Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.05.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Առավելագույն թափանցիկություն՝ նվազագույն ստվերայնություն

Հանքարդյունաբերությունը չի կարող դառնալ երկրի բրենդը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Վերջին շրջանում հանրությունն առավել մեծ հետաքրքրություն է ցուցաբերում ընդերքօգտագործմանն առնչվող հարցերի հանդեպ։ Թեեւ կառավարության կողմից այս տարվա ընթացքում քայլեր իրականացվեցին հանքարդյունաբերական ընկերությունների իրական սեփականատերերի հանրային ռեեստր ունենալու եւ ոլորտում թափանցիկությունն ավելացնելու ուղղությամբ, սակայն հանքարդյունաբերական ընկերությունում մինչեւ 10 տոկոս բաժնեմաս ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք ազատվում են այդ բաժնեմասի իրական սեփականատիրոջը բացահայտելու պարտադրանքից։ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել էր «Ընդերքի մասին» օրենսգրքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկում էր հանել կանոնադրական կապիտալում առնվազն 10 տոկոս բաժնեմաս ունենալու դրույթը։
«Ողջունելի էր կառավարության կողմից ընդերքօգտագործման բնագավառում առավելագույն թափանցիկություն ապահովելու մոտեցումը, սակայն հիմնավորված չէր այդ 10 տոկոսի սահմանաչափի պահպանումը։ Սահմանադրության համաձայն՝ ընդերքը եւ ջրային ռեսուրսները պետության բացառիկ սեփականությունն են, եւ եթե ընդերք շահագործող ընկերությունը մտնում է այդ դաշտ, ապա օրինաչափ է առավելագույն թափանցիկության ապահովումն ու իրական շահառուների բացահայտումը, եթե նույնիսկ նրանք բաժնետեր չեն։ Հանրությունն իրավունք ունի իմանալու, թե ովքեր են այն անձինք, ովքեր հանդիսանում են դրա մասնակիցները եւ իրական շահառուները»,–«ՀՀ»—ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը՝ ընդգծելով, որ ընդերքօգտագործման ոլորտում անգամ փոքր մասնաբաժին ունեցող անձինք փաստացի տիրապետում են խոշոր միջոցների, եւ նրանց վերաբերյալ տեղեկատվությունը եւս պետք է տրամադրվի եւ հրապարակվի սահմանված կարգին համապատասխան։ Այն բացատրությունը, թե 10 տոկոս շեմը պահպանում են, որովհետեւ միջազգային չափանիշներով այլ պետություններում գործում է 20—25 տոկոսի նորմատիվը, պատգամավորը հիմնավոր չի համարում, քանի որ դրանք պարտադիր նորմեր չեն, եւ յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում որքան սահմանել։ «Կան երկրներ, որոնք ընդհանրապես նորմատիվներ եւ թափանցիկություն չեն ապահովում։ Եթե Հայաստանը գնացել է թափանցիկության ապահովման ճանապարհով, ապա 100 տոկոսանոց տարբերակը շահավետ է նրանով, որ կբարձրացնի հանրային վստահությունը։ Եթե մենք առհասարակ խոսում ենք, որ պետք է հանքարդյունաբերության քաղաքականությունը փոխվի եւ ՀՆԱ —ի մեջ նրա մասնաբաժինը փոքրանա, եթե հանքարդյունաբերությունը չպետք է լինի մեր տնտեսության հիմնական ուղղությունը, իսկ մենք՝ ուղղակի հումք արտահանող երկիր, այն էլ՝ բնապահպանական խնդիրներ առաջացնելով եւ վտանգելով բնակչության կյանքն ու առողջությունը, ապա այս շեմի վերացումը կլինի դրան ուղղված առաջին քայլերից մեկը»,–նկատեց պատգամավորը։
Հիմնարար մոտեցում է, թե ինչպիսի՞ դեր եւ ի՞նչ ձայնի իրավունք է առհասարակ տրվում բնակչությանը, թե՞ դա բացարձակապես կառավարության որոշումների տիրույթում է։ Արդյոք այն մարդիկ, որոնք ապրում են այդ բնակավայրերում եւ գտնվում են հանքարդյունաբերության անմիջական ազդեցության տակ, պե՞տք է ունենան ձայնի իրավունք, թե՞ ոչ։ Եթե հանրային լսումներ են անցկացվում, որոնց արդյունքները պարտադիր ուժ չունեն որոշումներ կայացնելու համար, ապա այդ դեպքում ինչի՞ համար են դրանք։ Եթե միայն կարծիք հարցնելու համար են, ապա դա բավարար չէ։ Խաչատրյանի խոսքով, սրանք այն հարցերն են, որոնց պատասխանները պետք է անպայմանորեն հստակեցվեն։ Նա բավարար չգնահատեց այն հիմնավորումները, որոնց հիման վրա կառավարությունը, իսկ երեկ նաեւ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մերժեցին օրենքի նախագիծը։ «Պատճառներից մեկն այն է, որ այդ տեղեկատվությունը հավաքելու համար հավելյալ ծախսեր կառաջանան պետության համար։ Մինչդեռ այդ տեղեկատվությունը հանրության համար մատչելի դարձնելը կմեծացնի վստահությունը ոլորտի նկատմամբ, եւ քանի որ չափազանց մեծ հանրային շահ է ներկայացնում, ապա պետությունը պետք է կատարի այդ ծախսը»,–ընդգծեց զրուցակիցս։ Ինչ վերաբերում է այն բանին, որ օրենքն ընդունելու դեպքում մարդիկ չեն հասցնի ծրագրային ապահովումը, ապա առաջին, երկրորդ ընթերցումից հետո ընդունվելու դեպքում օրենքը կգործեր միայն հաջորդ տարվանից, եւ հնարավոր կլիներ տեղավորվել ժամկետների մեջ։ Խաչատրյանը հույս հայտնեց, որ վաղ թե ուշ կառավարությունը կգնա այդ քայլին, եւ կապահովվի բացարձակ թափանցիկություն, ինչն էլ կնպաատի ստվերայնության պակասեցմանը՝ ունենալով հակակոռուպցիոն նշանակություն։
Ընդերքօգտագործման ժամանակ մշտապես բախվում են տնտեսական եւ բնապահպանական շահերը։ Ակնհայտ է, որ այն մարդիկ, որոնք ապրում են տվյալ բնակավայրում, ունեն ձայնի իրավունք եւ կարող են տեղական հանրային նշանակության հարցերի վերաբերյալ իրենց դիրքորոշումն արտահայտել տեղական հանրաքվեների, նաեւ հանրագրեր ներկայացնելու միջոցով։ Մյուս կողմից՝ տեղական բնակչությունը կարող է շահագրգռված լինել աշխատատեղերի, սոցիալական խնդիրների լուծման, ճանապարհաշինության, ոռոգման եւ բազմաթիվ այլ հարցերով։ Որպես տնտեսագետ՝ Խաչատրյանը կողմնակից է, որ ընդերքն օգտագործվի, սակայն դա պետք է իրականացվի ողջամտորեն եւ կայուն զարգացման տեսլականի ներքո, ինչը նշանակում է, որ այսօրվա տնտեսական աճը չպետք է լինի վաղվա սերունդների հաշվին կամ նրանց կյանքի, առողջության կամ բարեկեցության հաշվին։ Եթե այս տեսանկյունից առաջանում են ռիսկեր, ապա, բնականաբար, պետք է գերակա լինի մեր սերունդների եւ նրանց բարեկեցության ապահովման հարցը։ «Երբ խոսում ենք պետական կառավարման մասին, ուրեմն պետք է առաջնորդվենք ռազմավարական շահերով, իսկ որոշումները կարճաժամկետ տնտեսական շահից բացի, պետք է ապահովեն նաեւ երկրի երկարաժամկետ ռազմավարական շահը, սերունդների շահը եւ կայուն զարգացման տեսլականը։ Միանշանակ պատասխաններ այստեղ չկան։ Ցանկացած հարց քննարկելի է»,–ասաց նա։
Տնտեսական ծրագրերի շնորհիվ է, որ հարկեր են գոյանում, երկիրը զարգանում է, հարկեր են գոյանում։ Սակայն ԱԺ պատգամավորը կարծում է, որ մենք պետք է մեր երկրի համար ստեղծենք բոլորովին այլ անուն եւ բրենդ. հիմնական շեշտերը պետք է դրվեն զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերության, բարձր արտադրողական գյուղատնտեսության, արտահանելի հատվածի զարգացման, գիտելիքի կուտակման, կրթության, գիտելիք ստեղծելու եւ արտահանելու վրա։ «Սրանք պետք է լինեն մեր հիմնական ուղղվածությունները, այլ ոչ թե հանքարդյունաբերական պետություն դառնալը, որտեղ աղտոտված կլինի ամեն բան եւ պայմաններ չեն լինի սերունդների ապրելու համար»,–ասաց Խաչատրյանը։

06-09-2019





28-05-2020
Պատմության անիվի հետպտույտը
Եթե ստեղծվեր Միացյալ անկախ Հայաստանը…

1918-20 թթ. ընթացքում ...


28-05-2020
Արտոնյալ վարկեր՝ 25 տոկոս դրամաշնորհով
Հաստատվեց համավարակի տնտեսական հետեւանքների չեզոքացման հերթական միջոցառումը

Գործադիրը ...


28-05-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 442 նոր դեպք, առողջացել է ևս 32 պացիենտ
Հայաստանում մայիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


28-05-2020
Մեր ազատությունը Քրիստոսով է
Պատմության ողջ ընթացքում մարդիկ ձգտել են ազատության։ Շատերն են ...


28-05-2020
Հայոց պատմության սպիտակ էջերից
Ռուսների մասնակցությունը 1918 թվականի մայիսյան հերոսամարտերին

Հայ ժողովրդի ...


28-05-2020
Դղյակների գույքահարկն ավելանալու է
Հավանություն տրվեց հարկային օրենսգրքի փոփոխություններին

Կառավարությունը երեկվա նիստում ...


28-05-2020
Լռությունը նույնպես հաղորդակցության ձեւ է
Միայն լռելով կարելի է վերագտնել խոսքի արժեքը

Լռությունը ...



28-05-2020
Տիկնիկային թատրոն-85
Ճանապարհ դեպի մանկություն


28-05-2020
Արցախյան ազատամարտի հերոսներից մեկը
Արցախյան գոյամարտը շատ հերոսներ ծնեց։ Նրանց մի մասն ...

28-05-2020
Հրշեջ նոր մեքենա Կովսականի ՀՓՋ-ին
Մոտ օրերս Քաշաթաղի շրջանի հարավային ...

28-05-2020
Հրանտ Մելքումյանը ճանաչվեց երկրորդը
Հայ շախմատիստները շարունակում են հաջողություններ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +15... +17
ցերեկը +29... +31

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO