Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.06.2020
ԱՅԼՔ...


Պետք է հստակեցվեն տրամադրման սահմանափակումներ ենթադրող տեղեկատվության շրջանակները

Նախագծի ընդունման դեպքում տեղեկատվություն ստանալու համար դիմումներում ստորագրության առկայությունը պարտադիր չի լինի

Լրագրողական աշխատանքային պրակտիկայում բազմաթիվ են դեպքերը, երբ հանրային մարմիններ ուղարկված գրությունները վերադարձվում են դիմումատուներին՝ ստորագրված չլինելու պատճառաբանությամբ։ Անպատասխան են մնում մույնիսկ տեղեկատվություն հայցող այնպիսի գրությունները, որոնք ուղարկվում են համապատասխան լրատվական գործունեություն իրականացնող կազմակերպության ձեւաթղթի վրա։ Այս դեպքում էլ պատասխան չտրամադրելը հիմնավորվում է ստորագրության բացակայությամբ։ Նման դեպքերի համար պետական մարմինների տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի ստորաբաժանումներն ունեն պատասխանների շաբլոն ձեւեր, որոնցում ասվում է, որ չեն պահպանվել «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 9—րդ հոդվածի պահանջները։
Վերոհիշյալ հոդվածում սահմանված է. «Գրավոր հարցման մեջ նշվում են դիմողի անունը, ազգանունը, քաղաքացիությունը, բնակության, աշխատանքի կամ ուսումնական հաստատության գտնվելու վայրը։ Գրավոր հարցումը պետք է ստորագրված լինի (իրավաբանական անձանց դեպքում, դրա անվանումը գտնվելու վայրը)»։ Նույն հոդվածի 3—րդ կետով սահմանվում է, որ գրավոր հարցմանը պատասխան չի տրվում, եթե վերեւում թվարկված պահանջները չեն պահպանվել։
Ստորագրության բացակայության հիմնավորմամբ տեղեկատվություն հայցողներին չպատասխանելու դեպքերը շատ են, որոնք էականորեն խախտում են քաղաքացու եւ լրատվամիջոցների՝ տեղեկատվություն փնտրելու եւ տարածելու իրավունքը։ Նույնիսկ եթե դիմումի հասցեատերը կրկնակի՝ արդեն ստորագրված դիմում է ուղղում տեղեկատվությունը տնօրինողին, այն շատ դեպքերում դառնում է ժամանակավրեպ։ Օրենքով սահմանված է, որ հարցման պատասխանը տրամադրվում է հնգօրյա ժամկետում, որը պետական մարմինները սովորաբար պահպանում են։ Եթե դիմումը էլեկտրոնային չէ, ապա հաճախ նաեւ փոստային ճանապարհով վերադարձնելիս դա մի քանի օրվա ընթացքում է միայն հասցեատիրոջը գտնում։ Այսպիսով, գրության պատասխանը ստացվում է առնվազն 15 օրվա ընթացքում, եւ տեղեկատվությունը շատ դեպքերում դառնում է ժամանակավրեպ։ Նման իրավիճակներ հաճախ են լինում ԶԼՄ—ների գործունեության պրակտիկայում, երբ հոդվածի համար օպերատիվ տեղեկատվություն է անհրաժեշտ լինում, եւ լրագրողն իրազեկված չլինելով օրենքի վերոհիշյալ պարտադիր դրույթի մասին, միայն ԶԼՄ—ի ձեւաթղթով, առանց ստորագրության ուղարկում է դիմումը։
Այս դեպքում սահմանափակվում է Սահմանադրության 51—րդ հոդվածի պահանջը, որում ասվում է, որ յուրաքանչյուր ոք ունի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնական անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու եւ փաստաթղթերին ծանոթանալու իրավունք։ Տեղեկատվության ազատության իրավունքի պրակտիկան չի բացահայտել ստորագրության կամ քաղաքացիության նորմի իմաստը, եւ այն չի կիրառվում հարցմանը պատասխանելու գործընթացում։ Մյուս կողմից էլ՝ տեղեկատվությունը տնօրինողը չունի գործնական եւ իրավական մեխանիզմներ դիմողի ստորագրությունը եւ քաղաքացիությունը պարզելու համար։ Նույն հիմքով առարկայազուրկ է համարվում նաեւ ստորագրության պահանջը։
Վերջինիս խնդիրն առավել սրվել է էլեկտրոնային հարցումների ժամանակ, քանի որ այս դեպքում էլ էլեկտրոնային ստորագրությունը պարտադիր է։ Արդեն մի քանի տարի է հանրապետությունում ներդրվել է միասնական էլեկտրոնային հարցումների «e—request» հարթակը։ Քաղաքացիներն այդ գործիքով հնարավորություն ունեն էլեկտրոնային հարցումներ ուղարկել պետական բոլոր գերատեսչություններին։ Ըստ տեղեկատվության ազատության ոլորտը կարգավորող օրենսդրության՝ դրանք պետք է ստորագրված լինեն, տվյալ դեպքում՝ էլեկտրոնային ստորագրությամբ, որի հնարավորությունը տալիս է համակարգը։ Բայց բնակչության ճնշող մեծամասնությունը չունի էլեկտրոնային ստորագրության հնարավորություն։ Համակարգը թույլ է տալիս ներբեռնել դիմումներ նաեւ առանց էլեկտրոնային ստորագրության։ Բայց այդ դեպքում պետական մարմինները օրենքով պարտադրված չեն պատասխանել դրանց եւ սեփական հայեցողությամբ էին որոշում՝ պատասխանել դրանց, թե ոչ։ Արդյունքում՝ նման գրությունները հիմնականում անպատասխան են թողնվում։
Իրավական նախագծերի միասնական էլեկտրոնային հարթակում արդարադատության նախարարության շրջանառության մեջ դրած օրինագծով նախատեսվում է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 9—րդ հոդվածից հանել գրության համար սահմանված քաղաքացիության եւ ստորագրության պահանջները։ Լիազոր մարմինն այս փոփոխությունը հիմնավորում է նրանով, որ հանրային տեղեկատվության տրամադրման դեպքում դիմողի անձը պարզելու անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ նման տեղեկատվությունը պետք է տրամադրվի ցանկացած դեպքում։ Հանրային տեղեկատվության մատչելիության սահմանափակումը պայմանավորված չէ անձանցով։ Եթե առկա են տեղեկատվության տրամադրման սահմանափակման հիմքեր, ապա դրանք սահմանափակ են բոլորի համար։ Ըստ արդարադատության նախարարության բերած հիմնավորման՝ եթե տեղեկատվությունն անարգել տրամադրվում է մեկին, ապա այն կարող է հրապարակային դառնալ եւ հասանելի լինել բոլորի համար։ Ոլորտի լիազոր գերատեսչությունը նաեւ փաստում է, որ մեկ ամիս առաջ կառավարության հավանությանն արժանացած «Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայով նախատեսված են նաեւ անանուն հարցումներ։
Վերոհիշյալ դրույթները միանշանակ ընդունելի եւ ընկալելի կլինեին, եթե Հայաստանը չլիներ կիսապատերազմական վիճակում եւ երկու կողմից շրջապատված չլիներ ոչ բարյացակամ հարեւաններով։ Այս իրավիճակում դժվար է հստակ տարանջատել հրապարակման ենթակա եւ ոչ ենթակա տեղեկությունը։ Այն տեղեկությունը, որն առաջին հայացքից կարող է միջազգային պրակտիկայում դասվել ոչ գաղտնիների շարքին, Հայաստանի դեպքում կարող է պարունակել գաղտնիության էլեմենտ եւ դասվել տրամադրման սահմանափակումներ ունեցողների շարքին։
Թվայնացման մեր ժամանակներում կարելի է լիովին հավանական համարել Ադրբեջանի համապատասխան ոլորտի աշխատակցի կողմից տարբեր՝ ոչ ադրբեջանական տիրույթներում գրանցված էլեկտրոնային հասցեներից հայի անվան տակ առաջին հայացքից անմեղ եւ անվնաս հարցման ուղարկումը։ Օրինակ, շրջակա միջավայրի նախարարությանը նամակ է ուղարկվում սրտացավ «բնապահպանից», որը շատ մտահոգված է «Արեւիք» ազգային պարկում կովկասյան ընձառյուծի անվտանգությամբ եւ ցանկանում է իմանալ, թե պարկը ռենջերի քանի հաստիք ունի, քանի ռենջեր են հսկում պարկի տարածքը, արդյոք բավարար է այդ թիվը ընձառյուծին որսագողերից պաշտպանելու համար։ Նման տեղեկատվությունը, ըստ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի, համարվում է շրջակա միջավայրին վերաբերող եւ պարտադիր պատասխան է ենթադրում։ Այդ տեղեկատվությունն առաջին հայացքից համարվում է անվնաս եւ ոչ ռիսկային։ Սակայն դա այդպես չէ։ «Արեւիք» ազգային պարկը Նախիջեւանի սահմանի մոտ է։ Շփման առաջին գծից անմիջապես հետո զինված ռենջերների թիվը թշնամու համար շատ կարեւոր է հետախուզական գործողություն ծրագրավորելու համար։ Այս դեպքում առաջին գծից հետո հաշվարկվում է զինված ռենջերի հետ ենթադրյալ հետախուզական խմբի հանդիպման հավանականությունը եւ ուժերի բաշխումը։ Հետեւաբար, նման տեղեկատվությունն անվտանգության առումով մեզ համար կարող է պարունակել սահմանափակումներ։
Օրենսդրության նման ազատական դրույթի ընդունումից հետո օրինաչափորեն պետք է հստակեցվեն սահմանափակում ենթադրող տեղեկատվության շրջանակները։ Մեզ նման կիսապատերազմական վիճակում գտնվող երկրի համար այն զգալիորեն տարբերվում է կոնֆլիկտ չունեցող երկրի համար սահմանափակված տեղեկատվության շրջանակից։ Մյուս կողմից էլ՝ Տեղեկատվության ազատության օրենսդրությունը եւ ոլորտի միջազգային կոնվենցիաները պահանջում են, որ հստակ սահմանվեն հրապարակման սահմանափակում ենթադրող տեղեկության սահմանները։ Դրանով կլուծվի տեղեկատվական անվտանգության հարցը, եւ կսահմանափակվեն տեղեկությունը տնօրինողի կողմից օրենքը սեփական նախապատվությամբ մեկնաբանելու հնարավորությունը եւ անհարկի հիմնավորումներով տեղեկատվություն չտրամադրելու դեպքերը։
Գործադիրը նույնաբովանդակ փոփոխություններ է նախատեսել նաեւ «Տեղեկատվության տնօրինողի կողմից կամ նրան առաքած տեղեկությունների գրանցման, դասակարգման եւ պահպանման, ինչպես նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների ու կազմակերպությունների կողմից տեղեկություն կամ դրա կրկնօրինակի տրամադրման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման մեջ։
Նույն փոփոխության փաթեթի մեկ այլ կարգավորմամբ նաեւ նախատեսված է հակառակ տրամաբանությամբ ուղղում։ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքում սահմանված է, որ անձը կարող է դիմել եւ ստանալ իրեն վերաբերող անձնական տվյալները։ Օրենքի 15—րդ հոդվածով սահմանվում է. «Տվյալների սուբյեկտին անձնական տվյալները տրամադրվում են տվյալների սուբյեկտի կամ լիազորագրով հանդես եկող ներկայացուցչի կամ օրինական ներկայացուցչի գրավոր հարցման հիման վրա։ Հարցումը կարող է ներկայացվել էլեկտրոնային եղանակով՝ հաստատված էլեկտրոնային ստորագրությամբ»։ Քանի որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքից հանվում է ստորագրության պարտադիր լինելու դրույթը, իսկ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի շրջանակներում իր անձնական տվյալների մասին տեղեկատվություն ստանալու իրավունքը պատկանում է տվյալ սուբյեկտին, ուստի, ըստ արդարադատության նախարարության հիմնավորման, ստորագրության պահանջն անհրաժեշտ է այս հիմքով հարցում ներկայացրած անձին նույնականացնելու համար։ Այս հիմնավորմամբ արդարադատության նախարարությունը վերեւում մեջբերված հոդվածում «գրավոր հարցում» արտահայտությունից առաջ ավելացրել է «ստորագրված» բառը։
Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ թվայնացման այս դարաշրջանում էլեկտրոնային հարցումների եւ դրանով իրականացվող տեղեկությունների փոխանակման գործընթացները հստակ կանոնակարգման առանձնակի կարեւորություն են ստանում։ Ոլորտում կատարվող յուրաքանչյուր կարգավորման արդյունավետությունը կախված է խնդրի խորքային եւ բազմակողմանի դիտարկումից ու գնահատականից։
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

20-05-2020





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO