Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.11.2018
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Կերտենք Թումանյանի ու մեր երազած հզոր Հայաստանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը իր ընտրվելու առաջին տարեդարձը դիմավորեց Լոռու մարզում

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 140—ամյակի օրը սովորականից մարդաշատ էր նրա հայրենի գյուղը՝ Դսեղը։ Գյուղի հրապարակում եւ բանաստեղծի տուն—թանգարանի դիմաց հավաքվել էին դպրոցականներ, գյուղացիներ, պաշտոնական այրեր, որոնք բոլորն էլ թումանյանասերներ են։ Դսեղում էր նաեւ երկրի ղեկավար Սերժ Սարգսյանը։ Նա նախ ծաղիկներ դրեց մեծ բանաստեղծի մասունքներն ամփոփող հուշաքարին, շրջեց տուն—թանգարանում, ծանոթացավ ցուցադրությանը եւ, աշխատակիցների կոչով, ավանդույթի համաձայն, Հ. Թումանյանի օջախում բացված ավանդական սեղանից համտեսեց ուտեստներ։
Լոռու մարզպետ Արամ Քոչարյանի խոսքերով, գրականությունը միշտ էլ հայ ժողովրդի հոգեւոր հացն է եղել, եւ նոր սերունդը դաստիարակվել է գրական գործերի հերոսների օրինակով։ Նրա կարծիքով, Հ. Թումանյանի ստեղծած համամարդկային արժեքներն արդիական են բոլոր ժամանակներում եւ բոլոր ժողովուրդների համար։ «Հ. Թումանյանը մեզ հետ է մանկությունից մինչեւ խոր ծերություն»,–ընդգծեց մարզպետը՝ իր խոսքը մի քանի անգամ զարդարելով մեծ բանաստեղծի ստեղծագործություններով։
Հավաքվածներին խոսքով դիմեց նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը. «Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր մենք միասին նշում ենք Հովհաննես Թումանյանի, եւ ինչպես դուք եւ մենք ենք սիրում ասել, Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 140—րդ տարեդարձը։ Մեծերի հոբելյանները հրաշալի առիթ են ոչ միայն հիշելու ու հարգանքի տուրք մատուցելու, այլեւ վերաիմաստավորելու նրանց գործն ու վաստակը, նորովի վերծանելու նրանց հայրենաշեն գաղափարներն ու պատգամները։
Այս առումով Հովհաննես Թումանյանը բացառիկ երեւույթ է ինչպես մեր գրականության, այնպես էլ հասարակական, քաղաքական կյանքում։
Իմ համոզմունքն է, որ հայ ժողովրդի յուրաքանչյուր սերունդ պարտավոր է ոչ միայն կարդալ Թումանյանին եւ գեղագիտական հաճույք ստանալ, այլեւ դասեր քաղել մի մարդուց, ում կենսագրությունը սեփական երկրին ու ժողովրդին ամբողջական նվիրումի օրինակ է՝ իր երկրի ու ժողովրդի ցավերով ապրելու, այդ ցավերին դարման գտնելու օրինակ։  Այսպիսի օրինակները վարակիչ են, եւ յուրաքանչյուր սերունդ, մասնավորապես՝ այսօր Հայաստանում եւ սփյուռքում մեծացող հայորդիները, նման պատվաստման կարիքն ունեն։
Հետաքրքիր զուգադիպությամբ այսօր նաեւ Վարդանանց տոնն է։ Այս առթով ես շնորհավորում եմ բոլորիս։ Վարդանանց սխրանքն ու կեցվածքը նույնպես դարեր շարունակ պատվաստվել են աճող սերունդներին՝ որպես ազգային ինքնության, ինչպես նաեւ ազատությունը կյանքից վեր դասելու օրինակ։ Վարդանանք եւ նրանց հետնորդները, Հովհաննես Թումանյանն ու նրա հետնորդները ներկայի եւ վաղվա Հայաստանի հոգեւոր—բարոյական եւ, ինչու չէ՝ քաղաքական չափորոշիչներն են։ Ավելի բարձր չափորոշիչներ պարզապես անհնար է գտնել։
Թումանյանի մեջ մենք տեսնում ենք մի կողմից՝ ջերմեռանդ հայրենասիրություն, մյուս կողմից՝ ընդգծված հարգանք այլ ժողովուրդների, նրանց արժեքների նկատմամբ։ Տեսնում ենք մի կողմից՝ քաջություն, անձնական խիզախություն, ամենաօրհասական իրավիճակներում խուճապը բացառող սառնասրտություն ու հավասարակշռություն, մյուս կողմից՝ խաղաղասիրություն։ Եւ պատահական չէր, որ ամենատարբեր հարցերում, լիներ գրական, մշակութային, թե քաղաքական, որտեղ որ պատվիրակ կամ բանագնաց էր պետք, ընտրությունը կանգ էր առնում բանաստեղծի վրա։ Իհարկե, նրա նկատմամբ ակնածանք ունեին բոլորը, բայց դրա հիմնական պատճառն այն էր, որ նա մեծ իմաստնությամբ ու խոհեմությամբ էր վարում ցանկացած երկխոսություն անկախ նրանից՝ նրա առջեւ վրացի մտավորական է, ցարական պաշտոնյա, մահմեդական հովիվ, բոլշեւիկ հեղափոխական, Հայաստանի կառավարության անդամ, թե պարզ լոռեցի շինական։
Ավելի քան մեկդարյա հեռավորությունից նայելով՝ այսօր ակնհայտ է, որ իր քաղաքական լայնախոհությամբ Թումանյանն իսկապես առանձնանում էր իր ժամանակի մեջ։ Նրա հավատը մեր ժողովրդի ներքին հնարավորությունների եւ Հայաստանի գալիք օրվա հանդեպ անսահման էր ու անխորտակ։ Արեւի պես պայծառ նրա լավատեսությունը կենսական ուժի աղբյուր էր բոլոր նրանց համար, ում հավատը թուլացել էր, ում հույսը պակասել էր։ Եվ հենց 1915 թվականին, ձեր ուշադրությունն եմ հրավիրում, 1915 թվականին՝ հայ ժողովրդի համար ամենաօրհասական պահին էր իր երկիրն անվանում՝
Հույսի՜ հայրենիք,
Լույսի՜ հայրենիք.
ի տարբերություն այսօր ապրող եւ գործող ու Թումանյանին հարյուր անգամ զիջող քաղաքական, այսպես կոչված, գործիչների, ովքեր որեւէ առիթ բաց չեն թողնում փնովելու սեփական երիտասարդ երկիրը, պետությունը։
Թումանյանն իր սերնդակիցների հետ միասին ապրեց նաեւ պետություն չունեցող մտավորականի ողբերգությունը, երբ մեն—մենակ երբեմն ստիպված էր լինում իր ուսերին առնել եւ իրականացնել պետական կառույցների, ամբողջ նախարարությունների գործառույթներ։ Իհարկե, դա աշխատելու եւ ազգի առջեւ ծառացած խնդիրները լուծելու ամենաարդյունավետ ձեւը չէր, բայց ճակատագիրը Թումանյանին եւ նրա սերնդին, նրա ժամանակակիցներին այլընտրանք չէր թողել։ Ժողովրդի կազմակերպման լավագույն եւ բարձրագույն ձեւը պետությունն է, եւ այսօր հայոց պետությունն է, որ իր ուսերին է առել այդ եւ դրանցից բխող մյուս խնդիրների լուծումները։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այնպես է ստացվել, որ այսօր՝ փետրվարի 19—ին, լրանում է նաեւ իմ՝ Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու մեկ տարին։ Այսօր իմ այստեղ լինելը խորհրդանշական է։ Ես իմ պարտքն եմ համարում աշխատել եւ պետական մեքենան աշխատեցնել այնպես, որ բոլորիս միասնական ջանքերով մոտեցնենք այն օրը, երբ Հովհաննես Թումանյանի ու մեր բոլորի երազած Հայաստանը հպարտությամբ եւ արժանիորեն կանվանենք՝
Իմ նո՜ր հայրենիք,
Հզո՜ր հայրենիք»։
Հանրապետության գլխավոր ճարտարապետ, քաղաքաշինության փոխնախարար Նարեկ Սարգսյանը ՀՀ նախագահի նախընտրական ծրագրում ամենակարեւոր դրույթներից մեկը համարում է երկրի տարածքների համաչափ զարգացման անհրաժեշտությունը, ինչը հիմք է դրել նոր եւ աննախադեպ ծրագրերի։ Նա փաստեց, որ առաջիկայում Լոռու մարզի 24 գյուղերում աղետից տուժած բնակիչների համար կմեկնարկեն 1821 անհատական բնակելի տների կառուցման աշխատանքները։ Ավելին, գյուղացիները ոչ միայն կստանան բնակարաններ, այլեւ իրենք կարող են մասնակցել իրենց տան կառուցմանը՝ որպես աշխատուժ վճարվելով։ «Սա բացառիկ երեւույթ է»,–նկատեց նա՝ տեղեկացնելով, որ Սպիտակ քաղաքում եւս կիրականացվեն մեծ ծրագրեր։ Նախատեսվում է կառուցել 350 բնակարան, նաեւ հատուկ՝ արհեստագործական թաղամաս 50—60 ընտանիքի համար։ Թաղամասում կապրեն եւ կաշխատեն հին արհեստների եւ արվեստների տիրապետող անձինք, ներկայումս ընթացքի մեջ են շինարարների հավաքագրման աշխատանքները, ավարտվել է նախագծումը, կայացել են մրցույթները։ Ըստ գլխավոր ճարտարապետի՝ տարեվերջին շահագործման կհանձնվեն բնակարանների մեկ երրորդ մասը՝ 500 տուն գյուղական վայրերում եւ 100—ից ավելի բնակարան Սպիտակում։
Տարածքների համաչափ զարգացման առումով ընթացքի մեջ են նաեւ ՀՀ նախագահի հանձնարարականներից բխող աշխատանքները։ Ն. Սարգսյանի փոխանցմամբ, հանրապետությունում առաջին անգամ առանձնացվել են քաղաքաշինության հատուկ տարածքներ, որոնք պետք է կարգավորվեն հատուկ նորմերով։ Վանաձորում 240 հեկտար տարածք կլինի հատուկ կառուցապատման գոտի։ Այս ծրագրում կներգրավվեն նաեւ գյուղեր, այդ թվում՝ Դսեղը, Տաթեւը եւ Հալիձորը։
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի խոսքերով, արդեն ավանդույթ է դարձել տարեկան երկու անգամ Դսեղ այցելելը՝ փետրվարի 19–ին՝ բանաստեղծի ծննդյան օրը եւ սեպտեմբերին՝ Թումանյանական հեքիաթի միջազգային փառատոնի օրերին։ Նա նշեց, որ Հ. Թումանյանի տուն—թանգարանը նորմալ վիճակում է, այն 2002թ. հիմնանորոգումից հետո նախորդ տարի մասնակի նորոգման է ենթարկվել համայնքային բյուջեի միջոցներով։
Հասմիկ Պողոսյանն ասաց, որ խնդիր է դրված տուն—թանգարան տեղափոխել թումանյանագիտական կենտրոններից մեկը, որպեսզի Դսեղն էլ ներկայացնի երկիրը, ունենա զարգացման հատուկ ծրագիր։ «Այն պետք է դարձնել կենտրոն, որտեղ ստեղծագործում են եւ վայելում ժառանգությունը»,– նկատեց նախարարը։ Թեեւ Հ. Թումանյանի անունն արժեւորվել է մշտապես, նրա անունով կան փողոցներ, բնակավայր, նրա ստեղծագործությունները սիրված են, բայց նկատվում է նոր սերնդի կողմից նրան չճանաչելու խնդիր։ «Հոբելյանական տարվա իրական եւ չակերտավոր հոգսը պետք է լինի Թումանյանին նորից «վերադարձնել» նոր սերնդին։ Այն մշակույթի նախարարության խնդիրը պետք է լինի»,–կարծում է Հ. Պողոսյանը։
Անդրադառնալով Հ. Թումանյանի՝ Թբիլիսիի տան վաճառքի շուրջ բարձրացված աղմուկին՝ նա նշեց, որ խնդիրը վերաբերում է միայն այդ տանը տեղակայված գրադարանի վերացմանը, ինչը միշտ ընկալվել է որպես թումանյանական մասունք, եւ դրա դուրսբերումը մտավախություն է առաջացրել, թե տունը վաճառվում է։ Հարկ է նշել, որ վաճառքի հարց չի դրվել, նման խոսակցություն չկա։ Եթե սեփականատերը որոշի վաճառել այդ տունը, «մշակույթի նախարարությունը մտածելու խնդիր կունենա»։
Նախարարը չի կիսում դսեղցիների տեսակետը, ովքեր արդեն ստորագրահավաք են սկսել, թե հարկ է Խոջիվանքից Դսեղ տեղափոխել մեծ բանաստեղծի աճյունը։ Հ. Պողոսյանը վստահ է, որ մեծերի մասունքները հայկական գաղթօջախներին ուրույն շունչ են տալիս։
Մեծ բանաստեղծն ու հումանիստը ծնվել ու մանկության 10 տարիներն ապրել է հենց այս տանը, որտեղ լույս աշխարհ են եկել նաեւ նրանից փոքր 4 եղբայրներն ու 3 քույրերը։ Հայրական մեկ հարկանի տունը Թումանյանի եղբայրների ջանքերով հետզհետե մեծացել է, իսկ տան երկրորդ հարկը եղբայրները կառուցել են Հ. Թումանյանի համար, որպեսզի Թիֆլիսից հայրական օջախ վերադարձող բանաստեղծը հանգստանալու եւ ստեղծագործելու հնարավորություն ունենա։ Հ. Թումանյանի մահից հետո տանն ապրել է նրա մայրը, ներկայումս էլ երկու թոռնուհիներն են երբեմն այցելում։ Տիկին Ռոզան ցավով նկատեց, որ Թումանյանի 10 զավակների ժառանգներից ոչ մեկն էլ նրա ազգանունը չի կրում։
Տուն—թանգարանի տնօրեն Ռոզա Ղազումյանը տեղեկացրեց, որ տարեկան ունենում են 7—8 հազար այցելու, ովքեր հիմնականում ուսանողներ են, դպրոցականներ հանրապետության բոլոր մարզերից։ Տուն—թանգարանի ներքեւի երկու սենյակները պահպանված են ճիշտ այնպես, ինչպես դա եղել է մեծ բանաստեղծի ապրելու տարիներին, երկու սենյակները վերածվել են ցուցասրահների, որտեղ նրա լուսանկարներն են, ձեռագրերը։ Իսկ երկրորդ հարկում գտնվող աշխատասենյակ—հանգստի սենյակում, որի կահավորանքը փոխված չէ, երեկ հյուրընկալվել էր Հ. Թումանյանի ծննդյան 140—ամյակի միջոցառումների հոբելյանական հանձնաժողովը, որը հենց այդ մթնոլորտում էլ անցկացրեց հերթական նիստը։ Մշակույթի նախարար Հ. Պողոսյանը տեղեկացրեց, որ հոբելյանական որոշ միջոցառումներ արդեն քննարկվել են եւ նախանշվել։ «Այս ամենը վկայում է, որ այս տարվա ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու Ամենայն հայոց բանաստեղծի ծննդավայրին»,–կարծում է նա։
Դսեղում ամեն ինչ էր թումանյանական ոգով. գյուղի կենտրոնում Հ. Թումանյանի մեծադիր արձանն է, «Բիբլոբաս» գրքի շարժական ցուցահանդեսը, անգամ խանութներից մեկը կրում էր Գիքորի հայտնի «Էստի համեցե՛ք...» կոչը։ «Բիբլոբաս»—ը ներկայացնում էր վերջին տասը տարիների լավագույն հրատարակությունները, իսկ 140 կտոր գիրք պետք է նվիրաբերվեր Դսեղի գրադարանին։ Մեծ լոռեցու հոբելյանին նրա տուն—թանգարանի դիմաց՝ 5—7–րդ դարերում կառուցված եւ 1900թ. վերականգնված Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարեւանությամբ, ներկայացված էին ժողովրդական վարպետ Սեյրան Աղվանյանի աշխատանքները։ Հիմնականում փայտից ու քարից պատրաստված 75 քանդակները մարմնավորում էին դրվագներ ու հերոսներ Հովհաննես Թումանյանի, Հրանտ Մաթեւոսյանի ստեղծագործություններից։ Ցուցահանդեսով հանդես էր եկել նաեւ ՀՀ մշակույթի նախարարության՝ ժողովրդական ստեղծագործության եւ արհեստագործության կենտրոնը։

Վանաձորում բացվեց Վազգեն Առաջինի  կիսանդրին

Երկրի նախագահ Սերժ Սարգսյանը Ս. Վարդանանց տոնին եղավ նաեւ Վանաձորի Ս. Գրիգոր Նարեկացի եկեղեցում, մոմ վառեց եւ իր աղոթքը հղեց առ Աստված։ Պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ նա ներկա եղավ միջոցառմանը, ունկնդրեց հոգեւոր երաժշտություն։
Վազգեն Առաջին կաթողիկոսի անունը կրող Վանաձորի թիվ 1 միջնակարգ դպրոցի բակում աշակերտներն ու Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը հանդիսավորությամբ բացեցին նրա կիսանդրին։ Քանդակագործ Համլետ Մատինյանի խոսքերով, Վազգեն Առաջինի կիսանդրին նրա անունը կրող դպրոցի բակում կանգնեցնելու նախաձեռնության հեղինակը նույն դպրոցի շրջանավարտ, պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն է։ Դսեղի գրանիտից ձուլված կիսանդրին պատվանդանի հետ միասին ունի շուրջ 3,7 մետր բարձրություն, այն արտացոլում է մեծ հայրենասերի, օրինակելի առաջնորդի էությունը։ «Մենք որոշեցինք մեր պարտքը վերադարձնել ժողովրդին, դպրոցին, մեր մանկավարժներին։ Գտնում ենք, որ կաթողիկոսի «հայացքի ներքո» երեխաները, այս դպրոցի աշակերտները կհասնեն այն բարձունքներին, որին երազել է վեհափառը։ Եթե մարդ որեւէ հաջողության է հասնում, առաջին հերթին պարտական է իր ժողովրդին, ծնողներին եւ դպրոցին»,–կարծում է Վ. Դալլաքյանը։
Աշխատանքային այցի վերջին կանգառը շախմատային էր. նախագահ Սերժ Սարգսյանը ներկա գտնվեց Վանաձորի շախմատի մանկապատանեկան դպրոցի բացման արարողությանը, ականատես եղավ երեխաների շախմատային առաջին հաջողություններին։ Մարզադպրոցը կառուցվել է պետական բյուջեի, սոցիալական ներդրումների հիմնադրամի եւ համայնքային բյուջեի միջոցներով։

Պետության  աջակցությունը  խնդիրները կլուծի

Նախագահ Սերժ Սարգսյանի մեկօրյա աշխատանքային այցը Լոռու մարզ ուներ յոթ կանգառ՝ Հ. Թումանյանի տուն—թանգարանից մինչեւ տարբեր արտադրական ձեռնարկություններ։ Երկրի ղեկավարը նախ եղավ Տաշիրում գործող երկու ձեռնարկություններում՝ «Տաշիր» կարի ֆաբրիկայում եւ «Տաշիր—կաթ» ընկերությունում, ծանոթացավ աշխատանքային պայմաններին ու աշխատանքների ընթացքին։
«Տաշիր—կաթ» ընկերության տնօրեն Կարեն Մարգարյանի խոսքերով, իրենց ձեռնարկությունն առանձնանում է բարձր որակի արտադրանքով եւ մեծ տեսականիով։ Արտադրվում են ինչպես պաստերիզացված կաթ ու թթվասեր, այնպես էլ պանրի բոլոր ավանդական տեսակները։ Նախատեսված ամսական 30 տոննա արտադրական հզորության փոխարեն ներկայումս ընկերությունն արտադրում է 20 տոննա կաթնամթերք։ Աշխատանքներ են տարվում շուկայի ընդլայնման եւ նոր, ժամանակակից սարքավորումներ ձեռք բերելու ուղղությամբ։
Նշենք, որ «Տաշիր» կարի արտադրամասը գործում է արդեն 2 ամիս, կատարվել են շուրջ 700 հազար դոլարի ներդրումներ, ստեղծվել է 200 աշխատատեղ եւ նախատեսում են դա հասցնել 300—ի։
Վանաձորում նախագահը եղավ նաեւ «Գլորիա» կարի ֆաբրիկայում։ Տնօրեն Բագրատ Դարբինյանի խոսքերով, ֆաբրիկան ունի 450 աշխատատեղ, միջինը 40—60 հազար աշխատավարձով։ Ըստ նրա, թեեւ զգում են համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը, բայց կշարունակեն աշխատել նույն թափով, ավելին, արդեն համաձայնություններ ունեն եվրոպական որոշ ընկերությունների հետ։ Ըստ նրա՝ իրենք մեծ հաջողություններ կունենան եւ կխուսափեն խնդիրներից, եթե դժվարին այս պահին ստանան պետության աջակցությունը։
Օֆելյա ԿԱՄԱՎՈՍՅԱՆ
Երեւան—Լոռի—Երեւան

20-02-2009





16-11-2018
Ովքեր են վաղվա առաջնորդները
ՀՀ նախագահի աշխատանքային այցը Իտալիա

Հանրապետության նախագահ Արմեն ...


16-11-2018
Անտեսված երեխա չպետք է լինի
«Մուրացան» հիվանդանոցում բուժում ստացող փոքրիկները ներկայացրեցին իրենց ձեռքի ...


16-11-2018
Հաջորդ ընտրությունները մեկ էլ 2023 թվականին կլինեն
«Իմ քայլի» ներկայացուցիչը համաձայն չէ ՀՀԿ-ի ներկայացուցչի կանխատեսմանը



16-11-2018
Եթե արդյունավետություն, ապա ստուգումներ
Ու դրանք կշարունակվեն՝ անկախ սեփականության ձեւից

Որտե՞ղ է ...


16-11-2018
Ովքեր են վաղվա առաջնորդները
ՀՀ նախագահի աշխատանքային այցը Իտալիա

Հանրապետության նախագահ Արմեն ...


16-11-2018
Հրատապ նախագծեր
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը

Երեկ ՀՀ ...


16-11-2018
Այց «Մեգերյան կարպետ»
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն, ...



16-11-2018
Լեհ-հայկական հարաբերությունները գալիս են դարերի խորքից
Այդ մասին են վկայում Վարշավայի արխիվում ...

16-11-2018
Աջը կդառնա ձախ ու կշահագործվի
Հասկանալի պատճառներով՝ աջ ղեկով մեքենաների թեման ...

16-11-2018
Սարսանգի ջրամբարը ռազմավարական նշանակություն ունի
Օտարերկրյա ներդրումներով կմեծանա Արցախի ...

16-11-2018
Սպառնո՞ւմ է Բաքվին իսլամ—արմատականությունը
Թուրքալեզու երկրների համագործակցության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO