Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

30.05.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Ուրախանալն արվեստ է, ծիծաղելը՝ առավել եւս…

Արամայիս Սահակյանը վաղը՝ մայիսի 24-ին, կդառնար 84 տարեկան։ Հիշենք նրան, քանզի նրա բացակայությամբ էլ մեր կյանքից մի ուրույն, թավ գույն պակասեց։ Տարիներ առաջ կայացած այս զրույցը սիրով ներկայացնում ենք «ՀՀ» օրաթերթի ընթերցողների ուշադրությանը...
–Պարոն Սահակյան, Դուք հայտնի եք որպես գրող, հեղինակ եք բանաստեղծական բազմաթիվ ժողովածուների, բայց վերջին շրջանում առավելապես ստեղծագործում եք երգիծանքի ոլորտում։ Թողե՞լ եք լիրիկան։
–Ոչ մի բան էլ չեմ թողել։ Պարզապես ժամանակաշրջանը փոխվեց։ Եթե նախկինում բանաստեղծական գիրքը հրատարակվում էր 50 հազար տպաքանակով, վաճառքը տեւում էր 50 վայրկյան, ապա այսօր գրքերը տպագրվում են 100 օրինակով կամ ամենաշատը՝ 500 օրինակով եւ մնում են գրախանութներում։ Ոչ ոք չի կարդում, այդ թվում՝ չեն կարդում նաեւ դասականների գրքերը։ Մտածում եմ՝ իմ մահից հետո կկարդան եւ զարմանքով կասեն՝ ո՞նց էս մարդուն չենք ճանաչել…
–Դեպի երգիծանքը թեքվելու համար հատուկ հիմքե՞ր կային։
—Ես երբեք չեմ թեքվել, որովհետեւ երգիծանքը միշտ է հետս եղել՝ սկսած մանկության տարիներից։ Մեր դպրոցում տարածված էին իմ կատակները։ Նույնիսկ դպրոցական թեմայով պիեսներ եմ գրել։ Իսկ Երեւան գալուց հետո, երբ աշխատում էի «Գարուն» ամսագրում, ղեկավարում էի երգիծանքի բաժինը։ Մի դեպք պատմեմ. խմբագիրը՝ Վարդգես Պետրոսյանը, մեկի վրա զայրացել էր, որ հոդվածում Հայաստանի միայն մի գէս էր նշել, կարծեմ՝ Երեւանգէսը։ Ի՞նչ է, էլ ուրիշ գէս չկա՞, շուտ մեկ—երկու գէս էլ ասա,— գոռում ու պահանջում էր լրագրողից։ Ավելին՝ շարունակում էր՝ եթե ուրիշ գէսեր չթվարկես, աշխատանքից կհեռացնեմ։ Այդ մարդը՝ վախվորած, թե՝ Տաթեւգէս։ Էլի՛ թվիր, էլի՛,–պահանջում էր խմբագիրը։ Մարդն ուրիշը չգիտեր, խեղճացավ։ Ես էն կողմից շարունակեցի՝ Վարդգէս։ Բոլորն ուշաթափվեցին ծիծաղից, ու գործը փակվեց։ Երգիծական վիպակ էլ ունեմ, որը ժամանակին արժանացավ Լենինյան կոմերիտմիության մրցանակին։ Երբ Կարեն Դեմիրճյանի առաջարկությամբ նշանակվեցի «Ոզնու» գլխավոր խմբագիր, աշխատանքն ու իմ ներքին էությունը լիովին արդեն իրար համապատասխանեցին։ Պաշտոնը ստանձնելուց թերթի տպաքանակը 5 000 էր։ Մի քանի տարի անց հասավ 250 000—ի։
–Երգիծաբանը, ուզի թե չուզի, շատերին է, մեղմ ասած, նեղացնելու։ Բայց Ձեզ բոլորն էլ սիրում են…
–«Բոլորը» ասելը մի քիչ չափազանցված է։ Բայց մի բան հիշեմ. «ԶՈ«Ն«ՃՅն»—ի խմբագիրը երբ եկավ Հայաստան, վերադառնալուց հետո իր թերթում գրեց. «Երգիծաթերթի եզակի գլխավոր խմբագիր, որին բոլորը սիրում են»։ Որովհետեւ փողոցով երբ միասին անցնում էինք, ամեն տեսակի մարդիկ գրկում—համբուրում էին ինձ։ Նա զարմացած էր դրանից։ Մինչդեռ այդ տարիներին ես ի՛նչ ասես ու ո՛ւմ ասես որ չէի քննադատում. էլ մինիստրների, էլ շրջկոմի քարտուղարների… Գուցե պատճառն այն է, որ երբեք սուտ բան չե՞մ գրել, նաեւ՝ երբեք չե՞մ ցանկացել հոնքի տեղ աչքն էլ հանել։
–Ո՞նց եք վերաբերվում սեւ հումորին։
–Հիմնականում կողմնակից եմ, որ հումորի տակ թույն չլինի։ Եթե մեկը թույնով է գրում, նա երգիծաբան չէ։ Դու կարող ես անշուշտ շատ ուժեղ քննադատել, բայց եթե մեջդ մաղձ կա, արդեն արածդ այլ ժանրի գործ է։ Ես դեմ եմ երգիծանքի մեջ հայհոյանքին։ Հումորը պետք է նուրբ ու բարի լինի։ Մարդիկ նկատեն, որ դու ցավում ես իրենց թերության համար եւ ոչ թե չարախնդում։ Ծիծաղով ես փորձում դաստիարակել։ Ես իմ առաջ խնդիր եմ դրել զարգացնել հայ երգիծանքը եւ միաժամանակ մարդկանց լավատեսություն հաղորդել։
–Այժմ՝ մի դասական հարց. ի՞նչ է հումորը։
–Հումորը ապրելու եւ տառապանքներից փրկվելու լավագույն միջոցն է։ Այն փրկօղակ է։ Որովհետեւ մարդկության կյանքը տառապանքների պատմություն է, պատերազմների ու մահվան պատմություն է։
–Եթե Ձեր կողքի մարդը կամ զրուցակիցը հումորի զգացում չունի՞ …
–Այդպիսիները սկսում են կատակի մեջ տրամաբանություն փնտրել։ Զգում եմ, որ չեն հասկանում ինչն ինչոց է։ Ես խղճում եմ նրանց։
–Ասում են՝ երգիծաբանները տխուր մարդիկ են։ Նույնը Ձե՞ր մասին ասենք։
–Հիմնականում այդպես է՝ տխուր են։ Ես ճիշտ եմ, երբ մենակ եմ։ Մենակ ժամանակ ես շատ լավ մարդ եմ։ Շատ խոհուն, ամեն ինչ տեսնող, զգացող մարդ եմ։ Եվ գիտե՞ք՝ ամեն բան չէ, որ կարող ես ասել եւ պետք է ասես։ Պատկերացրեք՝ մեկի հետ երկար տարիներ ապրում ես, թերությունները գիտես, հո չպե՞տք է դրանց մասին բարձրաձայնես։ Ամեն մեկին ընդունիր իր թերություններով։ Ի վերջո աշխարհում անթերի մարդ չկա։ Գուցե դրանո՞վ է կյանքը հետաքրքիր։ Թե չէ պատկերացրեք՝ երկրագունդը հարթ է. նման կլիներ անապատի։
–Ամենքը չէ, որ ունեն սրամտելու ընդունակություն։ Դա ի՞նչ հատկանիշ է։ Ի վերջո ի՞նչ մղում է։
–Շատերն են անդրադարձել այդ խնդրին։ Հիմնականում նշել են, որ կատակը մեծ ինտելեկտի նշան է։ Մարդ պետք է այնքան ընկալունակ ու զարգացած լինի, որ կարողանա ըմբռնել ու հասկանալ երեւույթի նրբերանգները։
–Այս դեպքում տեղի՞ն է խոսել «լուրջի անլրջություն» արտահայտության մասին։
–Այո։ Ինձ համար աշխարհի ամենաանլուրջ մարդիկ նրանք են, ովքեր ասենք ժողովներին, նախագահության նիստերին շատ լուրջ դեմքով նստած են։ Ոմանց էլ թվում է, թե խելոքության նշան կլինի, եթե թթու դեմք ընդունեն։ Այն էլ ասեմ, որ շատ լուրջ լինելը վտանգավոր է։
–Մարդ ե՞րբ կարող է ինքն իրեն ծաղրել։
–Երբ ուժեղ է։ Թույլ մարդն ինքն իրեն երբեք չի ծաղրի։ Ավելին՝ ամեն հասարակ բանից նեղանում է։
–Իսկ երբ մարդ շատ լուրջ է ինքն իրեն վերաբերվո՞ւմ…
–Դա էլ է ծիծաղելի։ Որովհետեւ պետք է իմանա՝ եթե ինքն ուրիշների մեջ թերություն է տեսնում, այդ թերությունն իր մեջ էլ կա։ Ու պետք է ինքն իրեն շատ լուրջ չընդունի։
–Երգիծանքի ոլորտում ո՞վ է եղել եւ ո՞վ է դեռեւս մնում Ձեզ համար ուղեկից։
–Բոլոր մեծերը։ Իսկ առանձնապես՝ հրապուրել են Բրանիսլավ Նուշիչը, Ջերոմ Ք. Ջերոմը։ Պարոնյանի մասին չեմ ասում, որը մեծերի մեջ մեծ է։ Իմ իմացած ամենասրամիտ գրողներից է Վիլյամ Սարոյանը։ Նա, նկատելով ամեն ծիծաղելին, գրել է իր «Մարդկային կատակերգությունը»։
–Ինչպե՞ս եք գնահատում ժամանակակից հումորը։
–Նախ երգիծանքը պետք է տարբերենք քննադատությունից։ Ամեն մի երգիծանք քննադատություն է։ Բայց ամեն մի քննադատություն երգիծանք չէ։
Օրինակ՝ Ազգային ժողովը բոլորս քննադատում ենք։ Ասում ենք՝ այնտեղ միայն խոսում են, ոչ ոք ոչինչ չի անում եւ այլն։ Սա քննադատել է։ Բայց Աթաբեկ Խնկոյանը այդ նույն երեւույթի մասին խոսեց երգիծանքի լեզվով՝ գրեց «Մկների ժողովը»։ Մյուս վտանգն էլ այն է, որ տարածված, վաղուց տպագրված անեկդոտները բեմադրում են, ներկայացնում, ու՝ վերջ։ Բայց դա սեփական ասելիք չէ։ Նաեւ դեմ եմ այն երգիծանքին, որի մեջ կա գռեհկաբանություն։ Ճգնում են հանդիսատեսին գրավել գռեհիկ խոսքերով, ժարգոնային արտահայտություններով։
–Ժամանակակից սերունդն ա՞յլ բանի վրա է ծիծաղում։
–Ինչ որ մատուցում ես, դրան էլ սովորում են։ Սակայն հարցն այլ շերտ էլ ունի։ Գլոբալացում կոչվածը նպատակ ունի իջեցնել բոլոր ազգերի մակարդակը։ Ինչո՞ւ պետք է հայերն ուժեղ մշակույթ ունենան։ Ձգտում են ժողովուրդների գիտակցականության նշաձողն իջեցնել, որ հեշտությամբ նրանց իշխեն։ Միաժամանակ մի բան էլ կա. ինչը հեշտ է՝ շուտ ընկալելի է։ Նաեւ՝ մարդիկ ժամանակ չունեն խորանալու հարցերի մեջ, հաճույքով վերցնում են հեշտը, դյուրինը։ Օրինակ՜ եթե երկու գիրք է դրված, մեկի վերնագիրը՝ «Բարություն», մյուսինը՝ «Բռնաբարություն», վերջինը կառնեն։ Օգտվելով այս հանգամանքներից, դրսից բերում եւ իրենց պրիմիտիվ մշակույթը փաթաթում են մեր վզին՝ այդ սերիալները, դաժանություն քարոզող ֆիլմերը…
–Հայի հումորն առանձնահատկություն ունի՞։ Մենք առավելապես ինչի՞ վրա ենք ծիծաղում։
–Ամեն ժողովուրդ ունի իր առանձնահատուկ հումորը։ Օրինակ, եթե ֆրանսիացին ընկերոջն ասի՝ գիտե՞ս, քո կինը մեր երկուսին էլ դավաճանում է, նրանք կծիծաղեն։ Հայի համար դա կարող է եւ հասկանալի չլինել։ Ավելին՝ տարբերություն կա հայաստանցի հայի եւ սփյուռքահայի միջեւ. այն միջավայրը, ուր ապրում են, իրենն ասում է։ Լեզվական նրբություններն էլ են էական։
–Մեր ժողովրդի առանձին հատվածներ եւ՞ս տարբերվում են այդ առումով։
–Այո։ Մենք ունենք մոտ մի յոթը հումորի կետ։ Օրինակ՝ վանեցիները։ Ընդ որում ասեմ՝ մենք չկարողացանք նրանց հումորը հասանելի դարձնել աշխարհին, բայց որտեղից որտեղ հայտնվեցին գաբրովցիները, դրանք սեփականեցին ու տպագրեցին—տարածեցին աշխարհով մեկ։ Դեռ միլիարդների եկամուտ էլ ստացան։ Կամ՝ քյավառցիները ծաղրում են հարբեցողությունը։ Լոռեցին դա երբեք չի անի։
Սրանք էլ աչքի են ընկնում իրենց միամտությամբ. անտառում մեծացած, կենդանիների հետ շփված մարդիկ են։ Գյումրեցիները եւս բոլորովին տարբերվում են մյուսներից. նրանց հումորին բնորոշ է մեծախոսությունը։ Տեսեք պատին փակցված թուղթը, որի վրա կանայք իմ ծննդյան 60—ամյակի առթիվ 60 համբույր են դրոշմել։ Ներքեւում համբույրներից մեկը շատ է մեծ։ Դա գյումրեցու համբույր է։ Կամ՝ ապարանցիները։ Ես Ապարան քաղաքում ոչ մեկին չգիտեմ, որ տանն ավանակ պահի։ Բայց տեղյակ ենք՝ իրենց ինչ են ասում։ Ինչու՞ են ասում։ Որովհետեւ Բաշ—Ապարանի կռվի ժամանկ էշերով ուտելիք են տեղափոխել ռազմաճակատ։ Մթերքին սպասողները իրար հարցրել են՝ էշերը չեկա՞ն։ Ու այդպես էլ կպել—մնացել է։ Ղարաբաղցիներն էլ ասում են՝ մենք որ էշ էինք, դուք ու՞ր էիք։
–Ընդհանրապես հայը տխո՞ւր մարդ է։
–«Կիկոսի մահը» կարդացել ես, չէ՞։ Հայը չեղած տեղից այնպիսի ողբերգություն կսարքի…։ Իհարկե, մեր պատմությունը տառապանքի էջեր շատ ունի։ Բայց անկախ դրանից սիրում ենք, էլի, հաճախ լաց լինել։
–Այսինքն՝ ծիծաղելը, սրտանց ուրախանալը տաղանդ է, արվեստ է։
–Մե՛ծ արվեստ է։ Ընդհանրապես ամեն ինչ արվեստ է։ Ապրելն արվեստ է։
Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

23-05-2020





30-05-2020
Հայաստանում ներդրվում է համայնքային միասնական էլեկտրոնային կառավարման հարթակ
Կբարձրացվեն ՏԻՄ-երի աշխատանքների արդյունավետությունը եւ թափանցիկությունը

Ֆիզիկական եւ ...


30-05-2020
«Հայը լինի իր երկրին մեջ տերը, Հայը լինի իր ազատության տերը»
Դրոն հայոց պատմության էջերը հարստացրել է հաղթանակներով

Հայ ...


30-05-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 251 նոր դեպք, առողջացել է ևս 20 պացիենտ
Հայաստանում մայիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


30-05-2020
Ո՞րն է ճշմարտությունը։ Աստծո խոսքը
Ի՞նչը կարող է մեզ ազատագրել։ Աստծո խոսքը։ Ե՞րբ է ...


30-05-2020
Առանց կուսակցությունների զարգացման չկա ժողովրդավարություն
Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում ՏԻՄ ընտրություններում

4000 եւ ...


30-05-2020
Թանգարանի գիտական բաժինն անցել է աշխատանքի
Չի գործելու միայն ցուցադրության հատվածը

ԿԳՄՍ նախարարի հրամանով, ...


30-05-2020
Երեխաներին գնահատել է պետք գիտելիքով
Անցումը նոր համակարգին կնպաստի ինքնակրթության զարգացմանը

ՀՀ կրթության, ...



30-05-2020
«Մենք միակ ժողովուրդն ենք, որի գիրն ու կրոնը զուտ ազգային երեւույթներ են»
Ֆրանսահայ պատմաբան Կլոդ Մութաֆյանի հետ «ՀՀ»—ն ...

30-05-2020
Կարմիր գիրքը՝ բնական սահմանների խախտման ուղղակի ցուցիչ
Եվ համավարակի այս օրերին՝ բնության հետ ...

30-05-2020
Նորընտիր խորհրդարան-կառավարություն համագործակցությո՞ւն, թե՞…
2020 թ. փետրվարի 21-ին Իրանում տեղի ունեցան խորհրդարանի ...

30-05-2020
Չեմպիոնների չեմպիոնը կարող է որոշվել միասնական մրցաշարում
ՈւԵՖԱ-ն շարունակում է ուսումնասիրել եվրագավաթների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO