|
Կանխվում են օրինախախտումները թերակշռումների ոլորտում
Ճշգրիտ կարող են աշխատել միայն ստուգաչափված կշեռքները
Թերակշռման հնամենի սովորույթը դեռեւս հրաժեշտ չի տալիս որոշ առեւտրականների։ Խոսքը վերաբերում է հիմնականում բացօթյա առեւտրում, գետնանցումներում գործածվող կենցաղային կշեռքների գործածությանը, որոնք սովորաբար վերահսկողության դաշտից դուրս են եւ չեն ստուգաչափվում։ Բազմիցս թե՛ սպառողների շահերը պատշպանող ՀԿ—ների ներկայացուցիչների, թե՛ համապատասխան ոլորտի պատասխանատումների կողմից հնչեցվել է կենցաղային կշեռքները առհասարակ գործածությունից հանելու մասին առաջարկը, թեպետ օրենքով արգելված է թե՛ բացօթյա առեւտրի իրականացումը, թե՛ կենցաղային կշեռքների օգտագործումն առեւտրում։ Խնդիրն այն է, որ փողոցային առեւտրի տաղավարները կամ բացօթյա շուկաները դուրս են վերահսկողության դաշտից, հետեւապես նաեւ խախտում արձանագրելու դեպքում չեն կարող օրենքով պատժվել։ Տուգանքներ կարող են մուծել միայն իրավաբանական անձինք, հետեւապես օրենքով ստուգաչափվում են հենց այդ տնտեսավարողների առեւտրում կիրառվող չափման միավորները։ Թերակշռման երեւույթները կամ ստուգաչափման նորմերի խախտումները նվազագույնի են հասցված առավել խոշոր եւ քաղաքակիրթ առեւտուր իրականացվող առեւտրային կետերում եւ սուպերմարկետներում, քանի որ դրանցում կիրառվող չափման միավորները վաղուց փոխարինվել են էլեկտրոնայինի, որոնց ոչ ճշգրիտ կշռմանը ամեն դեպքում ավելի քիչ ենք հակված կասկածելու։ Օրենքով հաստատված կարգով տարին մեկ անգամյա պարբերականությամբ տնտեսավարող սուբյեկտները պետք է ստուգաչափման ենթարկեն առեւտրում գործածվող չափման միավորները։ Այս գործընթացով զբաղվում է չափագիտության ազգային ինստիտուտը։ Վերոնշյալ կառույցի կողմից մշակված դրոշմապիտակը կապարակնքվում է ստուգաչափում անցած կշեռքների վրա, ընդ որում՝ տեսանելի հատվածում, ինչը թույլ է տալիս ենթադրելու, որ տվյալ կշեռքն արդեն ստուգաչափված է։ Տնտեսավարողները կամ իրենք են անձամբ կշեռքները ստուգաչափման տանում, կամ էլ, ծայրահեղ դեպքում, մասնագետն ինքն է տնտեսավարողին այցելում։ Այն տնտեսավարողները, որոնք ժամանակին չեն ստուգաչափում առեւտրում գործածվող կշեռքները, ենթարկվում են տուգանքների, որոնց սահմանված չափը 100 —300 հազար դրամ է։ Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանի դիտարկմամբ, օրինակ՝ տուգանքի այս չափը պետք է ենթակա լինի փոփոխման եւ սահմանվի՝ ելնելով տվյալ տնտեսավարող սուբյկետի առեւտրաշրջանառության ծավալներից։ Այսինքն, սպառողների շահերի պաշտպանի կարծիքով, օրինակ փոքր շրջանառություն ունեցող առեւտրային կրպակներիի համար այդ գումարը կարող է լուրջ սնանկացման պատճառ դառնալ, մինչդեռ խոշորների համար այն աննշան գումար է։ Սակայն եթե այս փաստը դիտարկենք օրենքի տեսանկյունից, ապա ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչության պետի տեղակալ Սլավիկ Խադինյանի պարզաբանմամբ, այս մեխանիզմի կիրառումը հակասում է տնտեսավարողների նկատմամբ հավասար պայմանների մոտեցման մեխանիզմին։ «Տուգանքների չափը փոփոխելու համար պետք է համապատասխան օրենսգրքում փոփոխություններ կատարվեն։ Մենք մտածում ենք այդ մասին, եւ կարծում ենք, որ արդեն ժամանակն է այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու, որպեսզի խոշորների ուղղությամբ ավելի խիստ տույժ–տուգանքներ սահմանվեն։ Թեպետ այս մեխանիզմի կիրառումը հակասում է այն հասկացությանը, որ տնտեսավարողների նկատմամբ պետք է հավասար մոտեցումներ կիրառվեն։ Այստեղ խախտվում է մոտեցման հավասարության սկզբունքը, ուստի պետք է ընտրել «ոսկե միջինը»,–ասաց տեսչության պետի տեղակալը՝ հավելելով, որ ձեռքի կշեռքները հաստատված եւ թույլատրված չեն որպես չափման միջոցներ, ուստի դրանք առեւտրի բնագավառում օգտագործման ենթակա չեն։ Չափման միջոցների, կանոնների եւ նորմերի խախտումների բացահայտմամբ եւ կանխարգելմամբ այսօր զբաղվում է հենց շուկայի վերահսկողության պետական տեսչությունը։ Պրն Խադինյանի համոզմամբ, չափման միավորների ճշգրիտ օտագործումը առեւտրում կարեւորվում է այն տեսանկյունից, որ անմիջապես առնչվում է սպառողների շահերի պաշտպանությանն հետ։ «Երբ օգտագործվում են ոչ հավաստի արդյունքներ ցույց տվող չափման միջոցներ, ապա առաջին հերթին վնասվում են գնորդի շահերը»։ Այս բնագավառում 2010 թ. տեսչության կողմից իրականացվել են մի շարք ստուգումներ բոլոր առեւտրային կետերում չափման միավորները գործող չափագիտության մասին օրենքի պահանջներին համապատասխանեցնելու համար, որոնց արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ։ Նախ՝ արձանագրվել են խախտումներ ոչ միայն ստուգաչափում չանցնելու նպատակով։ Ստուգումների արդյունքում պարզվել է, որ առեւտրում օգտագործվել են նաեւ այնպիսի չափման միջոցներ, որոնք համեմատելով չափագիտության ինստիտուտի էտալոնային կշռաքարերի հետ, արձանագրել են խիստ տարբերություններ։ Այս գործընթացից հետո կշռման նման մեխանիզմները, առհասարակ, հանվել են շրջանառությունից։ Ութ տնտեսավարողների նկատմամբ սահմանվել են վարչական տուգանքներ, իսկ արդյունքում՝ գանձվել է 1 մլն դրամի տուգանք։ Նախորդ տարի իրականացվել է նմանատիպ 18 ստուգում, որոնց արդյունքում չափման միջոցների ստուգաչափված չլինելու համար կիրառվել են տարբեր չափի տույժեր ու տուգանքներ։ Այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում տեսչությունն արդեն իրականացրել է 14 ստուգում, որոնց արդյունքում եւս ի հայտ են եկել օրինախախտումներ։ Պարզվել է, որ չափման միավորները ստուգաչափված չեն եղել, այսինքն սպառողները ապահովագրված չեն եղել վնաս կրելուց։ Նշենք, որ բացահայտվել են նաեւ դեպքեր, երբ տնտեսավարողները պոկել են ստուգաչափված կշեռքի վրա կապարակնքված դրոշմապիտակը եւ միջամտել դրա ճշգրիտ աշխատանքին։ «Դրոշմակնիքը պոկելու դեպքում այն տեսանելի է բոլորի համար, այնուամենայնիվ, սպառողները պարտադիր պետք է ուշադրություն դարձնեն ստուգաչափված դրոշմին»,–հորդորում է տեսչության պետի տեղակալը։ Վերջինս անդրադարձավ նաեւ «ՀՀ–ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում կատարված նոր փոփոխություններին, ինչի արդյունքում փոփոխության են ենթարկվել նաեւ տեսչության աշխատանքները։ Նոր օրենքով տարանջատվելու է ստուգման պարբերականությունը եւ առավելապես շեշտը դրվելու է ռիսկային օբյեկտների եւ ոլորտների վրա։ «Ռիսկային ստուգումների գործընթացը ենթադրում է փոփոխություններ ստուգումների մեթոդաբանությունում։ Պետք է մշակել տարանջատման մեթոդ բնակչության եւ պետության համար բարձր, ցածր եւ միջին ռիսկայնություն ունեցող օբյեկտների միջեւ։ Հաշվի է առնվելու թե օբյեկտի ռիսկայնությունը, թե տնտեսավարողի իրավախախտումների նկատմամբ ունեցած նրա դիրքը»,–ասաց Ս. Խադինյանը։ Այն տնտեսավարող սուբյեկտները, որոնք ունեն բարձր ռիսկայնության մակարդակ, պետք է տարին մեկ անգամ պարտադիր ենթարկվեն ստուգման, եթե ունեն միջին ռիսկայնություն, ապա ստուգման հաճախականությունը նվազում է մինչեւ 3 տարի։ Իսկ ցածր ռիսկայնության դեպքում նախանշված է 5 տարվա պարբերականություն։ Այսինքն, սրանք այն տնտեսավարողներն են, որոնք բարեխիղճ վարքի տեր են եւ իրավախախտումների առումով ունեն ամենացածր մակարդակը։ Բավականաչափ աշխատանքներ են տարվել նաեւ ստուգաթերթիկների պատրաստման ուղղությամբ։ Ռիսկային ոլորտներից են համարվում, օրինակ, բենզալցակայանները, երեխաների հիգիենայի պահպանման միջոցները։ Վերցնելով կասկածի ենթակա ապրանքների փորձանմուշները, դրանք անմիջապես ուղարկվում են լաբորատորիա փորձաքննության, որոշելու համար գործող կանոնակարգերին դրանց համապատասխանեցումը։ Տեղեկացանք նաեւ, որ օրեր առաջ նման գործընթացի արդյունքում, տեսչության աշխատակիցներին հաջողվել է կասեցնել մի քանի ապրանքատեսակների իրացումը շուկայում, որոնցից մեկը եղել է վրացական ծագման մանկական տակդիր եւ կանացի խնամքի լոսյոն։ Ինչ վերաբերում է մանկական տակդիրին, ապա վերջինիս մեջ, լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտաբերվել էր ֆորմալինի բարձր տոկոսայնություն, ինչի գերքանակը կարող էր վնասակար ազդեցություն թողնել։ Իսկ կանացի լոսյոնի տհաճ բույրը կասկածի տեղիք էր տվել սպառողների շրջանում, եւ վերջիններս այս կապակցությամբ դիմում–բողոք էին ներկայացրել տեսչությանը։ «Ցանկացած ներկրող որեւէ ապրանքատեսակ ներմուծելու համար պետք է պարտադիր սերտիֆիկատ ունենա, որի բացակայությունը եւս լուրջ օրինախախտում է։ Շատ անգամներ առանց սերտիֆիկատի առկայության մեծածախ իրացում է կատարվում, եւ ներկրողը առանց որեւէ դժվարության եւ առանց փաստաթղթի առկայության վաճառք է իրականացնում։ Այս գործում մեզ պետք է սպառողն աջակցի եւ զերծ մնա առանց համապատասխան փաստաթղթի շուկայական գործարքներ իրականացնելուց»,–նշեց տեսչության պետի տեղակալը։ Իսկ ինչ վերաբերում է թերակշռումների հաճախակի կրկրնվող դեպքերին, ապա զրուցակիցս խորհուրդ տվեց սպառողներին լինել առավել աչալուրջ կշռման գործընթացի ժամանակ եւ նվազագույնի հասցնել խաբվելու հավանականությունը, իսկ կենցաղային կշեռքներից խույս տալ առհասարակ եւ գնումներ կատարել առեւտրի քաղաքակիրթ կենտրոններից։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
30-06-2012
|