Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.09.2019
ՄԱՐԶԵՐ


Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում

Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա համայնքում

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Մարզերի համար կարեւոր եւ գերակա խնդիրը համայնքների համաչափ զարգացումն է։ Այս նպատակով նախորդ տարվանից ՀՀ կառավարության կողմից իրականացվում են համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրեր, որոնց հիմքում դրված է համայնք—պետություն հորիզոնական համագործակցության նոր ձեւաչափը։ Այն ենթադրում է, որ համայնքի կողմից կապիտալ որեւէ ծրագիր ներկայացվելու եւ կառավարության կողմից հավանության արժանանալու դեպքում այդ ծրագրի արժեքի մի մասը համաֆինանսավորվելու է պետական բյուջեի միջոցներից։ Ծրագիրը գնահատվում է՝ հաշվի առնելով համայնքի առանձնահատկությունը, աշխարհագրական դիրքը, ինչպես նաեւ սոցիալ—տնտեսական իրավիճակի վրա այդ ծրագրի ազդեցությունը։
Ընդ որում՝ նվազեցվել է համայնքների կողմից համաֆինանսավորման նվազագույն շեմը, եւ սկսել են դիտարկվել մինչեւ 50 մլն ՀՀ դրամ բյուջե ունեցող համայնքները։ Ծրագրի մասին խոսենք կոնկրետ համայնքների օրինակով՝ գնահատելու ծրագրի արդյունքները։
Ինչպես նշել էր ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, արդեն իսկ տրվել է սուբվենցիոն ծրագրերի իրականացման մեկնարկը, որն արվում է պետություն—համայնք համաֆինանսավորմամբ՝ նպատակ ունենալով մոտիվացնել համայնքի բնակիչներին։ Գործընթացն այսպես է արվելու՝ համայնքը կներկայացնի ծրագիր, եւ եթե այն վերաբերի սոցիալական ենթակառուցվածքներին, ապա համայնքը կտրամադրի պահանջվող գումարի 60, իսկ պետությունը՝ 40 տոկոսը։
Այս ծրագրում արդեն ներառվել է Շիրակի խոշորացված Ամասիա համայնքը, որն ունի 6 հազար բնակչություն եւ ներառում է 9 բնակավայր։ Երկրաշարժից հետո 7 բնակավայր վերակառուցվել է, բացի երկուսից՝ Ամասիայից եւ Բյուրակնից։ Տարիներ ի վեր համայնքում որպես առաջնահերթություն կարեւորվել են ճանապարհների վերանորոգման, բարեկարգման, գիշերային լուսավորության, խմելու եւ ոռոգման ջրի ապահովման խնդիրները։ Սակայն համայնքների խոշորացումից հետո կարողացել են բյուջեն մեկտեղել եւ սուբվենցոն ծրագրեր մշակել։ Բացի այդ, Գյումրիից Ամասիա տանող ճանապարհն էր անմխիթար ու անբարեկարգ, ինչի մասին վարորդները մշտապես դժգոհում էին։ Երկրաշարժի տարիներից առ այսօր, ըստ առաջնահերթությունների, ի՞նչ խնդիրներ են համայնքում լուծվել, ի՞նչ գործընթացներ են նախատեսվում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, «ՀՀ»–ն զրուցեց Ամասիայի համայնքապետ Ջեմմա Հարությունյանի հետ։
Նրա տեղեկացմամբ՝ համայնքի խոշորացումից հետո գերմանական կազմակերպության հետ իրականացվել է ծրագիր բոլոր բնակավայրերի հետ, որպեսզի գյուղերի բնակիչներն առանց Ամասիա հասնելու խնդիրները լուծեն իրենց վարչական ղեկավարի հետ, իսկ վճարման բոլոր տեղեկանքները ուղարկեն էլեկտրոնային եղանակով։
Նախորդ տարի հաջողվել է բարեկարգել գյուղի ճանապարհները։ Սահմանամերձ գյուղերից մեկը, 1988 թ. երկրաշարժից առ այսօր լուսավորության խնդիր ուներ, որին զուգահեռ լուսավորությամբ են ապահովվել նաեւ հարակից 9 գյուղեր։ Բարեկարգվել են համայնքի ճանապարհները։ Տիկին Ջեմման հարկ համարեց նշել, որ ֆինանսական միջոցները թույլ չեն տալիս դրանք ամբողջապես ասֆալտապատել, ուստի միայն հարթեցման աշխատանքներ են կատարվել։
Համայնք—պետություն սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 7 բնակավայրերում կտեղադրվեն արեւային էներգիայի մարտկոցներ։ Ծրագիրն արդեն գործարկվել է։ Բացի այդ, այս տարի արդեն հաստատվել է «Հյուսիս—հարավ ռազմավարական գյուղատնտեսության զարգացման ծրագիրը», ըստ որի՝ բոլոր բնակավայրերի արոտներում կիրականացվի ջրարբիացում, ինչպես նաեւ դաշտամիջյան ճանապարհների բարեկարգում։
«Նախորդ տարի համայնքի միջոցներով վերանորոգվել է Բյուրակն—Գետաշեն միջհամայնքային ճանապարհի 10 կմ հատվածը, ընդլայնվել է լուսավորության ցանցը, վերանորոգվել են բազմահարկ շենքերի տանիքներ, որոշ շենքեր են ամրացվել։ Ախուրյանի ջրամբարի կառուցման հեռանկարից ելնելով՝ գյուղը չի վերակառուցվել երկրաշարժից հետո։ Այժմ ուսումնասիրություններ են կատարվում, եւ առաջիկայում հնարավոր է գյուղի բնակիչներին այլ վայր տեղափոխեն։ Նախատեսվում է հաջորդ տարի 70 բնակարան եւ սոցիալ—կենցաղային օբյեկտներ կառուցել։ Եվ որ ամենակարեւորն է, վերջապես կվերանարոգվի Գյումրի–Կապս–Ամասիա հանրապետական նշանակության 5,7 կմ ճանապարհահատվածը»,–ասաց համայնքապետը։
Հավելենք, պետական բյուջեով իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի շրջանակներում արդեն իսկ ընթանում են կամ շինարարության մրցութային գործընթացում են 250 կմ ավտոմոբիլային ճանապարհներիի հիմնանորոգման ու միջին նորոգման աշխատանքները, որից 100 կմ—ը՝ հիմնանորոգման, 150 կմ—ը՝ միջին նորոգման ծրագրով։
Համայնքում խմելու եւ ոռոգման ջրի խնդիր չունեն։ Խոսելով համայնքների խոշորացման արդյունավետությունից՝ համայնքի ղեկավարը նշեց, որ գումարի հավաքագրումը նույն բյուջեի միջոցով ընձեռում է հնարավորություն սուբվենցիոն ծրագրեր մշակելու, ավելի փոքր համայնքների հիմնախնդիրները լուծելու, փողոցները բարեկարգելու, ճանապարհային լուսավորության հարցը կարգավորելու։
Ինչ վերաբերում է զբաղվածության ապահովմանը, ապա համայնքապետը չի դժգոհում, կարի արտադրամաս ունեն, վերջերս էլ բրդի գործարան է հիմնադրվել, որոնցում մեծամասամբ կանայք են զբաղվածություն ապահովում, իսկ տղամարդկանցից ոմանք կամ արտագնա աշխատանքի են մեկնում, կամ զբաղվում ոչխարաբուծությամբ։

Տնայնագործները եւս աշխատանք կունենան

Նշենք, որ օրեր առաջ Ամասիայում բացվել է բրդի գործարան։ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը, կարեւորելով մարզերի համաչափ զարգացումը, նպատակ էր դրել աջակցել Շիրակի մարզում բրդի արժեշղթայի զարգացմանը, գործող եւ նորաստեղծ ձեռնարկությունների մրցունակության բարձրացման եւ նոր աշխատատեղերի ստեղծման գործընթացներին։
Համայնքում բրդի գործարանի հիմնումը պայմանավորված է Շիրակի մարզի ոչխարաբուծության զարգացման երբեմնի ավանդույթով։ ԽՍՀՄ տարիներին մարզում այն բավական զարգացած է եղել, սակայն գլխաքանակը մի քանի անգամ կրճատվել է։ Եթե կարողանան ոչխարաբուծության երբեմնի ներուժը գոնե կիսով չափ վերականգնել, ապա այն համայնքի բնակիչների համար կարող է եկամտաբեր լինել, քանի որ բրդի իրացման նոր հնարավորություններ են ստեղծվում։ Այս առումով ինչպիսի՞ն են ծրագրից սպասումներն ու ակնկալիքները, եւ համայնքի զարգացման տեսանկյունից ինչ տնտեսական էֆեկտ է հաղորդելու բրդի վերամշակվող գործարանի շահագործումը։
Ջեմմա Հարությունյանը նախ մատնանշեց այն կարեւոր հանգամանքը, որ գործարանը կտա հնարավորություն զարգացնելու ոչ միայն ոչխարաբուծությունը, այլեւ գորգագործությունն ու կարպետագործությունը, այդ թվում նաեւ տնայնագործությունը՝ սեփական ինքնազբաղվածության ապահովմամբ։
Նախատեսվում է մաքուր լվացած բրդի արտադրություն հիմնել՝ վերջնական արդյունքն ապահովելով թելերի եւ գործվածքի տեսքով։
«Պետք է կազմակերպվի թելերի վաճառք եւ տրամադրվի գորգագործներին եւ կարպետագործներին։ Այն կարող են օգտագործել նաեւ անհատներն ու տնայնագործները, որոնք ունեն հմտություն գուլպա, շարֆեր, ձեռնոցներ եւ գլխարկներ պատրաստելու։ Քանի որ միջհամայնքային տրանսպորտ չկա, որ գյուղերից եւ մոտակա բնակավայրերից բնակիչները կարողանան այստեղ աշխատանքի անցնել, ուստի կարող են այդ թելը գնել եւ իրենց սեփական բիզնեսը հիմնել»,–ասաց Ջեմմա Հարությունյանը։
Գործարանում ներկայումս 23 աշխատատեղ է հիմնվել, որից 16–ն արդեն իսկ զբաղվածություն ունի, իսկ ՓՄՁ ծրագրով նախատեսվում է հիմնել եւս 40 աշխատատեղ։ Գործարանի տնօրենը եւս մրցույթով է նշանակվել,  աշխատակիցներն էլ հիմնականում գործազուրկ են եղել եւ գրանցված են եղել համայնքի զբաղվածության ծառայության տարածքային կենտրոնում։ Այս պահին նրանք վերապատրաստվում են հատուկ ուսուցման ծրագրով, որպեսզի հնարավորինս լավ տիրապետեն թել մանելու գործիքներին ու հմտություններին։ Օգոստոսի 1–ին արդեն կսկսեն աշխատել, եւ նրանց հետ կկնքվեն աշխատանքային պայմանագրեր։
Գործարանը, որտեղ կազմակերպվելու է բրդի արտադրությունը, համայնքի նախկին կինոյի շենքն է, որտեղ երբեմն–երբեմն իր գործունեությունն է ծավալել «Հայկական Կարիտաս» բարեգործական կամակերպությունը։ Սակայն մի քանի տարի է, ինչ շենքը շահագործման մեջ չէ, կարելի է ասել՝ լրիվ բարձիթողի է մատնված եղել, եւ ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարությունը շուրջ 20 մլն դրամ է հատկացրել այս շենքի վերանորոգման համար։ Իսկ ԵՄ—ն 350 000 եվրո գումարի դիմաց պարտավորվել է ձեռք բերել արտադրության համար անհրաժեշտ սարքավորումներ, կազմակերպել նախապատրաստական աշխատանքներ, ինչպես նաեւ գումարի որոշ մասն ուղղել ՓՄՁ—ների զարգացմանը, թեպետ ծրագրի հիմնական ու կարեւորագույն բաղադրիչը բրդի արտադրությունն ու մթերումն է։

Ոչխարաբուծությունը կդառնա գրավիչ

Ոչխարաբուծության զարգացման համար եւս որոշակի գումար է նախատեսված։ Ծրագրել են ոչխարի ցեղի բարելավման նպատակով նոր ցեղատեսակներ ներկրել, որ տրամախաչում լինի, եւ տեղական կոշտ բրդի փոխարեն ոչխարից փափուկ բուրդ ստանան։
«Ոչխարաբուծությունը Ամասիայում բավական զարգացած է, այստեղ նաեւ ալպիական արոտավայրերն են շատ։ 6 հազար բնակիչ ունեցող համայնքը մոտ 8 հազար գլուխ ոչխար ունի, որոնց բուրդը, սակայն, ցավոք չի օգտագործվում, իրացման շուկաներ չկան, որ ֆերմերները բրդից եկամուտ ստանան։ Սակայն, դրանով հանդերձ, շատ են ոչխար պահող ֆերմերային տնտեսություններն ու անհատ ֆերմերները, բացի այդ, բազմանդամ գրեթե բոլոր ընտանիքները եւս պահում են մինչեւ 25 գլուխ ոչխար։ Մարզում բուծում էին միայն մսատու ցեղատեսակներ, քանի որ բուրդը չուներ բավարար սպառման շուկա։ Երբ գործարանն արդեն բուրդ իրացնելու հնարավորություն ստեղծի, համայնքում կմեծանա ոչխարաբուծության գրավչությունը, բուրդ կմթերվի անսահմանափակ»,–ասաց Ջեմմա Հարությունյանը։ Աշխատանքներ կտարվեն նաեւ ֆերմերների հետ։ Նրանց կկրթեն ու կսովորեցնեն, որպեսզի վերջիններս ոչխար պահեն բրդի համար, ինչը կօգնի լավ որակի բուրդ ստանալ։ Ակնկալում են, որ հայկական տեղական բրդից հնարավոր կլինի որակալ թել ստանալ, ու, ինչո՞ւ չէ, իրացնել այն նաեւ երկրի սահմաններից դուրս։
Գործարանում արդեն շուրջ 3 տոննա բուրդ է մթերվել։ Առաջին տարվա համար նախատեսված է մթերել 10 տոննա, ընդ որում՝ 3 տոննան գառան, թեպետ գործարանն ունի տարեկան մինչեւ 25—30 տոննա բուրդ մթերելու հզորություն։
Բրդի իրացմամբ զբաղվելու է Շիրակի առեւտրաարդյունաբերական պալատը։ Հայմայնքապետի խոսքով՝ արտադրանքը սպառելու է նաեւ Գյումրու «Լենտեքստիլ» գործարանը, բացի այդ, անհատ հետաքրքրվողներ էլ շատ կան։
Ինչ վերաբերում է գործարանի արտադրանքից սպասվող տնտեսական հեռանկարներին, համայնքապետն ասում է, որ կատարված ներդրումները առաջիկա 3—4 տարիներին կվերադառնան։
«Ժամանակ է պետք հաշվարկելու տնտեսական եկամուտը, սակայն այն հաստատապես մեծ եկամտաբերություն կունենա։ Բնակիչները համոզվեցին, որ ոչխարաբուծությունը կարող է եկամտաբեր լինել, քանի որ իրացման հնարավորություն է արդեն ստեղծվել։ Վստահ ենք, արտագաղթը կնվազի, քանի որ մարդիկ լրացուցիչ եկամուտ կունենան։ Գործարանի գործարկմամբ նաեւ կվերականգնվի մեր ազգային գորգագործության մշակույթը։ Իսկ գործարանի եկամտի մեծ մասը կուղղվի համայնքի զարգացմանը»,–նշեց Ջեմմա Հարությունյանը՝ հավելելով, որ ե՛ւ բուրդը այսուհետ կարժեւորվի, ե՛ւ ոչխարի միսը, ե՛ւ բրդի արտադրությունը կդառնա պահանջված։

01-08-2019





 
18-09-2019
Առասպելի հրապույրը. մեթոդաբանություն
Իշխանությունների հովվերգությունը

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Ըստ երեւույթին պետականություն ունենալը առանձին ...


18-09-2019
Սպիտակի կարի միավորում. երբեմնի փառքի երեկն ու վաղը
Շատ բան կորոշի ներկան

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Խորհրդային տարիներին Սպիտակի ...


18-09-2019
Գործարար մարդու հեղանիշը (հեղանիշ— հեղինակության նիշ, «իմիջ»)
Հիշում եք՝ նախկինում ինչ վերաբերմունք կար «գործարար մարդ» հասկացության ...


18-09-2019
Տպագիր ու էլեկտրոնային միջոցները պետք է զուգահեռ զարգանան
Ինչու գնել թերթ, եթե համացանցում ինֆորմացիայի պակաս չկա

Լիանա ...


18-09-2019
Նոյից հետո առաջին վերելքը Արարատ
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը հայտարարել է մրցույթ

Եվրոպական բազմաթիվ ...


18-09-2019
Անվտանգության խորհրդի հերթական նիստը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երեկ տեղի է ունեցել անվտանգության ...



18-09-2019
Էլեկտրամոբիլներով երթեւեկելը ժամանակի պահանջ է
Բացվել է առաջին արեւային լիցքավորման ...

18-09-2019
Դպրոցը՝ Մերուժան Ստեփանյանի անունով
Անցած տարի «Հայրենասեր» բարեգործական հասարակական ...

18-09-2019
Վերանորոգման եւ հիմնանորոգման աշխատանքներ ամբողջ հանրապետությունում
Տասնյակ տարիներ չվերանորոգված ...

18-09-2019
Հայ թենիսիստի վարպետությունը հրապուրել է ամերիկացիներին
Հայաստանի խոստումնալից թենիսիստներից մեկը՝ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO