Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.06.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Հանրակրթության ոլորտում սպասվում են հեղափոխական փոփոխություններ

Տարրական դպրոցը կազատվի գնահատման համակարգից

Աշակերտներին առնվազն 1-4-րդ դասարաններում չգնահատելու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության որոշումը կարող ենք հեղափոխական քայլ համարել հանրակրթության ոլորտում։ Նախարար Արայիկ Հարությունյանն իր խոսքում նշել էր, որ նոր համակարգը երեխային կկապի ոչ թե գնահատականի, այլ գիտելիքի եւ կրթության հետ։ Ներդրվելու են նաեւ խրախուսման նոր մեթոդներ։ Այս որոշումը միանշանակ չընդունվեց հանրության կողմից, ունեցանք ինչպես կողմ, այնպես էլ դեմ արտահայտվողներ։ Հարցի շահառուն ամբողջ հասարակությունն է՝ ուսուցիչները, աշակերտները, ծնողները։ Եթե որոշները գնահատականը համարում են ուսման գործընթացում մոտիվացիա առաջացնող գործոն, ապա ընդդիմախոսները նշում են, որ այն մոտիվացնող լավագույն ձեւաչափը չէ, առավել եւս, որ երբեմն աշակերտին «պատժելու» միջոց է դառնում։
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Ստեփանյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նշեց, որ նման որոշումը բխում է հանրակրթության պետական չափորոշիչների փոփոխության տրամաբանությունից. «Բազմաթիվ փորձագետներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ բարձրաձայնում են, որ ընթացիկ գնահատականների եւ ավարտական դասարաններում քննությունների գնահատականների միջեւ հսկայական տարբերություն կա։ Սրանից կարելի է եզրակացնել, որ միավորային գնահատումը, որը դրվում է ուսումնական տարվա ընթացքում, շատ հաճախ չի համապատասխանում երեխայի իմացության եւ գիտելիքների իրական մակարդակին»։
Սա կլինի առաջին քայլը, որից հետո աստիճանաբար գնահատումից կազատվենք նաեւ միջին ու ավագ դպրոցներում, եւ, ի վերջո, Բոլոնյան գործընթացի տրամաբանության համաձայն աշակերտն առանց քննության սահուն անցում կկատարի ավագ դպրոցից դեպի բուհ։ Նախարարության մշակած չափորոշիչների փաթեթում փոփոխություններ են ներառված նախակրթարաններից մինչեւ ավագ դպրոց։ Օրինակ՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների արդյունքում կրեդիտային համակարգ կներդրվի 10—12—րդ դասարաններում, ինչը նույնպես հեղափոխական քայլ կլինի։ «Նոր համակարգին անցում կատարելու համար պարտադիր կվերապատրաստվեն տարրական, ինչու չէ նաեւ հինգերորդ դասարանի ուսուցիչները։ Կարծում եմ՝ ամառային արձակուրդները նախարարության եւ կրթության ոլորտում ներգրավված մասնագետների համար չեն լինելու հանգստի շրջան, առավել եւս բացառված չէ, որ գուցե կորոնավիրուսի երկրորդ ալիք լինի, եւ երեխաներն ստիպված լինեն ուսումնական տարին սկսել ոչ առկա ուսուցմամբ։ Սակայն այն, ինչ թույլատրելի էր կամ ինքնաբերաբար ստացվեց մարտ—ապրիլ ամիսներին, պարզապես անթույլատրելի կլինի նոր ուսումնական տարվա ընթացքում»,–ասաց պատգամավորը։
Լիլիթ Ստեփանյանի համոզմամբ, գնահատումը տարրական դպրոցից հանելու արդյունքում բացասական հետեւանքներ չեն լինի, չնայած անցումը բավականին դժվար է լինելու։ Այսօր առաջին դասարանի աշակերտներին չեն գնահատում, գործում են խրախուսման այլ միջոցներ, մասնավորապես՝ «աստղիկներ» եւ այլն, ինչն, ըստ նրա, նույնպես գնահատման մեթոդ է, խնդիրներ է առաջացնում, բայց կարելի է լուծել ուսուցիչների վերապատրաստումների ընթացքում։ Անդրադառնալով աշակերտների մոտ մոտիվացիա առաջացնելուն, ինչը ներկայումս ապահովում է գնահատման համակարգը, պատգամավորը նկատեց, որ այսօր այդ խնդիրը լավագույնս լուծված է նախակրթարաններում եւ նախադպրոցական կրթօջախների ավագ խմբերում, որտեղ երեխաները հաջողությամբ սովորում են առանց գնահատականներ ստանալու ակնկալիքի. «Երբ ասում են, որ գնահատումը կրթական գործընթացի բաղկացուցիչ մասն է, բոլորը մտածում են, թե դա մատյանում դրված գնահատականն է։ Ուսման գործընթացում գնահատումն ավելի լայն հասկացություն է՝ սկսած երեխային տարբեր ծրագրերում, միջոցառումներում ներգրավելուց։ Իրականում ուսուցչի բարի ժպիտը, խրախուսական խոսքը կարող են ավելի մեծ մոտիվացիա դառնալ երեխայի համար, քան գնահատականը»։
Բոլոր այն բուհական հաստատությունները, որոնք մասնագետներ են պատրաստում եւ տալիս մանկավարժի որակավորում, պետք է անմասն չմնան այս գործընթացից։ «Տարիներ շարունակ ասել ենք, որ գնահատումը կրթական գործընթացի բաղկացուցիչ մասն է։ Այն նաեւ սոցիալական, հոգեբանական նշանակություն ունի, մշտապես նշել ենք, թե որքան կարեւոր է ճիշտ գնահատելը, մի խոսքով տարբեր շեշտադրումներով խիստ կարեւորել ենք գնահատումը։ Հայաստանում իրականացվում է չափորոշիչների վրա հիմնված կրթություն, որն էլ հանգեցնում է գնահատակենտրոն կրթության։ Սակայն աշխարհում կան տարբեր կրթական մոդելներ, եւ տարբեր երկրների կրթական համակարգերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ որոշ երկրներում այն արժեքահեն է, որոշները՝ գիտելիքահեն»,–մանրամասնեց զրուցակիցս։
Կրթության ոլորտում իրականացվող փոփոխությունները երկարաժամկետ ընթացքում են արդյունք տալիս, այստեղ սխալի արժեքը մեծ է լինում։ Կրթությունը ռազմավարական նշանակություն ունի, իսկ Հայաստանի նման երկրներում այն կարող ենք իրավամբ զենք համարել։ Միեւնույն ժամանակ կրթական համակարգն իր բնույթով պահպանողական է եւ չի սիրում հեղափոխական ցնցումներ։ Լ. Ստեփանյանի խոսքով, հանրակրթության ոլորտում մի կողմից անհրաժեշտ են հեղափոխական լուծումներ, մյուս կողմից՝ դրանք պետք է հնարավորինս անցնցում իրականացվեն, այսինքն՝ գործընթացները պետք է լինեն երկարաժամկետ հեռանկարով եւ դառնան մեկը մյուսի տրամաբանական շարունակությունը։
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական քարտուղար, կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը նույնպես կողմնակից է առանց գնահատականի կրթական համակարգին։ «Սկզբնական շրջանում գնահատականը կարելի է զուգորդել խրախուսման միջոցների հետ, այսինքն՝ երեխային պետք է դաս հարցնել, ինչ—որ ձեւով խրախուսել, բայց ոչ գնահատականի տեսքով։ Աստիճանաբար գնահատականները դուրս կգան եւ կմնան խրախուսման մեթոդներն ու ձեւերը։ Պետք է շատ լավ մտածել անցումը, որովհետեւ դա նշանակում է մտածողության փոփոխություն ե՛ւ ուսուցիչների, ե՛ւ ծնողների մոտ։ Աշակերտներն ավելի հեշտ կհարմարվեն նոր մոտեցումներին»,–ասաց կրթության փորձագետը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է ձեռնպահ մնալ աշակերտներին միմյանց հետ համեմատելուց, յուրաքանչյուր աշակերտի պետք է համեմատել ինքն իր հետ՝ խրախուսելով առաջընթացը։ Այդ նպատակով ցանկալի է, որ յուրաքանչյուր աշակերտի համար առանձին պորտֆոլիո հավաքվի, որտեղ կնշվեն վերջինիս ամեն քայլը, ձեռքբերումները, եւ այդ ամբողջությունը կտա աշակերտի առաջընթացի գնահատականը։
Ա. Մխիթարյանի դիտարկմամբ, առաջարկվող փոփոխություններին ուսուցիչները դեռ պատրաստ չեն, դրա համար անհրաժեշտ են վերապատրաստումներ, նախապատրաստական լուրջ աշխատանքներ, որպեսզի հասկանան, թե ուր են գնում։ «Ուսուցիչների համար հաստատ հեշտ չի լինի, շատերը միգուցե կընդդիմանան։ Նրանց համար դժվար կլինի փոխել մտածողությունը, որովհետեւ սա կարող ենք բնորոշել որպես հեղափոխական փոփոխություն։ Ամեն դեպքում, միտումը դեպի այդ ուղղությամբ ընթանալն է եւ ոչ միայն տարրական դպրոցում, այլեւ ամբողջ հանրակրթության մեջ, որովհետեւ գնահատականի համակարգը չենք կարող ամենալավը համարել»,–նշեց նա՝ շեշտելով, որ մինչեւ վերջնական փոփոխության հասնելը, ցանկալի է զուգահեռ կիրառել համակարգերը, անգամ սկզբնական շրջանում թողնել դպրոցների ընտրությանը եւ միայն լայն բացատրական, քարոզչական աշխատանքներ իրականացնելուց եւ իրազեկման մակարդակը բարձրացնելուց հետո դնել պարտադիր կիրառության մեջ։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am

06-05-2020





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO