|
Ինչո՞ւ արժեզրկվեց դրամը
Երեկ ԵՊՀ–ում այս թեմայի շուրջ իր տեսակետն է հայտնել ԱՄՀ ներկայացուցիչ Նինկե Օմեսը
Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Նինկե Օմեսի՝ ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողների հետ երեկվա հանդիպման հիմնական առանցքը դրամի արժեզրկման եւ հավասարակշիռ փոխարժեքի քաղաքականությունն էր։ Սակայն տիկին Օմեսը հարկ համարեց անդրադառնալ նաեւ վերջերս հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում հիմնադրամի կողմից Հայաստանին հատկացված նոր վարկին։ Նա հիշեցրեց, որ ծրագիրը ԱՄՀ խորհրդի կողմից հաստատվել է մարտի 6—ին, որի համաձայն՝ մեր երկրին տրամադրվելու է 540 մլն դոլարի վարկ 28–ամսյա ժամանակահատվածով։ Առաջին մասնաբաժինը՝ 240 մլն դոլարը այս շաբաթ է հատկացվել Հայաստանին, իսկ 300 մլն դոլարը կբաշխվի ծրագրի մյուս ժամանակահատվածում՝ 8 եռամսյակային մասնաբաժիններով։ Վարկը Հայաստանին կտրվի 5 տարի մարման ժամկետով, որից 3 տարին կլինի արտոնյալ ժամանակահատվածը։ 270 մլն դոլարը տրամադրվում է 1,56 տոկոսադրույքով, 135 մլն դոլարը՝ 2,56, իսկ երրորդ 135 մլն՝ 3, 56 տոկոս տոկոսադրույքով։ Տիկին Օմեսը տեղեկացրեց, որ կառավարության կողմից հաստատված հակաճգնաժամային միջոցառումների ծրագիրը ուղղված է ֆինանսական համակարգի հզորացմանն ու ամրապնդմանը։ Ծրագրով բյուջեի դեֆիցիտի թիրախը լինելու է ՀՆԱ–ի 3 տոկոսի չափով, միաժամանակ պահպանելով սոցիալական ծախսերը եւ պետական ներդրումները։ Ծրագրով թույլ է տրվում սոցիալական ծախսերն ավելացնել ՀՆԱ—ի մոտ 0,3 տոկոսի չափով, ինչը, Ն. Օմեսի համոզմամբ, խիստ անհրաժեշտ է աղքատ խավին պաշտպանելու համար։ Նրա վստահեցմամբ, լրացուցիչ արտաքին ֆինանսավորում ստանալու պարագայում ծրագրով հնարավորություն կտրվի եւս 200 մլն դոլարով ավելացնել պետական ներդրումներն ու ՓՄՁ–ներին տրամադրվող վարկավորումը։ Այս գործընթացի արդյունքում բյուջեի դեֆիցիտը կհասնի մոտ 5 տոկոսի։ Ծրագրով նպատակ է դրվում նաեւ շարունակել հարկային վարչարարության բարեփոխումները։ «Այս փաստը պետք է որ ուրախացնի գործարարներին։ ԱԱՀ–ի վերադարձի ուշացումներ 2009–ին այլեւս չեն լինի։ Կառավարությունը այլեւս գործարարներից չի պահանջելու անհարկի հարկային կանխավճարներ։ Շատ ուրախ ենք այս ծրագրի ընդունմամբ եւ կարծում ենք, որ ծրագիրը հնարավորություն կընձեռի կառավարությանը հաղթահարելու ճգնաժամը, որի համար, իհարկե, ժամանակ կպահանջվի։ Ամբողջ աշխարհն է այսօր ճգնաժամի հետեւանքները կրում, բայց ՀՀ կառավարությունը ճիշտ միջոցառումներ է ընտրել, որպեսզի ճգնաժամը հաղթահարվի»,–նշեց ԱՄՀ հայաստանյան ներկայացուցիչը։ Ինչո՞ւ արժեզրկվեց դրամը կամ ինչու էր դա անհրաժեշտ։ Նախ՝ տկն Օմեսը պարզաբանեց, թե ինչու էր դրամը նախորդ տարիներին գերարժեւորված։ Այն պայմանավորված էր արտարժույթի մեծածավալ ներհոսքով, ինչը ստացվում էր դրամական փոխանցումների եւ օտարերկրյա ուղղակի ներդրումների ու արտահանման բարձր գների միջոցով, մասնավորապես՝ պղնձի եւ մոլիբդենի։ Բանախոսի դիտարկմամբ, բոլոր այս գործոնների պատճառով արտարժույթի մեծ ծավալներ էին հոսում Հայաստան, ինչի հետեւանքով ազգայի արժույթը արժեւորվում էր։ Վերլուծելով 2008 թ. ԿԲ—ի կողմից փոխարժեքի զսպման քաղաքականությունը՝ ԱՄՀ հայաստանյան ներկայացուցիչը նշեց, որ այդպիսով սպառվեցին արտարժույթի արտաքին պահուստները։ Դրամի արժեզրկումը, տիկին Օմեսի պարզաբանմամբ, պայմանավորված է համաշխարհային ֆինանսական ճգնաժամով եւ դրանով պայմանավորված մի շարք գործոններով։ Ճգնաժամի արդյունքում նվազել է արտարժույթի ծավալների ներհոսքը Հայաստան։ Այս երեւույթն ի հայտ է եկել նախորդ տարվա հոկտեմբերից, երբ արտահանման գները կտրուկ նվազել էին, որի հետեւանքով արտահանումից ստացվող եկամուտը նվազեց՝ իր հետ նվազեցնելով նաեւ արտարժույթի ծավալների հոսքը Հայաստան։ ՌԴ տնտեսությունում լուրջ խնդիրների առաջացման պատճառով կտրուկ նվազեցին նաեւ այդ երկրից ստացվող տրանսֆերտները, այդ թվում նաեւ՝ ներդրումները։ «Բնականաբար, դոլարի ոչ բավարար ծավալներն էլ հանգեցրեցին դրամի արժեզրկմանը, ինչը ոչ միայն Հայաստանին բնորոշ խնդիր էր, այլեւ Հայաստանի առեւտրային գործընկերներից շատերին, ՌԴ–ն, Ուկրաինան, Վրաստանը արդեն դոլարի նկատմամբ իրենց արժույթը արժեզրկել էին»,– պարզաբանեց բանախոսը։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ 14-03-2009
|