Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.06.2020
ԼՂՀ


Ազատագրված սահմանամերձ բնակավայրերը նոր շունչ են առնում

Ակնաբերդում մարդիկ լավատեսությամբ են լցված իրենց վաղվա օրվա եւ ապագայի հանդեպ

Վաղուց, շատ վաղուց Մռավի լանջերը տանող ճամփով չեմ անցել, Թարթառի ափն ի վեր չեմ քայլել, չեմ զմայլվել նրա կոհակներով...
Սարսանգի ջրամբարի աջ թեւի ուղղությամբ ձգվող ճանապարհը, որ շղթայլվել էր ազերիների կողմից, զինյալների որջ դարձած Ումութլու էր տանում։ Ու երկար ժամանակ վերին գյուղերի բնակիչները ստիպված էին շրջանցել ու երթեւեկել Գետավանի ճամփով։ Վերջին անգամ 1989—ի գարնանն էր, երբ հաթերքցիների ավտոբուսն անցավ նախկին ուղերթով, եւ գյուղամիջում Ումութլուի խուժանների կողմից քարկոծվեց։ Իսկ մեկ շաբաթ չանցած՝ սեփական տուն—տեղից արտաքսվեց այստեղ մշտապես բնակվող, երբեմնի հարգված «քիրվայի»՝ Մերուժ Գրիգորյանի միակ հայ ընտանիքը։ Կեսգիշերին բոցավառ ջահերով խուժելով նրա տուն, թուրք բաշիբոզուկները սպառնացին ողջ—ողջ այրել բոլորին, եթե մեկ ժամում չլքեն գյուղը։
Մղձավանջի պես է հիմա այդ ամենը հիշում տանտեր Մերուժը, որի գլխով ինչեր ասես, որ չեն անցել... Ու մինչեւ կսթափվենք պարուրող հուշերից, ցուցանակի վրա հայերեն, ռուսերեն ու անգլերեն ընդգծված Ակնաբերդ անվանումն ազդարարում է, որ արդեն գյուղ ենք հասել։ Ճամփի աջ ու ձախ երկայնքով փռված փարթամ արտերը, եգիպտացորենի ու կարտոֆիլի մշակված դաշտերն ակամայից հուշում են, որ տարին բերքառատ կլինի, եւ մարդիկ բավարար քանակությամբ հացահատիկ ու կարտոֆիլ կամբարեն։ Շուքով պտղավորված տանձենիներն ու խնձորենիներն էլ երեխաներին հուսախաբ չեն անի...
Ճամփեզրին բարեկարգ ու նորոգ տներ են՝ շեշտված հայերենով։ Ազերիների երբեմնի ցանցառ ու գորշ ցանկապատերին անվերջ փռված փալաս—փուլուսներին այսօր բակերում ձգված ճերմակ ու մաքրամաքուր լվացքով ծանրաբեռ պարաններն են փոխարինում։ Իսկ թաղամասերում տեղադրված ջրածորակների տակ նախկին «խալաների» կողմից փութաջանորեն արվող լվացքների փոխարեն, ջահել հարսներն հիմա կանաչեղեն ու «ժենգալով հացի» միջուկ են լվանում... Դե, տնամերձ այգիներից ու հողամասերից չենք խոսում. տանտերերն այնպիսի նվիրումով ու խնամքով են մշակում, փայփայում նորատունկ սածիլները, որ…
Մարդկանց հայացքներից վերջապես չքացել են տխրությունն ու թախիծը։ Փորձում են խեղդել հոգում կուտակված դառնություններն ու վիրավորանքները, արարել ու հավատով լցվել գալիք օրերի նկատմամբ։ Ակնաբերդում վերաբնակվողները պապենական օջախներից տեղահանված նախկին շահումյանցիներն են, որոնք առանց հողի կյանքը չեն պատկերացնում։ Ճակատագրի բերումով եկել, այստեղ արմատ են ձգել, ծիծեռնակի պես նոր բույն են հյուսում՝ երբեք չկորցնելով հարազատ օրրան վերադառնալու հույսը... Նայում եմ թոնրատան առաջ թաժա հացն անուշ անող հրաշամանուկներին, ու խորախորհուրդ աչքերը նրանց հուրհրացող թոնրի անշեջ պողեր են հիշեցնում...
Գյուղամիջում մեր վարորդը արգելակում է մեքենան։ Լուսանկարիչ Ռ. Սարգսյանն արագ իջնում է եւ քայլում դեպի նահատակների հիշատակը հավերժացնող խաչքար—հուշարձանը։ Մենք նույնպես այցելում ու գլխիկոր խոնարհվում ենք։ Այդ պահին մեզ նկատել էր ուռենու տակ նստած մտախոհ ծերունին, որ դանդաղ քայլերով ընդառաջ էր գալիս։
–Իսկույն իմացա, որ ղարիբ մարդիկ եք,–ասաց ու սեղմեց մեր ձեռքը։–Առաջին անգամ գյուղ մտնողներն այս սրբավայրն են այցելում ու նոր միայն սկսում շրջագայությունը։
–Կներեք, հայրիկ, ո՞ր կողմերից եք,–հարցնում եմ նրան։
Ծերունու աչքերը ջրակալեցին։ Նրա ամենավերքոտ տեղին էի դիպել...
–Քեզ մատաղ, Վերին Շեն լսած կա՞ս (ես գլխով եմ անում)։ Ահա հենց այդ գյուղի միջից եմ... Այստեղ մեծ թե փոքր՝ բոլորն էլ ինձ լավ են ճանաչում, չարից, շառից փախած մարդ եմ, թոռներիս հետ եմ ապրում, իմը բանջարանոցն ու այգին են։ Քանի կամ՝ պիտի աշխատեմ։ Թոռներիս միայն մի բան եմ խնդրելու։ Թե մեռնեմ՝ ինձ Վերին շեն տանեն, պապերիս գերեզմանը...
–Իսկ այստեղ տարեցներ շա՞տ կան,–նկատելով, որ հուզմունքից դողում են նրա շուրթերը, փորձում եմ շեղել զրույցի թեման։
–Չէ, տղա ջան, բարեբախտաբար, Ակնաբերդում տարեցները քիչ են, ջահելներն են շատ,–մի տեսակ ոգեւորությամբ ասում է նա։–Մյուս բնակավայրերի համեմատ երիտասարդների թիվն այստեղ գերակշռում է։ Սա թերեւս այս գյուղի միակ առավելությունն է...
–Իսկ ո՞նց եք յոլա գնում, հայրիկ, կենսաթոշակներն ու նպաստները ժամանակին վճարո՞ւմ են...
–Դժգոհելու առիթ չկա։ Կարեւորն այն է, որ քաղցած չենք մնում... Կով ենք պահում, կաթն ու պանիրը, ձուն, բոլ—բոլ կանաչեղենը կան, դու ասա՝ վերջը բարի լինի... Բախտներս բերել է, որ գյուղապետը մեր կողմերից է, ժողովրդի ցավն ու դարդը ջոկում է, մարդկանց համար մտածում, կարիքավորներին ձեռք մեկնում։ Էդ նրանից է, որ իր սեփական մաշկի վրա զգացել է ու կրել տառապանքներն ու զրկանքները, մյուսների պես չի հեռացել օտար կողմեր։ Կարճ ասած՝ մեր վշտի, մեր հոգսերի, մեր ցավի մեջ է...
Քիչ անց, մյուս շահումյանցիների հետ զրուցելու ժամանակ, համոզվեցի, որ ողբերգության մեջ հայտնված լեռնցիներն այդ իմաստուն ծերունու պես չեն տրտնջում, երբեք չեն դժգոհում իրենց ճակատագրից, տուն ու տեղից, ապրուստից։
–Շահումյանցիները, գետաշենցիները եւ մարտունաշենցիներն այսօր ավելի շատ բարոյական աջակցության, ջերմ խոսքի կարիք ունեն,— իրավացիորեն նկատում է համայնքի ղեկավար Համլետ Սայիլյանը։ — Խորն է նրանց վերքը, իսկ բուժել կարելի է միայն սրտացավ եւ հոգատար վերաբերմունքով։ Գրեթե բոլորն էլ անասուններ, թռչուններ են խնամում, ունեն իրենց սեփական հողակտորները։ Այս տարի շատերը հացահատիկ, եգիպտացորեն ու կարտոֆիլ են ցանել եւ առատ բերք են ակնկալում։ Շուրջ երեսուն հոգի գործարար ծրագրեր են ներկայացրել հողագործական մթերքների արտադրության ու անասնապահության զարգացման ուղղությամբ եւ շուտով պետությունից վարկեր կստանան։ Բազմաթիվ խնդիրներ ու սոցիալ—կենցաղային նշանակության հարցեր կլուծվեն, որոնք օրակարգում են, եւ կբարելավվի բնակչության կենսամակարդակը։ Ժամանակի խնդիր է։
Տեղահանված շահումյանցիներին կառավարությունը հիմնականում վերաբնակեցրել է Ակնաբերդ, Չարեքտար, Դադիվանք եւ Տոնաշեն գյուղերում։ Ճիշտ է, չլուծված հիմնախնդիրները քիչ չեն, սակայն կարեւորն այն է, որ մարդիկ գլխավերեւում տանիք ունեն, տնամերձ այգի ու բանջարանոց են մշակում, օջախներում երեխաներ են ծնվում ու մեծանում, իսկ կառավարությունը նրանց համար դպրոցներ է բացել։ Ակնաբերդի միջնակարգ դպրոցի (տնօրեն՝ Նորայր Գալստյան) շենքի վերակառուցման, նորոգման ու կահավորման հոգսերը հոգացել է գերմանահայ մի բարերար։ Ապա այն հիմնանորոգվել ու կահավորվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ, ուր այսօր ավելի քան 130 դպրոցական է սովորում։ Իսկ անհատ ձեռներեց Վիտալի Գրիգորյանը, որ ծնունդով Շահումյանից է, սեփական միջոցներով հայրենակիցների համար 100 գլուխ կով է գնել ու բաժանել մարդկանց։ Ոչ դյուրին գործ է ձեռնարկել շահումյանցիների մեկ այլ բարեկամ՝ Արտակ Ղահրամանյանը, ով Ակնաբերդում հեռախոսակայան է տեղադրել, եւ գյուղում գրեթե բոլոր ընտանիքներն էլ օգտվում են հեռախոսից։ Մեր օրերում սա բացառիկ երեւույթ է, որին, հավանաբար, շատերը կնախանձեին...
Գյուղապետի հետ մեր զրույցը սկիզբ առավ նրա աշխատասենյակում, ապա շարունակվեց դաշտերում, գյուղամիջյան փողոցներում խմբված մարդկանց հետ։ Ոմանք հող են վարձակալել, կառավարության կողմից վարկավորվել, մի քանիսն էլ չնայած հողի սեփականատեր են դարձել, սակայն հնարավորություն չեն ունեցել այն մշակելու։ Մտավախություն ունեն, հանկարծ պետությունից վարկ վերցնեն ու չկարողանան մարել։ Ոմանք դեռ երկմտանքի մեջ են... Ու համայնքի ղեկավարը հորդորում է, որ սթափ մտածեն, քանի որ շուկայական հարաբերություններում համարձակ, վստահ որոշումը կենսական շատ քայլերի է մղելու։ Ուստի յուրաքանչյուր հարցում հետեւողականություն ու վճռականություն է պահանջվում։
Կարտոֆիլագործությունը շահումյանցիների համար ավանդական, եկամտաբեր զբաղմունք է։ Համայնքի ղեկավարի կարծիքով, ճյուղի զարգացման համար լավ հեռանկարներ կան, հողը բերրի է, բնակլիմայական պայմանները՝ նպաստավոր։ Ոռոգման ջրի խնդիրը լուծված է։
–Տարիներ առաջ,–ասում է Համլետ Սայիլյանը,–ադրբեջանցիներն օգտվում էին արտեզյան ջրհորներից, որոնք հիմա հասկանալի պատճառներով չեն գործում։ Խնդրի լուծման համար տնտեսապես ավելի արդյունավետ միջոց է գտնվել։ Արցախին ցուցաբերվող օգնության ծրագրի շրջանակներում «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով գյուղամերձ անտառից շուրջ երկու կիլոմետր երկարությամբ ջրախողովակները ձգվել են դեպի Ակնաբերդ, որը հնարավորություն է տվել լիովին լուծելու ինչպես խմելու, այնպես էլ՝ ոռոգման ջրի խնդիրը։ Միաժամանակ ավարտին է հասցվել երկու ջրամբարների (յուրաքանչյուրը՝ 50 տոննա տարողությամբ) շահագործումը։ Շինարարական աշխատանքներին մասնակցել են նաեւ տեղացիները։ Գյուղամիջում այնքան սառնորակ աղբյուրներ ունենք, ու շատերն այդ համով ջրերից են իրենց ծարավն ու կարոտն առնում Գյուլիստանից։ Համ էլ, որքան էլ որ ապրելու պայմանները բավարար լինեն, մարդիկ երբեք չեն կորցնում ծննդավայր վերադառնալու հավատը…

* * *
Իրիկնադեմին մի խումբ երկրագործներ տուն էին դառնում։ Նրանց շարքերում քիչ չէին եւ կանայք, որոնք, ինչպես զրույցից պարզվեց, այդ օրը կարտոֆիլի մարգերն էին փխրեցնում։ Չնայած հոգնած էին, սակայն կատակելու, սրամտելու առիթը բաց չէին թողնում։ Նրանցից մեկը կես—լուրջ, կես—կատակ պարզապես դիմեց ինձ.
–Չեմ հասկանում, համ ասում եք շատ երեխաներ պիտի ունենանք, համ էլ՝ ունեցողների եռանդը գնահատող չկա...
–Դուք կոնկրետ ի՞նչ նկատի ունեք,–հարցնում եմ։
–Խոսքն էն մասին է, որ բազմազավակ ընտանիքները պետք է ամեն կերպ խրախուսվեն։ Հոգուս վրա մեղք չվերցնեմ՝ պետությունը, իհարկե, օգնում է, բայց խոսքս միայն նյութականի մասին չէ։ Գյուղում քիչ չեն 5—7 երեխա ծնած կանայք։ Առաջներում գոնե նրանց մայրության մեդալով պարգեւատրում էին, իսկ հիմա՞... Այ, օրինակ, մեր Մնացականյան Սվետան, որ տասը երեխա է լույս աշխարհ բերել, սնել ու դաստիարակել, ումի՞ց է պակաս, որ մայր—հերոսուհու կոչում չեն տալիս... Հերոսներից էլ հերոս է՝ թե՛ տանը, թե՛ աշխատանքում։ Ու, հոգսերով այդքան ծանրաբեռնված լինելով, ամեն ինչ տեղը տեղին հասցնում է։ Իսկ թե իմանայիք՝ ինչպիսի հրաշալի զավակներ են հասունանում նրա օջախում...
Հերոսուհի մայրը լուսանկարվելու համար չէր կարող իր բոլոր զավակներին շուրջը հավաքել։ Նրանցից երկուսը զինծառայության մեջ են, մյուսը ուսանողուհի է, չորրորդը հանդից դեռ տուն չէր վերադարձել... Այդ պահին տնից բացակայում էր եւ ընտանիքի հայրը։ Եվ հերոսուհի մայրն իր ողջ «անձնակազմով» չկարողացավ ներկայանալ ընթերցողներին... Հրաժեշտից առաջ ես ընդամենը հասցրի ծոցատետրիս մեջ հերթականությամբ նշել նրանց անունները. Մխիթար, Անդրանիկ, Սամվել, Կարմեն, Վարդան, Ժաննա, Թագուհի, Էլմիրա, Նարինե, Սիլվա...
Ու մտածում ես՝ եթե հայի օջախն այսպիսի զորեղ բանակ ունի, ուրեմն Ակնաբերդը մշտարթուն ու պահապան կմնա շահումյանցիներին։ Ուրեմն Շահումյանը կազատագրվի, ու նրա զավակները մի օր աչքալուսանք կտանեն Գյուլիստանի սարերին...
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am
Ստեփանակերտ

21-05-2020





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO