|
Նախ՝ գիտելիք, հետո՝ վարձավճար
ՀԱՀ—ը կրթություն է առաջարկում նաեւ բակալավրիատի ծրագրով
Տնտեսության պահանջներին հետեւողի ոտքը «քարին չի առնում», ասել է թե՝ բուհերի առաջարկը որակյալից զատ, պետք է համապատասխանի տնտեսության չափանիշներին։ Հայաստանի ամերիկյան համալսարանը դրանք ուսումնասիրել է։ Ըստ այդմ էլ մասնագիտացում է առաջարկում «Գործարար կառավարում» (յուրաքանչյուր կիսամյակի համար վճարը կազմում է 600.000 դրամ) «Հաշվողական գիտություններ» (կիսամյակը՝ 500.000 դրամ) եւ «Անգլերեն եւ հաղորդակցություն» (կիսամյակը՝ 500.000 դրամ) բաժիններում։ Հիշյալներն առաջարկվում են բակալավրիատի աստիճան շնորհող ծրագրով։ Այդ ծրագիրը ՀԱՀ—ում առաջին անգամ կմեկնարկի 2013թ. աշնանը։ Մինչ այդ Հայաստանի ամերիկյան համալսարանը շնորհել է միայն մագիստրոսի կոչում։ «Բակալավրիատի ծրագիրը տեղին էր եւ ժամանակին։ Համալսարանում բոլորս ուրախություն ենք ապրում՝ հասնելով Հայաստանի եւ տարածաշրջանի ապագա արհեստավարժների համար բարձրորակ բակալավրի աստիճան շնորհող ծրագրի այս նոր ելակետին։ Մենք շարունակելու ենք հավատարիմ մնալ ամերիկյան կրթությանը եւ առաջարկելու ենք ակադեմիական կրթություն՝ ակնկալելով կենսունակ, միջազգային պրոֆեսորադասախոսական կազմ եւ ուսանողներ՝ Հայաստանից ու արտերկրից։ Ներկայացված մասնագիտությունները համապատասխանեցված են տնտեսության պահանջներին։ Այլ համալսարանների մասնագիտությունների կրկնօրինակումից խուսափել ենք»,—երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀԱՀ նախագահ Բրյուս Պողոսյանը՝ հույս հայտնելով, որ ներկայացվելիք դիմում—հայտերը առաջարկվող տեղերին կգերակշռեն, ինչն էլ հնարավորություն կտա դիմորդների միջեւ ընտրություն կատարել եւ որակյալներին ընտրել։ Նախատեսվում է յուրաքանչյուր տարի ներգրավել 300 ուսանող եւ մինչեւ 2017թ. ուսանողների թիվն ընդլայնել մինչեւ 1200—ի։ ՀԱՀ—ում կրթությունն իրականացվելու է անգլերենով՝ բացառությամբ «Հայոց լեզու» եւ «Հայ գրականություն» առարկաների։ Հետեւաբար բոլոր դիմորդները պետք է դրսեւորեն անգլերեն լեզվի լավ իմացություն։ «Հաշվողական գիտություններ» եւ «Գործարար կառավարում» մասնագիտությունների համար դիմորդները գերազանց գիտելիքներ պետք է ունենան մաթեմատիկայից։ Հակառակ դեպքում նրանց կտրամադրվի խորհրդակցություն՝ գիտելիքները համալրելու համար։ ՀԱՀ—ի ղեկավարության հավաստմամբ, իրենց դիմում ուղարկելուց առաջ մասնագիտանալ ցանկացող երիտասարդները վարձավճարից առաջ պետք է մտածեն գիտելիքների ուղղությամբ։ «ՀԱՀ—ը որդեգրել է ամբողջական ֆինանսական աջակցության քաղաքականություն։ Որեւէ հայ ուսանող անվճարունակության պատճառով չի զրկվի ՀԱՀ—ում կրթվելու հնարավորությունից։ Այսինքն, ուսանողներն ընդունվում են բացառապես իրենց ակադեմիական գիտելիքների հիման վրա՝ անկախ վճարունակությունից»,—հաստատեց պարոն Պողոսյանը։ Հայ ուսանողներին ֆինանսական աջակցություն տրամադրվելու է ցածր վճարունակության եւ գերազանց առաջադիմության դեպքում։ Իսկ օտարերկրյա ուսանողներն այդ օժանդակությունը կստանան միայն գերազանց առաջադիմության դեպքում։
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ 19-07-2012
|