|
Տնտեսական ցուցանիշները հուսադրող են
Էկոնոմիկայի նախարարն ամփոփեց կիսամյակային արդյունքները
ՀՀ կառավարությունը ներկայումս աշխատանքներ է տանում «Արտահանման վրա հիմնված արդյունաբերության քաղաքականության ռազմավարության» իրականացման ուղղությամբ, ինչը միտված է արտահանման ուղղվածություն ունեցող զարգացած արդյունաբերական համակարգի ձեւավորմանը։ Այս տարվա սկզբից արդյունաբերության ոլորտում մշակվել եւ կառավարության ուշադրությանն են արժանացել 8 ընկերությունների ներդրումային ծրագրեր, որոնց ընդհանուր ծավալը կազմում է 17,5 մլրդ դրամ։ Այդ ծրագրերից ոմանց ուղղությամբ սահմանվել են համապատասխան արտոնություններ եւ ռեժիմներ։ Այդ ծրագրերից են, մասնավորապես, «Արարատ սննդի կոմբինատի» ծրագիրը, «Նոյյան» հյութերի արտադրության նոր ներդրումային ծրագիրը եւ այլն, որոնք ընթացքի մեջ են եւ մինչեւ տարեվերջ իրականություն կդառնան։ Նշված ծրագրերի արդյունքում նախատեսվում է ստեղծել մոտ 340 նոր աշխատատեղ։ Արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 92 մլրդ դրամ, իսկ աճի տեմպը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ կազմել է 104,4 տոկոս։ Երկու եռամսյակի ընթացքում արտադրվել է ավելի քան 501,4 մլրդ դրամի արտադրանք՝ նախորդ տարվա համեմատ գրանցելով 13 տոկոսի աճ։ Այս մասին վիճակագրական ամփոփիչ տվյալներ հրապարակվել է «ՀՀ»—ի նախորդ համարում։ Իսկ երեկ լրագրողներին կիսամյակային տնտեսական զարգացման արդյունքները ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը։ Նա տեղեկացրեց, որ արդյունաբերության ոլորտում վերոնշյալ աճը ապահովվել է կայուն տեմպերով աճող մի քանի ճյուղերի, մասնավորապես՝ հանքագործության, հիմնական մետաղների արտադրության, սննդամթերքի եւ խմիչքների արտադրության, թեթեւ արդյունաբերության, պատրաստի մետաղե արտադրատեսակների եւ էլեկտրական սարքավորումների արտադրության հաշվին։ Այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով տնտեսության ոլորտում արձանագրվել է 7,8 տոկոս աճ, ինչը նախարարը դրական որակեց եւ համարեց լավատեսության հիմք տարեվերջյան բարձր ցուցանիշներ ակնկալելու առումով։ «Այս ժամանակահատվածում ականատես եղանք եւ կլինենք նոր ձեռնարկությունների եւ հզորությունների գործարկման փաստին, որոնք ամբողջովին բավարարում են միջազգային չափանիշներին։ Վերակագնում ենք մեր արդյունաբերությունը, սակայն արդեն բոլորովին նոր հենքի վրա, ինչը կարեւոր է ժամանակակից պահանջների ընկալման առումով։ Նախարարության կողմից անցկացված մոնիտորինգի շրջանակներում արդյունաբերության ոլորտում ներգրավված մոտ 200 ձեռնարկությունների ուղղությամբ իրականացվում են աջակցության ծրագրեր, որոնք վերաբերում են թե՛ հարկային արտոնություններին, թե՛ մաքսային ռեժիմների, թե՛ վարկավորման պարզեցման եւ թե տարբեր խթանման մեխանիզմներին, այդ թվում նաեւ պետական եւ մասնավոր հատվածի համագործակցությանը։ Համատեղ գործողությունների այս ձեւաչափը լավագույնն է, ինչը դրական ընկալում է ստանում, թե՛ գործընկերների եւ թե՛ մասնավոր հատվածի կողմից»,– ասաց Տիգրան Դավթյանը։ Մեծ աշխատանքներ են տարվում գործարար մթնոլորտի բարելավման ուղղությամբ, մասնավորապես օտարերկրյա եւ տեղացի ներդրողների համար փորձ է արվում պարզեցնել բիզնես սկսելու եւ վարկավորման բոլոր ընթացակարգերը, այդ թվում նաեւ հարկային եւ մաքսային ոլորտներում։ Ծառայությունների ոլորտում էլ աճի տեսակարար կշիռը շարունակում է պահպանվել ֆինանսական, ապահովագրական եւ հեռահաղորդակցության ոլորտների հաշվին։ Առաջին կիսամյակում արտահանման ոլորտում մեծ թիվ են կազմել հետեւյալ ապրանքատեսակները՝ հանքահումքային արտադրանքը, թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերը, թանկարժեք մետաղները եւ պատրաստի սնունդը։ Արտահանման առումով դարձյալ Հայաստանի խոշոր առեւտրատնտեսական գործընկերներն են շարունակում մնալ ՌԴ—ն, Գերմանիան, Բելգիան եւ Բուլղարիան։ Այս տարվա աշնանը արդեն իրականություն կդառնա ազատ տնտեսական գոտու գործարկումը։ Այժմ ընթանում են բանակցություններ եւ նախնական ընթացակարգեր են իրականացվում նաեւ երրորդ ազատ տնտեսական գոտու կառուցման ուղղությամբ, սակայն արդեն՝ օդանավակայանի հենքի վրա։ Այս նախաձեռնության նկատմամբ, էկոնոմիկայի նախարարի վստահեցմամբ, արդեն նկատվում է մեծ հետաքրքրություն ներդրողների շրջանում։ Այս գոտիներում պետք է լինեն նոր ընկերություններ եւ նոր տեխնոլոգիաներ, օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ։ Մեծ դինամիկա է նկատվում նաեւ ՏՏ ոլորտում։ Բավական ակտիվ զարգանում է նաեւ տնտեսության այս ճյուղը, որի ուղղությամբ գործունեություն ծավալող ընկերությունների թիվը հասնում է 300—ի, իսկ ոլորտում զբաղվածների թիվը՝ մոտ 6800—ի։ Արդեն սկսվել են Գյումրու տեխնոպարկի հիմնական շենքի հիմնանորոգման աշխատանքները, որոնք ավարտին կհասցվեն առաջիկա 2 տարիների ընթացքում։ Միջազգային չափանիշներին համապատասխան նորակառույց շենքը կգործի նաեւ որպես ինկուբացիոն կենտրոն ինչպես արդեն գոյություն ունեցող, այնպես էլ նորաստեղծ լաբորատորիաների եւ ընկերությունների համար։ Այս ոլորտում տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ, եւ, Տիգրան Դավթյանի գնահատմամբ, ՏՏ ոլորտը տնտեսության համար ճափազանց կարեւոր ճյուղ է նաեւ արդյունաբերության տեսանկյունից։ Ինտենսիվ աշխատանքներ են տարվում նաեւ փոքր եւ միջին ձեռնարկատիրության ոլորտում։ Շարունակվում է ՓՄՁ սուբյեկտներին աջակցության 2012 թ. ծրագիրը, որն իրականացման փուլում է, եւ առաջին կիսամյակում արդեն բավարարվել է 4435 աջակցության հայտ։ Այդ ՓՄՁ սուբյեկտների միայն 6,5 տոկոսն է գործունեություն ծավալում Երեւան քաղաքում, իսկ 93,5 տոկոսը տեղակայված է ՀՀ մարզերում, առավելապես հեռավոր եւ սահմանամերձ գյուղական եւ քաղաքային համայնքներում։ Ակտիվ ընթանում են Եվրամիության խոշորագույն շուկայում Հայաստանի ներգրավվածությանն ուղղված աշխատանքները։ Խոսքը վերաբերում է նաեւ ԱՊՀ երկրների եւ ԵՄ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտիների ստեղծման հնարավորություններին, որին «ՀՀ»—ն արդեն անդրադարձել է։ Նախարարի դիտարկմամբ, այժմ որոշակի խնդիրներ կան որակի եւ չափագիտության ոլորտներում, որակի վերահսկողության համակարգերի բարեփոխման առումով։ Ուստի ընդունվել եւ կիրառվում են կարեւոր որոշումներ ոլորտը արդիականացնելու ուղղությամբ։ Ձեւավորվել են երեք կարեւորագույն ազգային կառույցներ՝ որոնցից են չափագիտության ազգային ինստիտուտը, ստանդարտացման ինստիտուտը եւ հավատարմագրման ազգային կառույցը, որն իր բնույթով նույնն է։ Այս երեք կառույցները ձեւավորվել են մինչ այժմ գոյություն ունեցող հենքի վրա եւ կատարելու են բավական լուրջ առաքելություն որակի վերահսկողության համակարգերի արդիականացման եւ դրանք միջազգային եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ։ Նախարարի խոսքով՝ աշխատանքները ընթացքի մեջ են եւ ունեն հստակ ժամանակացույց։ Ինչ վերաբերում է առաջիկա կանխատեսումներին, ապա Տիգրան Դավթյանը համոզված է, որ առաջիկա ծրագրերի գործարկումը թույլ կտա մինչեւ տարեվերջ պահպանել տնտեսության ցուցանիշների ներկայիս դինամիկան։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ 24-07-2012
|