Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.04.2020
ՊՆ


Հիշողություններ մարտի դաշտից կամ՝ Հատվածներ զինվորի օրագրից

Մայրաքաղաքի Խորհրդային շրջանի զինկոմիսարիատը մեզ խնդրեց «Դավիթ Բեկ» ջոկատի կամավորականներով մտնել շրջանից զորակոչվող եռամսյա հավաքի 2-րդ վաշտի կազմի մեջ եւ միասին մեկնել Արցախ։ Արդեն 1994 թվականն էր, նորաստեղծ ազգային բանակի ուժերով հնարավոր չէր պաշտպանել երկու հանրապետության երկար ու ձիգ սահմանները։ Իշխանություններն ստիպված էին «փողոցներից հավաքել» երիտասարդներին, եռամսյա հավաքի վաշտեր կազմել եւ ուղարկել Արցախի նորաստեղծ հանրապետություն։ Չնայած զինված ուժերի նախարար Վազգեն Սարգսյանը հեռուստատեսությամբ հայտարարեց, որ վաշտերն առաջին գիծ չեն գնալու, բայց դա իրականությանը չէր համապատասխանում՝ մարտի դաշտում միայն մեկ գիծ կա։
Համաձայնեցին, եւ գործի անցանք։ Խորհրդային շրջանի նոր կազմավորված 2-րդ վաշտը երգ-երաժշտությամբ, քահանայի պահպանիչ աղոթքով ճանապարհ է դրվում դեպի Արցախի Հանրապետություն։ Ծնողներն ու կանայք թաշկինակներն են թափահարում, հրաժեշտ տալիս, թաքուն մաքրում արցունքները։
Ապրիլի 18—ին արդեն ճանապարհին ենք։ Արտաքնապես նման ենք կանոնավոր բանակի ստորաբաժանման՝ միատեսակ համազգեստով, վաշտի դրոշով, զենք–զինամթերքով, ներքին հստակ կառուցվածքով։ Սակայն իրականում տղաներից շատերը գաղափար անգամ չունեն զենքից։ Զինկոմիսարիատը, նախարարի առաջ պարզերես դուրս գալու համար, պարզապես «գլխաքանակ» է լրացրել։
Մենք շարժվում ենք դեպի անհայտություն, եւ միայն Աստծուն է հայտնի, թե քանիսը կկարողանան հաղթահարել վախը, դառնալ զինվոր, քանիսը հերոսաբար կկռվեն ու ողջ—առողջ կվերադառնան, քանիսը «կմիանան» Արցախ աշխարհի սուրբ հողին։
Առավոտյան ժամը 8—ին հասնում ենք Շուշի։ Ճանապարհ չկա, թուրքերը մտածված չեն ասֆալտապատել Հայաստանի Հանրապետության հետ կապող ճանապարհները։ Վաշտը մտնում է Շուշվա գնդի կազմի մեջ։ Առաջին դիրքեր կգնանք մի շաբաթից։ Այդ ընթացքում կզբաղվենք նորեկների վարժեցմամբ։ Սնունդն այնքան էլ լավ չէ։ Թուրք գերիների հետ նույն ճաշարանում ենք սնվում։ Թուրքերն ազատ շրջում են տարածքում, հայ ֆիդայիների մասին երգեր են երգում։ Թուրքերը մեզ հետ այդպես չէին վարվի։
Պլանավորված է մեկ շաբաթ, բայց ստիպված ենք երրորդ օրն շտապ տեղափոխվել ճակատ։ Թուրքերը մեծ ուժերով, տեխնիկայի աջակցությամբ հարձակում են կազմակերպել։ Հայկական կողմը ծանր կորուստներ է կրել։ Աշխատում ենք այդ լուրերը թաքցնել նորեկներից։
Գիշերով մտնում ենք առաջին գիծ, փոխարինում մեծաթիվ զոհեր տված վաշտին։ Հեռանալուց առաջ նրանք իրենց փամփուշտներն ու նռնակները հանձնում են մեզ՝ զինվորական եղբայրություն է։ Առայժմ դադար է, երկու կողմից անկանոն կրակահերթեր են արձակվում։ Մենք աշխատում ենք խնայել փամփուշտները։ Կռիվների առաջին օրից այդպես է՝ նրանք գիշեր—ցերեկ կրակում են, մենք միշտ աշխատում ենք չպատասխանել։
Խոսք կա, որ ապրիլի 24—ին մերոնք հարձակում են նախապատրաստում՝ հետ վերցնելու կորցրած տարածքները։ Իսկապես էլ հարձակվում ենք։ Մեր տանկերն ու գրոհայինները մտնում են Աղդամի շրջանի Ումուդլու գյուղ։ Հակառակորդը, մեծաքանակ զոհեր տալով, դիմում է փախուստի։ Մենք շարժվում ենք առաջ։ Առաջադրանք ունենք մտնել գյուղ, մաքրել այնտեղ դեռեւս մնացած թշնամուց, ապա առաջանալ եւ գյուղից առաջ խրամատավորվել։
Հին տղերքով սովոր ենք պատերազմի դաշտին, արդեն հինգ—վեց տարի կռվի մեջ ենք, բայց եռամսյա հավաքի տղերքի համար իսկական դժոխք է։ Ճանապարհի երկու կողմում, մեջտեղում անկարգորեն դիակներ ու մարմնի մասեր են թափված։ Անսովոր մարդու համար անմարսելի տեսարաններ են։ Իջնող մթնշաղն ավելի է ծանրացնում տհաճ տպավորությունները։ Զինվորներից մեկը ճանապարհի եզրին կռացած ործկում է։ Ես նրան գրկելով՝ տանում եմ հետս։
—Դիակի հոտ է գալիս, չէ՞,–հարցնում է տխուր, սարսափահար աչքերով։
—Ո՛չ,–պատասխանում եմ,–բոլորն էսօր են զոհվել։ Պարզապես փոշու հոտն է տարածվել տանկերի գրոհից հետո։
–Կներես, մի պահ թուլացա,–ամոթխած նայում է ինձ ու վազում առաջ՝ իր դասակին հասնելու համար։
***
Գիշերը խորամանկ մանեւրով կարողացանք խաբել թշնամուն եւ լուսաբացին հանկարծակիի բերել նրան։ Խաղողի այգիների միջով շարժվեցինք դեպի միջանկյալ տարածքում գտնվող ջրանցքը, որից այն կողմ թուրքերն են։
Խորհրդային շրջանի երկրորդ վաշտից ոչ մեկը չի մոռանա այդ անցումը՝ թշնամու մրրկային կրակ, ականապատված խաղողի այգի, խավար, անհայտություն, ապա ջրանցք՝ տեղ—տեղ ծնկահար ցեխով լեցուն։ Իսկ պետք էր գնալ արագ, տանել զենքն ու զինամթերքը, տաք հագուստը, սնունդը։ Ոմանք թեթեւության համար բոթասներ էին հագել, թեթեւ կոշիկներ, որոնք մնում էին կպչուն ցեխի մեջ, դուրս գալիս ոտքերից, իսկ ցամաքող ջրանցքի հատակը լիքն էր տարբեր տեսակի սուր, կտրող–ծակող առարկաներով։ Ամեն ինչ խառնվել էր գիշերվա մթության ու ցեխի մեջ, հրամանատարները կորցրել էին զինվորներին, տեղանքին ծանոթ ուղեկցողներն անընդհատ շտապեցնում էին, զգուշացնում, որ թուրքերը կարող են կռահել ու կտրել մեր ճանապարհը, որ այդ ժամանակ բոլորիս վերջը կգա։ Բոլորը շնչասպառ պայքարում էին ցեխի ու խավարի դեմ։ Ես այդ գիշեր տեսա տղամարդկանց, որ անկարողությունից լաց էին լինում։ Նրանք հետո պիտի ամաչեին իրենց թուլության համար ու զինվորանալով՝ կռվեին հերոսաբար։
Ես առաջ անցա՝ հուսադրելու, արագացնելու առանց այդ էլ անհնարին ճիգով կատարվող վազքը։ Հանկարծ տեսա իմ սիրելի, հին ու անփոխարինելի ընկերոջը, որի ոտքերին մի քիչ մեծ երկարաճիտ կոշիկներ էին։ Խրվել էր սոսնձանման կպչուն ցեխի մեջ, ո՛չ կարողանում էր կոշիկները քաշել—հանել, ո՛չ էլ ուզում էր գուլպաներով մտնել ցեխի մեջ։ Լուռ ու անտրտունջ պայքարում էր։ Անվեհեր զինվորը, որ ոչ մի անգամ չէր երերացել թշնամու տանկերի, խուժանի գրոհի ժամանակ, ցեխի ու մթության մեջ մի պահ խեղճացել էր, որովհետեւ դեռ չզինվորացած նորերը, սարսափի ու շտապողականության կնիքը դեմքներին, անցնում էին առաջ՝ մտածելով, որ այնտեղ է փրկությունը։ Ես խավարում հազիվ ճանաչեցի նրան ու մոտեցա։
–Հովո, խրվել եմ,–ցածրաձայն ծիծաղեց,–իսկ սրանք անցնում են կողքիցս, ձեռքները չեն մեկնում։ Սրանցից զինվոր դուրս չի գա...
–Ոչինչ,–սեղմեցի գրկիս մեջ,–նոր են, կկռվեն, կսովորեն ընկերություն անել։
Գրկեցի բարձրացրի, ձգեցի, ոչ մի կերպ հնարավոր չէր պոկել սոսնձացած տիղմից։ Ստիպված գուլպաներով մտավ ցեխի մեջ, ու ծիծաղելով առաջ շարժվեցինք։ Հետո քանի՜ անգամ հիշեցինք այդ սարսափելի գիշերը։
Այդ գիշերային անցումը չի մոռանա Խորհրդային շրջանի երկրորդ վաշտի ոչ մի ռազմիկ։ Այդ գիշեր, ծնկահար ցեխի մեջ, ամեն պահ գնդակահարվելու վտանգն աչքերի առաջ, արդեն քանի օրվա անքնությունից հազիվ ոտքի վրա կանգնելով, քաղցից թուլանալով, սոսնձի նման ցեխի մեջ հազիվ քայլ անելով, ծակոտված ոտքերի մղկտոցը զսպելով՝ անցան թշնամու քթի տակով ու նետի պես խրվեցին նրա դիրքերի արանքը։ Եվ այնքան հանդուգն էր կատարվածը, որ թշնամին չէր էլ կարող կռահել։ Այդպիսի անցում կարող էին կատարել մի քանի հետախույզներ, մի խումբ դիվերսանտներ, բայց որ մի ամբողջ վաշտ, դա այնքան էր անսպասելի, որ լուսաբացին թուրքերը տեսնելով՝ սարսափահար հետ քաշվեցին։
Այդ գիշերը ոչ ոք չի մոռանա, որովհետեւ այդ գիշեր ծնվեց զինվորը։ Սովորական տղամարդկանցից, որոնք մինչ այդ բանվորներ էին, վարորդներ, բիզնեսմեններ, վաճառողներ, մանկավարժներ, հողագործներ... ծնվեցին հայրենիքի համար մարտնչող զինվորներ։ Եվ հասկացան, որ պատերազմը միայն սպանել ու սպանվել չէ, այլ նաեւ ֆիզիկական անտանելի ծանր աշխատանք։
***
...Վերջապես եկավ հրադադարը՝ փխրուն, անկայուն, անհաստատ, բայց եկավ։ Հիմա ժամանակ կա հետ նայելու, հանգիստ ամփոփելու մեր նվիրումի արդյունքները։ Մեկ ամիս տեւած մարտերի ընթացքում Խորհրդային շրջանի 120 հոգուց բաղկացած վաշտը տվեց 7 զոհ, 20 վիրավոր, մեկ անհետ կորած։ «Դավիթ Բեկ» կամավորական ջոկատը գործադրած ջանքերի շնորհիվ համարյա անթերի կատարեց իր առջեւ դրված մարտական առաջադրանքները։ Այդ անվեհեր տղաների շնորհիվ, որոնք 1989 թվականից սկսած զենքերը վայր չէին դրել, վաշտն ամենածանր պահերին երբեք չմտածեց նահանջի մասին։ Եղան այնպիսի պահեր, երբ անփորձ, դեռ մարտերում չկոփված տղաները կարող էին թիկունք ցույց տալ հակառակորդին, սակայն փորձառու զինվորների ոգին փոխանցվեց նրանց, եւ դիմակայեցին մինչեւ վերջ։ Չորս ամսվա մարտերի ընթացքում փողոցներից, մետրոյի կայարաններից, ավտոբուսներից շուրջկալներով «հավաքագրված» տղամարդիկ, որոնք Արցախ էին գալիս մի քիչ վախենալով, չուզենալով, տրտնջալով ու ըմբոստանալով, որոնք վախենում էին սովորական նռնակը վերցնել ձեռքի մեջ, չգիտեին զենքը լիցքավորել ու կրակել, որոնք աչքերը փակում ու կծկվում էին արկի պայթյունի ձայնից, կռվեցին եւ դարձան զինվոր։
Զինվորները ծնվում են մարտադաշտում, խրամատների մեջ, վիրավոր մարտընկերոջ վերքը կապելով, զոհվածի մարմինը պատգարակով դուրս հանելով մարտի դաշտից...
Հիմա կարող ենք ասել, որ ունենք մարտական մկրտություն ստացած, վախը հաղթահարած, զինվորացած մի վաշտ, որը ցանկացած պահի կարող է կանգնել Հայրենիքի պաշտպանության դիրքերում։ Մինչեւ հիմա ականջներիս մեջ հնչում է եռամսյակի տղաներից մեկի ձայնը։ Այն տղաներից մեկի, որոնք առաջին մարտի ժամանակ կարկամել էին, ապա մեկ հպումով դատարկում էին ավտոմատ հրացանի ողջ փամփուշտները, արժանանում հրամանատարների հայհոյանքներին։ Երբ նշում էինք մեր հաղթանակով ձեռք բերված հրադադարը, նա գինով լի բաժակը բարձր պահած՝ ասում էր.
–—Մենք հպարտ ենք, որ հետ ենք բերել մեր հայրերի ու պապերի կորցրած հողի մի փոքրիկ կտորը եւ այսօր բաժակ ենք բարձրացնում մեր դարավոր թշնամուց ազատագրված հողում։ Մենք այսօր լաց չենք լինում, թե մեզ կոտորել ու վռնդել են մեր հողից։ Հիմա թող մեր թշնամին լաց լինի ու օգնություն կանչի աշխարհով մեկ։ Եվ ես կրկնակի հպարտ եմ, որ իմ ազգն այսօր ուժեղ է, որ լացացնում է իր թշնամուն։ Հպարտ եմ, որ այդ ուժեղներից մեկը ես եմ։ Ես զինվոր եմ...
Հովիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

05-03-2020





10-04-2020
Կանոնակարգվում են բուժօգնության գործողությունները ռազմական դրության ժամանակ
Առաջնային է պետական եւ մասնավոր կառույցների արդյունավետ փոխգործակցությունը



10-04-2020
Արվեստի ինստիտուտը պատրաստվում է Բեթհովենի ծննդյան 250-ամյակին
2020 թվականը հաստատությունում հագեցած է մշակութային իրադարձություններով

Արվեստի ...


10-04-2020
Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 937-ի. ապաքինվել է ևս 11 քաղաքացի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 16 նոր դեպք:
«Արմենպրես»-ի ...


10-04-2020
Համաճարակը եւ մենք
Ես ո՛չ համաճարակաբան եմ եւ ոչ ալ բժիշկ։ ...


10-04-2020
Մեր հայրենակիցները վերադարձել են ՏՈՒՆ
Այս օրերին մարդիկ քննարկում են մի դեպք. Մոսկվայից վերադարձած ...


10-04-2020
Չկա չարիք առանց բարիքի
Ստեղծված իրավիճակից դասեր եւ օգուտ քաղելու անհրաժեշտ ռազմավարություն՝ ...


10-04-2020
Լավագույնը միշտ ձեզնից է կախված
Գործարարության մեջ հաջողելու համար ինքդ քեզ պետք է չորս ...



10-04-2020
«Անսպասելի հնարավորություն»
«Հենց հիմա Ռուսաստանը պատժամիջոցներից ...

10-04-2020
Բանականության սահմանից այն կողմ
ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿ (Ռուբեն Չիլինկիրեան). բանաստեղծ, ...

10-04-2020
«Լալիս եմ, ուրեմն, կա'մ»
Լեւոն Ներսիսյան՝ հատված ...

10-04-2020
Հայաստանի հավաքականի դիրքն անփոփոխ է
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +11... +13

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO