|
Հայաստանը վճռական է իրականացնելու լայնածավալ բարեփոխումներ
Հայաստանում էր Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը
Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը հուլիսի 3—5—ը պաշտոնական այցով Հարավային Կովկասում է։ Այցը մեկնարկել է Երեւանում, որտեղ նա հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Հայկական կողմը հավատացած է, որ Եվրոպական միությունից նման բարձր մակարդակի այցը մեծապես նպաստում է երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանն ու ընդլայնմանը։ Այս պահին կողմերը հարաբերություններում արձանագրում են նկատելի առաջընթաց մի շարք ուղղություններով՝ վերահաստատելով իրենց նպատակադրվածությունը՝ պահպանելու դրական դինամիկան եւ շարունակաբար զարգացնելու համագործակցությունը։ «Հայաստանը վճռական է իրականացնելու լայնածավալ բարեփոխումներ՝ ուղղված մեր երկրի հետագա ժողովրդավարացմանը, օրենքի գերակայության ամրապնդմանը, սոցիալ—տնտեսական իրավիճակի էական բարելավմանը, պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը։ Այդ գործընթացում՝ ի դեմս Եվրոպական միության, մենք տեսնում ենք վստահելի գործընկերոջ եւ աջակցողի»,—Եվրոպական խորհրդի նախագահի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ճեպազրույցում ասաց Ս. Սարգսյանը։ Նա հայտարարեց, որ հանդիպմանը եւս մեկ անգամ վերահաստատվել է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ՄԱԿ—ի կանոնադրության եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների հիման վրա. «Ուժի կիրառման սպառնալիքները եւ զինված սադրանքները նույնչափ անհարիր են 21—րդ դարի Եվրոպայի համար, որքան ազգատյաց հայտարարությունները, անհանդուրժողականությունը, պատմության վերախմբագրման փորձերը։ Մենք ողջունում ենք Եվրոպական միության պատրաստակամությունը վստահության ամրապնդման միջոցառումներ իրականացնելու եւ տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հասնելու հարցում»։ Նախագահը նկատեց, որ Հայաստանում կայացած խորհրդարանական վերջին ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԵՄ—ի եւ Հայաստանի գնահատականները համընկնում են. սրանք լավագույն ընտրություններն էին նորանկախ Հայաստանի պատմության մեջ, բայց դեռեւս շատ անելիքներ կան ընտրական գործընթացի հետագա բարելավման ուղղությամբ։ Ս. Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը նոր առաջընթաց գրանցելու 2013 թվականի նախագահի ընտրությունների կազմակերպման եւ անցկացման հարցում։ Նախատեսվում է մոտ ապագայում ավարտին հասցնել Հայաստան—ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունները եւ սեղմ ժամկետներում ավարտել նաեւ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու բանակցությունները։ Ընթանում են մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի բանակցությունները։ Հայաստանը ցանկություն ունի, որ դրանք հնարավորինս արագ ավարտվեն՝ լայն հնարավորություններ ստեղծելով երիտասարդների, արվեստագետների, գիտնականների, մարդկանց միջեւ շփումներն ընդարձակելու համար։ Հայաստանը շնորհակալ է իր եվրոպացի գործընկերներին՝ բարեփոխումներին սատարելու պատրաստակամության համար։ Հայաստանի նախագահը խոսեց նաեւ տնտեսական խնդիրներից՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ հատկապես փոքր պետությունների տնտեսությունները խոցելի են տնտեսական լարվածությունների ժամանակ. «Մենք ակնկալում ենք, որ, որպես Արեւելյան գործընկեր, կստանանք այդ դժվարությունները հաղթահարելուն ուղղված աջակցության մեր մասը»։
25 տոկոսով ավելի ֆինանսական օժանդակություն՝ Հայաստանին
Հայաստան—Եվրամիություն հարաբերություններում առաջընթաց է արձանագրվել մի շարք ոլորտներում եւ գործընթացներում։ Առաջընթաց է արձանագրվել Ասոցացման համաձայնագրի շուրջ, սկսվել են բանակցությունները խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ։ Այս տարվա փետրվարին մեկնարկեցին մուտքի արտոնագրերի դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագրերի շուրջ բանակցությունները՝ որպես առաջին քայլ մուտքի արտոնագրերի ազատականացման ուղղությամբ։ Հերման վան Ռոմպոյը հայտարարեց, որ ԵՄ—ն որոշել է Հայաստանի համար 2012 թվականի տարեկան իր օժանդակությունն ավելացնել 25 տոկոսով՝ 15 մլն եվրոյի չափով՝ «Արեւելյան գործընկերության» ինտեգրման եւ համագործակցության հոդվածի ներքո։ Այդ միջոցներն օգտագործվելու են մի շարք բարեփոխումներին աջակցելու համար։ ԵՄ պաշտոնյան իր խոսքում ողջունեց Հայաստանի ջանքերը առավել մրցակցային եւ թափանցիկ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցում։ Նա նշեց, որ դա կարեւոր քայլ առաջ էր, սակայն որոշ խնդիրներ դեռեւս առկա են. ԵՄ—ում հույս ունեն, որ այդ խնդիրները կկարգավորվեն մինչեւ առաջիկա նախագահական ընտրությունները. «Սրա հիման վրա ես հաճույքով հայտարարում եմ, որ Եվրոպական հանձնաժողովը այժմ ի վիճակի է սկսել դոնորների կոնֆերանս անցկացնելու նախապատրաստությունները Հայաստանի եւ միջազգային ֆինանսական հաստատությունների հետ։ Ողջունում եմ Եվրոպական միության հիմնական արժեքների հիման վրա բարեփոխումներ անցկացնելու Հայաստանի հանձնառությունը։ Սա ակնհայտորեն Հայաստանի ռազմավարական ընտրությունն է։ Ես խրախուսում եմ Հայաստանին շարունակել այդ ճանապարհը՝ հզորացնելով իր ժողովրդավարական հաստատությունները, խրախուսելով թափանցիկությունը, արմատախիլ անելով կոռուպցիան եւ հարգելով մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը, ներառյալ խոսքի եւ մամուլի ազատության իրավունքը։ Որքան ավելի զորեղ կլինի ձեր հանձնառությունը իրական բարեփոխումներ իրականացնելու եւ համընդհանուր արժեքները պաշտպանելու գործում, այդքան էլ դուք կարող եք հենվել Եվրամիության վրա՝ «ավելին ավելիի դիմաց» սկզբունքով»։
«Ռազմական ուժը լուծում չէ»
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Եվրամիության դիրքորոշումն անփոփոխ է. ռազմական ուժը չի կարող լուծում լինել, փոխարենը հարցը պետք է լուծվի խաղաղ եւ բանակցային ճանապարհով, Մադրիդյան սկզբունքների հիման վրա։ Եվրոպական խորհրդի նախագահը համարում է, որ խնդրի կարգավորումը պետք է առաջնահերթություն մնա, քանզի ամեն անցնող օր կորսված հնարավորություն է։ Խնդիրը լուծելու համար նա հատկապես կարեւորում է վստահության եւ հարգանքի կառուցման գործոնը. «Լուրջ մտահոգությամբ ենք տեղեկացել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին եւ շփման գծում վերջին լուրջ զինված միջադեպերի մասին։ Խորապես ցավում եմ մարդկային կորուստների համար եւ ցավակցում զոհվածների ընտանիքներին»։ Վան Ռոմպոյը կարեւորեց, որ Հայաստանը ու Ադրբեջանը լիովին իրականացնեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ստանձնած իրենց հանձնառությունները՝ խստորեն պահպանելով հրադադարը, տեղանքում զսպվածություն ցուցաբերեն եւ իրենց հրապարակային հայտարարություններում խուսափեն թշնամական հռետորաբանությունից։ ԵՄ—ն պատրաստ է աջակցել վստահության կառուցման ցանկացած միջոցի։ Նախագահ Սարգսյանի անունից ի պատիվ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի՝ տրվել է աշխատանքային ճաշ։
Ալլա ՍԵՐՈԲՅԱՆ
05-07-2012
|