՛, ինչո՞ւ սպանենք նպարավաճառին։ Նա էլ մեկն է։ Եկեք մահապատժի ենթարկենք բաղնիքի աշխատողներից մեկին. չէ՞ որ նրանք երկու հոգի են»։ Եվ այդպես էլ անում են։
Լավ կլիներ, իհարկե, որ իրական կյանքում էլ կայացվող շատ որոշումների այս աստիճանի անհեթեթ—ծաղրանկարային լինելը պարզիպարզո երեւար։ Բայց չէ՞ որ դա այս պահին է երեւում, քանի որ «կողքից» ենք դիտում։ Մինչդեռ որքա՜ն հաճախ բոլորս էլ հայտնվում ենք անարդար որոշում կայացնողի կամ դրան դրդողի կամ էլ հավանություն տվողի դերում։ Որքա՜ն դյուրին ենք, իրոք, «դատում ու դատավարում»... բայց ուրիշի վարքը, այլ ոչ մեր սեփականը։
Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ
Փ.գ.դ., պրոֆեսոր

19-05-2020





30-05-2020
Հայաստանում ներդրվում է համայնքային միասնական էլեկտրոնային կառավարման հարթակ
Կբարձրացվեն ՏԻՄ-երի աշխատանքների արդյունավետությունը եւ թափանցիկությունը

Ֆիզիկական եւ ...


30-05-2020
«Հայը լինի իր երկրին մեջ տերը, Հայը լինի իր ազատության տերը»
Դրոն հայոց պատմության էջերը հարստացրել է հաղթանակներով

Հայ ...


30-05-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 251 նոր դեպք, առողջացել է ևս 20 պացիենտ
Հայաստանում մայիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


30-05-2020
Ո՞րն է ճշմարտությունը։ Աստծո խոսքը
Ի՞նչը կարող է մեզ ազատագրել։ Աստծո խոսքը։ Ե՞րբ է ...


30-05-2020
Առանց կուսակցությունների զարգացման չկա ժողովրդավարություն
Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում ՏԻՄ ընտրություններում

4000 եւ ...


30-05-2020
Թանգարանի գիտական բաժինն անցել է աշխատանքի
Չի գործելու միայն ցուցադրության հատվածը

ԿԳՄՍ նախարարի հրամանով, ...


30-05-2020
Երեխաներին գնահատել է պետք գիտելիքով
Անցումը նոր համակարգին կնպաստի ինքնակրթության զարգացմանը

ՀՀ կրթության, ...



30-05-2020
«Մենք միակ ժողովուրդն ենք, որի գիրն ու կրոնը զուտ ազգային երեւույթներ են»
Ֆրանսահայ պատմաբան Կլոդ Մութաֆյանի հետ «ՀՀ»—ն ...

30-05-2020
Կարմիր գիրքը՝ բնական սահմանների խախտման ուղղակի ցուցիչ
Եվ համավարակի այս օրերին՝ բնության հետ ...

30-05-2020
Նորընտիր խորհրդարան-կառավարություն համագործակցությո՞ւն, թե՞…
2020 թ. փետրվարի 21-ին Իրանում տեղի ունեցան խորհրդարանի ...

30-05-2020
Չեմպիոնների չեմպիոնը կարող է որոշվել միասնական մրցաշարում
ՈւԵՖԱ-ն շարունակում է ուսումնասիրել եվրագավաթների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO