|
Հիմնական զարգացումները՝ աշնանը ՀԱԿ—ում ուժերի տարանջատումը կշարունակվի՞
«Ժառանգություն» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ նախագահական ընտրություններում այլընտրանքային թեկնածու կարող է լինել «Ժառանգության» առաջնորդը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, նա հնարավոր է համարել նաեւ Վարդան Օսկանյանի առաջադրումը։ Արմեն Մարտիրոսյանը վստահ է, որ ընտրություններին կառաջադրվի նաեւ գործող նախագահը։ Ինչ վերաբերում է ՀԱԿ—ի կողմից նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրելուն, ապա Մարտիրոսյանը նշել է. «Չեմ կարծում, որ Լեւոն Տեր—Պետրոսյանը կառաջադրվի։ Իսկ ՀԱԿ—ում չեմ տեսնում այլ թեկնածու, որը ոչ միայն խարիզմատիկ լինի, այլեւ միանշանակ ընդունվի հենց ՀԱԿ—ի ներսում»։ «Վերջին շրջանում «Ժառանգություն» կուսակցության եւ խմբակցության ներկայացուցիչները իրենց են վերագրել Հայ Ազգային կոնգրեսի խոսնակների դերը։ Ես իրենց խորհուրդ կտայի այլ աշխատանք փնտրել։ Այլ աշխատանքի մեջ կարող է հաջողեն»,–իր հերթին հայտարարել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ պատասխանելով «Ժառանգության» անդամ Արմեն Մարտիրոսյանի հայտարարությանը։ Հարցին, թե Կոնգրեսը կարո՞ղ է այս պահին հայտարարել՝ առաջադրվելո՞ւ է Լեւոն Տեր—Պետրոսյանը նախագահական ընտրություններում, թե՞ ոչ, Զուրաբյանը պատասխանել է. «Հայ Ազգային կոնգրեսը լուրջ քաղաքական թիմ է եւ նախագահական ընտրություններին մասնակցության հետ կապված հարցերին կպատասխանի ժամանակին՝ աշնանը»։ Զուրաբյանի խոսքով, նախագահական ընտրություններում պետք է «կոնսոլիդացնող պոտենցիալ ունեցող թեկնածու» լինի, որը հենց Լեւոն Տեր—Պետրոսյանն է։ «Ես այլ հավասար թեկնածու չեմ տեսնում, որը կարողանա կոնսոլիդացնել ամբողջ ընդդիմադիր դաշտը»,–հավելել է Զուրաբյանը՝ ընդգծելով, որ դա իր «էքսպերտային գնահատականն է»։ Բացի այդ, Զուրաբյանի խոսքով, «նպաստավոր պայմաններ» են պետք, որպեսզի Լեւոն Տեր—Պետրոսյանը հայտարարի նախագահական ընտրություններում իր առաջադրման մասին։ Խոսելով ՀԱԿ—ում տարաձայնությունների մասին, նա խոստովանել է, որ դրանք ժամանակին «Բարգավաճ Հայաստանի» հետ համագործակցության եւ այլ մարտավարությունների հետ կապված եղել են։ «Մեր քննարկումների մեջ ժամանակին եղել են ինչ—որ տարաձայնություններ, խնդիրներ, տարակարծություններ, բայց հիմա կարծես նման տարակարծություն գոյություն չունի»,–հավելել է ՀԱԿ համակարգողը։ Ամռան երկու ամիսներին քաղաքական զարգացումներ չեն լինի. դրանք սպասվում են սեպտեմբերին։ Երեկ լրագրողների հետ հանդիպմանն ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալիկ Արզումանյանը կարծիք է հայտնել, որ «այդ ժամանակ էլ պարզ կդառնա, թե որ դաշտում է գործելու «Բարգավաճ Հայաստանը»։ «Կոնկրետ ինձ համար անհասկանալի է՝ ընդդիմադիր թե իշխանական դաշտում է գործելու, քանի որ կառավարության ծրագրին դեմ քվեարկելը ոչինչ չի նշանակում։ Մինչեւ նախագահական ընտրություններ պարզ կլինի, թե ո՞վ է ում ջրաղացին ջուր լցնում»,–նկատել է Արզումանյանը։ Խոսելով նախագահական ընտրությունների մասին՝ պատգամավորն ասել է, որ «առաջադրման ցանկության մասին խոսում է նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը, ում թեկնածությունը մենք կպաշտպանենք»։ «Յուրաքանչյուր քաղաքացի կարող է առաջադրվել, եւ պետք է ողջունել ցանկացած նոր ուժի ի հայտ գալը»,–կարծում է պատգամավորը։ Արզումանյանը կարեւորել է նախագահական ընտրություններում ընդդիմության՝ միասնական ճակատով հանդես գալը, որը հնարավորություն կտա մոբիլիզացնելու իրենց ուժերը։ Նա միաժամանակ նկատել է, որ այս պահին ընդդիմության դաշտը բավականին հատվածական է. «ՀԱԿ—ն ամենալայն ընդդիմադիր միավորն է, որն ունի կորուստներ եւ կշարունակի այդ գործընթացը. այս պահին գնում է տարանջատման գործընթացը»։
30-06-2012
|