Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

30.05.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Գոհար Գասպարյան. անփոխարինելին ու անզուգականը

Ասում են՝ անփոխարինելի մարդ չկա. սա ամենաբարբարոս արտահայտությունն է, որ լսել եմ երբեւէ։ Աշխարհում կան մարդիկ, ովքեր ավելորդ են, սպառնալիք, ովքեր փչացնում են կյանքը, որոնցից ազատվելը մահու չափ անհրաժեշտ է, եւ Աստված չանի, որ նրանց փոխարինողներ գտնվեն, ու կյանքը դառնա ողբերգությունների անվերջանալի շղթա, թեեւ այդպես էլ կա, սակայն կյանքն այնքան էլ դաժան չէ մարդկության հանդեպ, որքան թվում է, քանզի ժամանակ առ ժամանակ հայտնվում են լուսավոր էակներ, որ, փայլատակելով գորշ ամպերի մեջ, ցրում են մռայլը եւ գեղեցկացնում կյանքը, առօրյան...
Նրանց հեռանալուց հետո գոյանում է մի մեծ վիհ, որ ամենեւին էլ չի լցվում նույն տարողությամբ, նույն կերպ, նույն գեղեցկությամբ ու վեհությամբ, ու նրանց պակասը զգացվում է միշտ, պակասը, բայց ոչ երբեք բացակայությունը... Մարդիկ, ում անհրաժեշտությունը, գուցե եւ անկռահելի է, քանի չեն ծնվել ու չեն հայտնվել, սակայն հայտնվելուց հետո այլեւս երբեք չեն բացակայում մեզանից. նրանց գոյությունը օդուջրի պես դառնում է անհրաժեշտ, քանզի նրանք են էություն պարգեւում գոյությանը եւ սեր արթնացնում անընդհատ մեր ձեռքից փախչող կյանքի հանդեպ. նրանք նման չեն ոչ ոքի, տարբեր են ու անփոխարինելի, նրանց տեղը միշտ թափուր է մնում իրենցից հետո, եւ միակ բանը, որ կարող է զբաղեցնել այդ տեղը, կարոտն է, կարոտը այն ամենի հանդեպ, ինչով նրանք հագեցրել են կյանքն ու մեր առօրյան, իմաստավորել զգացմունքները…
Լսել այնպիսի մի ձայն, ինչպիսին Գոհարի ձայնն էր, նույնն է թե ձուլվել բնությանն ու սեփական էությանը... Կատարողական այն արվեստը, որին տիրապետում էր նա, անհնար է սովորել ու յուրացնել, անհնար է լինել դարձյալ մի Գոհար, սակայն ի՜նչ բախտավորություն, երբ կարելի է, գոնե, հաղորդակից լինել նրան, այն կատարելությանը, որ կոչվում է արվեստ։
Մայիսի 16—ը Գոհար Գասպարյանի հիշատակի օրն է (մահացել է 16 մայիսի 2007 թ., ծնվ.՝ 14 դեկտեմբերի 1924 թ.), սակայն ի՞նչ են տարեթվերը՝ նրանց միջեւ ընկած կյանքի համեմատ… Չգիտես ինչո՞ւ, սովորություն է դարձել մեծերին հիշել հատկապես տարեթվերով, այն էլ՝ հոբելյանական, մի տեսակ պարտավորության պես, կարծես թե արդարացնելով նրանց մասին հիշողությունը...
Ինձ վիճակվել է Գոհար Գասպարյանին տեսնել շատ մոտիկից, ավելի մոտ, քան կարելի է համարել այսպես կոչված՝ սոցիալական տարածությունը։ Ներկայացումը չեմ հիշում, բայց ընդմիջմանը, ճեմասրահում, հանդիպեցի նրան՝ երկրպագուներով եւ ամուսնու ուշադրությամբ շրջապատված. դա ավելին էր, քան ներկայացումը, որին ինքը չէր մասնակցում եւ որի հանդիսատեսն էր, ինչպես իրեն շրջապատողները։ Հիշում եմ նրա պայծառ ժպիտն ու կախարդիչ աչքերի խորաթափանց, ներս մխրճվող հայացքը, խորունկ մի աշխարհ, որ ճառագայթում էր իմաստնությամբ ու բարությամբ, եւ ոչ մի դերասանական ժեստ, խաղարկային ոչ մի կեցվածք եւ ոչ մի մեծամտություն, սեր եւ միայն սեր՝ փոխադարձ, ուրախություն ու հրճվանք. նա՝ հանդիսատեսի հանդեպ, հանդիսատեսը՝ նրա։ Չէի ասի, թե նա արտաքին՝ բեմական «չափանիշներով» տվյալներ ուներ, ինչի տակ սովորաբար թաքնվում են անտաղանդները՝ պատսպարվելով արտաքին փայլի տակ։ Ճեմասրահում շատերն էին փայլփլուն հագնված ու սիրամարգի կեցվածքով վզները երկարած՝ սեփական անձի կարեւորության գիտակցումով, սակայն բոլորի ուշադրության կենտրոնում միայն նա էր՝ հազվագյուտ գոհարը, որ զարդարում էր ոչ միայն հայկական, այլեւ համաշխարհային երգարվեստի գագաթը, ու նրան մոտիկից, այդպես տեսնելը, հաղորդակից լինելը այն աուրային, որ ճեմասրահը մի այլ լույսով էր ողողել, հաջողության գրավական էր նրա արվեստով ապրողների համար։
Հավանաբար, այդ օրվա ներկայացումը՝ օպերայի եւ բալետի թատրոնում, դիտարժան էր ու նաեւ այնքանով, որքանով հանդիսատեսների մեջ էր եւ համաշխարհային մեծության աստղը՝ քնարակոլորատուրային սոպրանո, բելկանտո ոճի խոշորագույն վարպետներից մեկը, ով կարեւորում էր ոչ միայն բեմում հանդես գալը, այլեւ հանդիսատես լինելը, եւ, այնուամենայնիվ, հիշողությանս մեջ տպավորվել ու ապրում է հենց նրա՛ պատկերը՝ դահլիճից ու բեմից դուրս, այդ հազվագյուտ տաղանդի մարդկային կերպարը՝ ոչ միայն սեփակա՛ն տաղանդին վստահող ու հավատացող, այլեւ ստեղծագործական հավատ ներշնչող, աննախանձ ու կամեցող, ոչ միայն կատարող, այլեւ ուսուցիչ, ում հանդիսատեսը հետաքրքրում էր ոչ միայն որպես ծափահարող, այլեւ հասարակական խնդիր, ում մասին պետք էր նաեւ հոգալ, նրա հետ լինել ակտիվ փոխհարաբերությունների մեջ, լսել նրան... Նա ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր էր, եւ որքան էլ խորհրդանշական լիներ այդ դերը, նրա եւ նրա նմանների ներկայությունը այդ խորհրդարանում, վկայում էր այն ժամանակվա արժեքային համակարգի բարձրության մասին, ինչը ուղենիշ եւ օրինակ էր հասարակության համար...
Փողն ու հարստությունը, որ այսօր այնքան քարոզվում են մեր հասարակության մեջ, նորություն չեն եղել ու չեն որեւէ ժամանակի համար, սակայն չեն եղել այնքան առաջնային ու որոշիչ, որքան մեր օրերում։ Այսօր մեր ոտքերի տակից սահում է իրական մշակույթը, անտեսվում, անգամ հեգնանքի ու ծաղրի առարկա դառնում, ինչը շատ վտանգավոր է եւ սպառնում է առողջ հասարակություն ունենալու համակարգին, որը պետության կայացման ամենաորոշիչ գործոնն է։ Գուցե հենց այս գիտակցությունն էր ստիպում մեծանուն երգչուհուն՝ չնայած իր մասնագիտական այնքան զբաղվածությանը, զբաղվել նաեւ քաղաքական ու հասարակական գործունեությամբ՝ իր ներկայությամբ կարեւորելով հասարարակական—բարոյական մթնոլորտը։
Նրան երկրպագում էր ոչ միայն սովորական հանդիսատեսը, հարգում ոչ միայն ուսանողները, այլեւ հպարտանում էին հանրահայտ մեծությունները, ինչպես ռուս անվանի երգչուհի Իրինա Արխիպովան, որ գնահատելով նրան, ասում է. «Մինչեւ Գոհար Գասպարյանը մեր երկրում չգիտեին, թե ինչ է կոլորատուրային սոպրանոն»։ Թե երգարվեստի ինչ դիապազոնի էր տիրապետում Գոհար Գասպարյանը, դիպուկ նկատել է մեկ այլ տաղանդավոր երգչուհի՝ Զարուհի Դոլուխանյանը. «Նման տիտաններ, ինչպիսին Գոհար Գասպարյանն է, ծնվում են հարյուր տարին մեկ։ Համաշխարհային դասականների ամենաբարդ գործերը, որոնք, թվում է, անհնար է կատարել, գասպարյանական մեկնաբանությամբ նոր կյանք են ստանում։ Գոհարը վոկալային աստղ է»։ Ամենահետաքրքիրը, իհարկե, ես կասեի՝ գրականը, Իսահակյանի բնորոշումն է. «Թռչունները Գոհար Գասպարյանին սովորեցրել են երգել, իսկ նա թռչուններին՝ ծլվլալ»։ Բնության հետ ներդաշնակ, նրանից վերցնող ու վերադարձնող, հոգու ելեւէջներով երանգավորվող ձայն, որ ոչ միայն պատկերներ է բացում, այլեւ կերպավորում՝ արարելով ներաշխարհային սքանչելիք։
Գոհար Գասպարյանին ներկայացնելու համար էպիտետներ պետք չեն. յուրաքանչյուրը, ով լսել է նրան, ապրել նրա արվեստով, այդ արվեստի բացատրության կարիքը, թերեւս, չի զգում, եւ միայն կարոտն է, որ ունակ է բացատրել այն, բացատրել սերը այն արվեստի հանդեպ, որ պարուրում է էությունը բնական ու անխարդախ զգացումներով։ Այդպես էլ ՀՀ—ում ՌԴ առաջին դեսպան Վլադիմիր Ստուպիշինն է բնորոշում այն՝ ոչ միայն դիվանագիտորեն, այլեւ որպես մշակութային անհերքելի փաստ. «Երգում է Գոհար Գասպարյանը. 1950—ականներին եւ հետագայում այս խոսքերը շատ բան էին նշանակում եւ հասկանալի էին օպերային արվեստին ծանոթ խորհրդային ցանկացած մարդու»։ Ես կասեի՝ ոչ միայն խորհրդային, այլեւ աշխարհի շատ անկյուններում, որոնց բեմերը բախտ են ունեցել հյուրընկալել մեծանուն երգչուհուն, ով հրաշալիորեն ու անզուգական կատարել է համաշխարհային գլուխգործոցներ, ինչպիսիք Բախի, Հենդելի, Մոցարտի, Շտրաուսի, Գրիգի, Ռեյնհոլդ Գրիերի, Ռախմանինովի, Չայկովսկու, իտալացի կոմպոզիտորների գործերը։ Իսկ հայ հոգեւոր երաժշտությունն ու Կոմիտասը առանձնահատուկ տեղ ունեին այդ շարքում»։
Հիշել Գոհար Գասպարյանին, նշանակում է վերադառնալ մշակութային այն դաշտը, որ հագեցած է մարդկային բարձր զգացմունքներով ու սիրով, եւ մշտապես մնալ այնտեղ...

Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

23-05-2020





30-05-2020
Հայաստանում ներդրվում է համայնքային միասնական էլեկտրոնային կառավարման հարթակ
Կբարձրացվեն ՏԻՄ-երի աշխատանքների արդյունավետությունը եւ թափանցիկությունը

Ֆիզիկական եւ ...


30-05-2020
«Հայը լինի իր երկրին մեջ տերը, Հայը լինի իր ազատության տերը»
Դրոն հայոց պատմության էջերը հարստացրել է հաղթանակներով

Հայ ...


30-05-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 251 նոր դեպք, առողջացել է ևս 20 պացիենտ
Հայաստանում մայիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


30-05-2020
Ո՞րն է ճշմարտությունը։ Աստծո խոսքը
Ի՞նչը կարող է մեզ ազատագրել։ Աստծո խոսքը։ Ե՞րբ է ...


30-05-2020
Առանց կուսակցությունների զարգացման չկա ժողովրդավարություն
Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում ՏԻՄ ընտրություններում

4000 եւ ...


30-05-2020
Թանգարանի գիտական բաժինն անցել է աշխատանքի
Չի գործելու միայն ցուցադրության հատվածը

ԿԳՄՍ նախարարի հրամանով, ...


30-05-2020
Երեխաներին գնահատել է պետք գիտելիքով
Անցումը նոր համակարգին կնպաստի ինքնակրթության զարգացմանը

ՀՀ կրթության, ...



30-05-2020
«Մենք միակ ժողովուրդն ենք, որի գիրն ու կրոնը զուտ ազգային երեւույթներ են»
Ֆրանսահայ պատմաբան Կլոդ Մութաֆյանի հետ «ՀՀ»—ն ...

30-05-2020
Կարմիր գիրքը՝ բնական սահմանների խախտման ուղղակի ցուցիչ
Եվ համավարակի այս օրերին՝ բնության հետ ...

30-05-2020
Նորընտիր խորհրդարան-կառավարություն համագործակցությո՞ւն, թե՞…
2020 թ. փետրվարի 21-ին Իրանում տեղի ունեցան խորհրդարանի ...

30-05-2020
Չեմպիոնների չեմպիոնը կարող է որոշվել միասնական մրցաշարում
ՈւԵՖԱ-ն շարունակում է ուսումնասիրել եվրագավաթների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO