Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.06.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Խաչիկ Դաշտենց-110

Անվանի գրողն ամեն սերնդի հետ կորոնի իր հայրենիքի Բրաբիոն ծաղիկը

–Խաչիկ, դու ո՞ր գյուղից ես,–հարցրեց Սողոմոն Տարոնցին։
–Դաշտադեմ,–պատասխանեց մտավորականը։
–Խութ—Բռնաշենում է, կարծեմ։ Սեւ սարի վրա։ Ձեր գյուղի դիմաց ի՞նչ սարեր են երեւում։
–Ծովասարը եւ Մարաթուկը։
–Ուրեմն լավ կլինի, որ գրական ազգանունդ ստորագրես Դաշտենց։ Թե ձեր գյուղի անունը կհիշվի, եւ թե, բացի այդ, բոլորս պետք է համախմբվենք Չարենցի շուրջ...
–Ուրեմն Դաշտենց ստորագրեմ։
–Միայն այդպես։
Խաչիկ Դաշտենց՝ բանաստեղծ, բանասեր, թարգմանիչ, վիպասան։ Մայիսի 25—ին լրանում է հայ անվանի մտավորականի ծննդյան 110—ամյակը։ Լեռների, ազատաշունչ դաշտերի, հայրենի բնօրրանում է անցել մանուկ Տարոնի մանկությունը՝ ճաշակելով հովվական կյանքի անհոգություններն ու դժվարությունները։ Դժվար է եղել հովիվ Տոնոյի համար՝ մանուկ տղան եղել է հոր խնամակալության տակ, իսկ առավել դժվար մանուկի համար՝ զրկված լինել մայրական ջերմությունից, թեեւ հայրը ամեն կերպ ջանացել է կնոջ պակասը լրացնել։...1915 թվական՝ օսմանյան Թուրքիայի կողից արեւմտահայերի տեղահանում, սով, կոտորած։ Հոր շալակին հնգամյա որդին է եղել ու քաղցից ու ցավից ուժասպառ մի ամբողջ ժողովուրդ, որ քայլել են անվերջանալի ճանապարհով։ Ինչպես շատ ու շատ հայեր, այնպես էլ հովիվ Տոնոն դարձել է եղեռնի զոհ։
Թիֆլիս, Ստեփանավան, Կարս, Ալեքսանդրապոլ՝ քաղաքից քաղաք, մանկատնից մանկատուն է տեղափոխվել գաղթի ճանապարհին «մեծացած» որբ մանուկը.
«Ընկար մենակ մանկատան ցանկապատին ու լացիր,
Վեր նայեցիր ամպերին, արցունքիդ մեջ քնեցիր,
Կոպերիդ տակ լուսաշող ամպերն եկան գնացին,
Ինձ դո՛ւրս տարեք այս բանտից, ամպե՜ր, ամպե՜ր, ասացիր»։
Փոքրիկ տղան սկսում է գրել բանաստեղծություններ, ընթերցում օտարազգի ու հայ հեղինակների նշանավոր գործերը։ Մի աշնանային օր էլ, երբ Եղիշե Չարենցն այցելում է մանկատուն՝ ապագա Դաշտենցը նրան է հանձնում իր բանաստեծությունների տետրը։ Մանկատան ներսում ստանալով միջնակարգ կրթությունն ու գրելով անդրանիկ բանաստեղծությունները՝ սկսվել է ապագա Դաշտենցի գրական ճանապարհը։ Հայկական գյուղերում ստանձնել է ուսուցչի առաքելությունը։ Ուսուցիչ Դաշտենցը կարեւորել է կրթությունը, հայ մանուկների գրագիտության հարցը, մայրենի լեզվի իմացությունը։ «Մենք հայ ենք, եկ խոսենք հայերեն»,–ահա Խաչիկ Դաշտենցի պատգամը։
Երեւանում, ապա Մոսկվայում ստացել է բարձրագույն կրթություն։ Խաչիկ Դաշտենցը մեծ հիացմունքով ու երախտանգիտությամբ է խոսել իր դասախոսների մասին, ովքեր մեր հայ մեծանուն մտավորականներն են՝ Մանուկ Աբեղյան, Հրաչյա Աճառյան, Վահան Թոթովենց եւ այլ անվանի ուսուցիչներ. «Ես ո՞ր մեկիդ հիշեմ այս հուզմունքիս պահին, Ո՜վ դասախոսներ իմ քաղցրանուն»…
…–Տարիներ առաջ Լենինականում մի ջահել տղայի հետ ծանոթացա՝ Խաչիկ Դաշտենց անուն—ազգանունով, Երեւանում աչքովդ չի՞ ընկնում,–հարցրել է Եղիշե Չարենցը։
–Ընկնում է, ...միասին ենք սովորում, նույն կուրսում,–պատասխանել է Գարեգին Բեսը։
Շատ տարիներ անց Չարենցը չէր մոռացել մանկատան այն սանին, նրա բանաստեղծությունները։ Չարենցի եւ Դաշտեցի հանդիպումը կայացել է Գարեգին Բեսի միջնորդությամբ, որով եւ ձեւավորվել է նրանց գրական բարեկամությունը։ Չարենցն առանձնակի հոգատարությամբ է վերաբերվել երիտասարդ գրողին։ Խաչիկ Դաշտենցը իր հերթին անդամագրվել է Չարենցի «Նոյեբեր» միությանը։
Քսանվեցամյա Խաչիկ Դաշտենցը հեղինակ է եղել արդեն երեք բանաստեղծական ժողովածուի՝ «Երգերի գիրք», «Գարնանային երգեր», «Բոց»։ Սկզբում՝ մեղմ ու հուզական տողեր, այնուհետեւ՝ փոթորկուն ու ամուր, սակայն այդ փոթորիկն էլ շուտով խաղաղվում է, հանդարտվում, պարուրվում քնարերգությամբ։
Բանվորական կյանքի, «գործիքի», խորհրդային կարգախոսներով համակված գրականության կողքին տարբերվել է Խաչիկ Դաշտենցը, ով գրել է բոլոր ժամանակների ընթերցողի համար՝ զգացմունքների, հայրենիքի, մարդկային բարձր գաղափարների շեշտադրումով։ Սա «աններելի» էր շատերի համար, ովքեր քաղաքական ենթատեքստեր էին փնտրում մտավորականների գործերում, ինչպես՝ Չարենցի, Գուրգեն Մահարու, Ակսել Բակունցի եւ շատերի դեպքում։ Նրանք արժանանում էին քաղաքական հետապնդումների, գրաքննադատական հալածանքների, որոնցից մեկը դարձավ Խաչիկ Դաշտենցը։ Բայց չի հուսահատվել այս եւ այլ գրաքննադատական լուտանքներից, այլ շարունակել է գրել, տպագրվել, նրա գրիչը չի «ծառայել» քաղաքական կարգերին ու առաջնորդներին։
«Խոդեդան», «Ռանչպարների կանչը»՝ պատմական վեպեր, որոնք հայ ազգի հերոսականության մատենագիրն են դարձել... «Պատմության դաժան հեղեղը մեր ազգի բախտի ջրաղացքարը նետել էր անդունդ։ Ո՞վ պետք է վերեւից զգաստ աչքերով նկատի ահեղ վտանգը եւ սարից սար գոռալով՝ առաջինը շտապի օգնության։ Ո՞վ պիտի այդ տեղահանված քարն անդունդից հանի եւ վերստին հաստատի իր հիմքի վրա»,–հարցնում է Խաչիկ Դաշտենցը։ Իսկապես, ո՞վ փրկեց երկիրը։ Ռանչպարը, ով օր ու գիշեր իր արտ ու կալին էր՝ ստիպված է եղել բահը զենքով փոխել, արտը՝ ռազմադաշտով եւ մարտնչել թշնամու դեմ։ Խաչիկ Դաշտենցի հերոսավեպերը, ինչպես Մուշեղ Գալշոյանն է ասել, ««հայոց դաժան լեռներում» բարկացած քայլող «աստվածների» մասին են՝ հայ ֆիդայիների, որոնց ըմբոստ ճակատները դեռ մենք պետք է համբուրենք»։ Իսկ հայ ֆիդայիի կողքին եղել է հայ ժողովուրդն իր անսասան հավատով։
«Եթե բոլորս ի մի զորվենք եւ մեր կամքը դարձնենք մի հսկա քարքաշ, անկարելի բան է, որ մեր բախտի քարը հեղեղից պարտված մնա անդնդում»,–ասել է Դաշտենցը։ Խաչիկ Դաշտենցը հայ մարտիկների, հայ ժողովրդի ճակատագրի, նրա հերոսական անցյալի մասին գրեց ժողովրդական բառ ու բանով, իրապատումի ու առասպելի միահյուսումով, հայկական բանահյուսության գեղեցիկ համադրումով։
Ստեղծագործելու հետ միասին թարգմանել է նշանավոր հեղինակների գործերից։ Նրա թարգմանությամբ շեքսպիրյան պիեսները բեմականացվել են հայկական մի շարք թատերախմբերում, Թիֆլիսի, Պոլիսի, Երեւանի պետական թատրոններում՝ առաջատար դերասանների դերակատարմամբ։
Հիմա, որքան էլ այլ ժամանակաշրջանի ու հասարակության կրողն ենք, արդյոք Խաչիկ Դաշտենցը մեզանից «հեռվանո՞ւմ է, թե՞ մոտենում»։ Իր իսկ հարցին պատասխանում է Գալշոյանը. «Ինչպես հայ ֆիդայիները դաշտադեմցի Խաչիկի կանչով նոր—նոր գալիս են դեպի մեզ, այնպես էլ ինքը՝ Խաչիկ Դաշտենցր նրանց հետ գալիս է եւ ամեն սերնդի հետ կորոնի իր հայրենիքի Բրաբիոն ծաղիկը»։ Հայրենիքի երջանկության ծաղիկը…
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

23-05-2020





06-06-2020
Երբ խոսում ենք գույքահարկի կտրուկ բարձրանալու մասին
Պետք է իրական պատկերը հասկանանք եւ զգացմունքային դաշտից ...


06-06-2020
Նա դարձել է մեր փոքր լինելու առասպելի մեծ հերքում
Դարձել է մեր փոքր ժողովրդին մեծերի հետ չափելու ...


06-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 547 նոր դեպք, առողջացել է 207, մահացել՝ 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 6-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


06-06-2020
«Ուրախ սիրտը օգտակար է, ինչպէս դեղ...»
Առօրյա կյանքում հաճախ ենք հանդիպում անցանկալի երեւույթների, իրողությունների, որոնք ...


06-06-2020
Գլոբալացու՞մ, թե՞ ազգային ինքնության պահպանում
Արդի ժամանակաշրջանում մարդկության զարգացման հիմնական առանձնահատկությունը գլոբալիզացիայի որդեգրումն է։ ...


06-06-2020
Բնակապահովման խնդիրն ամբողջությամբ կլուծվի
Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու նպատակով Լոռու ...


06-06-2020
Լիբիան Էրդողանի համար կդառնա՞ փրկօղակ
Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) եւ նախագահ ...



06-06-2020
Փաստահավաք հանձնաժողովը լինելու է անկախ, ինքնավար մարմին
Անցումային արդարադատության հիմքում՝ ...

06-06-2020
Համայնքը կզբաղվի իր բնակիչների էկոլոգիական կրթության հարցերով
Նոր լիազորություններ են տրվում տեղական ...

06-06-2020
Թուրքիան Ռուսաստանից մոտ 1 մլրդ դոլարի տեխնիկա է պատվիրել
Եթե նախկինում իրավիճակը բարդ էր, ապա այժմ ...

06-06-2020
Առաջին միլիարդատերը Ռոնալդուն է
Թուրինի «Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO