Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.11.2018
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Տարրական կրթություն

Դասագրքերից մինչեւ մեթոդիկա

Տասներկուամյա կրթության երեք տարին

Հանրակրթության գլխավոր նպատակը երեխաների մտավոր, հոգեւոր, ֆիզիկական եւ սոցիալական ունակությունների համակողմանի եւ ներդաշնակ զարգացումն է, նրանց պատշաճ վարքի ու վարվելակերպի ձեւավորումը։
Կրթական համակարգի անցումը 12—ամյա ուսուցման, բնականաբար, որոշակի խնդիրներ է առաջադրում թե՛ երեխաների հոգեբանաֆիզիկական առանձնահատկությունների, թե՛ ուսուցման միջավայրի առումով։
Այսօր, երբ արդեն երեք տարի է, ինչ վեց տարեկանները դպրոցում են, կարելի է ասել, որ նրանց ուսուցման գործում կան լուրջ ձեռքբերումներ։
Այդ ձեռքբերումներից կարելի է առանձնացնել տարրական դասարանների համար ստեղծված դասագրքերը եւ ուսուցման ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը։
Արդեն երեք տարի է, որ ԿԳ նախարարության կրթության ազգային ինստիտուտը (ԿԱԻ) ՅՈւՆԻՍԵՖ–ի աջակցությամբ Ծաղկաձորում կազմակերպում է ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ։ ԿԱԻ—ի աշխատակիցները եւ դասագրքերի հեղինակները հանրապետության հինգ մարզերից ժամանած ուսուցիչներին ծանոթացնում են դասագրքերին, մեթոդական նորություններին, դասը վարելու ժամանակակից համակարգերին ու կիրառվող մեթոդներին, ի մի բերում նախորդ դասարանների դասագրքերի վերաբերյալ ուսուցիչների նկատառումները, կազմակերպում քննարկումներ։ Այս ամենի արդյունքում դասագրքերի հեղինակներն անմիջական շփումներ են ունենում հանրապետության հազարավոր դասվարների հետ, համատեղ լուծումներ գտնում այս կամ այն հարցի վերաբերյալ, իմանում նրանց, ծնողների, աշակերտների գնահատականը դասագրքերին։
Նմանօրինակ դասընթացներ վարվում են նաեւ հանրապետության մյուս հինգ մարզերում եւ Երեւան քաղաքում՝ արդեն միայն ԿԱԻ—ի միջոցով։
Դասվարները պնդում են, որ դասագրքերը շատ հաջողված եւ երեխաների համար սիրելի գրքեր են։ Եթե նշվում են թերություններ, ապա դրանք շտկվում են վերահրատարակությունների ընթացքում։
Ես, որպես դասընթացների ակտիվ մասնակից եւ հեղինակ, մեկ անգամ եւս համոզվեցի, որ ստեղծված դասագրքերը ծառայում են իրենց նպատակին, բավարարում են ժամանակակից պահանջներին։
ԿԱԻ—ում կազմակերպվում են նաեւ քննարկումներ, վերլուծություններ կոնկրետ դասագրքերի վերաբերյալ, որոնց հրավիրվում են հանրապետության բոլոր մարզերի մասնաճյուղերի ղեկավարներ, մեթոդմիավորման նախագահներ, առաջատար ուսուցիչներ եւ դասագրքերի հեղինակները։ Թեեւ ԿԱԻ—ի շրջաբերականում ասվում էր, որ քննարկումներն ընթանալու են դասագրքերի վերաբերյալ միայն առաջարկությունների, դիտողությունների առումով, այնուամենայնիվ, ուսուցիչները չէին կարողանում իրենց հիացմունքը չարտահայտել Այբբենարանների եւ մաթեմատիկայի դասագրքերի վերաբերյալ։
Նշեմ մեկ փաստ եւս։ «Այբբենարանի», «Մայրենի—1», «Մաթեմատիկա—1» (1—ին եւ 2–րդ մասեր) դասագրքերի մասին ուսուցիչների, մեթոդմիավորման նախագահների, մասնաճյուղերի գլխավոր մասնագետների կարծիքներն իմանալու եւ վերահրատարակություններ կատարելիս այդ կարծիքները հաշվի առնելու համար ԿԱԻ—ն բոլոր մարզերից ստացել էր կարծիքներ՝ վավերացված համապատասխան կրթության վարչությունների եւ մարզպետների կողմից։ Պատկերն ավելի քան խոսուն է. այդ կարծիքները մեկ անգամ եւս վկայում են, որ դասագրքերի հեղինակները ճիշտ ճանապարհի վրա են։ Եթե այս ամենին ավելացնենք ԿԱԻ—ի մշտադիտարկումները, դասալսումները, տեղում՝ դպրոցներում կատարված քննարկումներն ու դասերի վերլուծությունները, դասագրքերի մասին կարծիքների հավաքումը, ապա պարզ կերեւա, թե որքան աշխատանք է կատարվում դպրոցին լավ դասագիրք տալու ուղղությամբ, որքան ջանք ու եռանդ է ներդրվում դասագրքերի բարեփոխման գործում։ Իմ հեղինակած «Այբբենարանի», «Մայրենի–1» դասագրքերի մասին կարծիքները միարժեքորեն խիստ դրական են։ Նույնը կարող եմ ասել «Մաթեմատիկա–1» դասագրքի մասին, որտեղ ես համահեղինակ եմ։
Դասագրքաստեղծ մյուս խմբերի դասագրքերը եւս դրականորեն են ընդունվում ուսուցիչների կողմից։ Կարող ենք ասել, որ տարրական դասարաններում ոչ մի հայ երեխա վատ դասագրքով չի սովորում. սա մեծ նվաճում է։ Իսկ թե այդ դասագրքերից որոնք են ավելի լավ, ավելի ընդունելի բոլոր առումներով, ցույց կտան ժամանակը եւ երեխաների ցուցաբերած արդյունքները 4—րդ դասարանի վերջում։

Դասագիրքը պետք է գրված լինի բոլոր աշակերտների համար եւ յուրաքանչյուր աշակերտի համար

Ուսուցման ժամանակակից տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման համար անփոխարինելի է հենց այդ տեխնոլոգիաների կիրառման միտումով գրված դասագիրքը, որը հնարավորություն կընձեռի ուսուցումը կազմակերպելու այնպես, որ սովորելով նույն դասարանում, նույն ծրագրով ու դասագրքով՝ աշակերտները կարողանան նյութերը յուրացնել տարբեր մակարդակով։ Այդ հնարավորությունն ստեղծվում է ուսուցման անհատակողմնորոշիչ տեխնոլոգիաների կիրառմամբ միայն, ինչը ենթադրում է շերտավորված ուսուցման կազմակերպում, այսինքն՝ ուսուցման այնպիսի համակարգի կիրառում, որն ապահովում է յուրաքանչյուր աշակերտի համակողմանի զարգացումը՝ հաշվի առնելով նրա անհատական հետաքրքրությունները, հնարավորություններն ու ընդունակությունները։
Վեց տարեկան երեխաները յուրաքանչյուր քայլին բացահայտում են աշխարհը եւ ցանկանում են հենց իրենք ուշադրության կենտրոնում լինել։ Նրանց համար խիստ կարեւոր է, որ ուսուցիչը «տեսնի» իրենց, դասագիրքը «տեսնի» իրենց։ Հիշենք, թե մեծն Վիլյամ Սարոյանն ինչպես էր ներկայացնում վեց տարեկան Յուլիսիս Մաքոլիի ապրումները. «Նա ձեռքով ողջունեց մեքենավարին, բայց մեքենավարը չպատասխանեց։ Նա ողջունեց նաեւ գնացքի միջի ուրիշ հինգ հոգու, բայց նրանցից ոչ մեկը չպատասխանեց տղայի ողջույնին։
…Վերջապես երեւաց մի նեգր։ Յուլիսիսը ողջունեց նրան, իսկ հետո մի հրաշալի եւ անսպասելի բան պատահեց։ Այդ մարդը, որը սեւ էր եւ մյուսներից տարբեր, ձեռքով ողջունեց Յուլիսիսին՝ բղավելով.
–Տուն եմ գնում, փոքրիկ…
Եվ այդ պատասխան ողջույնը որքա՜ն բերկրանք, որքա՜ն ոգեւորություն լցրեց փոքրիկի սիրտը։ Նա թռչում էր ուրախությունից, նա սիրում էր աշխարհը։ Նրան նկատել էին աշխարհում, անծանոթ, տարօրինակ մարդը բարեւել էր իրեն, խոսել նրա հետ, սրտակից վերաբերմունք ցուցաբերել»։
Վեց տարեկան երեխաները նույն փոքրիկ Յուլիսիսներն են, որ գալիս են դպրոց, եւ պետք է այնպես անել, որ առավելագույն ուշադրության կենտրոնում լինեն հենց նրանք։ Այդ տարիքի երեխայի համար խիստ կարեւոր է, որ ուսուցիչը «տեսնի» նրան դասի ժամանակ, այս կամ այն հարցով դիմի հատկապես նրան, կանչի գրատախտակի մոտ, միով բանիվ՝ ուշադրության կենտրոնում պահի նրան, աննկատ չթողնի նրա բարձրացրած ձեռքը, ինչպես Յուլիսիսի՝ ողջույնի համար բարձրացած ձեռքը։
Այսօրվա վեց տարեկանները զարմանալի ընդունակություններ են դրսեւորում, իրենց ցուցաբերում լավագույն կողմերով, լավ են յուրացնում դասագրքի նյութերը, հետաքրքրասեր են ու հնարամիտ, սակայն անպայման մնում են նոր ձեւավորվող մանուկներ։ Դասալսումների ժամանակ անչափ հետաքրքրական ու զվարթ դեպքերի եմ ականատես եղել։ Կարծում եմ, ընթերցողների համար եւս հետաքրքիր կլինեն նրանց սրամիտ, միամիտ, հնարամիտ պատասխանները եւ վարքագծի դրսեւորումները։
Մի անգամ ուսուցչուհին երեխաներից մեկին ասաց.
–Արեգ, արի գրատախտակի մոտ ու գրիր՝ կարտոֆիլ։
Ֆ տառի ուսուցման ժամն էր։ Արեգը չարաճճի երեխա է, պատասխանեց.
–Ընկեր Դավթյան, կլինի՞ գրեմ՝ ֆրի։
Մտքի ինչպիսի՜ թռիչք. կարտոֆիլը նույն ֆրին է, երկու բառի մեջ էլ կա ֆ հնչյուն—տառը, սակայն «ֆրի» բառն ավելի կարճ է։
Մեկ այլ դպրոցում դասերից մեկի ժամանակ ուսուցչուհին հանձնարարեց, որ երեխաները հատկանիշներ ասեն Մասիս սարի վերաբերյալ։ «Բարձր է, գեղեցիկ է, հեռու է, ամպերի մեջ է, սպիտակ է, ձյունածածկ է»,–ասում էին երեխաները։
–Մասիսը գրավիչ է,–ասաց Լեւոնը։
–Ինչո՞ւ։
–Որովհետեւ թուրքերը գրավել են Մասիսը,–մի քիչ սրտնեղած պատասխանեց Լեւոնը։
Երեխաները նաեւ սովորեցնում են մեզ, դաստիարակում։
Այս դեպքը տարիներ առաջ է տեղի ունեցել, երբ փոքրիկներին դեռեւս գնահատում էին։
Աշոտիկի գրավոր աշխատանքը ուսուցիչը գնահատում է «1»։ Տուն հասնելով՝ երեխան հուզված ասում է մորը. «Գոնե «2» նշանակեր։ Ախր խոխա եմ, ազդըվում եմ, չէ՞»։
Ուսուցիչներն իրենք են ասում, որ վեց տարեկան երեխաների միտքն ավելի սուր է, նրանք ավելի ընկալունակ են։ Խնդիրներ ու առաջադրանքներ կան, որ նրանք շատ ավելի արագ են լուծում, արագ են կողմնորոշվում այս կամ այն հարցի պատասխանը գրելիս, քան նրանց յոթ տարեկան համադասարանցիները, քան նույնիսկ իրենք՝ ուսուցիչները։
Հաճելի է, որ պետությունը հսկայական միջոցներ է ներդնում դասագրքերի ստեղծման գործում։ Իհարկե, լավ կլիներ, որ տարրական դասարանների բոլոր դասագրքերն ամեն տարի վերահրատարակվեին, ինչպես «Այբբենարանն» ու «Մաթեմատիկա—1»—ը, սակայն հուսանք, որ մի օր էլ դա կլինի։
Պետական հոգածություն կա նաեւ դասագրքերին կից ուսումնաօժանդակ գրականության եւ դիդակտիկ պարագաների ստեղծման գործում։
Բնականաբար, այդ ամենով հնարավոր է վեց տարեկան երեխաների դասը դարձնել հետաքրքիր, աշխույժ, կազմակերպել խմբային պարապմունք, ներկայացնել բեմադրություններ եւ այլն։

Դասագրքերը եւ դասագրքերի հեղինակները

Ճիշտ է, դասագիրքը գրվում է պետական ծրագրին եւ չափորոշիչներին համապատասխան, սակայն յուրաքանչյուր դասագրքում ի հայտ են գալիս հեղինակի կամ հեղինակների անհատականությունները, ազգայինի եւ համամարդկայինի նկատմամբ մոտեցումները, փիլիսոփայությունը, վաղվա քաղաքացիների կերտման գործում պատկերացումների գործնական դրսեւորումները։
Իմ հեղինակած «Այբբենարան», «Մայրենի—1» դասագրքերի, ինչպես նաեւ մեր դասագրքաստեղծ խմբի (Վաչագան Ա. Սարգսյան, Կարինե Թորոսյան — ԿԱԻ—ի տարրական կրթության բաժնի վարիչ, գլխավոր մասնագետ, Հեղինե Խաչատրյան — հոգեբան, Կարինե Չիբուխչյան — դասվար, վերապատրաստող ուսուցչուհի, ԿԱԻ—ի մեթոդիստ, Ելենա Ջիլավյան — դասվար, վերապատրաստող ուսուցչուհի, Սուսաննա Գրիգորյան — դասվար, վերապատրաստող ուսուցչուհի, խմբագիրներ՝ Հրանտ Վարդանյան, Արտաշես Թադեւոսյան) ստեղծած «Մայրենի—2», «Մայրենի—3» («Մայրենի—4»—ը այս տարվա սեպտեմբերին կմտնի դպրոց) դասագրքերի 2—3 տարվա գործադրությունը ցույց տվեց, որ դրանք շատ հաջողված դասագրքեր են, սիրելի են երեխաների համար, շարժում են նրանց միտքը, զարմացրել են նրանց։
Դասագրքերի այս համակարգը մեծ հնարավորություն է ընձեռում Հայաստանի Հանրապետության փոքրիկ քաղաքացիների մեջ հայրենասիրություն, աշխատասիրություն, ուսումնատենչություն, ընկերասիրություն, մեծերի նկատմամբ հարգանք, հայրենի բնաշխարհի նկատմամբ սեր, բարու եւ չարի նկատմամբ որոշակի վերաբերմունք, համամարդկային արժեքների նկատմամբ սեր սերմանելու եւ բազմակողմանիորեն զարգացած, համարձակ, աշխարհի մարտահրավերներին պատրաստ, հոգով եւ մարմնով առողջ քաղաքացիներ ձեւավորելու։
Այս դասագրքերի ընդհանուր փիլիսոփայությունը, համակարգային առանցքը դրվել է տասնյակ տարիներ առաջ։ Երբ 1998 թ. լույս տեսավ իմ հեղինակած «Այբբենարանը», որտեղ առաջին անգամ լիուլի կիրառվում էին ուսուցման խաղային տեխնոլոգիաներ, առկա էին շերտավորված ուսուցման հնարավորություններ՝ դասագիրքը գրված էր «նվազառավել» («մինիմաքս») սկզբունքով, շատերը զարմացան, շատերը հիացան, շատերն էլ քննադատեցին։ «Նվազառավել» սկզբունքով գրված դասագրքերում տրվում է առավելագույնը եւ երեխաներից պահանջվում է նվազագույնը, որը համապատասխանում է պետական ծրագրով նախատեսվածին։ Այսինքն՝ դասագիրքը պետք է բավարարի ինչպես լավագույն ընդունակություններ դրսեւորող երեխաներին, այնպես էլ ուսուցման տվյալ փուլում առանձնապես աչքի չընկնողներին։
Այսօր այդ սկզբունքները լայնորեն կիրառվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ նախկին խորհրդային հանրապետություններից շատերում։ Դասագրքի հաջողության գրավականն այն է, թե այն որքանով է ունակ աշակերտին ներքաշելու ուսման ընթացքի մեջ, այդ ուսուցումը դարձնելով զվարթ, գրավիչ ու հետաքրքրաշարժ։ Այսօր շատերն են այն կարծիքին, որ դպրոցական կրթության հիմքը պետք է ձեւավորվի երկու հասկացության վրա՝ սովորեցնել, թե ինչպես սովորել, եւ սովորեցնել, թե ինչպես մտածել։
Մեր դասագրքերի առանցքը այս սկզբունքի գործնական կիրառումն է։ Այսօր հրամայական պահանջ է կրթության նպատակ համարել բազմակողմանիորեն զարգացած անհատի կերտումը։ Տարբեր առարկաներից երեխաների ստացած գիտելիքները պետք է դիտվեն փոխադարձ կապերի մեջ, իսկ դա կարող է ապահովվել միջառարկայական կապերի շնորհիվ։ Կարեւոր է, որ երեխաները նույն երեւույթը դիտարկեն տարբեր տեսանկյուններից, ընդհանրացնող եզրակացություններ անեն, ձեւավորվի նրանց աշխարհայացքը։
Այդ կապը հիանալի է արտահայտված մեր ստեղծած «Այբբենարանի», «Մայրենի–1–4» դասագրքերի եւ մաթեմատիկայի դասագրքերի միջեւ։ Բազմաթիվ են այն առաջադրանքները, որոնք միահյուսում են մաթեմատիկան, լեզուն եւ շրջակա աշխարհը, աշխարհընկալումը դարձնում առավել միասնական։
Դասագրքերը կառուցված են այնպես, որ ուսուցման ընթացքում երեխան հաճախակի հասնի իր նպատակին. դա բազմակի բարձրացնում է ուսուցման արդյունավետությունը, դառնում է խթան սովորելու համար, մղում է դժվարությունները հաղթահարելուն։ Իսկ նպատակ կարող է լինել նույնիսկ մեկ առաջադրանքի կատարումը, լեզվատրամաբանական մեկ խնդրի լուծումը։ Կարեւոր է, որ բավարարվածության զգացումը, հույզերն ու զվարթությունը ուղեկցեն աշակերտին ուսման ամբողջ ընթացքում։
Կարեւոր է, որ դասագրքերը հետաքրքրաշարժ են ու գրավիչ, խաղերով ու լեզվատրամաբանական առաջադրանքներով լեցուն, որ յուրաքանչյուր աշակերտ այնտեղ գտնում է իր խնդիրը, իր առաջադրանքը, ստուգում է իրեն, խաղում եւ ակամայից սովորում այն, ինչ անհրաժեշտ է իրեն տվյալ պահին, մինչեւ որ ուսումնական գործունեությունը նրա համար դառնա առաջնային, ձեւավորվեն կամային հատկանիշները։
Միշտ պետք է հարց տանք մեզ՝ ինչո՞ւ երեխան պետք է կարդա տվյալ նյութը, լուծի տվյալ առաջադրանքը։ Ուսուցչի, ծնողի պարտադրա՞նքը պետք է լինի շարժիչ ուժը, թե՞ հետաքրքրասիրությունն ու ուժերը փորձելու ձգտումը, աշխարհը ճանաչելու բնական պահանջը։
Պետք է գոհունակությամբ նշեմ, որ մեր ստեղծած դասագրքերում գերիշխում են վերջին դրդապատճառները։ Որպես օրինակ բերեմ «Մաթեմատիկա —2» դասագրքից մի օրինակ։ Երբ մենք երեխաներին ասում ենք, թե առաջին սենյակում կա 30 աթոռ, երկրորդում՝ 10 աթոռ, գտեք, թե առաջին սենյակում քանի աթոռ ավելի կա, ապա պետք է խոստովանենք, որ երեխաների համար բացարձակապես հետաքրքիր չէ նմանօրինակ խնդրի լուծումը։ Սակայն նույն բանը կարելի է ձեւակերպել շրջակա աշխարհից վերցրած ճշգրիտ մեկ այլ փաստը ձեւակերպելով որպես խնդիր։ Օրինակ, նույն դասագրքում այդ խնդրին «հագցրել ենք այսպիսի շորեր»։ «Քամելեոնի մարմնի երկարությունը 10 սմ է։ Նա կարող է իր լեզվով բռնել 20 սմ հեռավորության վրա գտնվող ճանճը։ Որքանո՞վ է քամելեոնի լեզուն երկար իր մարմնից»։ Սա արդեն հետաքրքիր է։ Նախ ուսուցիչը կարող է մի քանի խոսքով ներկայացնել, թե ինչպիսին է քամելեոն կենդանին (կարողանում է գույնը արագ փոխել, աչքերը պտտվում են, եւ կարող է մի աչքով առաջ նայել, մյուսով՝ հետ եւ այլն)։ Բնական է, որ երեխաներն իրենք կցանկանան լուծել խնդիրը։ Այդպիսի խնդիրները բազմաթիվ են մաթեմատիկայի մեր ստեղծած դասագրքերում։ Նույնատիպ առաջադրանքներով են համեմված մայրենիի բոլոր դասագրքերը, լեզվական նյութը մատուցվում է գործնական ճանապարհով, հետաքրքրաշարժ ձեւերով, խաղերի ու լեզվատրամաբանական առաջադրանքների համակարգված շարքերով։ Թե՛ մաթեմատիկայի, թե՛ մայրենիի բոլոր դասագրքերում առկա են զվարթ պատմություններ, խնդուկներ, կատակներ ու բառախաղեր, թվախաղեր, առածներ ու ասացվածքներ, հանելուկներ ու գլուխկոտրուկներ, խաչբառեր ու նկարելուկներ (մոտ 50 տիպի հազարավոր լեզվատրամաբանական առաջադրանքներ), որոնք ուսուցումը դարձնում են դյուրին եւ արդյունավետ։
«Այբբենարանից» մինչեւ «Մայրենի–4» մեր խմբի ստեղծած դասագրքերում ընդգրկված են ինչպես հայ, այնպես էլ արտասահմանյան դասական եւ ժամանակակից շուրջ 80 հեղինակների ստեղծագործություններ։
Ի մի բերելով ԿԱԻ—ի փաստացի մշտադիտարկումները, նրա կազմակերպած քննարկումները, ուսուցիչների վերապատրաստման դասընթացները, նրա հրահանգով հանրապետության բոլոր մարզերից դասագրքերի վերաբերյալ ստացված կարծիքները, հեղինակների մշտական դասալսումները, ուսուցիչների, ծնողների, շահագրգիռ մարդկանց կարծիքները՝ կարելի է բավարարվածության զգացումով ասել, որ տարրական դասարանների համար գրված դասագրքերը բավարարում են այսօրվա պահանջները եւ մրցունակ են ամեն առումով։
Վաչագան ՍԱՐԳՍՅԱՆ

21-05-2009





15-11-2018
Լավագույն ընտրությունների ակնկալիքով
Կառավարության ղեկավարի վստահեցմամբ՝ կլինի աննախադեպ ընտրական գործընթաց

Երեկ ...


15-11-2018
Առաջնայինը հասարակության վստահությունն է
Միջազգային հանրությունն աջակցում է ՀՀ ժողովրդավարական ընտրական գործընթացներին



15-11-2018
Համայնքների խոշորացումն անհրաժեշտություն է
Առկախված գործընթացը կվերսկսվի 2019 թվականին

Հայաստանում համայնքների խոշորացման ...


15-11-2018
Նոր շուկաներ դուրս գալու եւս մեկ հիանալի հնարավորություն
Հայկական 10 ընկերություն մասնակցում է «ProWine China 2018» ...


15-11-2018
Քանդակների վարպետը
Արշամ Շահինյանը երկխոսում էր հայ մշակույթի երախտավորների հետ



15-11-2018
Հանրային շահը՝ գերակա
Շարունակվել է պետբյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը

Երեկ ...


15-11-2018
Ի նպաստ ազգային միասնության զորացման
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն ...



15-11-2018
Վարչական ռեսուրսի կիրառումը կբացառվի
Իսկ Նիկոլ Փաշինյանը կլինի «Իմ քայլի» ...

15-11-2018
Ծանրորդները անցնող տարում նվաճել են 73 մեդալ
Գլխավոր մարզիչն ամփոփեց 2018 թվականը եւ ...

15-11-2018
Աննա Հակոբյանը հանդիպել է Միխայիլ Շվիդկոյի հետ
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO