|
Lրացուցիչ փուլին մասնակցել է 700 դիմորդ Հանրապետական ընդունող հանձնաժողովը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը։ Ըստ ԿԳՆ պաշտոնական կայքի, նիստի օրակարգում ընդգրկված էին ՀՀ պետական եւ ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2012 թվականի ընդունելության ցուցակների ճշգրտման, ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26—ի N597 Ն որոշմամբ հաստատված կարգի 111—րդ կետով նախատեսված լրացուցիչ փուլի արդյունքների ամփոփման, ինչպես նաեւ քաղաքացիներից եւ կազմակերպություններից ստացված դիմումների (գրությունների) հետ կապված հարցեր։
Օրակարգի հարցերը ներկայացրել եւ համապատասխան պարզաբանումներով է հանդես եկել ՀՀ ԿԳՆ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ, հանրապետական ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ռ. Սուքիասյանը։
Անդրադառնալով օրակարգի առաջին հարցին՝ Ռ. Սուքիասյանը ներկայացրել է ընդունելության առաջին փուլի ցուցակների ճշգրտման հետ կապված հարցեր։ Համաձայն օրակարգի երկրորդ հարցի՝ վարչության պետը տեղեկացրել է, որ լրացուցիչ փուլին մասնակցելու հայտ է ներկայացրել առաջին փուլից դուրս մնացած շուրջ 1200 դիմորդից ավելի քան 700—ը, որոնցից բուհ չի ընդունվել միայն 51 դիմորդ։
Լրացուցիչ փուլում բարձր մրցույթ է արձանագրվել ԵՊՀ «Եկեղեցաբանություն» եւ ՀՊՄՀ «Գրադարանային—տեղեկատվական աղբյուրներ» մասնագիտությունների գծով։ Անդրադառնալով օրակարգի երրորդ հարցին՝ Ռ. Սուքիասյանը ներկայացրել է քաղաքացիներից ստացված դիմումները, որի արդյունքում հանձնաժողովը, գործող օրենսդրության շրջանակում, քվեարկությամբ որոշել է բավարարել եւ կամ մերժել դիմումատուներին։ 26-07-2012
|