|
Օդանավակայանը պատրաստ է Ստեփանակերտի օդանավակայանը տեխնիկապես պատրաստ է շահագործման։ ԼՂՀ քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Աթբաշյանն «Արմենպրեսի» հետ զրույցում նշեց, որ լուծված են նաեւ անձնակազմի սերտիֆիկացման՝ որակավորման հետ կապված խնդիրները։
«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից հունիսի 27—ին եկած հանձնաժողովը ստուգումներ անցկացրեց՝ պարզելու օդանավակայանի համապատասխանությունը ICAO—ի պահանջներին»,— ասաց նա։ Աթբաշյանը տեղեկացրեց, որ թեեւ ակտը դեռ ստորագրված չէ, բայց կարելի է փաստել, որ ստուգումները հաջող են անցել։ Օրեր անց կստանան ակտերը, թերությունները կշտկվեն, եւ իրավունք կունենան օդանավը շահագործելու։ Թե ակտը երբ կստանան, ինչ թերություններ, ինչ պահանջներ կլինեն՝ Աթբաշյանը դժվարացավ նշել։Նա հայտնեց, որ իրենք ամեն ինչ անում են՝ օդանավակայանը հնարավորինս շուտ գործարկելու համար։ Հայաստանից Ստեփանակերտ ինքնաթիռով մեկնել ցանկացողների համար փորձ է արվում մատչելի գներ սահմանելու։ Նախնական տվյալներով՝ տոմսերի արժեքը կսահմանափակվի 20 000 դրամի շրջանակներում, ըստ ամենայնի՝ մինչեւ 18 000 դրամ։ Թռիչքի տեւողությունը կլինի 40 րոպե։ Պարբերականությունը դեռ վերջնականապես հաստատված չէ։ Վարչության պետը նշեց, որ ցանկություն կա օրը մեկ կամ երկու չվերթ իրականացնելու։ Աթբաշյանն անձնապես կողմնակից է օրական երկու չվերթի իրականացմանը, սակայն որոշ մասնագետներ խորհուրդ են տալիս սկսել օրական մեկ թռիչքից։ Օդանավակայանի շահագործումից հետո այլ ուղղություններով եւս չվերթներ կիրականացվեն, սակայն դրա մասին հստակ խոսելը դեռ վաղ է։
Ստեփանակերտի օդանավակայանը կառուցվել է 1974 թ., հիմնականում չվերթներ է ընդունել Երեւանից եւ Բաքվից։ Արցախյան ազատամարտի սկզբում այն ծառայել է ռազմական նպատակներով։ 1992 թ. Բերձորի ազատագրումից հետո օդանավակայանը մատնվել է պարապուրդի։ 2008 թ. սկսվել է օդանավակայանի նոր գլխավոր մասնաշենքի կառուցումը (ճարտարապետ՝ Տիգրան Բարսեղյան)։ Մասնաշենքը, ԼՂՀ գերբի նմանությամբ, արտաքինից նման է թեւերը մեկնած արծվի։ Օդանավակայանի վերաբացումը նախատեսված էր կատարել 2011 թ. մայիսին 9—ին, սակայն հետագայում անորոշ ժամանակով հետաձգվում է։ Նորացված եւ լայնացած թռիչքուղին հնարավորություն կունենա ժամանակակից մեծ ինքնաթիռներ ընդունելու։ 30-06-2012
|