Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.11.2019
ԱՅԼՔ...


Աղբահանության անմխիթար վիճակից՝ արդյունավետ համակարգի

Կկարողանա՞ ՏԿԵՆ-ը այդ փոփոխությունը զուգակցել սոցիալական գործոնի հետ

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մեր երկրում աղբահանության ոլորտը կարգավորվում է «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին», «Թափոնների մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին», «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին», «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին», «Լիցենզավորման մասին» «Բազմաբնակարան շենքերի մասին», «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքներով, նաեւ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ եւ հարկային օրենսգրքերով ու մի շարք ենթաօրենսդրական ակտերով։ Սակայն հաշվի առնելով այսօր աղբահանության եւ ծառայությունների ցածր որակը եւ դրանց ընդգրկվածության ծավալները՝ բնագավառի համակարգված եւ միասնական քաղաքականության եւ նոր ռազմավարական ուղղությունների անհրաժեշտություն է առաջանում։
Դրանից ելնելով էլ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը (ՏԿԵՆ) մինչեւ հոկտեմբերի վերջը քննարկման է դրել աղբահանության համակարգի ռազմավարությունը։
Ի՞նչ գնահատական է տալիս ՏԿԵՆ—ը աղբահանության ոլորտի ներկայիս վիճակին, որ նոր ռազմավարական ուղղությունների անհրաժեշտությունից է խոսում։
Ընդհանուր պատկերը սա է։
Դրույքաչափի մասով. Հայաստանում աղբահանությունը ու դրա դիմաց վճարի դրույքաչափի սահմանումը տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների տիրույթում են։ Համայնքի տարածքում աղբահանության եւ սանիտարական մաքրման աշխատանքները ֆինանսավորվում են համայնքի բյուջեից՝ առանձին ծախսային ծրագրով կամ արտաբյուջետային հաշվից։ Աղբահանության վճարը համայնքի բյուջե կամ արտաբյուջե գանձվող պարտադիր գանձույթ է։ Աղբահանության դրույքաչափերը սահմանում է համայնքի ավագանին։ ՀՀ օրենսդրությամբ առավելագույն դրույքաչափը սահմանված է ամսական 400 դրամ մեկ բնակչի համար, կամ ըստ բնակելի շինության կամ բնակարանի ընդհանուր մակերեսի՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ առավելագույնը 25 դրամ։ Աղբահանության վարձավճարները հանրապետության համայնքներում կազմում են ամսական 50—ից 300 դրամ՝ 1 մարդու հաշվարկով։ Իսկ տնտեսավարող սուբյեկտների համար օրենքով սահմանված են տարբերակված դրույքաչափեր՝ կախված տնտեսական գործունեության ուղղությունից եւ զբաղեցրած տարածքի մակերեսից։
Աղբահանության մասով. համայնքներում աղբահանություն անում են կա՛մ համայնքային կազմակերպությունները, կա՛մ համայնքներում գործող մասնավոր հատվածը։ Հայաստանի տարածքում աղբահանություն իրականացվում է 501 համայնքներից 443—ում։ 58 գյուղական համայնքներում դեռ աղբահանության ծառայություն չկա։ Ընդ որում, աղբահանության համակարգում չընդգրկված 58 գյուղական բնակավայրերի բնակչության թիվը կազմում է 46000, այսինքն կարելի է փաստել, որ հանրապետության բնակչության 1,6 տոկոսին չեն մատուցվում աղբահանության ծառայություններ։ Իսկ այն 443 բնակավայրերում, որտեղ մատուցվում են այդ ծառայությունները, 274 կազմակերպություններ են դա անում։ Այդ թվում՝ 208—ը՝ համայնքի եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների, 6—ը՝ բաց բաժնետիրական ընկերությունների, 22—ը՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների, 21—ը՝ անհատ ձեռնարկատերերի եւ 17—ը՝ ֆիզիկական անձանց կողմից։
2019թ. հունվարի 1—ի դրությամբ աղբահանության եւ սանիտարական մաքրման տեխնիկական հագեցվածությունը մարզերում աղբահանության համար այս «կազմով» է. 774 մեքենաներ եւ 11 868 աղբամաններ։
Ինքնածախսածածկման մասով. աղբահանության համակարգը դեռ հեռու է ինքնածախսածածկում ապահովելուց։ Համայնքներում աղբահանության ծառայությունների մատուցման համար կատարված ծախսերը կրկնակի գերազանցում են ծառայությունների դիմաց հավաքագրված վարձավճարները։ Մասնավորապես՝ աղբահանության դիմաց վարձավճարները մարզերում կազմում են աղբահանության վրա կատարված ծախսերի 43,9 տոկոսը, իսկ հանրապետությունում (ներառյալ Երեւանը)՝ 50 տոկոսը։
Երեւանում 2018թ. աղբահանության եւ սանիտարական մաքրման վրա կատարված ծախսերը կազմել են 4.968 մլրդ դրամ, իսկ աղբահանության եկամուտները՝ 2.850 մլրդ դրամ, որից ֆիզիկական անձանցից հավաքված վարձավճարները կազմել են 1.512 մլրդ դրամ, տնտեսավարող սուբյեկտներից հավաքվածը՝ 1.338 մլրդ դրամ։
Մի խոսքով, ըստ ՏԿԵՆ—ի, աղբահանության բնագավառում մատուցվող ծառայությունների որակի, կոշտ կենցաղային թափոններ առաջացնող բոլոր սուբյեկտների ընդգրկվածության, պայմանագրերի կնքման, վարձավճարների հավաքագրման գործընթացների նկատմամբ ընդհանուր եւ կենտրոնացված հսկողություն չի արվում։ Գործնականում ծառայությունների մատուցման կիրառվող պայմանագրերը թերի են, չեն ներառում երկկողմ փոխհարաբերությունների բոլոր անհրաժեշտ դրույթները։
Դրա հետ մեկտեղ, անմխիթար վիճակ է նաեւ աղբի հեռացման վայրերում՝ աղբավայրերում եւ աղբանոցներում։ Աղբանոցները չեն համապատասխանում միջազգային կամ որեւէ քաղաքաշինական, բնապահպանական եւ սանիտարահիգիենիկ չափանիշներին եւ բացառապես աղբի կուտակման վայր են դարձել։ Դրանք շահագործվում են չհամակարգված։ Մասնավորապես, ցանկապատված չեն, ինչի պատճառով տարածք կարող են մուտք գործել անօթեւաններն ու կենդանիները, բացակայում է տեղադրվող աղբի հաշվառման համակարգը, բացակայում են աղբատար մեքենաների լվացման եւ ախտահանման սարքավորումները, տեղադրված թափոնները չեն ծածկվում հողով։ Հաճախ հրկիզվում է կամ ինքնահրկիզվում, ինչն էլ հանգեցնում է օդի, ջրի եւ հողի աղտոտմանը (մասնավորապես դիօքսիդներով, որոնց բացասական ազդեցությունը մարդկանց առողջության վրա ակնհայտ է)։
Այս ամենին զուգահեռ՝ բացակայում է նաեւ շրջանաձեւ տնտեսության եւ թափոնների «5 Rs» ստորադասության (գոյացող աղբի քանակի նվազեցում, վերաօգտագործում, օգտահանում, վերամշակում եւ էներգետիկ ռեսուրսի վերականգնում) սկզբունքը, ինչը հնարավորություն կտա արտադրանքից ստանալ առավելագույն օգուտ՝ միաժամանակ առաջացնելով նվազագույն քանակով աղբ։
Խնդիրները շարունակել կարող ենք։ Տեսնենք, թե ինչ լուծումներ է առաջարկում ՏԿԵՆ—ը։ Իսկ առաջարկում է, օրինակ, աղբահանության ոլորտում միասնական քաղաքականություն վարել, ստեղծել միջազգային չափանիշներին եւ նորմերին բավարարող ինտեգրված աղբահանության համակարգ, որը տեխնիկական, ֆինանսական եւ բնապահապանական առումներով կայուն ու ծախսարդյունավետ ծառայություններ կտրամադրի բնակչությանը եւ կազմակերպություններին։ Առաջարկում է վերահսկողություն սահմանել բոլոր բնակավայրերում աղբամանների տեղադրման, աղբի հավաքման, փոխադրման, հեռացման, պահպանման եւ վերամշակման, աղբամուղերի շահագործման, ինչպես նաեւ բնակավայրերի տարածքների սանիտարական նորմերի կատարման նկատմամբ։ Աղբի հավաքման երթուղիների հետ կապված եւ ելնելով ծախսարդյունավետությունից՝ առաջարկվում է բնակավայրերում կիրառել փոխաբեռնման կայաններ (աղբի ժամանակավոր պահման վայր), ինչը կնվազեցնի երթեւեկության ծանրաբեռնվածությունն ու ծախսերը։ Փոքր ու նոսր բնակեցված բնակավայրերում առաջարկվում է կիրառել աղբի հավաքման կետեր՝ ճանապարհամերձ տարածքում, որը կարող է սպասարկել երկու եւ ավելի բնակավայրեր։
ՏԿԵՆ—ը առաջարկում է նաեւ փակել չհսկվող աղբանոցները, տարածքներն ազատել ու վերականգնել։
Ինչեւէ, երբ գործադիրը հավանության կարժանացնի համապատասխան փաստաթուղթը, մենք կտեսնենք, թե քայլերն ինչքանով են արդյունավետ եւ ինչքանով են ճիշտ։ Եվ թե ինչքանով այդ արդյունավետ համակարգ ունենալը կկարողանա զուգակցվել սոցիալական գործոնի հետ, պարզ կդառնա, երբ մշակվի միջոցառումների ծրագիրը։

26-10-2019





16-11-2019
Հայաստանի հավակնոտ հայտը ռազմարդյունաբերության ոլորտում
Ոլորտին հատկացվող գումարը հաջորդ տարի կկազմի 6.3 մլրդ ...


16-11-2019
Իրանի տնտեսարդյունաբերական ազատ եւ հատուկ գոտիները
Նպաստավոր պայմաններ են ապահովում հատկապես օտարերկրացի ներդրողների համար

Էմմա ...


16-11-2019
Ինչ ստացավ Անկարան Վաշինգտոնից եւ ինչ կստանա Մոսկվայից
Հայկական հարցը՝ միջազգային վերադասավորումների համապատկերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մեր ենթադրությունների ...


16-11-2019
Ձկնարտադրությունից մինչեւ սեւ խավիար
Արցախի ձկնկիթն առաջին անգամ կարտահանվի Եվրոպա

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Առաջնագծից ...


16-11-2019
ՊԵԿ-ը 253 միլիոն դրամի խախտում է արձանագրել
Կառույցն անցում է կատարում իրավախախտումների դեմ պայքարի նոր ...


 
16-11-2019
IPSE DIXIT
«Նախանձ» մենք համարում ենք մարդկային բնույթի այն ստորությունը, որը ...


 
16-11-2019
Հորդորակ
Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին




16-11-2019
Ինչն է գրավում զբոսաշրջիկներին մեր երկրում
Քննարկման փուլում է ոլորտի զարգացման ...

16-11-2019
Մանկապարտեզների ու դպրոցների սնունդը
Ի՞նչ խնդիրներ կան, որո՞նք են չիմացության ...

16-11-2019
Հայաստանում աճում է սուսերամարտի նկատմամբ հետաքրքրությունը
Հանգստյան օրերին Նորագավիթի սուսերամարտի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO