|
Տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը հանրակրթության ոլորտում Տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում առաջնահերթ խնդիրներից է կրթության եւ մասնավորապես հանրակրթության ոլորտում տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրումն ու զարգացումը։ Հանրապետությունում այդ գործընթացն իրականացնում եւ համակարգում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ)։ Կենտրոնի կողմից իրականացվող աշխատանքի ծավալով ամենամեծ ծրագիրը Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցի ստեղծումն է, որը հանրակրթության ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղությամբ իրականացվող ամենախոշոր ծրագիրն է։ Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցում այսօր ընդգրկված է 644 դպրոց, որոնք տեղաբաշխված են հանրապետության բոլոր մարզերում։ Ցանցի միջավայրում դպրոցները ստանում են շուրջօրյա ինտերնետ, սահմանափակվում է ոչ ցանկալի ինտերնետային բովանդակությունը, ապահովվում է հակավիրուսային պաշտպանություն, mail. schools.am տիրույթում դպրոցներին տրամադրվում էլեկտրոնային փոստի հասցեներ։ «Սա տեղեկատվական միջավայր է, որտեղ տեղեկատվության փոխանակությունը, հիմնականում կրթական, կատարվում է ինչպես ներքեւից վերեւ՝ նախարարություն, ԿՏԱԿ, դպրոցներ, այնպես էլ՝ դպրոցների միջեւ»,–ասաց կենտրոնի տնօրեն Արեգ Գրիգորյանը՝ նշելով, որ ներկայումս իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ ցանցն ընդլայնելու ուղղությամբ։ 2010 թվականի ՀՀ պետբյուջեով նախատեսվում է եւս 300 դպրոցներ ընդգրկել ցանցում։ Համաշխարհային բանկի վարկային ծրագրով մինչեւ մյուս տարվա սեպտեմբեր եւս 450 դպրոց կմիանա ցանցին եւ մյուս տարի կավարտվի մեկ միասնական տեղեկատվական միջավայրում դպրոցների ընդգրկման ծրագիրը։ Ցանցին են միացվել հանրապետության 40, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 7 ավագ դպրոցները։ Արեգ Գրիգորյանի խոսքով՝ համակարգի լիարժեք աշխատանքի տեսանկյունից միայն տեխնոլոգիական խնդիրները չէ, որ պետք է լուծել, շատ կարեւոր է կադրերի՝ մասնագետների վերապատրաստման խնդիրը։ Դպրոցներում ցանցի տրամադրած հնարավորություններն արդյունավետ օգտագործելու համար, ՏՏ գիտելիքները խորացնելու եւ կրթական նպատակներով իրականացվում են վերապատրաստումներ, մասնավորապես անցած տարի վերապատրաստվել են ցանցին նոր միացված 320 դպրոցների ինֆորմատիկայի ուսուցիչների եւ դպրոցների ներքին ցանցերն ու համակարգչային ուսումնական կենտրոնները սպասարկող մասնագետներ, թվով 640 հոգի։ ԿՏԱԿ—ի կողմից իրականացվող հաջորդ ծրագիրը շարժական ինտերնետային—համակարգչային կայանն (ՇԻՀԿ) է։ Չնայած 640 դպրոցներ ընդգրկված են ցանցում, սակայն ներկա դրությամբ կան դպրոցներ, որոնք դեռեւս չունեն ինտերնետ, բավարար չափով հագեցած չեն տեխնիկական միջոցներով, չկան նաեւ բավականաչափ պատրաստված մասնագետներ։ Այդ դպրոցներին օգնություն ցուցաբերելու նպատակով 2008 թվականին ստեղծվել է ՇԻՀԿ ը, որն ավտոմեքենայի թափքի վրա տեղադրված համակարգչային դասարան է, ունի տեղային ցանցում ընդգրկված եւ դեպի ինտերնետ ելք ունեցող համակարգիչներով ու այլ անհրաժեշտ սարքավորումներով կահավորված 7 աշխատատեղ՝ վեց աշակերտի եւ մեկ ուսուցչի համար։ ՇԻՀԿ—ը տասներկուօրյա համակարգչային դասընթացներ է կազմակերպում Հայաստանի հեռավոր բնակավայրերի աշակերտների եւ ուսուցիչների համար։ 2009 թվականի ընթացքում ՇԻՀԿ—ը դասընթացներ է իրականացրել Հայաստանի ինը մարզերի 20 համայնքներում, որոնց մասնակցել են 572 աշակերտ եւ վերապատրաստվել 182 ուսուցիչ։ Այս տարի այն այցելել է 2 համայնք, իսկ ներկայումս գտնվում է Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքում։ Այստեղ կայանն այցելել է արդեն երկրորդ անգամ՝ արձանագրելու մեկ տարում տեղի ունեցած փոփոխություններն ու առաջընթացը։ Ասուլիսի ժամանակ ուղիղ կապ հաստատվեց կայանի հետ, որտեղ ընթանում էր ինֆորմատիկայի դասը։ 9—րդ դասարանի աշակերտ Կարապետը մեծ գոհունակություն հայտնեց, որ շնորհիվ այդ ծրագրի իրենք անտեսված չեն։ Մեծ աշխատանքներ են տարվում դպրոցները համակարգչային սարքավորումներով համալրելու ուղղությամբ։ Թեեւ ԿՏԱԿ—ն անմիջականորեն չի զբաղվում դրանով, սակայն իրականացնում է կազմակերպական աշխատանքներ։ Այսօրվա դրությամբ Հայաստանի հանրակրթության ոլորտում դպրոցական մեկ համակարգչին համապատասխանող աշակերտների միջին քանակը 36 է, 1000 աշակերտին համապատասխանում է 28 համակարգիչ։ «Այս ցուցանիշը շարունակ աճում է, թեեւ համաշխարհային մակարդակով այն դեռեւս շատ ցածր է։ Սակայն կարեւորն այն է, որ կա տեղաշարժ եւ նկատվում է ցուցանիշի աճ»,–նշեց Արեգ Գրիգորյանը՝ տեղեկացնելով, որ այս տարի եւս դպրոցները կհամալրվեն մեծ քանակությամբ համակարգիչներով։ Միաժամանակ դպրոցներում ստեղծվում են համակարգչային ուսումնական կենտրոններ իրենց ներքին ցանցերով։ 2007 թվականի դեկտեմբերից գործում է «Կրթական համալիր էջ» պորտալը, որը հայալեզու ամենախոշոր կրթական տեղեկատվական միջավայրն է։ Պարբերաբար թարմացվում եւ հարստացվում են պորտալի տեղեկատվական նյութերն ու կրթական պաշարները, կազմակերպվում են առցանց կրթական միջոցառումներ՝ մրցույթներ, օլիմպիադաներ, խորհրդաժողովներ, քննարկումներ, հարցումներ եւ քվեարկություններ։ Պորտալում քննարկվող, տեղադրվող նյութերն ամփոփվում եւ պարբերաբար ներկայացվում են ԿԳ նախարարություն, Կրթության ազգային ինստիտուտ, այսինքն՝ ֆորումն օգտագործվում է որոշակի տեղեկատվություն ստանալու եւ այն կառավարիչ մարմիններին փոխանցելու համար։ Արեգ Գրիգորյանը տեղեկացրեց, որ էլեկտրոնային բովանդակության 3—րդ համահայկական մրցույթում «Կրթական համալիր էջ» պորտալը ճանաչվել է 8 լավագույններից մեկը՝ արժանանալով գլխավոր մրցանակի, «Էլեկտրոնային ուսուցում» անվանակարգում դարձել է հաղթող, ներկայացվել եւ մասնակցել է միջազգային մրցույթի։ Դեռեւս 1999 թվականին «Կրթական ծրագրերի կենտրոն»—ում ստեղծվել էր կրթության կառավարման տեղեկատվական համակարգ (ԿԿՏՀ), որը ներառում է հանրակրթության ոլորտին առնչվող վիճակագրական տվյալների շտեմարանը։ Կառավարության 2008 թվականի որոշմամբ ԿԿՏՀ—ի շահագործման եւ հետագա զարգացման գործառույթները փոխանցվել են ԿՏԱԿ—ին։ Հայաստանի կրթական ոլորտի ծրագրավորման եւ կառավարման նպատակով համակարգը հավաքում, պահպանում, վերլուծում եւ տրամադրում է տեղեկատվություն՝ կազմելով եւ հրատարակելով «Հանրակրթությունը Հայաստանում» ամենամյա կրթական վիճակագրական տեղեկագիրը։ Այն ներառում է նախադպրոցական, դպրոցական եւ մասնագիտական կրթությունը. ներկայումս գործում է հանրակրթության մասը։ Արեգ Գրիգորյանը առաջնային համարեց կրթության էլեկտրոնային բովանդակության ստեղծումը եւ դրա համատեքստում էլեկտրոնային դասագրքերի եւ ուսումնաօժանդակ ձեռնարկների պատրաստումը։ 2008—2009 թվականների ընթացքում ԿՏԱԿ—ը Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ լրամշակել, բազմացրել եւ Հայաստանի բոլոր դպրոցներին է տրամադրել ԵՊՀ ալգորիթմական լեզուների ամբիոնում ստեղծված 14 էլեկտրոնային ուսումնական ձեռնարկների լազերային սկավառակները։ Դպրոցներում ավարտվել են էլեկտրոնային գրադարանների հիմնման աշխատանքները։ Կարեւոր քայլ է նաեւ 2009 թվականին կենտրոնի կողմից ստեղծված «Համացանցի օգտագործման ուղեցույց» ուսումնաօժանդակ ձեռնարկը — կից էլեկտրոնային նյութը (www.ktak.am/handbook)։ Կենտրոնի տնօրենը նշեց, որ այս տարվա ընթացքում դրանք անվճար կտրամադրվեն հանրապետության բոլոր դպրոցներին։ Հաջորդ կարեւոր հարցը, որի ուղղությամբ ԿՏԱԿ—ը աշխատանքներ է կատարել՝ համակարգչային ծրագրերի արտոնագրումն է։ Կրթության ոլորտում օգտագործվող «Մայքրոսոֆթ» ընկերության համակարգչային ծրագրերի արտոնագրման նպատակով 2008 թվականին պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին գնվել եւ 2009—ի ընթացքում կրթական հաստատություններում տեղադրվել է այդ ընկերության արտոնագրերի փաթեթը մեկ տարի ժամկետով, որն ընդգրկում է 8300—ական Windows Vista եւ Microsoft Office։ Կառավարության որոշմամբ պահուստային միջոցներից հատկացված գումարների շնորհիվ արտոնագրերի գործողության ժամկետը երկարաձգվել է եւս մեկ տարով։ ԿՏԱԿ—ը աշխատանքներ է տանում նաեւ կրթության ոլորտում ՏՀՏ բնագավառի ծրագրերի համակարգման ուղղությամբ՝ իրականացնելով կրթության ոլորտում ՏՀՏ բնագավառի ծրագրեր իրականացնող կազմակերպությունների գործունեության ուսումնասիրություն, հաստատում է գործընկերային կապեր, համակարգում է կրթական ՏՀՏ ծրագրերը՝ դրանք ներդնելով ուսումնական հաստատություններում։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ 24-02-2010
|