Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.05.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Պատերա՞զմ, թե՞ մշակույթ

Որն է հոգեպես ավելի ազնիվ

Նվաճել աշխարհը, հաստատել սեփական ես-ը... Ինչպե՞ս... Սո՞ւր ճոճել, սպառնալ, գրոհել բոլորի եւ ամեն ինչի վրա՞, ոչնչացնել ոտքի տակ եղած ամեն բան ու կանգնեցնել սեփական հուշարձանը ավերակների վրա եւ ժպտա՞լ՝ ծածանելով քմծիծաղի ու հաղթության դրոշը, թե՞... Գուցե քրքրել սեփական ներաշխա՞րհը, հայտնաբերել ընդերքը, սնվել նրա բարիքներով ու բաժին հանել աշխարհին այդ սնունդից ու զարմացնել ներքին հմայքով ու զորությամբ, ու թող աշխարհն ինքը կանգնեցնի քո հուշարձանը եւ ապրի նրանով... Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ՝ կասեր իշխան Համլետը... Իսկ ո՞րն է արդարացված կյանքով ու պատմությամբ...
Պատմությունն արձանագրում է ամեն ինչ՝ թե՛ լավը, թե՛ վատը, թե՛ չարն ու բարին, պատմությունը փաստ է, կյանքը՝ զգացմունք. այն օտարում է ամեն բան, ինչը խանգարում է ապրելուն։ Կյանքում ամեն բան մի մաղի մեջ է. ժամանակը թեթեւացնում է մաղը՝ մաքրում որոմից, քամուն տալիս թեփը, թողնում հունդը՝ սնունդը, առանց որի կյանքը ոչ միայն անհնար, այլեւ անիմաստ է։ Պատմության էջերից չի վերացել ոչ մի ոճրագործ ճիվաղ, ոչ մի խելահեղ նվաճող, ոչ մի արյունախում մարդատյաց, ինչպես որ չի վերացել ազնիվ մի զորավար, ազատատենչ հոգի ու մտածող, արարիչ էակ, միայն թե դրանք մարդկային գիտակցության ու զգացմունքների տարբեր աստիճաններ են զբաղեցնում, տարբեր հուշերի ու հույզերի տեղիք տալիս։
Փարիզը միշտ եղել է մարդկության ուշադրության կենտրոնում, կարելի է ասել՝ սիրո առարկա... Բայց ո՞ր Փարիզը՝ աղքատությա՞ն, փնթիությա՞ն, կեղծիքի ու խաբեությա՞ն, անարդարության ու հետապնդումների՞, տանջանքների ու քառատմա՞ն, դաժան ու անտարբեր, հեգնոտ ու մեծամի՞տ, ո՞ր Փարիզը... Իհարկե, ոչ սա, ո՛չ ստվերոտ ու գարշահոտ նրբանցքներով, խեղճուկրակ, Քվազիմոդոյին պատժանիվի վրա պտտեցնող Փարիզը, եւ հատկապես՝ ո՛չ Ժաննա դը Արկին խարույկի բարձրացրած Փարիզը, ո՛չ այն, ուր սովից մեռնում էին գիտնականներ ու արվեստագետներ, պարզապես հասարակ մարդիկ, ուր կյանքը չափազանց թանկ էր այն աստիճան, որ հուսահատությունից միակ փրկությունը Սենում ինքնասպան լինելն էր կամ հոգին շագրենի կաշվով վաճառելը... Ուրեմն՝ ո՞ր Փարիզն է այնպես հմայել մարդկությանը, որ, այսքանով հանդերձ, մագնիսի պես ձգել ու դեռ ձգում է այն... Մի՞թե մոլորությունը կամ ինքնախաբեությունը... Այն ամենը, ինչը պարփակում է Փարիզն իր մեջ, այն ողջ նեգատիվը, որ նշեցի, եւ դեռ ավելին, կա ամենուրեք, աշխարհի գրեթե բոլոր անկյուններում, միայն թե այստեղ՝ Փարիզում կա եւ այն, ինչ չկա մի այլ տեղ կամ չկա այն հմայքով ու ազատությամբ, ինչպես այստեղ... Աշխարհի տարբեր ծայրերից, անգամ ամենազարգացած երկրներից, այստեղ են հավաքվել մտածողներ ու արարողներ, այստեղ են գրվել մարդկային թշվառության ու ազատատենչ ոգու մասին պատմող հրաշալի վեպեր, որոնք ընթերցելիս՝ տարված գեղարվեստի լեզվով ու հմայքով, մարդկային էության հազվադեպ քննության ելեւէջներով, կարեւորվում է ոչ թե գորշ իրականությունը, այլ այն գեղեցկացնելու արվեստը... Փարիզը կարելի է համարել քաղաք—արվեստանոց, ուր ոչ միայն արարվում, այլեւ սկզբնավորվում են արվեստի ամենատարբեր ոճերի ու տեսակների ուղղություններ, որտեղից թելադրվում է նորաձեւությունը, եւ ժամանակը փոխում է դեմքը... Հենց սա է Փարիզի հմայքը, այն, որ յուրաքանչյուրը՝ պայքարով թե առանց պայքարի, կարող է ունենալ իր՝ սեփական Փարիզը, ինքնադրսեւորվել ու գիտակցել սեփական արժանիքը. լինել Փարիզում, նշանակում է լինել ինքդ քեզ հետ, քո ազատության ու երազանքների հետ, ուր տեղ չկա բռնությունների ու նվաստացման համար...
Որեւէ մարդ, անգամ ամենաոճրագործ տեսակի, չի կարող երազանքների մեջ բռնանալ սեփական հոգու ու ազատության վրա, ինչպես որ չի կարող երազել ենթարկվելու կտտանքների կամ գերեվարության մեջ ընկնելու մասին, այսինքն՝ չարը միշտ բացառվում է որեւէ անհատի՝ իր իսկ հանդեպ «գործածությունից», հետեւաբար՝ մարդու ենթագիտակցության մեջ այն մերժված է ի սկզբանե, բնականորեն, ուստի եւ չարը արհեստածին է, հնարովի, անմարդկային ու անբնական, ու նաեւ սա է պատճառը, որ չարը միշտ վերացարկվում է մեր գիտակցությունից, եւ չարի մեջ բացառում ենք ինքներս մեզ, մեր գոյությունը, ինչպես որ՝ շատ լավ իմանալով մահվան անխուսափելիությունը, մենք մեզանից օտարում ենք այն, այլապես անհնար կլիներ ընդհանրապես ապրելը... Այդ է պատճառը նաեւ, որ մեր հիշողությունը հնարավորինս աշխատում է ջնջել կամ թուլացնել ցավ պատճառող իրադարձությունները ինչպես անհատի կյանքում, այնպես էլ հասարակության ու ժողովուրդների, ու թեեւ պատմությունը չի թողնում մոռանալ արյունալի ու դաժան էջերը, մենք, այնուամենայնիվ, Գերմանիայի անունը տալիս, որքան էլ հիշենք նացիզմն ու նրա պարագլխին, այն բոլոր վայրենություններն ու խոշտանգումները, որ նրանք բերեցին մարդկության գլխին, ապրում ու սնվում ենք ոչ թե նրանցով, այլ գերմանական մշակույթով, ու հենց այդ մշակույթն է թույլ տալիս «ներել» պատմության այն նողկալի էջը, որ նրա համար բացեցին նացիստները։ Սա ընդամենը օրինակ է, որով լի են պատմության էջերը, ինչպես մոնղոլ—թաթարական արշավաքներն ու տիրապետության դարավոր շրջանը բազում ժողովուրդների վրա, ովքեր դուրս եկան այդ ահավոր ու դաժան լծից՝ ոչ այնքան զենքի, որքան մշակույթի շնորհիվ եւ շատ պետություններ հենց մշակույթի, ոգու պոտենցիալի շնորհիվ էլ գոյատեւում ու դիմադրում են, զարգանում ու հաղթում չար ու ոճրագործ ուժերին, որքան էլ այդ ուժերը համախմբվեն ու գրոհեն ողջ թափով...
Մշակույթը, որքան էլ «անցյալ» դառնա, շարունակելի է ու ապրում է ներկայում եւ հումք է ապագայի համար, հույս ու հավատ, որ մարդու մեջ սերմանում է սեր, ապրելով՝ ապրեցնում, իսկ պատերազմները՝ ողջ սարսափներով ու անդառնալի կորուստներով հանդերձ, անցնում են ինքնաոչնչացման ճանապարհ՝ որքան էլ որ նորոգվեն ու մուտացիաներ տան, այլ կերպ՝ կյանքը կյանք է բերում, մահը՝ մահ։
Մշակույթի շնորհիվ է նաեւ, որ աշխարհի երեսին՝ թե՛ հայրենիքում, թե՛ նրա սահմաններից դուրս, դարեդար գոյատեւում է այնպիսի մի ժողովուրդ, ինչպես փոքրաթիվ հայ ժողովուրդը, որ զենք է վերցնում ոչ թե ստրկացնելու, այլ ստրկությունից պաշտպանվելու համար, ինչն ամենեւին էլ թույլի քայլ չէ, այլ իր ներքին ուժին ու պոտենցիալին հավատացողի քայլ...
Այն օրվանից, երբ կսպառվի մեր մշակույթը, մեր խոսքը աշխարհին, այն օրվանից կսպառվի մեր գոյությունը աշխարհում, եւ սա վերաբերում է ոչ միայն մեզ՝ փոքրաթիվ մի ժողովրդի, այլեւ յուրաքանչյուր ժողովրդի՝ անկախ նրա հզորությունից ու ռազմական ուժից եւ վարած նվաճողական քաղաքականությունից...
Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

21-05-2020





26-05-2020
Իշխանաձորում հիմնվել է ձիթենու այգի
Հաջողության դեպքում 4-5 տարի անց արդեն բերք կտան



26-05-2020
Արամ Խաչատրյան. Ապպիոսյան ճանապարհի խորհուրդը
«Ես մնում եմ հայ, բայց եվրոպացի հայ, ոչ ...


26-05-2020
Հայաստանում գրանցվել է COVID-19-ի 289 նոր դեպք, առողջացել է ևս 75 պացիենտ
Հայաստանում մայիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


26-05-2020
Տարեցները կարոտ էին նման ցերեկույթի
«Հայաստանի ինտերկապ» բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ Վանաձորի տարեցների տանը ...


26-05-2020
Արցախում բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթությունը կդառնա անվճար
Առաջին անգամ «Վերջին զանգը» չհնչեց նաեւ Արցախում

Արցախի ...


26-05-2020
Հերոսի հետ՝ Բարձրաքաշում
Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն, ...


26-05-2020
Տոնեցինք Երկրորդ Ծաղկազարդը
Մայիսի 24-ին Հայ առաքելական եկեղեցիներում մատուցվեց սուրբ պատարագ՝ ...



26-05-2020
Սիրիական հակամարտության լուծումը դեռ չի երեւում
Մերձավոր Արեւելքում անվտանգության ...

26-05-2020
Եգիպտացորենի մշակությանը զարկ տալով՝ թռչնաբուծությունն էլ տեղից կշարժենք
Որոնք են առաջին ամենագլխավոր ...

26-05-2020
Թուրքիան չարտերային չվերթներ բացելու մտադրություն ունի
Մինչեւ կանոնավոր միջազգային ավիահաղորդակցության ...

26-05-2020
Գործող չեմպիոնի լուրջ հայտը
Շուրջ 2,5 ամսվա ընդմիջումից հետո ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +11... +13
ցերեկը +22... +24

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO