Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.06.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Մեկ ցողունով հարստությունը

Ինչու է անհրաժեշտ զարկ տալ եգիպտացորենի մշակությանը

Արդի հայերենի բացատրական բառարանում (Էդուարդ Աղայան, 1976) այն նշվում է իբրեւ հացազգիների ընտանիքին պատկանող միամյա կողրավոր բույս, սիմինդր, ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում (Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1969)՝ դարձյալ սիմինդր։ Հայերէն բացատրական բառարանում (Ստեփան Մալխասեանց, 1944) սիմինդրին զուգահեռ նշվում է՝ լազութ, մայծ։ Իսկ հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարանում (Աշոտ Սուքիասյան. ԵՊՀ. 2009) այն մսրացորեն, քուքուռիկ, խնդող, խուրմած կորեկ է կոչվում։ 1967թ. Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչության հայոց լեզվի հոմանիշների բառարանում ասվում է նաեւ հնդիկ ցորեն, հեքըմա ցորեն, խամբար, մուրմուրղան։
Այս ամենը վերաբերում է շատերիս սիրելի եգիպտացորենին։ Որ, ինչպես Ղեւոնդ Ալիշանն է վկայում «Հայ—Բուսակ կամ Հայկական բուսաբառութիւն» երկում, Հայաստանում մշակվում է 17—րդ դարի վերջից։ Նաեւ՝ որ մշակման լավ ավանդույթներ է ունեցել Խորհրդային Հայաստանում։ Որ Խորհրդային Միության փլուզումից հետո, առաջին անգամ 2008 թ. Արմավիրում հողի սեփականատերերը փորձել են զբաղվել եգիպտացորենի մշակությամբ։ Եվ որ այդ ժամանակ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության, անտառային տնտեսության եւ բույսերի պաշտպանության վարչության պետ, հետո արդեն՝ փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը զբաղվել է այդ խնդրով՝ հավատացած լինելով, որ եգիպտացորենի մշակությունը Հայաստանում ցանկության պարագայում կարող է ապագա ունենալ։
2013—2014 թթ. պետությունը այս խնդրին այնքան ուշադրություն դարձրեց, որ անգամ կառավարության որոշում ընդունեց, ըստ որի՝ մեր երկրում պետք է կազմակերպվի եգիպտացորենի արտադրություն։ Նշանակությունը գործադիրը հստակ բացատրել էր՝ եգիպտացորենը ոչ միայն սնունդ է, այլեւ՝ լավ անասնակեր եւ անհրաժեշտ է թռչնաֆաբրիկաներին։ Կառավարությունը նախաձեռնել էր մի ծրագիր, որով Տավուշի եւ Լոռու մարզերին առաջարկվել էր եգիպտացորեն մշակել։ Ըստ այդմ, պայմանագրեր կնքվեցին այն գյուղերի հետ, որոնք 50 եւ ավելի հեկտար եգիպտացորեն ունեցան։ Ի դեպ, այդ տարիներին պետությունը որոշել էր կազմակերպել նաեւ ցորենի արտադրություն՝ ինքնաբավության խնդիրը լուծելու նկատառումով։
Հետո եգիպտացորենի մշակության անհրաժեշտության մասին կարծես սկսեցին չխոսել։ Ո՞րն էր պատճառը, չարդարացրե՞ց իրեն, չափազանցվա՞ծ էին եգիպտացորենի այդքա՜ն արժեքավորության մասին պնդումները, թե՞ այլ պատճառ կար… Խնդրին ակունքներից ծանոթ ու դրանով զբաղվող, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը մեզ հետ զրույցում միանշանակ պնդեց. չափազանցված ոչինչ չկար, եգիպտացորենը միանշանակ շա՜տ արժեքավոր բույս է, եւ, ցավոք, այսօր դրան այնքան էլ ուշադրություն չի դարձվում, եւ ցանքատարածությունները մոտ 3 հազ. հեկտար են կազմում։ Եվ եթե այսօր դրան պատշաճ ուշադրություն դարձվի, Հայաստանի գյուղատնտեսությունը աներկբա շահելու է։
Ի՞նչ պետք է անի պետությունը եգիպտացորենի մշակությանը նոր թափով զարկ տալու համար, Հայաստանում այդ բույսը հատկապես ո՞ր շրջաններում պետք է մշակվի՝ լավ բերք տալու համար, ինչի՞ դա կհանգեցնի. այս եւ այլ հարցերի պատասխաններին մենք դեռ կանդրադառնանք։ Իսկ այժմ խոսենք այն մասին, թե ինչու՞ ենք ուզում եգիպտացորենին ուշադրություն դարձնել։
Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Սերգեյ Ավագյանը նշում է, որ այս մշակաբույսը փոխարինում է ցորենին, եւ որ «21—րդ դարի աշխարհաքաղաքական ալեկոծումներին մեր երկիրը պետք է պատրաստ լինի բոլոր առումներով։ Ու կարեւորագույն խնդիրներից մեկը սեփական պարենով, մասնավորապես, հացով երկիրն ապահովելն է։ Ռազմավարությունն իրագործելու ճանապարհին այլ հացահատիկային մշակաբույսերի թվում կարեւոր դեր պետք է հատկացվի եգիպտացորենի մշակությանը»։
Պատահական չէ, որ երբ 1950 թ. կեսերին Ն. Խրուշչովը ԱՄՆ այց կատարեց, դրանից հետո եգիպտացորենի մշակումը պարտադրվեց ամբողջ ԽՍՀՄ—ին, այդ թվում՝ Հայաստանին։
Զուր չէ, որ մասնագետը եգիպտացորենը անվանում է մեկ ցողունով շտեմարան։ Եգիպտացորենը գնահատվում է բարձր բերքատվության պատճառով. 1 հեկտարից 50—60 եւ ավելի ցենտներ բերք է ստացվում։ Եգիպտացորենի կանաչ զանգվածը հարուստ կեր է գյուղատնտեսական կենդանիների համար ե՛ւ թարմ, ե՛ւ սիլոս—սենաժային վիճակում։ Եգիպտացորենի առանձին տեսակներ ավելի շատ օսլա, հում պրոտեին, օգտակար այլ նյութեր են պարունակում, քան ցորնահատիկը։ Դրանից պատրաստում են ձավարեղեն, ալյուր, կիրառվում է օսլա—մաթային, պահածոների արտադրություններում։ Եգիպտացորենից պատրաստում են զանազան կերակուրներ, ստանում յուղ, շաքար (մաթ—գլյուկոզա), անասնակեր եւ այլն։ Հացաթխման ընթացքում որոշ տեսակի հացամթերք ստանալու նպատակով ցորնալյուրին խառնում են 25 տոկոս եգիպտացորենի ալյուր։ Այս բույսի ցողուններից ստանում են շինանյութ, սպիրտ, մեկուսիչ ներդիրներ, այլ իրեր։ Եգիպտացորենը միատուն բույս է, բարձրությունը 60—250 սմ է (երբեմն՝ 5 մ)։ Արական ծաղիկները բույսի ծայրամասում են, իգականները՝ կնգուղներում։ Ցանքսի համար լավագույնը փխրուն սեւահողն է, հողի ավազակավային, ավազահողային տեսակները։ Մասնագետը հավելում է, որ եգիպտացորենի բերքահավաքից հետո նույն հողատարածքում կարելի է ցանել աշնանացան հացահատիկ, այլ մշակաբույսեր եւս։
Մասնագետը նշում է նաեւ, որ լավ բերքի համար հարկ է, որ մշակությունը ճիշտ կազմակերպվի։ Եգիպտացորենի բոլոր տեսակները բարձր բեքատվություն ունեն։ Եգիպտացորենն ավելի բերքատու է, քան ցորենը։ Բայց պետք է իմանալ, թե որ տարածքում եգիպտացորենի որ տեսակը լավ բերք կտա։ Այլ կերպ՝ եգիպտացորենը միշտ լիառատ բերք է տալիս, եթե ճանաչում ես այն։
Օրինակ՝ ատամնանմանի հատիկները խոշոր են, երկար ծայրում՝ փոս ընկած։ Հատիկները պարունակում են 8—14 տոկոս սպիտակուց, 68—76 տոկոս օսլա, հանքային տարրեր, վիտամիններ եւ այլն։ Բույսն աճում է արագ, հզոր ցողունով, խոշոր տերեւներով եւ կնգուղով։ Մշակությունը հնարավոր է ամենուր եւ կիրառվում է հատկապես որպես անասնակեր՝ սիլոս, սենաժ եւ այլն։ Ամուր տեսակի հատիկները խոշոր են, կան նաեւ մանրերը, կլորավուն եւ արտաքնապես հարթ մակերեսով, ապակենման են։ Պարունակում է 8—16 տոկոս սպիտակուց, 65—84 տոկոս օսլա, ալրային է։ Բույսին բնորոշ է արագ աճը, շատ տարածված է. օգտագործում են հիմնականում սննդում։ Օսլայաշատի հատիկները խոշոր են, հարթ մակերեսով, կլորավուն, ալրային։ Պարունակում է 7—12 տոկոս սպիտակուց, 72—83 տոկոս օսլա։ Կիրառվում է բուսական յուղի արդյունաբերությունում։ Շաքարային տեսակի հատիկները խոշոր են եւ միջին չափերի, մակերեսը կնճռոտ է, անկյուններով։ Պարունակում է 12—13 տոկոս սպիտակուց, մինչեւ 30 տոկոս օսլա, 30 տոկոս շաքարներ, մոտ 8 տոկոս ճարպեր։ Օգտագործվում է հիմնականում պահածոների արտադրությունում։ Տրաքող եգիպտացորենի հատիկները համեմատաբար փոքր են, ծայրամասը սուր է, կազմությունը ապակենման։ Պարունակում է 10—12 տոկոս սպիտակուցներ, 62—72 տոկոս օսլա։ Դրանից հիմնականում ձավարեղեն եւ փաթիլներ են ստանում։
Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Սերգեյ Ավագյանը կարեւորում է այն, որ գյուղացիներին պետք է ուղղություն տալ, մասնագիտական խորհուրդ. ըստ որի՝ այս բույսը լավ բերք կտա, եթե ցանվի փխրուն սեւահողում, նաեւ մուգ—շագանակագույն, ավազակավային հողում։ Իսկ եթե հողն աղակալած է, չափազանց խոնավ, բարձր թթվայնությամբ, ցանքս կատարելն աննպատակահարմար է։ Եթե եգիպտացորենի ցանքսի համար նախատեսված տարածքում այլ մշակաբույսի բերքահավաք է եղել, պետք է կատարվի 7—10 սմ խորությամբ երեսահերկ, ապա քիչ անց, երբ մոլախոտերն են սկսում բուռն աճել, կատարվում է 25—30 սմ խորությամբ հերկ։
Որ ցանքսի համար լավագույն ժամկետը որոշվում է հողի ջերմությամբ. լավագույն ժամկետն է հողի շերտի 12—15 սմ խորությունում 10—13C—ն։ Որ մինչեւ ցանքսը սերմացուն ախտահանվում է։ Վնասատուներից (օրինակ, շվեդական ճանճից) պաշտպանելու նպատակով ծլարձակումից հետո տարածքը (բույսը) մշակում են քլորոֆոսի (եւ այլ) 80 տոկոսանոց ջրային լուծույթով (1,5 կգ՝ 1 հեկտարում)։
Բայց այս ամենն այսօր գյուղացուն չի բացատրվում։ Մենք, որպես սպառող, թարմ եգիպտացորենի մասին հիշում ենք սեզոնին ուտելիս, սեզոնից դուրս՝ պահածոյացված վիճակում օգտագործելիս։ Իսկ ի՞նչ պետք է անի պետությունը՝ հաշվի առնելով, որ այն, որպես անասնակեր, կարող է լրջորեն օգնել թռչնարտադրության ոլորտին։ Այս մասին՝ առանձին կներկայացնենք։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

21-05-2020





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO