Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.04.2020
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Հայագիտությունը վերասահմանվեց որպես Հայաստանի գիտության ոլորտի գերակայություն

Քննարկվում են գիտության եւ տեխնիկայի ոլորտի զարգացման ուղղությունները

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Կառավարության կողմից 2014թ. դեկտեմբերի 25-ի արձանագրային որոշմամբ սահմանված գիտության եւ տեխնիկայի զարգացման գործող՝ 2015-2019 թթ. գերակայությունները 2020թ. դադարելու են գործել։ Առաջարկվում է մեր երկրի գիտության եւ տեխնիկայի զարգացման 2020—2024թթ. գերակայությունների սահմանում հանրապետության տնտեսության պահանջներից բխող եւ միջազգայնորեն արդիական համարվող գիտահետազոտական աշխատանքների պետական ֆինանսավորման առաջնահերթության ապահովում։
Ըստ այդմ, առաջիկա 5 տարիների գերակայություններն արդեն սահմանվել են, եւ քննարկման փուլում է համապատասխան որոշման նախագիծը։
Գերակայություններից առաջինը հայագիտությունն է։ Հաջորդում են՝ 2. գիտություններ կյանքի մասին, 3. արդյունավետ եւ անվտանգ էներգետիկա, 4. նորագույն արդյունավետ տեխնոլոգիաներ, տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաներ, այդ թվում՝ արհեստական բանականության օգտագործմամբ, 5. տիեզերքի ուսումնասիրություն, Երկրի մասին գիտություններ, խնայողական բնօգտագործում, 6. գիտության եւ հասարակության զարգացման կարեւորագույն հիմնախնդիրների լուծմանն ուղղված հիմնարար եւ կիրառական հետազոտություններ։
Որպեսզի հասկանանք, թե ինչ է փոխվել, մեջբերենք գործող՝ 2015—2019թթ. գերակայությունները, որոնք նույնպես 6—ն են։ 1—ին, 2—րդ, 3—րդ եւ 5—րդ ուղղությունները նույնն են։ 4—րդը հիմնական արդյունավետ տեխնոլոգիաներն են, տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաները, իսկ 6—րդը գիտատեխնիկական եւ սոցիալ—տնտեսական զարգացման կարեւորագույն հիմնախնդիրների լուծմանն ուղղված հիմնարար հետազոտություններն են։
Առաջիկա 5 տարվա գիտության եւ տեխնիկայի գերակայությունները սահմանելիս ուղղություններն էլ են հստակեցվել, ասենք՝ թե հատկապես ինչին է պետք ուշադրություն դարձնել (ստորեւ բոլոր բնորոշումներն ու սահմանումները կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանն են,—Ա.Մ.)։
Օրինակ՝ նշվում է, որ հայագիտությունը՝ որպես Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի գերակայություն վերասահմանելը ենթադրում է, որ այս ոլորտի հետագա զարգացումը պետք է նպաստի մեր ազգային շահերի միջազգային ճանաչմանն ու դրա գիտական հենքի հզորացմանը։ Սահմանվում է նաեւ, որ հիշյալ գերակայության շրջանակներում առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել այնպիսի հիմնական ուղղությունների զարգացմանը, ինչպիսիք են, մասնավորապես, հայ ժողովրդի ծագումնաբանությանը եւ պատմությանը, այդ թվում՝ ժամանակակից պոպուլյացիոն գենոմիկայի եւ այլ միջառարկայական մեթոդներով, մեր պատմամշակութային ժառանգությանը նվիրված ուսումնասիրությունները, կրոնի, այդ թվում՝ հայ առաքելական եկեղեցու պատմությունը, լեզվաբանությունը, գրականագիտությունը, ցեղասպանագիտությունը, ինչպես նաեւ պատմական արխիվների ուսումնասիրման համար համապատասխան կադրերի պատրաստումը, հայագիտության բնագավառում միջազգային համագործակցության զարգացումը եւն։
Գիտություններ կյանքի մասին. սա կարող է հզոր ազդակ լինել տնտեսության մի շարք ճյուղերի զարգացման համար, ինչպիսիք են կենսատեխնոլոգիան, դեղագործությունը եւ այլն։ Որպես գերակա գործոն՝ առանձնակի պետք է կարեւորվեն Հայաստանում արձանագրվող մարդու, կենդանիների եւ բույսերի հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման, բուժման, վերահսկման, բուժման արդյունավետության բարձրացմանը եւ առողջ ապրելակերպի տարածմանը նպատակաուղղված հետազոտությունները։ Բացի այդ, գերակայությունում իր կարեւորագույն տեղն ու դերակատարումը պետք է ունենան մոլեկուլային, վերմոլեկուլային եւ բջջային մակարդակի ուսումնասիրությունները։ Ենթադրվում է, որ վերոհիշյալ խնդիրների ճշգրիտ եւ ընդգրկուն սահմանման պարագայում կստեղծվեն նոր համակողմանի մոտեցումներ բժշկակենսաբանական եւ բժշկության ոլորտի բազմաթիվ մարտահրավերներին դիմակայելու համար։
Այս գերակայությունում առանձնահատուկ դերակատարում պետք է ունենա մեր պետության կողմից որպես կարեւորագույն ծրագիր հայտարարված «Հայկական գենոմ նախագիծ» ծրագիրը, որը համաշխարհային գիտական գերակայություն հայտարարված «Մարդու գենոմ» ծրագրի մասնավոր դեպք կարելի է ներկայացնել։
Այս խմբում պետք է ներառվեն նաեւ նորագույն գիտական տեխնոլոգիաներով ու մեթոդներով շրջակա միջավայրի եւ սննդի անվտանգությանն ուղղված հիմնարար ու կիրառական միջճյուղային հետազոտությունները։
Արդյունավետ եւ անվտանգ էներգետիկա. մեր երկրի տնտեսական առաջընթացի կարեւորագուն բաղադրիչն է ինքնաբավ էներգետիկ ռեսուրսների առկայության ապահովումը, նրա հետագա զարգացումն ու անվտանգ օգտագործումը։ Հայաստանի պարագայում տնտեսության էներգաարդյունավետության բարձրացման կարեւորագույն էլեմենտ է միջուկային էներգետիկան, վերականգնվող էներգապաշարների արդյունավետ օգտագործումը, ինչպեսեւ ժամանակակից տեխնոլոգիաների մշակումն ու հարակից բնագավառների զարգացումը։ Այս խնդիրները մեր երկրի համար ունեն ռազմավարական նշանակություն, քանի որ այստեղ բացակայում են արդյունաբերական նշանակություն ունեցող սեփական հանածո վառելիքաէներգետիկ պաշարները։ Հետեւաբար, էներգետիկ ապահովվածության բավարարման ոլորտի գերխնդիրը սեփական աղբյուրների զարգացմամբ էներգետիկ անկախության հնարավոր բարձր աստիճանի ապահովումն է, որը ենթադրում է տնտեսության էներգաարդյունավետության նշանակալի բարձրացում։
Նորագույն արդյունավետ տեխնոլոգիաներ, տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաներ, այդ թվում՝ արհեստական բանականության օգտագործմամբ տեխնոլոգիաներ. առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձվի այնպիսի ուղղությունների/տեխնոլոգիաների զարգացմանը, ինչպիսիք են, մասնավորապես, միկրո— եւ նանոէլեկտրոնիկան, նանոօպտիկան, նանոքիմիան, նանոկենսաբանությունը, լազերային տեխնոլոգիաները, բարձր արդյունավետությամբ աշխատող նոր լազերների եւ լազերային տարրերի մշակման տեխնոլոգիաները, քվանտային օպտիկան, բյուրեղների աճեցման նոր տեխնոլոգիաները, կենսատեխնոլոգիաները, այդ թվում՝ հիմնականում լքված հանքավայրերից ու թափոններից պղնձի եւ այլ ծանր ու հազվագյուտ մետաղների ստացման արդյունավետ եղանակների, ոսկու կորզման մանրէաբանական տարալվացման մեթոդների ու տեխնոլոգիաների մշակումը եւն։
Տիեզերքի ուսումնասիրություն, Երկրի մասին գիտություններ, խնայողական բնօգտագործում. այս գերակայությանում նշվում է, որ, օրինակ, Երկրի մասին գիտությունների շրջանակում պետք է առանձնահատուկ կարեւորություն ստանան գյուղատնտեսական գիտությունների զարգացմանը միտված հետազոտություններն ու մշակումները, որոնք կապահովեն պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը, Հայաստանին բնորոշ եւ արժեքավոր բույսերի ու մշակաբույսերի գենոտիպերի, ինչպես նաեւ ցեղային կազմի գենոֆոնդի պահպանումը, դրանց բազմացումը, տարածումը, արտոնագրումը եւն։
Գիտության, տնտեսության եւ հասարակության զարգացման կարեւորագույն հիմնախնդիրների լուծմանն ուղղված հիմնարար ու կիրառական հետազոտություններ. այս գերակայության շրջանակներում խիստ կարեւոր է ուժեղացնել փոխադարձ կապերը հիմնարար, կիրառական հետազոտությունների եւ ինովացիոն գործընթացների միջեւ, որը եւ կդառնա խիստ արդյունավետ քայլ երկրի տնտեսության թռիչքաձեւ զարգացման համար։
ԿԳՄՍ նախարարությունը նշում է, որ նշված բոլոր գերակայությունների շրջանակներում կատարվող հետազոտություններն ու մշակումները պետք է ունենան պետական ֆինանսավորման առաջնահերթություն։ Եվ այդ առաջնահերթությունը պետք է տրվի այն հիմնական ուղղություններին, տեխնոլոգիաներին եւ կոնկրետ գիտահետազոտական թեմաներին, որոնք ուղղված են ազգային եւ տարածաշրջանային անվտանգության մակարդակի բարձրացմանը։
Հ. Գ. 2014—2018թթ. Հայաստանի կողմից միջազգային առաջատար՝ Վեբ օֆ Սայնս (Web of Science) գիտատեղեկատվական շտեմարանում ընդգրկված գիտական հանդեսներում հրապարակվել է ընդհանուրը 5397 հոդված, որոցից 2920—ը ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի, 1100—ը՝ կյանքի մասին գիտությունների (կենսաբանություն, բժշկագիտություն), 822—ը՝ ճարտարագիտության եւ տեխնոլոգիաների (այդ թվում՝ գիտափորձերի նկարագրությունները), 161—ը՝ հասարակական եւ հումանիտար գիտությունների բնագավառներում։

30-11-2019





07-04-2020
«Ոչ տեր եմ ունեցել, ոչ ծանոթ, բայց վերեւում Աստված կա»
«Հիմա ինձ հաղթող եմ զգում, որովհետեւ ինձ համար ...


07-04-2020
Աջակցության փաթեթներն ընդգրկում են ամենամեծ սոցիալական խմբերը
Քաղաքացին կարող է ընտրել այն ծրագիրը, որն իր ...


07-04-2020
Կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն ավելացել է 20-ով, առողջացել է ևս 25 քաղաքացի
Հայաստանում առաջին անգամ կորոնավիրուսից մեկ օրում առողջացած պացինտների թիվն ...


07-04-2020
Հայոց սպորտի հմայքն ու հպարտությունը
Կանայք բազմիցս են ապացուցել, որ լինելով նուրբ եւ փխրուն ...


07-04-2020
Տասնհինգ արտահայտություն այն մասին
Թե ինչ է նշանակում լինել մայր

Աշխարհում մայրն է ...


07-04-2020
Շնորհավո՛ր տոնդ, հայ կանգուն
Երբ արդեն այն տարիքին էի, որ ամառային մի ...


07-04-2020
«Հայրենասիրությունը արժանապատվության խնդիր է»
Սվազլյան գերդաստանի հավատամքը

Հարցազրույց հայ բանագետ, ժողովրդագետ, բանահավաք, ...



07-04-2020
Երազում էր մայր դառնալ, որից զրկված էր 7 երկար տարի
Հրաշքով այսօր բազմազավակ մայր ...

07-04-2020
Արցախում տեղի ունեցած ընտրությունները
Կայացած քաղաքական համակարգի մասին են ...

07-04-2020
Մարիամ Աստվածածին
Նրան տարբեր անուններով են կոչում. Աստվածամայր, ...

07-04-2020
Ոսկե միջինի բանաձեւը
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO