Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.11.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


«Հայերին եւ ուկրաինացիներին կապում է պատմական ու հոգեւոր արժեքների որոշակի ընդհանրությունը»

Շնորհավորում ենք, Ուկրաինա

Նոյեմբերի 9-ը ուկրաինական գրի ու լեզվի օրն է։ Այդ առթիվ Լեզվի կոմիտեի աշխատակիցը զրուցել է 1996-2001 եւ 2005-2010 թվականներին Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան, հայագետ, հայ գրականության թարգմանիչ, Ուկրաինայի գրողների ազգային միության քարտուղար, «Մայրենիի դեսպան» Օլեքսանդր Բոժկոյի հետ։
–Պարո՛ն Բոժկո, խորհրդային, հետխորհրդային քաղաքական փուլերի հերթափոխն այս կամ այն կերպ անդրադարձել է ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների լեզվավիճակի վրա։ Այդ անդրադարձն ինչպիսի՞ն է եղել Ուկրաինայում։
–Ուկրաիներենի հարցը միշտ էլ քաղաքական բնույթ է կրել ինչպես ԽՍՀՄ—ում, այնպես էլ Ռուսական կայսրության օրոք։ XVII—XIX դարերում ցարական Ռուսաստանը մեկ անգամ չէ, որ հրաման է արձակել՝ արգելել ուկրաիներեն գրքեր տպագրելը, դպրոցներում մայրենի լեզվով դասավանդելը եւ եկեղեցիներում՝ ժամասացությունը։ ԽՍՀՄ ժամանակաշրջանում ուկրաիներենը տարբեր փուլեր է ապրել։ 1923—1933 թվերին այսպես կոչված «ուկրաինացումին» փոխարինելու եկավ ուկրաիներենի «մերձեցումը» ռուսերենին, այլ կերպ ասած՝ Ուկրաինայի բացահայտ ռուսացումը։ Վերանայվեցին բառարանները, ուկրաիներենի ուղղագրությունը, մեծացավ ռուսական դպրոցների քանակը, ռուսաց լեզվի ուսուցիչները սկսեցին հավելավճար ստանալ։ Նման քաղաքականության հետեւանքն այն եղավ, որ տասնամյակների ընթացքում ուկրաիներենին տիրապետող քաղաքացիների թիվը սկսեց անկասելիորեն նվազել, ուկրաիներենը դուրս մղվեց արտադրական եւ գիտական ոլորտներից։ 1970—ականների վերջին ուկրաիներենով տպագրվող գրքերի քանակն այնպես նվազեց, որ իջավ 1920—ականների՝ «ուկրաինացումին» նախորդած ժամանակաշրջանի մակարդակին։ Խորհրդային Ուկրաինայում մայրենիով եւ ռուսերենով տպագրվող գրքերի միջեւ հարաբերակցությունը դարձավ 3/157։ 1980—ականների կեսերին խորհրդային Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւի դպրոցներում աշակերտների ընդամենը մեկ հինգերորդ մասն էր սովորում ուկրաինական դասարաններում։ Կիեւի Տարաս Շեւչենկոյի անվան համալսարանում բնագիտական առարկաների մեկ երրորդ եւ հասարակագիտական—հումանիտար առարկաների կեսից էլ պակաս մասն էր դասավանդվում մայրենի լեզվով։
1985 թ. ԽՍՀՄ—ում սկսվեց վերակառուցման գործընթացը, որը հնարավորություն ընձեռեց բարձրաձայնելու ազգային մշակույթների եւ լեզուների խնդիրների մասին։ 1986—ին ուկրաիներենի վիճակի շուրջ լայն քննարկումներ ծավալվեցին։ Ուկրաինայի տարբեր շրջաններում սկսեցին ստեղծվել հասարակական կազմակերպություններ՝ ի պաշտպանություն մայրենի լեզվի։ 1980—ականների վերջին ուկրաիներենի հարցը սկսեց ներգրավվել քաղաքական բանավեճերի մեջ։ Եվ պատահական չէ, որ 1991—ին Ուկրաինայի անկախական շարժման ժամանակ ուկրաիներենի պահպանման խնդիրը հնչեց որպես քաղաքական հրատապ պահանջ։
–Այնուամենայնիվ, ԽՍՀՄ համակարգի զսպող ուժի հակազդեցությամբ ազգային արժեքների վերելք է գրանցվել ժամանակին։ Անկախ Ուկրաինան մայրենի լեզվի հարցում առաջընթացի ի՞նչ նոր ազդակ է ընտրել։
–Ուկրաինայի ռուսացման գործընթացը ԽՍՀՄ—ում այնպիսի թափ էր ստացել, որ այն իներցիայով շարունակվում էր նաեւ անկախության հռչակումից հետո։
Ուկրաինական իշխանությունների քայլերը մայրենի լեզվի պահպանման ուղղությամբ մեծամասամբ դեկլարատիվ բնույթ էին կրում, ինչպես, օրինակ, Սահմանադրության այն հոդվածը, որտեղ նշվում է ուկրաիներենի պետական կարգավիճակի մասին։ Հաշվի առնելով հասարակության միասնականության հարցում լեզվի կարեւորագույն դերը՝ պետական մակարդակով հաստատվեց ուկրաինական գրի եւ լեզվի օրը։ Նշվում է այդ օրն ամեն տարի նոյեմբերի 9—ին՝ ի հիշատակ XI դարի վերջի—XII դարի սկզբի Կիեւ—Պեչորյան վանքի վանական, «Անցած տարիների պատմություն» հայտնի տարեգրության հեղինակ սուրբ Նեստոր Տարեգրի։
