Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

04.06.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Տիեզերքը շշնջացել է վարպետի շուրթերով

Մայիսի 24-ին ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանը կդառնար 97 տարեկան... Որտեղի՞ց է սկսել նկարիչ Հակոբ Հակոբյանը, որտեղի՞ց է գալիս նա՝ պատմության նախահիմքի՞ց, երբ մարդն առանձնացավ իր շրջապատից ու հայտ ներկայացրեց դառնալու բնության բարձրակարգ արժեքը։ Ավելին. դրա միջոցով նաեւ՝ արարիչը երկրի վրա։ Եթե Աստված երկնքում է, նա էլ, Տիրոջ նույն պատկերն ունենալով, նրա իսկ օրինակով ստեղծում—ստեղծագործում է Երկրի վրա։
Խնդրեմ՝ «Տերը» նկարը. սովորական մի մարդ է, անգամ՝ մեր օրերի հագուստով, բանվոր մի մարդ։ Իսկ շուրջը խառնակ, թափթփված վիճակ է, որ հիշեցնում է նախասկզբնական քաոսը։ Ամենուրեք քարեր են, քարի կտորտանքներ են՝ այս կողմ, այն կողմ։ Մարդը, նստած դրանցից մեկին, նայում է շուրջը ու, ըստ երեւույթին, պատրաստվում է կառույցը սկսելու կամ, կարող ենք եւ ասել, կարգ ու կանոն մտցնելու շուրջը։ Նա ստեղծելու, արարելու է։
Եվ ի՞նչ է ասում նկարիչը. յուրաքանչյուր մարդ իր կյանքի ընթացքում կրկնո՞ւմ է Աստծուն. անցնում է նույն Նրա ճանապա՞րհը, իհարկե, արդեն այլ հանգամանքներում եւ այլ չափերի ու ծավալների մեջ։ Ընդամենը մեկ—երկու աշխատանքներ են Արարչի եւ արարչագործության թեմատիկայով, բայց այդ մեկ—երկուսն էլ ամբողջացնում են արվեստագետի պատկերացումները, ու դու կարողանում ես քո եզրակացությունն անել։ Աստված նկարչի համար, համենայնդեպս՝ իմ ընկալմամբ, վերացական, հեռուներին միտված գաղափար չէ։ Այն մեր ամենօրյա կյանքում է եւ կարեւոր դեր է խաղում նրանում։ Միայն թե՝ նկատես, տեսնես։
Իսկ եթե տեսար, եւ եթե համարձակությունդ էլ բավեց՝ մոտենաս նրան։ Ահա «Խումբը» նկարը։ Հավաքված—կանգնած են մարդիկ՝ տղամարդ եւ կին։ Բոլորն էլ կանոնիկ հագ ու կապով են, հիմնականում՝ ձիգ կոստյումներով։ Նրանք տեսնում են հեռվում կանգնած միայնակ հովվին, բայց չեն զորում մոտենալ նրան կամ պարզապես չեն ուզում մոտենալ։ Իսկ հովիվը, շուռ եկած, նրանց է նայում։

Ինչո՞ւ աշխատանքային գործիքներ

Ես ինձ համար փորձում եմ բացահայտել, թե ինչո՞ւ հե՛նց աշխատանքային գործիքներ, եւ տղամարդն ու կինը ի՞նչ են անում այստեղ՝ նրանց կողքին։ Որովհետեւ «Գործիքների աշխարհում» խորագիրը կրող բաժնում ամենը պտտվում է այս գաղափարների շուրջ։ Հենց այդ բառով՝ «գաղափարներ» կոչենք. կանայք ու տղամարդիկ չկան, ընդհանրապես՝ մարդը չկա, չի երեւում։ Ընդամենը կանացի եւ տղամարդու հագուստներ են, կամ էլ կինը մանեկեն է, տղամարդը՝ կառուցվածք, առանձին դետալների համակցում։ Այսինքն՝ նրանք գաղափարներ են, կամ էլ՝ ընդհանրական տղամարդ եւ կին։ Այսինքն՝ խորհրդանիշներ են։ Իսկ ի՞նչ են խորհրդանշում։
Ամբողջությամբ այս կերպարները լուծված են տիեզերական ընկալումների մեջ։ Եթե առավել մանրամասնենք՝ մարդը հանդես չի գալիս առանձին, նա տիեզերքի մեջ է եւ, ինչպես նկարիչն ինքն էր «ասում», տիեզերքի հիմքում է դրված։ Տիեզեքի ստեղծման, արարչագործության գործիք է։ Գործիք լինելով՝ նաեւ արդյունք է։
Բայց մարդն էլ է արարում, մարդն էլ է ստեղծում. ստեղծում է գործիքներ եւ արարում հենց նրանց միջոցով։ Այսինքն՝ գործիքն էլ մարդու արարչագործության միջոցն ու միաժամանակ արարչագործության արդյունքն է։ Եթե մի փոքր հեռուն գնանք՝ Մարդը գործիք է, նա Աստծո գործիքն է։ Ավելին՝ տղամարդն ու կինը, նրանց երկմիասնությունը հենց բնությունն է։
Ահա մի նկար եւս. կոչվում է «Գիշեր—ցերեկ»։ Գրկված տղամարդ ու կին են։ Հասկանալի է՝ ինչպիսին են. հագուստներ են. տղամարդը սեւ «հագուստովն» է, կինը՝ սպիտակ։ Քիչ այն կողմ մյուս նկարն է, որը կոչվում է «Օրը»։ Նույն պատկերներն են, նույն տղամարդն ու կինն են, էլի՝ գրկված։ Բայց մի քիչ թեքված են, նշանակում է՝ արդեն օրը բացվում է։
Ահա՛ մյուս երկու նկարները. առաջինում տղամարդիկ են կնոջն առեւանգել։ Նրան առել են իրենց մեջ ու պար բռնած ցատկոտում են շուրջը։ Հաջորդ նկարում արդեն կինն է տղամարդուն առեւանգել։ Տղամարդը գետնված է, իսկ կին—մանեկենը պառկած է նրա վրա։ (Ինչո՞ւ են տղամարդն ու կինը տարբեր վարքագծեր դրսեւորում նույն իրավիճակներում կամ սեփական «զոհերի» հանդեպ, չեմ կարող ասել)։ Այսինքն՝ հավասարարժեք են նկարչի համար տղամարդը եւ կինը։ Նրանք կյանքի երկու սկիզբն են։

Սառը մետաղն ինքը կենսականությունն է

Սառը մետաղի մեջ նկարիչը դնում է կյանքի ողջ ջերմությունն ու տաքությունը։ Մարդիկ այս անգամ էլ երեւում են աշխատանքային գործիքների տեսքով, ինչպես նաեւ՝ նրանց միջոցով։ Գործիքները ընդամենը գործիքներ չեն. մարդիկ են։ Նրանք միմյանց հակված տղամարդ ու կին են. նրանք իրար սիրում են, նրանք իրար հետ զրուցում են, խոսում են, վիճում են։ Գործիքները նպատակներ ունեն, գործիքները ձգտումներ ունեն. նրանք զայրանում են իրար վրա, նրանք հմայում են միմյանց։ Գործիքներն անգամ ամբողջական ընտանիք են։
Մարդը գործիքն է, բայց միաժամանակ մարդը գործիքը չէ։ Վերջին դեպքում ինչպե՞ս են հարաբերվում իրար։ Սա արդեն խոսակցության երկրորդ մասն է, ասելիքի երկրորդ շերտը։
Այս նկարը կոչվում է «Փախուստ»։ Գործիքն ընկել է մարդու հետեւից։ Վերջինս սարսափահար փորձում է փախչել։ Բայց մարդ—կառուցվածքը տակդիրի վրա է՝ նրան միացված մետաղյա ձողով։ Փախչելը հեշտ չի ստացվում։
Մյուս նկարը կոչվում է «Հարձակում». մարդն ու գործիքը իրար հետ կռիվ են տալիս. կենաց–մահու կռիվ է։ Բայց կառուցվածք—մարդը կրկին նույն տակդիրով է։ Մարդը ճկվում է, թեքվում է, բայց չի կարող հեռուն գնալ, ազատ չէ, կաշկանդված է։ Ի՞նչ է նշանակում այս տակդիրը. ըստ երեւույթին, մարդը դատապարտվա՞ծ է իր տեղը մնալու, մա՛րդ լինելու։ Չգիտեմ։ Կամ գուցե այս հարձակումը խորհրդանշում է մարդու ստեղծած քաղաքակրթական արժեքների գրոհը նույն իր՝ հոգեւոր մարդու վրա՞։ Սա էլ է մտածելու բան։
Անհնար է չկանգնել, չխորհել, չմտատանջվել մի նկարի առաջ։ Այն կոչվում է «Սիրո պարտեզ»։ Ձգված կանգնած է սղոցե ատամներով գործիքը։ Այն մարդ է իր ողջ էությամբ, ապրումներով, ձգտումներով, կասկածներով։ Չգիտեմ՝ Ադա՞մն է, Եվա՞ն է։ Նրա միջով—վրայով ոլոր—մոլոր մի շագանակագույն դարձակ (կլյուչ) է ձգվում—բարձրանում։ Ասես ներսի իր մարմինը լինի։ Ես այն պատկերացնում եմ որպես օձը։ Եվ Ադամը կամ Եվան են՝ դեպի անիմանալին, անճանաչելին եղած իրենց ներքին մղումով։ Հիմա ինձ համար ամենակարեւորն այն է, թե ինչո՞ւ է օձը մարմնավորում գործիքը։
Գործիքը, այսինքն՝ աշխատա՞նքը մարդուն ստիպեց գործել—ճաշակել առաջին մեղքը։ Եթե՝ այո, ապա նույն այդ գործիքը, այսինքն՝ մարդկային առաջընթացն ի՞նչ դեր ունի մարդու՝ անվերջ մեղավորման հարատեւ գործընթացի մեջ։

…Եվ այս քանդակները

Վարպետը ե՛ւ փոքրածավալ, ե՛ւ մեծածավալ քանդակների մի ամբողջ շարք է ստեղծել։ Դրանք ամենասովորական, ամենագործածական, առօրեական գործիքներից են՝ աքցաններ, տափաշուրթեր (պլոսկոգուբցիներ), սղոցներ, ունելիներ եւ այլն, եւ այլն։ Բայց սառը մետաղի այս համակցումները ինչպիսի՜ ջերմություն են իրենց մեջ պարունակում։ Որտեղի՞ց այդ էներգիան, ինչպե՞ս է այն հաղորդվում անշունչ մետաղին, իսկ ավելի ճիշտ՝ անշունչ գործիքներին։ Դրանք ոչ միայն իրենց բնավորությունն ունեցող կերպարներ են, դրանք նաեւ զգացմունքներով լի ասես կենդանի էություններ են։ Մետաղյա գործիքներով ստեղծված կինը միայն կին չէ, այն նաեւ ցանկալի կին է։ Չնայած նրա մարմնամասերը ընդամենը գործիքների մասեր, հատվածներ են կամ էլ ամբոջական գործիքներ են։ Այս արձանիկների, արձանների մեջ տիեզերական էներգիա կա։ Տիեզերքն անշունչ, սառը մետաղի հետ շշնջացել է վարպետի շուրթերով։

Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

23-05-2020





04-06-2020
Ծաղկուն այգի, բերք ու բարիք պարգեւող հայրենի կենարար հող
Նորաշենցիները հարազատ բնօրրանում իրենց ապահով ու վստահ են ...


04-06-2020
Մշակույթ. պատմական անցյա՞լ, թե՞ ներկա
Թույլ չտալ, որ համաշխարհային մշակույթի զինանոցում այսօր մեր ...


04-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 697, մահվան 6 նոր դեպք
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 697 նոր դեպք: Այս ...


04-06-2020
Պատուիր քո հօրը եւ մօրը
Սա է առաջին պատուիրանքը խոստմունքով։ Որ քեզ լաւ ...


04-06-2020
Որեւէ մեկը չի կարող կանխատեսումներ անել
Թե մեկ շաբաթ հետո վարակակիրների ինչ թիվ ենք ...


04-06-2020
Հայագիտական կենտրոնների հիմնումը
Կխթանի աշխարհում հայկականության տարածումը

Ռուսաստանի հայ համայնքի խնդիրների ...


04-06-2020
Հեղափոխությունը դարձնել ինստիտուցիոնալ, ձեռքբերումները՝ անշրջելի
«ՀՀ» օրաթերթը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային ...



04-06-2020
Այլընտրանքային էներգետիկա
Կամ՝ երբ հայացքդ ձգտում է դեպի ...

04-06-2020
Ոստիկանության բարեփոխումների գործընթացը թափ է հավաքում
Կփոխվի Հայաստանը ներկայացնող պարեկային ...

04-06-2020
Ինչու է վարակի տարածումն աճում
Պետք է ուժեղացնել երկրի սոցիալական ...

04-06-2020
ՀՖՖ-ն շարունակելու է ֆուտբոլային աջակցությունն Արցախին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակելու է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO