Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.09.2019
ԵՐԵՎԱՆ


Մետրոյի որոշ կայարանների մուտքերը շուկա են հիշեցնում

Քաղաքաշինական խաթարված պատկերը վերականգնելու ժամանակն է

Անկախության առաջին իսկ տարիներից Երեւանում սկիզբ առավ հանրային տարածքները առեւտրի հարթակ դարձնելու պրակտիկան։ Քաղաքային իշխանություններն այն տարիներին պարզապես մեղմ վարվեցին երեւույթի նկատմամբ եւ հարկ չհամարեցին կոշտ միջոցներով դեմն առնել։ Այդպես չվարվեցին, քանի որ այն օրերին աշխատատեղերի կտրուկ նվազման պայմաններում այդ զբաղմունքը շատ մարդկանց համար հանապազօրյա հացը վաստակելու միակ միջոցն էր դառնում։ Եվ երեւույթը ուժգնացավ, թափանցեց բոլոր այն տարածքները, որտեղ ակտիվ էր մարդկային անցուդարձը, որտեղ հնարավոր էր մի սեղանիկ տեղադրել։ Երեւույթը սողոսկեց ստորգետնյա հետիոտն անցումների տարածքներ, ընկավ անցնող—դարձողների ոտքերի տակ, մտավ յուրաքանչյուր ազատ անկյուն։ Ամենագայթակղիչ վայրերը մետրոյի կայարաններին հարող հատվածները դարձան։ Հետո երեւույթը կայարանների մուտքերի աստիճաններով փորձեց մտնել ներս։ Որքան թույլ տրվեց, այդ չափով մտավ։ Դրանից ամենաշատը տուժեցին «Գարեգին Նժդեհի հրապարակ» եւ «Բարեկամություն» կայարանները։ Ցավոք, ժամանակի թողտվության հետեւանքով առաջացած վիճակն այսօր էլ շարունակում է յուրօրինակ շրջափակման մեջ պահել նշյալ կայարանների մուտքերը։

Գարեգին Նժդեհի հրապարակ

Սա մայրաքաղաքի՝ մեծությամբ երկրորդ հրապարակն է։ Այն բացվել է Երեւանի բուռն զարգացման շրջանում՝ 1959 թվականին եւ մինչեւ 1991 թ. կրել է բոլշեւիկ հեղափոխական Սուրեն Սպանդարյանի անունը։ Քաղաքի արդյունաբերական առաջատար շրջանի (այն ժամանակ՝ Լենինյան շրջան) կենտրոնական հրապարակը, հասկանալի է, պիտի ձեւավորվեր ժամանակի քաղաքաշինական բարձր պաթոսով։ Երբ կառուցվում էր Երեւանի մետրոպոլիտենը, եւ ըստ նախագծի՝ կայարաններից մեկը պետք է տեղակայվեր այս հրապարակի տակ եւ կրեր նույն անունը, ամբողջությամբ վերակառուցվեց հրապարակը։ Մետրոյի մուտքի նիշը թելադրեց, որ հրապարակի կենտրոնական ձեւավորված տարածքը դառնա շրջանակաձեւ երկհարկ։ Առաջին հարկում տեղ գտան մետրոյի մուտքը, ինքնատիպ հրապարակը՝ շատրվանով, «Մետրո» թատրոնը, դեպի հրապարակի վրա բացվող փողոցներ ելքի ու մուտքի անցումները, իսկ վերեւում, ծածկված մասերում, ձեւավորվեցին երկկողմանի շատրվանախմբեր ու ճեմուղիներ։ Արվել էր այնպես, որ հրապարակը պահպանի ճարտարապետական—գեղագիտական գրավչությունը։ Մտահղացումը շոյում է հայ ճարտարապետական մտքի լայնախոհությունը գիտակցող յուրաքանչյուր հայ մարդու արժանապատվությունը։ Սակայն պիտի խոստովանենք՝ միշտ չէ, որ ճարտարապետական մտահղացումը մենք կիրառում ենք առանց աղավաղելու։ 1980—ականների վերջին—1990—ականների սկզբին սկսված եւ մինչեւ օրս շարունակվող առեւտրական «շրջափակումը» թույլ չի տալիս, որ Գարեգին Նժդեհի հրապարակի հարմարություններն ու ճարտարապետական հորինվածքը լիարժեք ծառայեն հանրությանը։ Դրանց մի մասը մի տեսակ մեկուսացվել է համատեքստից եւ դարձել անօգտագործելի։ Մետրոյից դուրս եկողը՝ հայտնվելով վաճառասեղաններով եւ կրպակներով զբաղեցված հրապարակում, մի պահ շփոթվում է՝ ո՞ր կողմը գնա, որ դուրս գա փողոց։ Որ կողմն էլ նայի, որեւէ կողմնորոշիչ նշան չի տեսնի, տեսածը միայն վաճառվող ապրանքների խայտաբղետ առատությունն է։ Իսկ երբ կողմնորոշվում է՝ դուրս գալու համար ստիպված է հաղթահարել ճանապարհին ցցված առեւտրային սեղանների եւ կրպակների հոծ շարքերի հարուցած խոչընդոտը։ Տպավորություն է ստեղծվում, որ երկմակարդակ հրապարակի առաջին հարկը կառուցվել է որպես շուկա օգտագործելու համար։ Իհարկե, դա խաբուսիկ տպավորություն է...
Հրապարակի վերակառուցման նպատակը եղել է ինչպես մետրոյից հարմարավետ օգտվելու հնարավորություն ստեղծելը, այնպես էլ Գարեգին Նժդեհի հրապարակ բացվող փողոցների միջեւ հետիոտն ստորգետնյա կապի հարմարավետությունն ապահովելը։ Մինչդեռ այդ հնարավորությունը մետրոյից օգտվողի համար այսօր խիստ նվազել է։ Ո՞վ կարող է ժխտել, որ վերակառուցված հրապարակի ամֆիթատրոն հիշեցնող տարածքը (Սպանդարյանի արձանի կողմից դեպի շատրվան իջնող լայնահուն աստիճանահարթակով) այս թաղամասում բնակվող երեւանցիների հանգստի համար է եւ պետք է բաց լինի բոլոր կողմերից։ Այն վերին մակերեսի հետ մեկ ընդհանրություն կազմող հանգստի գոտի է եւ բոլոր կողմերից տեսանելի պետք է լինի։ Բայց իրականությունն այլ է։ Այստեղ «բարգավաճող» առեւտուրը աստիճանաբար զավթել է հրապարակի մեծ մասը եւ հասել այն սահմանին, որ առեւտրի կրպակները երկու կողմից փակել են ամֆիթատրոնը, այն մեկուսացրել ամբողջից։ Համարձակվում ենք մտածել, որ եթե չխանգարեր շատրվանը իր ջրավազանով, այս տարածքը նույնպես ներառված կլիներ «առեւտրի գոտու» մեջ։ Տեսադաշտի փակ լինելու հետեւանքով մետրոյից դուրս եկողին տեսանելի չէ ամֆիթատրոնը, շատրվանի գոյության մասին նա միայն ջրի խշշոցից կարող է ենթադրել։ Իսկ շատրվանի հարթակ դուրս գալու համար պիտի գտնի կրպակների արանքում «մեծահոգաբար» թողնված նեղ անցումները։ Շատրվանի հարթակն ամբողջությամբ այսօր «Մետրո» թատրոնին է թողնված, միայն նրա դիմաց կրպակ չկա դրված։

«Բարեկամություն» կայարան

Բարեկամության հրապարակում գտնվող մետրոյի այս կայարանը մուտքի առումով այնքան էլ չի տարբերվում «Գարեգին Նժդեհի հրապարակ» կայարանից։ Բանն այն է, որ կայարանի մուտքին ուղղակի կպած գործում է հսկա առեւտրի կենտրոն, որ գտնվում է հրապարակի ծածկի տակ։ Երբ կառուցվում էր Բարեկամության հրապարակի օղակաձեւ ստորգետնյա անցումը (այն հետիոտն անցումով իրար պիտի կապեր խաչվող հինգ փողոց. Բաղրամյան պողոտան, Կիեւյան, Քոչարի, Կասյան, Հակոբյան փողոցները), նպատակահարմար համարվեց օղակի ներսում տեղադրել շրջանաձեւ առեւտրի կենտրոն։ Դա տարածքն արդյունավետ օգտագործելու խելամիտ մոտեցում էր. ստացվում էր «երկուսը՝ մեկում» լուծում։ Անցյալ դարի 70—ականների վերջին նախագծողները չէին կարող ենթադրել, որ կարող է գալ մի ժամանակ, երբ առեւտրի խելահեղ ալիքի վրա հայտնված վաճառականները կզբաղեցնեն ոչ միայն օղակի առանցքի հատվածը, այլեւ ամբողջ օղակաձեւ անցումի պատերը «կերեսպատեն» առեւտրի կրպակներով՝ անցուղու համար թողնելով ընդամենը մի նեղ միջանցք՝ խիստ սահմանափակելով նաեւ օղակից փողոցներ դուրս գալու հնարավորությունը։ Այո, այսօր մետրոյի կայարան մտնելու համար լիարժեք ազատ է միայն Բաղրամյան պողոտայի կողմի մուտքը, մի քիչ էլ՝ Քոչարի փողոցից մուտքը։ Մյուսները շատ նեղացված են առեւտրի կրպակներով։ Կողմնորոշիչ նշանները, որ միայն վերջերս են տեղադրվել, այնքան էլ արդյունավետ չեն, քանի որ ճիշտ դիրքով չեն դրված. դրանք երեւում են միայն անցուղի մտնողներին, ներսից դուրս եկողներին գրեթե տեսանելի չեն։ Մի կարեւոր բան եւս. չգիտես ինչ տրամաբանությամբ՝ կրպակներ են տեղադրվել նաեւ փողոցից անցում, այսինքն՝ մետրո իջեցնող աստիճանների վրա, եւ աստիճանների ուղիղ կեսը վերածվել է առեւտրի հարթակի...

Հետեւություն

Երեւանը փորձում է ազատվել ոչ վաղ անցյալի թողած բացասական հետքերից։ Առայժմ դա արտահայտվում է ապօրինի կառույցները քանդելու տեսքով, այն կառույցները, որոնք խցկվել են շենքերի եւ շինությունների արանքներում կամ ցցվել ուղղակի դրանց դիմաց՝ խախտելով քաղաքի գլխավոր հատակագիծը։ Օրենքի խախտումով կառուցվածը վերացնելու վճռականությունը, անշուշտ, հուսադրող քայլ է։ Սահմանված, կանոնակարգված գործելակերպի հետեւողական պահպանումը առաջնային խնդիր է, որքան էլ դժվար է գործընթացն ընդունված հուն վերադարձնելը։ Կարծում ենք, նույն մոտեցումը պիտի դրսեւորվի նաեւ առեւտրի հարթակ դարձած հանրային տարածքները, հատկապես մետրոյի կայարանների մուտքերը կողմնակի զբաղվածությունից ազատելու եւ այդ տարածքների կարգավիճակը վերականգնելու նկատմամբ։ Համոզված ենք, որ այս խնդիրն առավել կարեւոր է, քանի որ բովանդակում է նաեւ մարդկային կյանքերի անվտանգության հրամայականը։ Այդ շուկաները, ուզում եք՝ տոնավաճառներ անվանենք դրանք, ներկա վիճակով լուրջ բարեփոխման կարիք ունեն, քանի որ գտնվելով փակ տարածքներում եւ չունենալով հրդեհի կամ մեկ այլ վտանգի դեպքում արագ տարհանման հնարավորություն (նշածս պատճառներով), կարող են անուղղելի հետեւանքների հանգեցնել։
Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

27-07-2019





17-09-2019
Մեդալներ եւ ուղեգրեր՝ աշխարհի առաջնությունում
Արթուր Ալեքսանյանը չկարողացավ մասնակցել եզրափակիչին, սակայն մեզ համար ...


17-09-2019
Շենգենյան գոտու մուտքի արտոնագրի ստացման գործընթացում փոփոխություն չի եղել
Փաստաթղթերի ուսումնասիրման ժամկետների երկարաձգումը զուտ տեխնիկական է

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am




17-09-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Անունը կա, ամանում չկա»

Սա սովորաբար ասում ենք, ...


 
17-09-2019
Մուտք
Ինչպես խուսափել անհարմար իրավիճակներից

Մեր կյանքը լի է ...


17-09-2019
Թուրքիան վտանգ է ո՛չ միայն տարածաշրջանի համար
Արցախի խնդիրը՝ թուրք-ադրբեջանական ծրագրերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Ինչպես միշտ, այնպես ...


17-09-2019
«Հայաստանը կարող է ունենալ ժամանակակից պղնձաձուլարան»
Ասում է «Թեղուտ» ՓԲԸ գործադիր տնօրեն Կարեն Ղազարյանը

Լիանա ...


17-09-2019
Ի՞նչ պայմաններում են պահվում դատապարտյալները
Խաղամոլության «դեմն առնելու» լավագույն տարբերակն աշխատանքն է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am





17-09-2019
Քանակի նվազում, որակի բարձրացում
Քայլեր են արվում վարչական դատարանների ...

17-09-2019
«Արցախը ժողովրդավարության զարգացման լավագույն օրինակն է Հարավային Կովկասում»
Միջազգային գիտաժողովն ամփոփեց ...

17-09-2019
Հուսիների հարձակումը մեծացրել է լարվածությունը Միջին Արեւելքում
Կրկին ամերիկյան եւ իրանական կողմերը ...

17-09-2019
Հայաստանի լրագրողները Լիտվայի ֆուտբոլային մրցաշարում գրավել են 2-րդ տեղը
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO