Մտածենք մեր ռեսուրսների մասին 
Կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում երեկ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Բացելով նիստը՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Ռազմարդյունաբերության համալիրի զարգացումը մեր կառավարության կողմից հռչակված է որպես առաջնահերթություն, եւ մենք այստեղ պետք է կարողանանք շատ լուրջ փոփոխությունների եւ արդյունքների հասնել։ Սրա համար անհրաժեշտ է, իհարկե, իրականացնել եւ կառուցվածքային փոփոխություններ, եւ գտնել հնարավորություններ, որպեսզի ոլորտի ֆինանսավորումն էական մեծանա։ Ըստ էության՝ ռազմարդյունաբերական համալիրի զարգացման համար մեզ պետք է իրականացնել հետեւյալը. անհրաժեշտ է ունենալ մեր գիտական պոտենցիալի, մասնավոր ներդրումների եւ պետական կառավարման համակարգի շատ հստակ աշխատող մեխանիզմ, եւ առաջիկայում այս հարցը պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում։ Իհարկե, մենք այս համատեքստում ենք դիտարկում նաեւ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության ստեղծումը, որը կարեւոր, բայց ոչ բավարար պայման է, որպեսզի մենք կարողանանք ոլորտում լուրջ փոփոխությունների հասնել։ Այստեղ շատ կարեւոր է մեր գիտական ներուժի հետ համագործակցության հարցը եւ նաեւ պաշտպանության նախարարության, գլխավոր շտաբի վերլուծական աշխատանքը մեր զինված ուժերի կարիքների համար, որովհետեւ շատ կարեւոր է, որ նույնիսկ այն միջոցները՝ դրանք շատ են, թե քիչ են, իհարկե, կարեւոր է, որ շատ լինեն, բայց շատ լինելու պարագայում նաեւ պետք է թիրախները ճիշտ որոշվեն, պետք է ճիշտ որոշվի, թե մենք ինչ կարգի մշակումների, հետազոտությունների, արտադրանքի, սպառազինության եւ տեխնիկայի կարիք ունենք, եւ դրանց որ մասի մշակումը, արտադրությունը եւ արդիականացումը կարող ենք իրականացնել Հայաստանի Հանրապետությունում։ Ընդհանուր առմամբ, իհարկե, այսօր մենք որոշակի կարողություններ ունենք Հայաստանի Հանրապետությունում, բայց այդ կարողությունների ծավալը, թողունակությունը եւ իրական արտադրանքի ծավալը չի կարող գոհացուցիչ եւ բավարար թվալ։ Ընդհանրապես, կարծում եմ, որ նաեւ այս ոլորտում, մյուս ոլորտներում նույնպես խնդիրները քննարկելիս մենք պետք է քննարկենք ոչ թե բարդությունները, թե ինչքան բարդ է այս կամ այն խնդիրը լուծելը, այլ պետք է ձեւակերպենք մեր նպատակները, եւ մեր բոլոր գործողությունները պետք է բխեն այդ նպատակներին հասնելու առաջնահերթությունից։ Այն աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական միջավայրը, որ այսօր կա մեր տարածաշրջանում, մեզ թույլ չի տալիս «յոլա գնալու» տրամաբանությամբ ապրել, որովհետեւ «յոլա գնալու» տրամաբանությամբ մենք ընդամենը սպառում ենք այս ռեսուրսները, որոնք ունենք։ Մենք պետք է մտածենք մեր ռեսուրսների զարգացման մասին եւ այստեղ պետք է անողոք լինենք առաջին հերթին ինքներս մեր նկատմամբ։ Մենք պետք է, այո՛, գնանք շատ լուրջ, թեկուզ ոչ պոպուլյար, կամային լուծումների, որպեսզի համոզվենք, որ մեր պետական համակարգում ընդհանրապես պետական ֆինանսավորում ստացող որեւէ օղակ չկա, որը պարապ նստած է։ Պարապ օղակները ծայրահեղ դաժանությամբ վերացնելը մեր ամենակարեւոր խնդիրն է՝ անկախ նրանից, թե դա որ ոլորտին է վերաբերում, առավել եւս՝ ռազմարդյունաբերության, տեխնոլոգիաների ոլորտներին։ Մենք այստեղ պետք է կարողանանք իսկապես տեխնոլոգիական լուծումներ առաջարկել։ Տեխնոլոգիական լուծում ասելով ես պատկերացնում եմ հետեւյալը՝ կարեւորը, կոպիտ ասած, ոչ թե տանկն է, այլ այն խնդիրը, որը մենք ուզում ենք լուծել տանկի միջոցով։ Հետեւաբար, տանկը չէ կարեւորը, այլ խնդիրը եւ դրա լուծումը։ Մեր մտածելակերպը պետք է լինի՝ գտնել մի միջոց, որը կլուծի այդ խնդիրը, անկախ նրանից՝ դրա անունը տանկ է, թե որեւէ ուրիշ բան։ Հետեւաբար, մեր տրամաբանությունը ռազմարդյունաբերության, գիտության, տեխնոլոգիայի ոլորտներում այսպես պետք է աշխատի. մենք պետք է հասկանանք մեր խնդիրները, մեր լուծումները եւ դուրս գանք այդ լուծումների, գործիքների վերաբերյալ եղած ավանդական պատկերացումներից, որպեսզի կարողանանք տեխնոլոգիական որոշակի առաջընթաց եւ փոփոխություն առաջնորդել։ Որպես ամենավառ օրինակ՝ նամակի խնդիրը սովորաբար եղել է տեղեկատվությունը Ա կետից Բ կետը հասցնելը, բայց եթե մարդիկ ծրարի, թղթի եւ գրիչի տրամաբանությանը կպած մնային, մինչեւ հիմա էլեկտրոնային փոստը չէին ստեղծի։ Մեր խնդիրն ահա այդպիսի փոփոխություն անելն է»։ ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանը նշել է, որ ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի պատվիրակությունն այս տարի առաջին անգամ մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրություններում 2 տարին մեկ անգամ կազմակերպվող ռազմական տեխնիկայի եւ սպառազինության IDEX համաշխարհային ցուցահանդեսին՝ առանձին տաղավարով։ Նրա խոսքով՝ մեր տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացրել, եւ Հայաստանի ցուցադրությունը գտնվել է ուշադրության կենտրոնում, ինչը պայմանավորված էր թե՛ հայկական կողմից ներկայացված ռազմական արտադրանքով, թե՛ ցուցահանդեսի բացման արարողությանը ՀՀ ՊՆ պատվո պահակախմբի վաշտի, պաշտպանության ռազմական նվագախմբի եւ «Երեւանյան թմբուկներ» խմբի ցուցադրական ելույթներով։ Ա. Քերոբյանը տեղեկացրել է, որ Միջին Արեւելքի ներդրողների շրջանում մեծ հետաքրքրություն կա հայկական ռազմական արտադրանքի նկատմամբ, ինչը լավ հիմք է ներդրումների ներգրավման եւ ՀՀ գիտատեխնոլոգիական արտադրանքի արտահանման շուկաները ընդլայնելու համար։ Այնուհետեւ նիստի ընթացքում քննարկվել են ռազմարդյունաբերության համալիրի զարգացմանն ուղղված ծրագրերը եւ անելիքները։
23-02-2019
|