|
Գնահատական՝ միայն որակին
«Մրցանակաբաշխություն—2013»—ն ընթացքի մեջ է
Երկրի մտավոր կյանքն աշխուժանում է։ Դրա խթաններից է 2007թ. անցկացվող «Գիտական եւ ստեղծագործական լավագույն աշխատանքների մրցանակաբաշխությունը»։ Այն անցկացվում է Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության կողմից՝ ՀՀ սփյուռքի, ԿԳ, մշակույթի նախարարությունների հետ համագործակցությամբ։ Դրա մշտական մասնակիցներն են ՀՀ ԳԱԱ—ն, Հայաստանի գրողների, ժուռնալիստների, նկարիչների, կոմպոզիտորների միությունները եւ ՀՀ երաժշտական ընկերությունը։ Գիտական եւ ստեղծագործական լավագույն աշխատանքների մրցանակաբաշխությունն արդեն տեղ է զբաղեցրել մեր ավանդույթների շարքում։ Այն համահայկական նշանակություն ունեցող միջոցառում է։ Այս նախաձեռնությանը մասնակցում են ՀՀ, ԼՂՀ եւ սփյուռքահայ մտավորականներ։ «Մեր հարցերի հարցն է մրցանակաբաշխության արդյունքում ստանալ միջազգային չափանիշներին համապատասխանող գործեր»,—երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանը։ Անցած տարիների ընթացքում լավագույն գիտական աշխատանքների մրցույթին մասնակցել են մտավորականության 1250 ներկայացուցիչներ։ Նրանցից ավելի քան 150—ը դարձել են մրցանակակիրներ։ «Այսօր գիտության եւ ստեղծագործության ոլորտում կան լուրջ դժվարություններ։ Այս իմաստով այդ մրցանակները բավականին լուրջ օգնություն են։ Մրցանակաբաշխությունը մեծ արձագանք է գտել գիտական հատվածում։ Աշխատանքների մակարդակներն էլ բավականին բարձր են։ Մենք մեր տարածաշրջանում, նաեւ ԱՊՀ երկրների շարքում գրավում ենք բավականին բարձր տեղեր։ Եվ եթե կարողանանք մրցանակներն ավելի շոշափելի դարձնել, ապա առավել լավ արդյունքներ կունենանք»,—վստահեցրեց ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը։ Այս ամիս էլ մեկնարկել է «Մրցանակաբաշխություն—2013»—ը։ Արդյունքները կամփոփվեն 2013թ. հուլիսին։ Բայց մինչ մրցույթի արդյունքները ներկայացնելը, մասնագետները վստահեցնում են, որ մրցանակը տրվելու է միայն ու միայն աշխատանքի որակի համար։ Այստեղ բացառվելու են խնամիները, ծանոթները եւ բարեկամները։ Ուստի մնում է մասնագիտական կարողությունների վրա վստահ լինել, մասնակցության հայտ ներկայացնել եւ ծանոթանալ պայմաններին։ Ասենք, օրինակ՝ գիտնականների համար անցկացվող «Լավագույն գիտական աշխատանք» մրցույթին կարող են մասնակցել մինչեւ 35 տարեկան երիտասարդ գիտնականները, որոնք մրցույթին կարող են ներկայացնել միայն 2011—2012թթ. հրատարակված գիտական հոդվածների շարք կամ մենագրություններ ու արտոնագրված աշխատանքներ։ Մրցույթի այս մասի մրցանակային ֆոնդը կազմում է 13 մլն դրամ։ Գրողների համար մրցանակաբաշխությունն անց է կացվում «Գրականության մրցանակաբաշխություն—21—րդ դար» խորագրով։ Այս անվանակարգում նորամուծություն կա։ «Մանկական գրականությունը հետընթաց է ապրում։ Ամենաերիտասարդ մանկական գրողն այսօր 50 կամ 60 տարեկան է։ Նրանք պետք է ժառանգորդներ ունենան։ Դրա համար էլ ժանրերին ավելացրել ենք նաեւ մանկապատանեկան գրականությունը»,—տեղեկացրեց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը։ Այսպիսով, հիշյալ խորագիրը պահանջում է հետեւյալ ժանրերը՝ գեղարվեստական արձակ, պոեզիա, դրամատուրգիա կամ մանկապատանեկան գրականություն։ Լրագրողների համար մրցույթն իրականացվում է «Մեր հավատամքը՝ պետականություն, միասնություն, ազգային ինքնություն» թեմայով։ Սահմանվում են մրցանակներ տպագիր մամուլի, հեռուստառադիոհաղորդումների, սփյուռքահայ լրատվամիջոցների համար։ Հատուկ մրցանակ է նախատեսվում Ռուսաստանի հայերի միության գործունեությունը լուսաբանող լավագույն հրապարակման համար։ Վերջին երկու անվանակարգերից յուրաքանչյուրի մրցանակային ֆոնդը 5.5 մլն դրամ է։ Այս մրցանակաբաշխության ընդհանուր ֆոնդը կազմում է 65 մլն դրամ, որից 39 մլն դրամը տրամադրվում է «Գիտության եւ ստեղծագործական աշխատանքների միջազգային մրցանակաբաշխություն—2013»—ի անցկացմանը։
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ 28-07-2012
|