|
Եվս երկու բակ՝ երեւանցիներին
Շարունակվում է մայրաքաղաքի բակային տարածքների բարեկարգման ծրագիրը
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Սարգսյանի եւ հիմնադրամի պատվո նախագահ Գաբրիել Ջեմբերջյանի հետ միասին Քանաքեռ—Զեյթուն վարչական շրջանում հանդիսավորությամբ բացել է նոր, հարմարվետ ու խաղային ատրակցիոններով կահավորված եւս երկու բակ, հայտնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Բակերի համալիր բարեկարգման 2012թ. ծրագրի շրջանակում համագործակցելով «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հետ, Երեւանի քաղաքապետարանը հիմնանորոգված բակային տարածքներում տեղադրում է նաեւ հիմնադրամի կողմից տրամադրված խաղային ատրակցիոններ եւ մարզական գույք։ Դրոյի 24 շենքի բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել՝ ընդգծելով, որ երկար տարիներ են սպասել բարեկարգ ու հարմարավետ բակային տարածք ունենալուն, իսկ Սարկավագի 72 շենքի բնակիչները դեռ նախորդ տարի էին դիմել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ իրենց շենքին հարակից տարածքը եւս բակերի բարեկարգման տարեկան ծրագրում ընդգրկելու խնդրանքով։ Հաշվի առնելով, որ տվյալ տարածքը ժամանակին օտարվել էր եւ ուներ օրինական սեփականատեր, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականով, սեփականատիրոջ հետ բանակցությունների արդյունքում տվյալ տարածքն արդեն համայնքային սեփականություն է եւ բարեկարգված ու խաղային ատրակցիոններով կահավորված հանձնվում է բնակիչներին։ Կարեւորելով մայրաքաղաքի բակային տարածքների բարեկարգման անհրաժեշտությունն ու շնորհակալություն հայտնելով «Փյունիկ» բարեգործական հիմնադրամին համագործակցության համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ երեւանյան բակերի բարեկարգման ծրագիրը լինելու է շարունակական։ «Երեւանի բոլոր վարչական շրջաններում միայն այս տարվա ընթացքում մոտ 20—30 բարեկարգված խաղահրապարակներ կհանձնենք շահագործման։ Քաղաքապետարանի որդեգրած քաղաքականության արդյունքում առաջիկա տարիների ընթացքում ամբողջ Երեւան քաղաքում կբարեկարգենք բոլոր բակերն ու կհանձնենք բնակիչներին՝ հարմարավետ միջավայր ապահովելով մեր բոլոր համաքաղաքացիների համար»,–նշել է Տարոն Մարգարյանը։ Կարեւորելով Երեւանի քաղաքապետարանի հետ համագործակցությունը, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Սարգսյանը վստահեցրել է, որ ծրագիրը լինելու է շարունակական, ավելին, առաջիկայում փոքրիկ երեւանցիների համար կյանքի կկոչվեն նաեւ համատեղ այլ բարեգործական ծրագրեր։ «Վերջին տարիների ընթացքում մենք շուրջ 300 մանկական խաղեր ու մարզական գույք ենք տրամադրել քաղաքապետարանին։ Արդյունքն այսօր ակնհայտ է, երեխաներն անչափ ուրախ են, եւ մեծանում է առողջ սերունդ»,–նշել է Լեւոն Սարգսյանը։ «Բակերում իշխող տոնական բարձր տրամադրությունն ու խաղացող բազմաթիվ փոքրիկներն արդեն իսկ վկայում են, որ Երեւանի քաղաքապետարան–«Փյունիկ» բարեգործական հիմնադրամ համագործակցությունն իսկապես հաջողված ու արդյունավետ է»,–իր հերթին ուրախությամբ փաստել է «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի պատվո նախագահ Գաբրիել Ջեմբերջյանը։ Բակերի բարեկարգման ծրագրի շրջանակում քաղաքապետարանի կողմից ամբողջությամբ բարեկարգվում, կանաչապատվում են բակային տարածքները, տեղադրվում են նստարաններ, զրուցարաններ, անցկացվում է արտաքին լուսավորության նոր ցանց, տարածքն ապահովվում է ոռոգման նոր համակարգով՝ դրան զուգահեռ կահավորվելով հիմնադրամի կողմից տրամադրվող մանկական ժամանակակից խաղերով եւ մարզասարքերով։
20-06-2012
|