|
Քննություններն այստեղ խաղաղ են
Բողոքարկումների թիվը փոքր է
«Դրսում դիմորդ կա՞»,—հնչեց հսկիչի ճշտող հարցերը, եւ քննակենտրոնի դռները փակվեցին։ Ապա 9.30—ին գերմանական ճշտապահությամբ ազդարարվեց «Ֆիզիկա» առարկայի միասնական քննությունը։ Այն կայացավ երեկ։ Այդ գործընթացին մասնակցելու համար դիմում—հայտ էր ներկայացրել 3392 դիմորդ։ Նրանք քննություն հանձնեցին Հայաստանում եւ ԼՂՀ—ում ձեւավորված 18 քննական կենտրոններում։ Քննակենտրոններից մեկն էլ Երեւանի պետական համալսարանն էր։ Այստեղ արձանագրվեց 25 բացակա։ Ներկա էր 331 շրջանավարտ։ Վերջիններս բավականին հանգիստ էին։ Առհասարակ, այս տարի նախորդ տարիներին բնորոշ լարվածությունը չի նկատվում։ Պատճառը, ամենայն հավանականությամբ, հեշտացված ընդունելությունն է։ «Նախորդ քննությունների փորձը ցույց տվեց, որ տարբերակները բավականին հեշտացված են։ 20 միավոր ստանալը դժվար է, բայց մինչեւ 15, 16 միավորները բավականին հաղթահարելի են։ Այսօր, երբ արդեն ավագ դպրոցները կան, լավ սովորելու դեպքում առանց կրկնուսույցի կարող են ընդունվել։ Ֆիզմաթ հոսքի երեխաները միանշանակ պետք է հաղթահարեն դրական շեմը, իսկ նորմալ սովորելու դեպքում ավելի բարձր միավորներ կստանան։ Երբ հույսը դնում են կրկնուսույցի վրա, արդեն դպրոցին ուշադրություն չեն դարձնում։ Երեխաները միշտ էլ լավն են, նրանցից ակնկալիքները մեծ են, հատկապես որ ընդունելությունն ավելի հեշտ է»,–լրագրողների հետ զրույցում ասաց ֆիզիկայի քննության համար Երեւանի պետական համալսարանում ձեւավորված քննակենտրոնի ղեկավար Ներսիկ Էլոյանը։ Մասնակիցներն իրենք էլ իրենցից բավականին մեծ սպասելիքներ ունեին։ «Բարձր միավոր կստանամ, որովհետեւ բավականաչափ գիտելիք ունեմ։ Հրաշալի տրամադրություն ունեմ, մի փոքր էլ լարված եմ»,–ասաց Անժելան՝ քննությունից մի քանի րոպե առաջ։ «Դրական կստանամ։ Իսկ թե ինչ՝ չեմ կարող ասել։ Հիմա շատ հանգիստ եմ, բացարձակ լարված չեմ։ Հաջողություններ եմ մաղթում բոլոր դիմորդներին»,–նշեց Աշոտը։ Մերին էլ մինչեւ 15 միավորի հույս ունի. «Այդքան կստանամ հեշտ հաղթահարելի հանձնարարությունների շնորհիվ։ Բայց դժվարներն էլ կփորձեմ հաղթահարել ու ավելի բարձր ստանալ»։ Փորձը ցույց է տվել, որ 3 ժամանոց քննության դեպքում սովորաբար 2 ժամ հանգիստ աշխատում են, որը գիտեն՝ գրում են։ Ապա սկսում են աշխուժանալ։ Չիմացած հարցերի պատասխանները փորձում են կողքից ճշտել։ Այդ կերպ որոշ երեխաների խանգարում են։ Բնականաբար, դա կանխվում է։ Այստեղ կարեւոր է կանխելու ձեւն ու մեթոդը։ Թեկուզ նկատողության դեպքում երեխան ոչ մի կերպ չպետք է ճնշվի, կամ իրար անցնի։ «Մանկավարժի ներկայությունը քննական կենտրոններում դրական նշանակություն ունի, որովհետեւ մանկավարժների մոտեցումները տարբերվում են։ Եթե մենք՝ կազմակերպիչներս, խաղաղ տրամադրությամբ ենք գալիս կենտրոն, քննությունները խաղաղ են անցնում, ավելորդ լարվածություն չի լինում։ Աշխատանքային խմբին զգուշացնում եմ եւ հորդորում՝ հանգիստ, բարի նայեն ամեն ինչին, որպեսզի ստեղծվի այնպիսի մթնոլորտ, որ երեխաները կարողանան հանգիստ հանձնել իրենց քննությունները։ Մոտեցումն այսպիսի է. երեխաները փորձում են առաջին լուրջ քայլը կատարել իրենց կյանքում, եւ մենք դրան պետք է ոչ թե խանգարենք, այլ օժանդակենք»,—վստահեցրեց քննակենտրոնի ղեկավարը։
«Զենքերը» վայր չեն դնում
«Մաթեմատիկա» առարկայի քննությանը դիմում—հայտ է ներկայացրել 8957 դիմորդ։ Միջին միավորը 11,6 է։ 17.5—20 միավոր ստացել է դիմորդներից 747—ը (8.7 տոկոս), 13.5—17.25 միավոր՝ 2177—ը (25.3 տոկոս), 7.5—13.25 միավոր՝ 4338—ը (50.5 տոկոս)։ Դրական միավորի շեմը չի հաղթահարել 15.5 տոկոսը կամ 1336 դիմորդ։ Առավելագույն 20 միավոր ստացել է 77 դիմորդ։ Այս քննության ժամանակ հաստատվեց, որ դիմորդները «զենքերը» վայր չեն դնում. նրանց մոտ հայտնաբերվել են հուշաթերթիկներ։ Վերջիններից մեկը, սակայն, հուշաթերթիկ անվանելը սխալ է։ Դիմորդը փոքր մասշտաբով պատճենել էր ողջ շտեմարանը՝ վրան նշելով ճիշտ պատասխանները։ «Ավանդույթի համաձայն, դիմորդները ծածկագրերով եւ «զինված» են ներկայանում այն առարկաների քննություններին, որոնք ունեն բանաձեւեր։ Սակայն դրանք հայտնաբերվում են, եւ դիմորդներին հայտարարվում է նկատողություն»,–այս մասին տեղեկացրեց գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը՝ հավելելով, որ մաթեմատիկայի քննության արդյունքներն ընդամենը մի քանի դիմորդ է բողոքարկել։ Արդյունքում միավորների փոփոխություն չի գրանցվել, որովհետեւ հիմքում դիմորդների՝ իրենց միավորների սխալ հաշվարկն էր։ Լեզուների արդյունքների եւ բողոքարկման մասին մանրամասն կխոսվի որոշ ժամանակ անց։ Մինչ այդ նշենք, որ անգլերենի պետական միասնական քննության միջին միավորը 13,2 է։ Սա նախորդ տարվա համեմատ բարձր ցուցանիշ է։
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
20-06-2012
|