Հատկանշական է, որ 2000 թվականից սկսած՝ այդ օրը ուկրաինական ռադիոն ազգային միասնության ռադիոթելադրություն է հնչեցնում։ Եվ այդ ժամանակվանից ամեն տարի յուրաքանչյուր ցանկացող կարող է մասնակցել ռադիոթելադրություն գրելուն՝ այդ կերպ արտահայտելով իր միասնությունը նրանց հետ, ովքեր սիրում եւ հարգում են ուկրաինական բառը։
Սակայն անկախության ձեռքբերումից հետո պետական եւ ոչ պետական հիմնարկներում ուկրաիներենի գործածումը պարտադիր դարձնելու կառավարության փորձերը սարսափելի դիմադրության հանդիպեցին ինչպես երկրի ռուսամետ շրջանակների, այնպես էլ Ռուսաստանի կողմից։ Մոսկվան իր ԶԼՄ—ների միջոցով մշտական ճնշում էր գործադրում ուկրաինական իշխանությունների վրա՝ մեղադրելով նրանց ազգայնականներին աջակցելու մեջ, պիտակելով «ֆաշիստներ», «բանդերականներ»։ Եվ ինչպես պարզվեց, դա, քաղաքական եւ տնտեսական ճնշմանը զուգահեռ, բավականին արդյունավետ զենք էր Ռուսաստանի ձեռքում՝ հաշվի առնելով այն ժամանակ մոսկովյան հեռուստատեսության տարածվածությունը Ուկրաինայում։ Ռուսերենի գերիշխանությունը Ուկրաինայում հատկապես նկատելի էր մամուլում տիրող իրավիճակից։ Այսպես, օրինակ, 2003 թվին Ուկրաինայում տպագրվող ուկրաիներեն թերթերի թիվը կազմում էր 30 տոկոս, իսկ ռուսերեն թերթերինը՝ 64 տոկոս։ Հարյուր ուկրաինացուն մայրենի լեզվով 46 օրինակ թերթ էր բաժին հասնում, մինչդեռ Ուկրաինայում ապրող հարյուր ռուսի՝ ռուսերենով՝ 386 կամ 8,4 անգամ ավելի։ Ուկրաիներեն ամսագրերի տարեկան տպաքանակը կրճատվեց 70 տոկոսով 1995 թվին եւ 19 տոկոսով՝ 2005—ին։ Ռուսալեզու մամուլի տարածման ցանցն ընդգրկում է Ուկրաինայի բոլոր մարզերն առանց բացառության, այն դեպքում, երբ հարավի եւ արեւելքի ուկրաիներեն մամուլն առհասարակ բացակա է։ Նման իրավիճակ էր դիտվում նաեւ գրքերի հրատարակման ասպարեզում. ռուսերեն գրքերի տպագրությունն ուկրաինական շուկայում այն ժամանակ մոտավորապես 80 տոկոս էր, ուկրաիներենինը՝ 20 տոկոս։
Դրությունը սկսեց բարելավվել միայն 2014 թվականի արժանապատվության հեղափոխությունից հետո։ Սահմանափակվեց Ռուսաստանում տպագրվող գրքերի ներմուծումը Ուկրաինա։ Դա աշխուժացրեց ուկրաիներեն գրքերի տպագրությունը։ Ուկրաինալեզու, այդ թվում եւ թարգմանվող գրականության քանակը մեծացավ 76 տոկոսով, նշանակալիորեն նվազեցին ռուսերեն գրքերի ծավալները։ Նախկին գումարման Գերագույն ռադան, հաղթահարելով ռուսամետ ընդդիմության դիմադրությունը, այս տարի վերջապես ընդունեց ուկրաիներենի մասին նոր օրենք, որտեղ հաստատված են մայրենի լեզվի պաշտպանության գործուն մեխանիզմներ։ Երկու տարի է, ինչ ուկրաինական ռադիոյում եւ հեռուստատեսությունում գործում են լեզվի պարտադիր մասեր։ Դրա շնորհիվ մեկ տարվա ընթացքում ուկրաիներենով հաղորդումների թիվն ընդհանուրի 39 տոկոսից աճել է 64—ի, իսկ ռուսերենինը 32—ից նվազել է մինչեւ 7 տոկոս։ Մնացած ժամերը զբաղեցնում են երկլեզու՝ ուկրաիներեն—ռուսերեն ծրագրերը։ Համազգային եւ տեղական ու շրջանային ռադիոկայաններով հնչող երգերի 54 տոկոսը ուկրաիներեն է։ Այդպիսով, ուկրաիներենը երկար տարիներ ի վեր առաջին անգամ գերիշխում է հեռուստատեսությունում։ Կինոթատրոններում ֆիլմերի 90 տոկոսը հիմա ցուցադրվում է ուկրաիներենով։ Ուկրաիներենով ուսում ստացող դպրոցականների թիվը 2014 թվականից հետո հասել է 91 տոկոսի։
Ասում են, որ եթե ուկրաինական իշխանությունները նման քայլեր ձեռնարկեին 90—ական թվականներին, ապա 2014 թվին Ռուսաստանը հնարավորություն չէր ունենա շահարկել «լեզվի քարտը»։
–Լեզվի բնագավառում պետական ինչպիսի՞ վերահսկողություն է սահմանված ձեր երկրում։
–Լեզվական քաղաքականության մեջ ուկրաինական իշխանության անարդյունավետ գործունեության պատճառներից մեկը նրա անհետեւողականությունն է եւ այդ քաղաքականությունն իրագործելու համար պատասխանատու մարմին ստեղծելու հարցում չկողմնորոշվելը։ Վերջին 26 տարվա ընթացքում նման մարմին գործում էր մե՛կ կառավարությունում, մե՛կ Ռադիոյի եւ հեռուստատեսության կոմիտեում, մե՛կ մշակույթի նախարարությունում, մե՛կ Ազգային փոքրամասնությունների պետական կոմիտեում։ Այդ մարմնի գործունեությունը ավելի շուտ ձեւական էր, հռչակագրային, քանի որ լեզվական արդյունավետ քաղաքականություն վարելու համար այն իրական լծակներ չուներ։ Վոլոդիմիր Զելենսկու իշխանության գլուխ գալով՝ կառավարության կառույցում ստեղծվել է պետական լեզվի չափանիշների հարցերով կոմիտե եւ նշանակվել պետական լեզվի հարցերով լիազոր մարմին։ Այդ որոշումն ընդունելուց հետո արդեն մի քանի ամիս է անցել, բայց կառավարությունը մինչեւ հիմա ո՛չ լիազորի նշանակման հարցում է կողմնորոշվել, ո՛չ էլ կոմիտեի ֆինանսավորման աղբյուր գտնելու։ Ցավոք, ուկրաիներենի քաղաքականության վերաբերյալ Ուկրաինայի նոր իշխանությունները կարծես թե կրկնում են նախորդների սխալները։
–Ուկրաինացիներն ու ուկրաիներենն ինչպե՞ս են վերաբերվում լեզվական նորամուծություններին։
–Ուկրաիներենը եվրոպական ամենատարածված լեզուների տասնյակի մեջ է մտնում։ 40—միլիոնանոց Ուկրաինայի բնակչության 68 տոկոսը իր մայրենի լեզուն ուկրաիներենն է համարում։ Սակայն ուկրաինացիների ընդամենը կեսն է տանը խոսում մայրենիով. մի բան, որ վկայում է լեզվի գործածման, նրա սոցիալական խնդրի մասին։ Չնայած այդ ամենին, ուկրաինական լեզուն զարգանում է։ Իհարկե, ոչ այնպես արդյունավետ, ինչպես հայոց լեզուն, որն իր զարգացման համար գրաբարում անսպառ պաշարներ ունի։ Դա վերաբերում է, ի դեպ, ձեր հիշատակած լեզվական նորամուծություններին։ Նրանք ի հայտ են գալիս երկրի հասարակական, տնտեսական եւ մշակութային վերափոխությունների պայմաններում։ Դա բնական է։ Եվ տարօրինակ կլիներ անտեսել այդ երեւույթները։ Մի ամբողջ շարք նոր բառեր, որ երեւան են եկել վերջին տարիների ընթացքում, կապված են նաեւ մեր երկրի դեմ ռուսական քաղաքականության, Դոնբասի պատերազմի հետ։ Այս փոփոխություններն իսկույնեւեթ արձագանք են գտնում գրողների, լրագրողների եւ, իհարկե, լեզվաբանների շրջանում, որոնք մասնագիտորեն հետազոտում են այդ երեւույթները։ Ցավոք, նկատելի է դարձել նաեւ լեզվի վուլգարացում, առանձնապես հեռուստատեսությունում, հատկապես քաղաքական թոք—շոուներում, որ ուկրաինական հասարակության լյումպենացման մասին է վկայում։ Որոշ մարդիկ դա բացատրում են պոստմոդեռնիստական մեր աշխարհում տեղի ունեցող համընդհանուր միտումներով եւ գործընթացներով, մյուսները՝ ռադիո— եւ հեռուստատեսային որոշ ալիքների եւ «Ֆեյսբուքի» բացասական ազդեցությամբ։ Բայց, այնուամենայնիվ, այդ զարհուրելի երեւույթը շատ տխուր մտորումների եւ եզրակացությունների տեղիք է տալիս։
–Հայերն ու ուկրաինացիները արժեհամակարգի որոշակի ընդհանրություն ունեն։ Ինչպե՞ս եք գնահատում մեր ժողովուրդների փոխհարաբերությունները մեր երկրների նորացված պայմաններում։
–Ուկրաինացիներին եւ հայերին վաղուց ի վեր կապում են պատմական եւ հոգեւոր արժեքներ, հատկապես քրիստոնեական։ Մեզ միավորում են մեր ժողովուրդների պետականության եւ անկախության դարավոր իղձերը, մեր ժողովուրդների լավագույն որդիների պայքարը խորհրդային բռնապետության դեմ եւ հանուն ազատության։ Իսկ այսօր մեր ժողովուրդների առջեւ նոր՝ գրեթե նմանատիպ սպառնալիքներ են ծառացած։ Նկատի ունեմ արտաքին թշնամուց մեր երկրների անկախությունը պաշտպանելը, Ուկրաինայում եւ Հայաստանում այնպիսի հասարակություններ ստեղծելը, որտեղ տիրի բարեկեցություն, արդարություն եւ ազատորեն զարգանալու, յուրաքանչյուր անձի իղձն իրականացնելու հնարավորություն։ Եվ այս պայմաններում կարեւոր է, որ մեր ժողովուրդները աջակցեն միմյանց ինչպես այլ հարցերում, այնպես էլ դարերի խորքից մեզ հասած մեր մայրենի լեզուների պաշտպանության եւ պահպանման գործում, ձգտեն ամրապնդել մեր ժողովուրդների ավանդական բարեկամական հարաբերությունները։
Երազիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ

08-11-2019





13-11-2019
Կարո՛ղ ենք տալ «հայկական ջրային դարաշրջանի» մեկնարկը
Մեզ մնում է ճիշտ կառավարել մեր պաշարները

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




13-11-2019
Երախտիքի տո՞ւրք արժանավորներին, թե՞...
Ինչպես ենք պատվում եւ հավերժացնում մեր անվանիների հիշատակը

Լիանա ...


 
13-11-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Ես աղա, դու աղա,
բա մեր աղունն ո՞վ աղա»



 
13-11-2019
Վաղվա քաղաքի թաքնված դեմքը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Ընդունված է կարծել, թե հին հույներին է ...


13-11-2019
Մենք հարյուր մեկ տարեկան ենք…
Հետաքրքիր մանրամասներ գործակալության «ծննդի» եւ առաջին քայլերի մասին



13-11-2019
Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա ...


13-11-2019
«Հնարավորությունների տոնավաճառ»
Բաց հարթակ գործատուների եւ աշխատանք փնտրողների միջեւ




13-11-2019
Շեմը հեշտ է, ուսուցումն անվճար՝ անկախ առաջադիմությունից
Նպատակային ուսուցումն իր առաքելությունն ...

13-11-2019
Ակնայում հայկական նոր խաչքար է հայտնաբերվել
Այն իրեղեն ապացույց է՝ ընդդեմ պատմության ...

13-11-2019
Տարածաշրջանը՝ համաշխարհային շահերի բախման թատերաբեմ
Երբ միջազգային օրակարգն ուրվագծվի, ...

13-11-2019
Հայկական վոլեյբոլն աննախանձելի վիճակում է
Բեկումնային կարող է լինել Վրաստանի հետ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO