Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.09.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Ազատությունը կախված չէ ժողովրդավարությունից

Արեւմտյան ավանդույթների տրամաբանությունն այլ է

Քննարկվող եզրաբառի (ժողովրդավարություն) տվյալ մեկնաբանությունը բավական խելամիտ է։ Երկիրը, որտեղ անցկացվում են մրցակցային ընտրություններ, եւ մասնակցում են մի շարք կուսակցություններ, մենք անվանում ենք «ժողովրդավարական»։ Երբ հասարակական մասնակցությունը երկրի քաղաքական կյանքում մեծանում է, ասենք՝ հարդյունք կանանց ընտրական իրավունք տալու, այդպիսի երկիրը ավելի ժողովրդավարական է համարվում։ Իհարկե, ընտրությունները պետք է լինեն թափանցիկ եւ արդար, որոնք խոսքի եւ հավաքների որոշակի ազատություններ են պահանջում։ Բայց եթե դուրս գանք այդ նվազագույն պահանջների շրջանակներից եւ երկիրը ժողովրդավարական պետությունների շարքին դասենք, միայն այն ժամանակ, երբ այնտեղ երաշխավորված է սոցիալական, քաղաքական, տնտեսական եւ կրոնական իրավունքների ողջ համալիրը (որոնք տարբեր կլինեն՝ կախված յուրաքանչյուր դիտորդի դիրքորոշումից), ապա «ժողովրդավարություն» բառը զրկվում է իմաստից։ Վերջիվերջո, Շվեդիայում ձեւավորվել է տնտեսական մի համակարգ, որը, ինչպես պնդում են շատերը, սահմանափակում է անհատական սեփականություն ունենալու իրավունքը, Ֆրանսիայում մինչեւ վերջերս պահպանվում էր հեռուստահաղորդումների պետական մենաշնորհը, իսկ Մեծ Բրիտանիայում կրոնը գտնվում է պետական խնամակալության տակ։ Սակայն բոլոր այս երկրները անառարկելիորեն ժողովրդավարական են։ Նույնացնել «ժողովրդավարությունը» «լավ կառավարության» հետ, նշանակում է տվյալ եզրաբառը վերլուծության համար անօգուտ դարձնել։
Մինչդեռ սահմանադրական ազատականությունը ենթադրում է ոչ թե կառավարության ընտրության արարողակարգ, այլ ավելի շուտ նրա նպատակների ձեւակերպում։ Այստեղ խնդիրը պատմության խորքը ընթացող արեւմտյան ավանդույթների մեջ է եւ ենթադրում է անհատի ինքնությունը եւ արժանապատվությունը բռնությունից պաշտպանելու մեխանիզմ, անկախ այն բանից, այն գալիս է պետությունից, եկեղեցուց, թե հասարակությունից։ Տվյալ հասկացության մեջ սերտորեն ներհյուսված են երկու գաղափար։ Առաջին հերթին խոսքը լիբերալիզմի մասին է, որը հենվում է փիլիսոփայական այն ուղղության վրա, որ գալիս է հին հույներից եւ հռոմեացիներից եւ ընդգծում է անձնական ազատության կարեւորությունը։ Սակայն այդ ազատականությունը սահմանադրական է, քանի որ քաղաքական կյանքի կենտրոնում դնում է օրենքի գերակշռությունը։
Սահմանադրական ազատականությունը զարգացում ստացավ Արեւմտյան Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում որպես անձի կյանքի իրավունքի, սեփականության, խոսքի եւ դավանանքի ազատության պաշտպանության միջոց։ Հանուն այդ իրավունքների պաշտպանության՝ սահմանադրական ազատականությունն ընդգծում է պետական իշխանության զսպման, օրենքի առաջ բոլորի հավասարության, դատարանների եւ տրիբունալների անկողմնակալության անհրաժեշտությունը, ինչպես նաեւ եկեղեցու անջատումը պետությունից։ Գրեթե իր բոլոր տարբերակներով սահմանադրական ազատականությունը պնդում է, որ մարդիկ ունեն որոշակի բնական (կամ՝ «անօտարելի») իրավունքներ եւ այդ իրավունքները պաշտպանելու նպատակով իշխանությունները պարտավոր են ընդունել հիմնարար օրենք, որը պիտի սահմանադրի սեփական իրավասությունները։ Այսպես, 1215 թվականին Ռունիմեդյան մարգագետնում անգլիական բարոնները թագավորին հարկադրեցին սահմանափակել իր իշխանությունը։ Ամերիկյան գաղութներում նման արարքը ավելի ցայտուն արտահայտություն գտավ, երբ 1638 թվականին Հարթֆորդ քաղաքում ընդունվեց արդի պատմության առաջին գրավոր սահմանադրությունը։ 1789 թվականին ամերիկյան սահմանադրությունը ձեւական հիմքեր ստեղծեց բոլորովին նոր երկրի ծննդյան համար։ 1975 թվականին Արեւմուտքի երկրները չափորոշիչներ հաստատեցին նույնիսկ ոչժողովրդավարական վարչակարգերի վարքի համար։ Ազատությունների Մեծ հռչակագիրը, Քոննեքթիքութի Արմատական օրենսգիրքը, ամերիկյան սահմանադրությունը եւ Հելսինկյան ամփոփիչ պայմանագիրը, այդ ամենը ազատական սահմանադրության մարմնավորումներն են։
1945 թվականից հետո արեւմտյան երկրները մեծ հաշվով համատեղեցին ժողովրդավարությունն ու սահմանադրական ազատականությունը։ Այդ պատճառով այդ հասկացությունները դժվար է պատկերացնել իրարից անջատ՝ լինեն դրանք հակաազատական ժողովրդավարություններ կամ ազատական ինքնակալություն։ Իրականում ե՛ւ առաջինը, ե՛ւ երկրորդը գոյություն են ունեցել անցյալում, կան նաեւ այսօր։
Մինչեւ 20—րդ դարը Արեւմտյան Եվրոպայի երկրների մեծ մասը ազատական ինքնակալություններ էին կամ, լավագույն դեպքում, կիսաժողովրդավարական։ Ձայնի իրավունքը խիստ սահմանափակված էր, իսկ ընտրական օրենսդրական մարմինները սակավ իրավասություններ ունեին։ 1830 թվականին առավել ժողովրդավարական եվրոպական երկրներից մեկում՝ Մեծ Բրիտանիայում, բնակչության միայն երկու տոկոսն իրավունք ուներ քվեարկելու ընտրություններում, այն էլ միայն Պառլամենտի պալատներից մեկի համար։ Միայն 1940—ական թվականների վերջերին արեւմտյան երկրների մեծամասնությունը դարձավ լիարժեք ժողովրդավարական՝ չափահաս բնակչության համար համընդհանուր ընտրական իրավունքով։ Սակայն դրանից հարյուր տարի առաջ, 1840—ականների վերջերին, դրանց մեծամասնությունը հիմնովին յուրացրեց սահմանադրական ազատականության կարեւոր կողմերը՝ օրենքի գերապատվությունը, մասնավոր սեփականության իրավունքը եւ, առավել մեծ չափով՝ իշխանության թեւերի տարանջատումը, ինչպես նաեւ խոսքի եւ հավաքների ազատությունը։ Ժամանակակից պատմության տեւական հատվածում իշխանությունը Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում բնաթագրվում եւ տարբերվում էր աշխարհի մյուս պետություններից ոչ թե ժողովրդավարությամբ, այլ սահմանադրական ազատականությամբ։ «Կառավարման արեւմտյան մոդելը» առավել ճշգրտությամբ է խորհրդանշում ոչ թե զանգվածային հանրաքվեն, այլ դատարանի անկողմնակալությունը։
Տասնամյակներ շարունակ պստլիկ Հոնկոնգը փոքր, սակայն ցուցադրական օրինակն է այն բանի, որ ազատությունը կախված չէ ժողովրդավարությունից։ 1990—ականներին, երբ մոտենում էր Հոնկոնգը Չինաստանին հանձնելու ժամանակը, արեւմտյան թերթերն ու ամսագրերը անհանգստացած էին ժողովրդավարությանը սպառնացող նման իրադարձության առիթով։ Սակայն իրականում խոսքը ազատության ավանդույթների եւ օրինականությանը սպառնացող վտանգի մասին էր եւ ոչ թե ժողովրդավարության։ Մենք շարունակում ենք շփոթել այդ երկու հասկացությունները։
Ամերիկյան եւ իսրայելյան քաղաքական գործիչները հաճախ են նախատում պաղեստինյան ղեկավարությանը ժողովրդավարության բացակայության համար։ Սակայն՝ ըստ էության, Յասեր Արաֆաթը արաբական աշխարհում գրեթե միակ առաջնորդն է, որ ընտրվել է միանգամայն ազատ ընտրություններով։ Պաղեստինյան Ինքնավարության հիմնախնդիրը կապված է ոչ թե ժողովրդավարության (թեեւ այն այստեղ խորապես անկատար է եւ կիսատ—պռատ, բայց, այնուամենայնիվ, գործում է), այլ սահմանադրական ազատականության, ավելի ճիշտ՝ դրա բացակայության հետ։
Հատվածներ Ֆարիդ Զաքարիայի «Ազատության ապագան. ոչ լիբերալ ժողովրդավարությունը ԱՄՆ—ում եւ նրա սահմաններից դուրս» գրքից
Անգլերենից թարգմանեց
Տիրան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

06-09-2019





 
18-09-2019
Առասպելի հրապույրը. մեթոդաբանություն
Իշխանությունների հովվերգությունը

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Ըստ երեւույթին պետականություն ունենալը առանձին ...


18-09-2019
Սպիտակի կարի միավորում. երբեմնի փառքի երեկն ու վաղը
Շատ բան կորոշի ներկան

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Խորհրդային տարիներին Սպիտակի ...


18-09-2019
Գործարար մարդու հեղանիշը (հեղանիշ— հեղինակության նիշ, «իմիջ»)
Հիշում եք՝ նախկինում ինչ վերաբերմունք կար «գործարար մարդ» հասկացության ...


18-09-2019
Տպագիր ու էլեկտրոնային միջոցները պետք է զուգահեռ զարգանան
Ինչու գնել թերթ, եթե համացանցում ինֆորմացիայի պակաս չկա

Լիանա ...


18-09-2019
Նոյից հետո առաջին վերելքը Արարատ
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը հայտարարել է մրցույթ

Եվրոպական բազմաթիվ ...


18-09-2019
Անվտանգության խորհրդի հերթական նիստը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երեկ տեղի է ունեցել անվտանգության ...



18-09-2019
Էլեկտրամոբիլներով երթեւեկելը ժամանակի պահանջ է
Բացվել է առաջին արեւային լիցքավորման ...

18-09-2019
Դպրոցը՝ Մերուժան Ստեփանյանի անունով
Անցած տարի «Հայրենասեր» բարեգործական հասարակական ...

18-09-2019
Վերանորոգման եւ հիմնանորոգման աշխատանքներ ամբողջ հանրապետությունում
Տասնյակ տարիներ չվերանորոգված ...

18-09-2019
Հայ թենիսիստի վարպետությունը հրապուրել է ամերիկացիներին
Հայաստանի խոստումնալից թենիսիստներից մեկը՝ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO