|
Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Արգենտինայի դեսպանին Հուլիսի 19—ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Դիեգո Էրնեստո Ալվարես Ռիվերային, հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Հանդիպմանը Նորին սրբությունը շնորհավորեց դեսպանին նշանակման առիթով՝ մաղթելով արդյունավետ առաքելություն Հայաստանում, ապա անդրադարձ կատարեց երկու երկրների միջեւ առկա համագործակցությանը։ Վեհափառ հայրապետն ուրախություն հայտնեց, որ Արգենտինայի հետ միջպետական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են գտնվում եւ արտացոլում են երկու ժողովուրդների միջեւ առկա ջերմ կապերը։
Այնուհետեւ Նորին սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ Արգենտինայի հայ համայնքի դերակատարությանը երկրի կյանքին՝ նշելով, որ արգենտինահայ համայնքը սփյուռքի լավագույնս կազմակերպված հզոր համայնքներից է եւ սիրված ու հարգված է երկրում, որտեղ հայությունը շաղախված է երկրի մշակույթին եւ առհասարակ կյանքի բոլոր ոլորտներին։ Նորին սրբությունը մասնավորապես արգենտինահայերի մեջ ընդգծեց բարեսիրական ոգին, ովքեր իրենց նվիրական պարտքն են համարում զորակցել ազգային կյանքին, հոգեւոր եւ մշակութային տարբեր հաստատություններին։
Իր հերթին Արգենտինայի դեսպանը շնորհակալություն հայտնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ջերմ ընդունելության համար եւ վստահեցրեց, որ պիտի ջանա նպաստել երկու երկրների ու երկու ժողովուրդների միջեւ առկա բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը։ 20-07-2012
|