Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.07.2019
ԳԼԽԱՎՈՐ


2019թ. Հայաստանը պետք է ունենա 2019թ. Սահմանադրական դատարան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանին

Ամենամեծ ձեռքբերումը Հայաստանում ժողովրդավարության հաստատումն է

ՀՀ վարչապետի կարծիքով՝ իր կառավարման 14 ամիսների ընթացքում ամենամեծ ձեռքբերումը Հայաստանի ժողովրդավարությունն է եւ երկրի ժողովրդավարական իմիջը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանի հետ հարցազրույցում այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով այն հարցին, թե որն է իր ՀՀ վարչապետ լինելու ընթացքում ամենամեծ ձեռքբերումը։
«Իմ քաղաքական կենսագրությունը կանխորոշում է պատասխանը, որովհետեւ, իմ ընկալմամբ, ամենամեծ ձեռքբերումը ժողովրդավարությունն է եւ Հայաստանի ժողովրդավարական իմիջը եւ այն, որ ժամանակակից աշխարհում Հայաստանը անառարկելիորեն համարվում է ժողովրդավարական երկիր»,–ընդգծեց Փաշինյանը։
Նա հիշեցրեց նաեւ, որ 2018 թ. Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները որեւէ քաղաքական ուժի կողմից դե—յուրե չվիճարկվեցին. «Սա բացառիկ իրադարձություն է երրորդ հանրապետության պատմության մեջ։ Ես այն կհամարեմ հիմնական հաջողությունը»։
Վարչապետը հավելեց, որ մայիսի 8—ին հանդես է եկել ասուլիսով, որտեղ ներկայացրել է 100 փաստ նոր Հայաստանի մասին, տնտեսական եւ հակակոռուպցիոն բնույթի ձեռքբերումները. «Ձեռքբերում են նաեւ ժողովրդավարությունից բխող ուղղությունները՝ հակակոռուպցիոն պայքար, օրենքի առջեւ մարդկանց հավասարություն, մենաշնորհների վերացում եւ, ի վերջո, քաղաքացու ինքնագիտակցում, որ ինքն է ձեւավորում Հայաստանում իշխանություն։ Կարեւոր է, որ տեղական ինքնակառավարման ընտրություններում հաղթել է ոչ միայն իշխանությունը, այլ նաեւ ընդդիմությունը։ Մենք շնորհավորել ենք,անկախ նրանից, համաձայն ենք ընտրությունների արդյունքներին, քաղաքական բովանդակության հետ, եւ հարգանքով ենք վերաբերվել»։

Վստահության ցուցանիշների առումով տատանում չեն արձանագրել

ՀՀ վարչապետը կառավարության կողմից իրականացված հարցումներում տատանումներ չի արձանագրել «Իմ քայլը» դաշինքի նկատմամբ վստահության ցուցանիշներում։ Ասաց Նիկոլ Փաշինյանն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, պատասխանելով այն դիտարկմանը, թե վերջերս կատարված հարցումը ցույց է տվել, որ «Իմ քայլը» դաշինքը կստանար 60 տոկոս ձայն, եթե ընտրություններն անցկացվեին հիմա։
«Խորհրդարանական ընտրություններից առաջ, գիտեք, որ նաեւ կառավարությունն աշխատանքային հարցումներ է իրականացնում, եւ խորհրդարանական ընտրություններից առաջ ինձ բերած վերջին հարցումը կանխատեսում էր «Իմ քայլը» դաշինքին 60 տոկոս, բայց ընտրությունների արդյունքում մենք ստացանք 70 տոկոս ձայն։ Բացատրությունն այն է, որ հարցմանը մասնակցում են հարցվածների 100 տոկոսը, իսկ ընտրություններին ընտրողների ոչ 100 տոկոսը։ Եվ ինձ համար մեր հարցումներով այդպիսի տատանումներ չենք արձանագրում»,–նշեց նա։

Հայաստանում վատ կառավարման խնդիրը պաշտոնյաների անփորձության մեջ չէ

Նիկոլ Փաշինյանն ընդունում է, որ Հայաստանում վատ կառավարման խնդիր կա, բայց դա չի պայմանավորում երիտասարդ պաշտոնյաների անփորձությամբ. «Կա՞ արդյոք այսօր Հայաստանում վատ կառավարում։ Իհարկե, կա։ Ինչ կապ ունի դրա հետ նոր երիտասարդ թիմը։ Եկեք պատկերացնենք կառավարման համակարգը, դա 1—2 տոկոս նոր եկած երիտասարդ թիմ է, եւ 98 տոկոս կառավարման այն համակարգը, որ մենք ունեցել ենք նաեւ իշխանափոխությունից առաջ։ Ընդհանրապես, մեր քաղաքական թիմն այն քաղաքական թիմն է, որը ապահովել է Հայաստանում ոչ բռնի, թավշյա հեղափոխության հաղթանակը։ Այդ քաղաքական թիմը կարողացել է ինչ—որ առումով առաջնորդել եւ առաջնորդում է ժողովրդին ու վայելում է ժողովրդի վստահությունը։ Եվ այդ քաղաքական թիմն ունի բավարար հմտություններ երկիրը կառավարելու, եւ վերջին հետհեղափոխական շրջանը դրա մասին է վկայում»։
Վարչապետը նշեց, որ վատ կառավարման խնդիրն իրենց իշխանության օրակարգում է, եւ իրենք անընդհատ աշխատում են դրա վրա։

ՍԴ ճգնաժամը լուծելու համար չի բացառվում սահմանադրական փոփոխությունների իրականացումը

ՀՀ վարչապետը Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը լուծելու հարցում չի բացառում սահմանադրական փոփոխությունների իրականացումը, սակայն, ճիշտ չի համարում երկրում սահմանադրությունների հաճախակի փոփոխությունը։
«Ճիշտ չեմ համարում, որ երկրում սահմանադրությունները հաճախակի փոխվեն։ Եվ նաեւ կարծում եմ, որ խորհրդարանական կառավարման համակարգը պետք է Հայաստանում շանս ստանա, որ մենք հասկանանք՝ ինչ համակարգ է սա։ Բայց, ընդհանուր առմամբ, հուլիսի 5—ին ես արձանագրեցի, որ կա մի շատ կարեւոր եւ արդարացի փաստարկ, որ մենք երբեք ժողովրդի լեգիտիմ քվեն ստացած սահմանադրություն չենք ունեցել, եւ այսօր էլ չունենք։ Ես չեմ կարծում, թե ճիշտ կլինի, որ կառավարությունը կամ խորհրդարանական մեծամասնությունը սահմանադրական փոփոխություններ նախաձեռնի, որովհետեւ կարող է դա էլի մեկնաբանվել, որ նոր իշխանություններն են այժմ ուզում իրենց համար ձեւել այս սահմանադրությունը, բայց կարծում եմ, որ հանրության մեջ նորմալ է, որ նման նախաձեռնություններ լինեն։ Կարեւոր է, որ Հայաստանում լինի սահմանադրություն, որի օգտին ժողովուրդն իրոք քվեարկի։ Իսկ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համատեքստում հնարավոր է նաեւ սահմանադրական փոփոխությունների իրականացումը»,–ասաց Նիկոլ Փաշինյանը։

Դատական համակարգի խնդիրը ժողովրդի շրջանում դրա նկատմամբ վստահության պակասն է

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի դատական համակարգի խնդիրը համարում է այն, որ դատարանների կայացրած որոշումները վստահություն չեն ներշնչում ժողովրդի շրջանում. «Ինձ համար կարեւոր եւ էական չէ, թե առաջին ատյանի դատարանը, վճռաբեկ, վերաքննիչ դատարանը, Սահմանադրական դատարանը բովանդակային առումով ինչպիսի որոշում կկայացնի այս կամ այն գործով։ Ինձ համար ամենակարեւոր քաղաքական խնդիրն այն է, որ, երբ այս դատարանները որեւէ որոշում կայացնեն, մենք դա ընդունենք ուղղակի ի գիտություն։ Դատական համակարգի խնդիրն այն չէ, որ ինքը կայացնում է այսպիսի կամ այնպիսի որոշում։ Դատական համակարգի խնդիրն այն է, որ նրա կայացրած որոշումներին չեն վստահում»։
Վարչապետը նշեց, որ այս դատական համակարգն անհամատեղելի է նոր Հայաստանի հետ։

Ռոբերտ Քոչարյանին քաղբանտարկյալ չի համարում

Նիկոլ Փաշինյանը քաղբանտարկյալ չի համարում Հայաստանում սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
«Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, նրանք ասում են, որ ես այսօր իրավունք ունեմ ՀՀ զինված ուժերը, տանկերը մտցնել Երեւան քաղաք եւ ցանկացած ընդդիմադիր դրսեւորում տանկերի թրթուրների տակ ճզմել։ Եթե ես իրավունք չունեմ այդպիսի բան անելու, ուրեմն Ռոբերտ Քոչարյանը չի կարող քաղբանտարկյալ լինել»,– ասաց Փաշինյանը։

Վեթթինգի իրականացման նպատակը

ՀՀ վարչապետը վեթթինգի իրականացման նպատակը անկախ, անաչառ եւ սկզբունքային դատարանների ստեղծումն է համարում։
«Վեթթինգ նշանակում է որեւէ մեկի համապատասխանելիության ստուգում։ Ինձ համար վեթթինգն այն է, որ այդ գործընթացի արդյունքում ունենանք մի դատարան, որը ինչ էլ որոշի, ասենք՝ մեր դատարանը որոշեց, որովհետեւ մեր դատարանն է, մենք գիտենք, որ սա անկախ, անաչառ, սկզբունքային դատարան է։ Նպատակը վեթթինգը չի, նպատակն այսպիսի դատարան ունենալն է»,–ասաց Փաշինյանը։

Անդրադարձ Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշմանը

Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական դիրքորոշումը եղել է այն, որ Հայաստանի կառավարության հետ համագործակցությունը համարում են արդյունավետ։ Նշեց Նիկոլ Փաշինյանը եւ հավելեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ կառուցակարգերի եւ օրենսդրական փոփոխությունների շուրջ պետք է խոսել։
«Կարող եմ ասել, որ քաղաքական մակարդակի շփումներում ե՛ւ Եվրախորհուրդը, ե՛ւ Եվրամիությունը լիարժեք աջակցություն է հայտնել Հայաստանի կառավարությանը դատաիրավական բարեփոխումների հարցում»,–ասաց ՀՀ վարչապետը։

Նոր իրողություններին համապատասխանող Սահմանադրական դատարան

ՀՀ սահմանադրական դատարանն ամենավարկաբեկված ինստիտուտներից մեկն էր, որովհետեւ 1996 թվականից սկսած ՍԴ–ն վավերացրել է բոլոր ընտրակեղծիքները, եւ, ըստ էության, կար վստահության ճգնաժամ Սահմանադրական դատարանի նկատմամբ, ուստի, որոշվել էր ունենալ նոր Սահմանադրական դատարան։ Նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։
ՀՀ վարչապետը նշեց, որ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի նամակը իրեն ուղղակի ցնցել է, որովհետեւ այդ նամակը կարդալով, հասկացել է, որ 2017 թ. տրանսֆորմացիայի շրջանում կենտրոնացած լինելով Սերժ Սարգսյանի շուրջ ստեղծվող քաղաքական մանիպուլյացիայի վրա, չեն նկատել նույնամասշտաբ մի մանիպուլյացիա, որը տեղի է ունեցել Սահմանադրական դատարանում. «2019 թվականի Հայաստանը պետք է ունենա 2019 թվականի Սահմանադրական դատարան։ Սա է քաղաքական խնդիրը։ Որեւէ մեկը չկասկածի, որ այս խնդիրը պետք է լուծվի»։
Նրա խոսքով՝ երբ 2015 թ. նախաձեռնվում էին սահմանադրական փոփոխությունները, ասվում էր, որ սա երկրի ամբողջական ինստիտուցիոնալ բարեփոխումն է։
«Մենք պետք է ունենանք կառավարության, նախագահի, խորհրդարանի նոր ինստիտուտ եւ նոր Սահմանադրական դատարան, որովհետեւ սահմանադրական տեքստի հեղինակները, ըստ էության, պնդում էին, որ նրանք գտել են, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանում իդեալական Սահմանադրական դատարանը, որը պետք է համապատասխանի մեր այսօրվա գլոբալ կարիքներին,–ասաց Փաշինյանը՝ հավելելով,–Հարց՝ ունե՞նք մենք այսօր այնպիսի Սահմանադրական դատարան, որը կհամապատասխանի այսօրվա գործող Սահմանադրության տեքստին։ Մենք չունենք այդպիսի Սահմանադրական դատարան»։
Փաշինյանը բացատրեց, որ ՀՀ Սահմանադրության մեջ նկարագրված Սահմանադրական դատարան Հայաստանը չի կարող ունենալ մինչեւ առնվազն 2030 թվականը. «Մենք ունենք այնպիսի դրույթ Սահմանադրական դատարանի վերաբերյալ, որ չենք կարող կիրառել մինչեւ 2035 թվականը, որովհետեւ Հրայր Թովմասյանը սեփականաշնորհել է սահմանադրական դատարանը։ Մենք ունենք իրողություն՝ 2019 թվականի Հայաստան թե՜ Սահմանադրության, թե՛ հեղափոխության, թե՛ ժամանակի իմաստով, բայց, ըստ էության, ունենք 1995 թվականի Սահմանադրական դատարան։ Այս պատկերը ցույց է տալիս, որ Հրայր Թովմասյանի կողմից սեփականաշնորհված է Սահմանադրական դատարանը»։

Տնտեսական հեղափոխության հիմնական գաղափարը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում տնտեսական հեղափոխության իրականացման հիմնական նպատակը համարում է աշխատող եւ արարող մարդուն հանրության շրջանում էտալոնի վերածելը. «Մեր նպատակն այն է, որ մեր հետեւողական քայլերով, ինչպես քաղաքական հեղափոխության դեպքում կարողանանք մարդկանց մեջ ներշնչել իրենք իրենց հավատալը, քաջալերենք ավելիին հասնելու ու ստեղծարար աշխատանքով զբաղվելու հաճույքը վայելելու գործընթացը։ Մարդիկ կային, որոնք դեռ մինչեւ քաղաքական հեղափոխությունը, իրենք իրենց տնտեսական հեղափոխությունն արդեն իրականացրել էին։ Մենք ուզում ենք արժեքների հեղափոխություն իրականացնել, որպեսզի այս մարդկանց դարձնենք էտալոն»։

Ադրբեջանի նախագահի հետ «թեժ գիծը» աշխատում է, սակայն...

Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ թեժ գիծը աշխատում է, բայց դա, ցավոք, չի երաշխավորում, որ շփման գծում զոհեր չեն լինելու։ Նման կարծիք հայտնեց Նիկոլ Փաշինյանը. «Բայց մենք աշխատում ենք դրա համար, որպեսզի բանակցությունները ունենան հստակ արդյունք։ Ինչու՞ բանակցությունները չունեն հստակ արդյունք։ Ես հիմա միջազգային հանրության ներկայացուցիչների հետ, երբ ուզում եմ նկարագրեմ իրավիճակը, թե ինչու բանակցությունները առաջ չեն գնում, ասում եմ, որ ընդամենը կա մեկ պատճառ եւ մեկ նախադասություն։ Երբ ընտրվեցի ՀՀ վարչապետ, Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեցի, որ Ղարաբաղի հարցի լուծման որեւէ տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի ժողովրդի համար։ Սա աննախադեպ հայտարարություն էր մեր իրականության մեջ, որովհետեւ Հայաստանի Հանրապետության ոչ մի ղեկավար չի ասել, որ որեւէ լուծում պետք է նաեւ Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի լինի։ Սա շատ կարեւոր հայտարարություն է եւ լուրջ հիմք է ստեղծում բանակցային առաջընթացի համար։ Հետեւաբար, ինչո՞ւ չկա այդ առաջընթացը, շատ պարզ պատճառով, որովհետեւ Ադրբեջանի նախագահը նույն նախադասությունը հրաժարվում է արտաբերել։ Նա էլ պետք է ասի, որ Ղարաբաղի հարցի ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի Ադրբեջանի, Ղարաբաղի եւ Հայաստանի ժողովրդի համար»։
Ըստ վարչապետի՝ քանի դեռ այդ նախադասությունը Ադրբեջանի կողմից չի հնչել, նշանակում է՝ բանակցությունները արդյունավետ չեն. «Հետեւաբար, որեւէ մեկը, որ մտածում է, որ Ղարաբաղի հարցի լուծումը կարող է ընդունելի լինել Ադրբեջանի ժողովրդի համար եւ ընդունելի չլինել Ղարաբաղի ու Հայաստանի ժողովրդի համար, նա ոչ Ղարաբաղի ժողովրդին է ճանաչում, ոչ էլ Հայաստանի ժողովրդին»։

Որոշ քրեական գործերի դանդաղ ընթացքի պատճառը

Հայաստանի քննչական մարմինների հագեցվածությունը, ընթացակարգերը, փորձագիտական կարողությունները նախատեսված չեն, որ պատշաճ ժամանակահատվածում որոշ քրեական գործերը ավարտին հասցվեն։ Այս մասին նշեց ՀՀ վարչապետը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու են հասարակությանը հայտնի որոշ կոռումպացված նախկին պաշտոնյաներ ազատության մեջ. «Համաձայն եմ եւ դժգոհության հեղինակներից մեկը առաջին հերթին ես եմ։ Ասեմ, որ կա այսպիսի մի դիլեմա նաեւ։ Առաջինը, որ որեւէ մեկը չի կասկածում, որ մենք ունենք քաղաքական կամք այդ երեւույթների դեմ վճռական պայքար տանելու համար, սակայն այստեղ շատ կարեւոր է նաեւ մեզ համար, որը կարեւոր ձեռքբերումների մեկը համարեցի, ժողովրդավարությունը։ Շատ կարեւոր է, որ այդ գործընթացը կառուցենք այնպես, որ Հայաստանի ժողովրդավարական իմիջը եւ ժողովրդավարությունը մեր երկրում չտուժի»։
ՀՀ վարչապետը այստեղ տեսնում է նաեւ ընթացակարգային խնդիրներ. «Օրինակ՝ կան քրեական գործեր, որոնք 7, 8, 9 ամիս առաջ չեն գնում, եւ գործընկերներիս այդ մասին ասում եմ, եւ նրանք տալիս են մի այսպիսի պատասխան, որ մեղադրանքը պետք է փորձաքննությամբ հաստատվի։ Կա քրեական գործ, որ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Երեւան քաղաքի Կենտրոնում ունի 80—100 անշարժ գույք, որոնց մի մասը սեփականշնորհված մանկապարտեզներ են եւ այլն, եւ այլն։ Հարցնում եմ, թե ինչու այս գործը առաջ չի գնում, ինձ պատասխանում են, որ վնասը պետք է գնահատել, իսկ վնասը գնահատելու համար պետք է բոլոր շենքերի եւ անշարժ գույքերի փորձաքննություն անցկացվի։ Իսկ անշարժ գույքերի փորձաքննություն անցկացնելու համար, քանի որ մեր երկրում համապատասխան տեխնիկա չկա, փորձագետը այդ գույքի մակերեսը մետրերով է չափում։ Եվ սա ընդամենը մի օրինակ է»։
Ըստ վարչապետի՝ քննիչները նշում են, որ Հայաստանում փորձագիտական կարողություններ չկան. «Պարզվում է, որ մեր քննչական մարմինների հագեցվածությունը, ընթացակարգերը, փորձագիտական կարողությունները նախատեսված չեն, որ պատշաճ ժամանակներում այդ պատասխանները տան»։

18-07-2019





18-07-2019
Եվրամիության դռները փակվում են Թուրքիայի առջեւ
Այդ երկրի գործողությունները սպառնում են Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը

Լուսինե ...


18-07-2019
Դադիվանքում 100 մետր երկայնքով հենապատ է կառուցվում
Վերականգնման ի՞նչ աշխատանքներ են ընթանում վանական համալիրում

Լիանա ...


18-07-2019
Առաջնորդ եւ կառավարիչ
Կառավարումը գործունեության այն տեսակն է, երբ կառավարողի նպատակադրումը իրականացվում ...


18-07-2019
Պոլ Վալերին եւ «Ինտելեկտի մաթեմատիկան»
Շեքսպիրի առիթով. «Ինքնին նա ոչինչ էր»

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


«Ի՞նչն ...


18-07-2019
Նպատակը պետական գնումների համակարգը ճկուն դարձնելն է
Այն կպահպանի արդար մրցակցության սկզբունքը եւ զերծ կլինի ...


18-07-2019
Քննարկել են Հայաստան-Վատիկան կապերի զարգացման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Հայաստանում Սուրբ աթոռի ...



18-07-2019
Զգեստը՝ տեղական բրենդի
Աննա Հակոբյանը հայկականը ներկայացնում է ...

18-07-2019
Ինչ պատկեր է նկարել սեյսմիկ խոցելիության գնահատումը
Մեր դպրոցների ֆիզիկական վիճակը՝ ըստ ...

18-07-2019
Ըմբիշները մոտենում են որոշիչ հանգրվանի
Աշնանը կայանալիք աշխարհի առաջնությանը Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO