Փոքրիկ Չինաստան՝ Երեւանում
Հայ—չինական հարաբերությունները հազարամյակների պատմություն ունեն
Չինաստանը հայտնվել էր Թումանյան փողոցի վրա. երեկ, մասնավորապես Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը Չինաստանի տպավորություն էր թողնում։ Բանն այն է, որ չինացիները հայերի հետ այդ բուհում տոնում էին ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտի գործունեության երկամյակն ու Կոնֆուցիուսի կիսանդրու բացումը։ Կիսանդրին նվիրատվություն է չինական կառավարությունից՝ ի դեմս ՉԺՀ կոմկուսի կենտկոմի քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի անդամ Լի Չանչունի։ Արարողությանը ներկա էին ՀՀ նախարարությունների, Շանսիի համալսարանի ներկայացուցիչներ ու Չինաստանի Հանբանի պատվիրակությունը։ Բուհի հայ ուսանողները ներկաներին չինարեն լեզվով ծանոթացրեցին Չինաստանի մշակույթին ու պատմությանը, ընթերցեցին չինական պոեզիա, ցուցադրեցին չինական տարբեր մարտաձեւեր եւ այլն։ Իսկ Լի Չանչունին էլ ողջունեցին հայկական ժողովրդական պարով՝ շալախոյով։ «Այս մի քանի րոպեները շատ մեծ տպավորություն թողեցին։ Մենք հիացած ենք հայ ուսանողների ելույթներով ու հայերիդ բարեկամական հարաբերության դրսեւորմամբ։ Թեեւ Հայաստանին ու Չինաստանին բավականին մեծ տարածություն է բաժանում, այդուհանդերձ, մենք սերտ հարաբերությունների մեջ ենք։ Մեր բարեկամությունը հազարամյակների պատմություն ունի։ Հայ—չինական հարաբերությունները լավագույնս են դրսեւորվել թե առեւտրային, թե մշակութային եւ թե մյուս բնագավառներում։ Մենք միասին հիմնեցինք Կոնֆուցիուսի ինստիտուտը։ Թեպետ ինստիտուտը ընդամենը երկու տարվա պատմություն ունի, այնուամենայնիվ, մեծ մասսայականություն է վայելում երիտասարդների կողմից ու կարեւոր պատուհան է դարձել չինարենն ուսումնասիրողների համար։ Սա, բացի կրթականից, կարեւոր հարթակ է նաեւ միջպետական բարեկամության ամրապնդման համար»,–երեկ կիսանդրու բացման ժամանակ ասաց ՉԺՀ կոմկուսի կենտկոմի քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի անդամ Լի Չանչուն։ Վերջինս ազդարարեց նաեւ այն մասին, որ այսուհետեւ ինստիտուտի 20 ուսանողի հնարավորություն է տրվելու մեկ ամիս ժամկետով փորձաշրջան անցնել Չինաստանում։ Նվերը, թերեւս, միակողմանի չէր. ԵՊԼՀ գիտական խորհրդի կողմից Լի Չանչունին շնորհվեց ոսկե մեդալ։ Սրանից զատ, բուհի ռեկտոր Սուրեն Զոլյանը նրան նվիրեց Վարդան Մամիկոնյանի կտավը՝ շեշտելով, որ Մամիկոնյանի պապերը չինացիներ են եղել։ «Հիրավի, հայ—չինական հարաբերությունները հազարամյակների պատմություն ունեն։ Եվ այսօր էլ այդ հարաբերությունները դինամիկ զարգացում են արձանագրել։ Տարբեր ոլորտներում փոխադարձ աջակցության շնորհիվ մեր հարաբերությունները որակապես նոր մակարդակի վրա են հայտնվել։ Մենք ձգտում ենք առավելագույնս ծանոթանալ միմյանց մշակույթին։ Այստեղ օրեցօր աճում են չինարեն սովորել ցանկացողների թիվը։ Մեր համալսարանում գործում է չինական մշակույթի փորձարարական կենտրոն, որն իր հերթին եւս կօգնի ծանոթանալ չինական մշակույթին, Չինաստանին»,–նշեց ռեկտորը՝ հավելելով, որ Կոնֆուցիուսի ինստիտուտում ուսանողներին տրվում են կրթաթոշակներ ու նրանց համար կազմակերպվում են ամառային դպրոցներ՝ լեզվական գիտելիքները զարգացնելու եւ չինական մշակույթին ծանոթացնելու նպատակով։ Այս ամենից հետո հյուրերն այցելեցին ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտի չինական մշակույթի փորձարարական կենտրոն։
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ 12-04-2011
|