Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.06.2017
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Հայաստանում տնտեսական անկման տարբեր սցենարներ կան

Մշակվում են դիմագրավելու սցենարներ

Երեւանում երեկ մեկնարկեց «Համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա. կարճաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարներ» միջազգային համաժողովը։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը, անդրադառնալով ճգնաժամի հետեւանքով Հայաստանում տնտեսական անկման տարբերակներին, նշեց, որ երեք սցենարներ կան, ըստ որոնց էլ այս տարի այդ անկումը կլինի 9.5, 16 կամ 20 տոկոս։ Մինչ տնտեսական անկման՝ հավանական ցուցանիշների մասին խոսելը՝ գործադիր իշխանության ղեկավարը նախ անդրադարձավ մեր երկրում մինչճգնաժամային իրավիճակին, ճգնաժամի հետեւանքով տնտեսության կառուցվածքի փոփոխություններին, ճգնաժամից դուրս գալու ելքերին։
Դեռեւս 1990թ. Հայաստանի տնտեսությունը որդեգրեց շուկայական բաց համակարգի հայեցակարգը եւ հետեւողականորեն այս ամբողջ տարիներին ներդնում էր այն։ Այս ընթացքում տնտեսական աճի բավականին բարձր տեմպեր են արձանագրվել։
Եվ այդ աճը նախ պայմանավորված էր շինարարության ոլորտով, որը ՀՆԱ աճի գլխավոր շարժիչն էր։ «Շինարարության մուլտիպլիկացիոն էֆեկտը այլ ճյուղերի վրա նույնպես չափազանց մեծ էր»,–նշեց վարչապետը։ Ըստ նրա, երկրորդ կարեւորագույն ճյուղը գյուղատնտեսությունն էր, որի տեսակարար կշիռը ՀՆԱ—ում նույնպես եղել է չափազանց բարձր։ 2008թ. շինարարության տեսակարար կշիռը ՀՆԱ—ում գերազանցեց 30 տոկոսը։ Սա պայմանավորված էր այն բանով, որ Հայաստանը մեծածավալ ֆինանսական հոսք ուներ, որի մի մասը գնում էր սպառման ոլորտ, մի մասն էլ՝ հենց շինարարությանն էր ուղղվում։ Անշարժ գույքի շուկայում գնաճը շահութաբերության բարձր մակարդակ էր ապահովում։
Շինարարության բնագավառում ՀՀ—ն առանձնահատկություններ ուներ։ «Առաջինն այն էր,–ասաց Տիգրան Սարգսյանը,–որ վարկային միջոցների հաշվին իրականացվող շինարարության տեսակարար կշիռը ցածր էր, ֆինանսները հիմնականում երկու աղբյուրներից էին՝ կառուցապատողների սեփական միջոցները եւ ապագա բնակարանների սեփականատերերի ներդրումները։ Ընդ որում, հիփոթեքային վարկերի տեսակարար կշիռը նույնպես չնչին էր։ Ընդհանուր կապիտալ շինարարության 70 տոկոսը բնակարանային շինարարությունն էր, այսինքն՝ գնաճի տեմպերը էլ ավելի էին խթանում այդ ոլորտում ներդրումները»։ Տնտեսությունում մեծ էր նաեւ մասնավոր տրանսֆերտների տեսակարար կշիռը եւ հասնում էր շուրջ 1.5 մլրդ դոլարի։ Բնականաբար, այդպիսի մեծածավալ ներհոսքը չէր կարող չազդել մեր երկրի տնտեսության կառուցվածքի վրա։ Հետեւաբար, նաեւ ճգնաժամը չէր կարող չազդել մեր երկրի վրա։ Բայց այդ ազդեցությունն էլ առանձնահատկություն ուներ։ Վարչապետի խոսքերով, մեր բանկային համակարգը ճգնաժամի առաջին ալիքը այնքան էլ չզգաց, քանզի չուներ ներգրավված «տաք փողեր»։ Մյուս առանձնահատկությունն այն էր, որ խստորեն վերահսկվում էր բանկային համակարգը. «Մենք ունեինք ամուր բանկային համակարգ՝ բավականին բարձր կապիտալիզացիայի, լիկվիդայնության մակարդակով, ինչն էլ հնարավորություն տվեց դիմագրավել բոլոր բացասական երեւույթներին»։ Հայաստանը ճգնաժամի ազդեցությունն զգաց այն ժամանակ, երբ համաշխարհային շուկայում հանքահումքային ապրանքների գների կտրուկ նվազում եղավ։ ՀՆԱ—ում այս ոլորտի տեսակարար կշիռը 3 տոկոս է։ Նույնքան է տեղեկատվական տեխնոլոգիաների տեսակարար կշիռը՝ ընդ որում նաեւ զբաղվածության մասով։ ՏՏ բնագավառում գործում են շուրջ 300 ընկերություններ եւ զբաղվածների քանակը 5—6 հազար է։ Բայց զգալիորեն մեծ էին հանքահումքային ապրանքների արտահանման ծավալները։ Ասել է թե՝ այդ ծավալների կտրուկ նվազումը միանգամից թողեց իր բացասական ազդեցությունը վճարային հաշվեկշռի վրա։
Այսպիսով, այդ ընթացքում ՀՀ կենտրոնական բանկի քաղաքականության շնորհիվ, Տիգրան Սարգսյանի համոզմամբ, ֆինանսական համակարգում ապահովվեց կայունություն, ինչի շնորհիվ չունեցանք ֆինանսական միջոցների կորուստ. «Ըստ էության, առեւտրային բանկերը այդ միջոցառման (մարտի սկզբին լողացող կուրսին անցման—Ա.Մ.) արդյունքում ունեցան ֆինանսական վնասներ, բայց, ընդհանուր առմամբ, այդ համակարգը զերծ մնաց ցնցումներից։ Սա անցումային առանձնահատկություններից մեկն էր։ Արդյունքում այսօր ունենք կայուն բանկային համակարգ։ Սա մեր հարաբերական առավելությունն է, որը եւ փորձում ենք օգտագործել հակաճգնաժամային միջոցառումներ իրականացնելիս»։
Այնուամենայնիվ, այն հանգամանքը, որ ՀՆԱ—ում մեծ էր շինարարության ոլորտի տեսակարար կշիռը, հասկանալի է, որ ճգնաժամի հետեւանքով փոխվեց նաեւ տնտեսության կառուցվածքը։ Այս տարվա առաջին հինգ ամիսների տվյալների ամփոփումը վկայում է, որ Հայաստանը 16 տոկոս տնտեսական անկում է արձանագրել. «Առաջիկա ամիսներին, ըստ մեր կանխատեսումների, այդ ցուցանիշը ավելի կվատթարանա։ Ըստ այդմ, ՀՆԱ ցուցանիշները նույնպես վատանալու են։ Եվ դրանց բարելավումը մենք ակնկալում ենք միայն տարվա վերջում, քանի որ 2008թ. 4—րդ եռամսյակում մեր ՀՆԱ—ն նոր միայն սկսեց նվազել»,–միեւնույն ժամանակ, ըստ վարչապետի, չպետք է մոռանալ, որ այս ամենը բացասաբար է ազդում հարկահավաքմանը։

Ծախսերի կրճատում չի լինի

Ի՞նչ անի պետությունը ճգնաժամային այս պայմաններում։ Վարչապետը միանգամից ընդգծեց. «Մենք հակված չենք կիրառելու սեկվեստոր, որովհետեւ դա իր բացասական ազդեցությունն է թողնելու մակրոմիջավայրում։ Հաշվի առնելով սա՝ նպատակահարմար է, որ պետությունը չկրճատի իր ծախսերը»։ Իսկ ծախսերը չկրճատելու միակ ճանապարհը, վարչապետի համոզմամբ, բյուջեի պակասորդն ավելացնելն է. «Գիտակցաբար գնացինք այդ ճանապարհով՝ համագործակցելով Արժույթի միջազգային հիմնադրամի, Ասիական զարգացման բանկի, Համաշխարհային բանկի հետ եւ հայթայթելով միջոցներ, որպեսզի կարողանանք դիմագրավել այս ճգնաժամին»։ Այդպիսով, բյուջետային պակասորդը կարող է 7,5 տոկոսից ավելի լինել, ինչը աննախադեպ ցուցանիշ է ՀՀ—ի համար, որովհետեւ վերջին տարիներին այդ ցուցանիշը չի գերազանցել 3 տոկոսի սահմանը։ «Աչքի առաջ հետագա ընթացքի առնվազն երեք սցենար պետք է ունենանք՝ տնտեսական անկումը կարող է լինել 9.5 տոկոս, 16 կամ 20 տոկոս։ Բյուջեի պակասորդի ֆինանսավորման հիմնական միջոցները ստանում ենք Ասիական զարգացման բանկից՝ 70 մլն դոլար, ՀԲ—ից՝ 60 մլն դոլար, շուրջ 24 մլրդ դրամ կօգտագործենք ՌԴ—ից ստացված 500 մլն դոլար վարկի հաշվին, նույնքան էլ՝ մեր ներքին շուկայից»,—նկատեց Տ. Սարգսյանը։ Ամենամեծ ներդրումը կկատարվի ԱՄՀ—ից ներգրավված վարկի հաշվին՝ 150 մլն դոլար։ Համապատասխան համաձայնագիրը ներկայացվել է Սահմանադրական դատարան։ Կհրավիրվի ԱԺ արտահերթ նիստ՝ համաձայնագիրը վավերացնելու նպատակով։
Ի վիճակի՞ է լինելու Հայաստանը սպասարկել արտաքին պարտքը։ Վարչապետն ինքը հնչեցրեց այս հարցը եւ ինքն էլ պատասխանեց. «Այն քննարկում ենք ԱՄՀ—ի եւ ՀԲ—ի հետ, որպեսզի ապահովենք մեր երկրի մակրոտնտեսական կայունությունը, որն այնքան կարեւոր է մեր երկրի համար։ Մեր արտաքին պարտքի տեսակարար կշիռը ՀՆԱ—ում վերջին տարիներին տարեցտարի նվազում էր՝ հասնելով մինչեւ 13.8 տոկոսի։ Նաեւ, հաշվի առնելով այն, որ մեր արտաքին պարտքը միջազգային կազմակերպություններից ստացված արտոնյալ ու երկարաժամկետ վարկերն էին, սպասարկման տեսակետից էլ լուրջ խնդիրներ չունեինք»։ Վարչապետը նկատեց, որ այժմ էլ արտաքին պարտքի սպասարկման հետ կապված խնդիրներ չի տեսնում, քանզի ճգնաժամի հետեւանքները մեղմելու նպատակով ներգրավված միջոցները պարտքի մասնաբաժինը ՀՆԱ—ում կարող են հասցնել 38—40 տոկոսի եւ ոչ ավելին։
ՀՀ կառավարության ձեռնարկած հակաճգնաժամային քայլերից են, արդեն երկարաժամկետ առումով, հարկային ու մաքսային բարեփոխումները (տե՛ս «Ինչպե՞ս ենք դիմագրավում ճգնաժամին — 2» հրապարակումը)։ Սրանք շատ ավելի բարդ էին, քան ենթադրվում էր։ Վարչապետն ընդգծեց, որ այս առումով որդեգրել են բաց երկխոսության ձեւը, որ շատ հաճախ նյարդայնացնում է հասարակությանը։ Որովհետեւ հանրությունը «դեռ չի սովորել այն վիճակին, երբ կառավարությունը ներկայացնում է ծրագրեր, որոնք բանավեճ են ենթադրում։ Համարձակ նախագծերը օբյեկտիվ դիմադրողականություն են ենթադրում, եւ դա հասկանալի է», բայց եթե ուզում ենք հասնել հաջողության, ապա պիտի լինի երկխոսություն, բաց ու թափանցիկ քննարկում։

Հայաստանի հակաճգնաժամային քայլերը՝ խիստ արդյունավետ

Համաշխարհային բանկի՝ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամը նշեց, որ միջազգային փորձը ցույց է տալիս, որ աշխարհը ճգնաժամի համապատկերում փոխվում է, եւ վաղ թե ուշ շտկումների կարիք կառաջանա։ Բայց Հայաստանը կարող է շահած դուրս գալ, քանզի տնտեսությունը բարելավելու հեռանկարներ են ուրվագծվում։ Նրա կարծիքով, Հայաստանը պետք է պահպանի մակրոտնտեսական ցուցանիշները՝ ֆինանսական կարգապահության առումով։ Ճգնաժամից պետք չէ խուսափել, այս պայմաններում էլ հարկ է մտածել՝ ինչպես ապահովել աճ. «Ողջամիտ քաղաքականություն պետք է ցուցաբերել՝ ընտրելով այնպիսի ծրագրեր, որոնք աճ կապահովեն»։
Ի՞նչ կարծիքի է Ասադ Ալամը ՀՀ կառավարության ձեռնարկած հակաճգնաժամային քայլերի մասին. «ՀՀ»—ի հարցին ի պատասխան՝ նա նկատեց. «Այդ քայլերը խիստ արդյունավետ են, քանի որ նվազեցվում է աշխատատեղերի կորուստը, ու նաեւ հետագա աճը ապահովելու քայլեր են ձեռնակվում»։ ՀԲ Կովկասի տարածաշրջանային տնօրենը հայտնեց նաեւ, որ Հայաստանի համար վատագույն ժամանակը հիմա է, տարեվերջին որոշակի աճ կլինի։

Պարտքի սպասարկումը՝ ոչ ռիսկային

Արդյո՞ք մեր երկրի համար արդեն ռիսկային չի դառնում արտաքին պարտքի՝ վերջին շրջանում այդչափ ավելացումը, վտանգավոր չէ՞ դա, չկայի՞ն ճգնաժամից դուրս գալու այլ ելքեր։ «ՀՀ»—ի այս հարցին ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը պատասխանեց, որ նախկինում, այսինքն՝ մինչ ֆինանսական միջոցների  վերջին ներգրավումները, ՀՀ արտաքին պարտքը ՀՆԱ նկատմամբ 13 տոկոս էր, իսկ ներգրավումներից հետո կլինի 38 տոկոս, որը ռիսկային չէ։ Ռիսկային համարվում է այն դեպքում, երբ ՀՆԱ նկատմամբ համապատասխան ցուցանիշը 50 տոկոս է լինում։ «Հայաստանի համար դժվար մի իրավիճակում էլ մնացյալ 12 տոկոսը չե՞նք լրացնի». «ՀՀ»—ի մեկ այլ հարցին ի պատասխան՝ Տ. Դավթյանը վստահեցրեց՝ ոչ. «Կարծում եմ՝ մենք այլեւ ֆինանսական ռեսուրսների պահանջ չենք ունենա»։
Այսօր համաժողովը կշարունակի աշխատանքները։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

08-07-2009





 
22-06-2017
5 տոկոս տնտեսական աճը նվազագույնն է
Նախատեսվում է գործընկերներից բարձր ցուցանիշներ գրանցել

Մտահոգություններ են ...


22-06-2017
Նպատակը բարենպաստ մրցակցային միջավայր ապահովելն է
ՀՀ ՏՄՊՊՀ—ն եւ ԱՄՆ ԱՊ—ն կազմակերպել էին քննարկում ...


22-06-2017
Ախուրյանի ջրավազանային տարածք
Ինչպես կառավարել այն եւ ինչ քայլ պետք է ...


22-06-2017
Խորհրդակցություն ՀՀ նախագահի մոտ
Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ երեկ տեղի է ունեցել խորհրդակցություն, ...


 
22-06-2017
Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան աշխատանքային այցով մեկնել է ...


22-06-2017
Օրակարգում՝ կառավարության ծրագիրը
Գումարվել է ՀՀ Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հերթական ...


22-06-2017
Կյանքի որակ փոխող ծրագիր
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ելույթն Ազգային ժողովում կառավարության ...



 
22-06-2017
Լայնամասշտաբ պատերազմը հավանական չէ
Սակայն լուրջ բախումներին հայկական ...

22-06-2017
«Ամեն» շոու
Փաստագրական դրամա, որտեղ մտացածին ոչինչ ...

22-06-2017
Կարգախախտումները շարունակվում են
Հասարակության գիտակցության աճի վրա ...

22-06-2017
Մշակութային հերթական կանգառը՝ Շուշիում եւ Քարվաճարում
Հյուրընկալվել է պարի պետականը

USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO