|
Աջակցություն սիրիահայ ուսանողներին
Վարձավճարն այս տարի կհաշվարկվի 50 տոկոս նվազեցված սակագներով
Սիրիայում ստեղծված իրավիճակը երեկ քննարկվել է կրթության եւ գիտության նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը։ Խորհրդակցության ընթացքում, մասնավորապես, քննարկվել են Սիրիայում ստեղծված իրավիճակի հետեւանքով Հայաստան վերադարձած սիրիահայերի կրթության կազմակերպման խնդիրները. «Առկա իրավիճակում մեր հայրենակիցների կրթական կարիքների բավարարման գործընթացում պարբերաբար տարբեր հարցեր են ծագում, եւ պետությունը պարտավոր է ստեղծել բոլոր հնարավորությունները եւ լծակները՝ կրթության տարբեր աստիճաններում վերջիններիս համապատասխան կրթական ծառայություններ առաջարկելու համար։ Հասարակությունը եւս պետական մարմիններից ակնկալում է հատուկ պայմաններ եւ մոտեցումներ, մասնավորապես, գործընթացն անհարկի չբյուրոկրատացնելու եւ մեր հայրենակիցների համար ավելորդ խոչընդոտներ չստեղծելու, ինչպես նաեւ սիրիահայերին մեր հասարակությանն ինտեգրելու տեսանկյունից։ Պետք է անել հնարավորը՝ դժվար իրավիճակում հայտնված մեր հայրենակիցների համար բարենպաստ պայմաններ եւ միջավայր ստեղծելու եւ անհատական մոտեցում որդեգրելու համար»,– ԿԳՆ լրատվականի հաղորդմամբ, ներկայացնելով առկա խնդիրները՝ նշել է նախարար Աշոտյանը։ Ինչ վերաբերում է հանրակրթության ոլորտում սիրիահայ երեխաների կրթության հնարավորությանը, նախարարն ընդգծել է, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ ձեռք է բերվել համաձայնություն՝ նշված հարցում միանման քաղաքականություն իրականացնելու վերաբերյալ։ Հիմնական դպրոցներում քաղաքապետարանի աջակցությամբ որոշակի խնդիրներ իրենց լուծումն են գտել՝ համապատասխան դպրոցների ընտրության, արագացված կուրսերի կազմակերպման, ինչպես նաեւ անհատական մոտեցման համատեքստում։ Նախարարը հանրակրթության վարչության պետին հանձնարարել է նշված գործընթացն իրականացնել նաեւ ավագ դպրոցներում. մայրաքաղաքում համապատասխան տարածքային բաշխմամբ առանձնացնել երեք ավագ դպրոց եւ հրապարակել դրանց ցանկը, որպեսզի մեր հայրենակիցները տեղյակ լինեն, թե կոնկրետ որ դպրոցներում են ստեղծվել իրենց երեխաների համար համապատասխան պայմաններ։ Անդրադառնալով ուսուցման եղանակներին՝ Ա. Աշոտյանը նշել է, որ պետք է կազմակերպել արեւելահայերենի արագացված դասընթացներ կամ կրթական ծրագիրն իրականացնել արեւմտահայերենով, որի մասնագիտական ներուժը, ըստ նախարարի, այսօր Հայաստանում դեռեւս չկա. «Ուսուցման երկրորդ տարբերակը չբացառելով՝ շեշտադրումն անհրաժեշտ է դնել նախեւառաջ Սիրիայից ժամանած ուսուցիչների վրա, որոնց համապատասխան ժամավճարով պետք է փորձել նշված դպրոցներում ընդունել աշխատանքի, ինչպես նաեւ գործընթացում ներգրավել համապատասխան որակավորում ունեցող արեւմտահայերենի մասնագետների»,–հայտարարել է նա։ Բացի այս, նախարարը նշել է, որ պետք է օբյեկտիվ, բայց հնարավորինս պարզեցված անցկացնել սիրիահայ դիմորդների այս տարվա ընդունելությունը, առաջարկով դիմել բուհերին՝ նախապատրաստական բաժիններում ընդգրկված սիրիահայ ուսանողների վարձավճարը այս տարի հաշվարկել 50 տոկոս նվազեցված սակագներով։ Արմեն Աշոտյանը նաեւ տեղեկացրել է, որ նախարարություն են դիմել արդեն ընդունված ուսանողների ծնողները, որոնք ստեղծված իրավիճակում ի վիճակի չեն մուծել իրենց երեխաների ուսման վարձը՝ խնդրելով այն սահմանել ոչ թե որպես օտարերկրացիների, այլ տեղացի ուսանողների վարձավճարի չափով։ Նախարարը համապատասխան վարչությանը հանձնարարել է ճշգրտել ՀՀ բուհերում սովորող սիրիահայ ուսանողների քանակի, բուհերի բաշխվածության, վարձավճարների չափի հետ կապված մի շարք հարցեր՝ փորձելով որոնել համապատասխան ուղիներ այս տարվա համար հարցին դրական լուծում տալու համար։ Նաեւ հրահանգել է հնարավորության սահմաններում ուսանողական հանրակացարաններում առաջնահերթության կարգով համապատասխան սենյակներ ապահովել սիրիահայ ուսանողների համար։
28-07-2012
|